Գրիգոր Արեշյան. մահախոսական

 

Կյանքի 71-րդ տարում մահկանացուն կնքեց ՀՀ ԳԱԱ արտասահամանյան ան­դամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրա­պե­տութ­յան նախկին պետական նախարար Գրիգոր Եվգենիի Արեշյանը:

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1970-1973 թթ. սովորել է ԵՊՀ, իսկ1973-1975 թթ. Ս. Պետերբուրգի ասպիրանտու­րա­յում և 1975 թ. հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենա­խո­սութ­յունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստի­ճան: Նրա ղեկավարն էր հայտնի հնագետ, Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին: 1970-1973 թվականներին աշխատել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնում, 1973-1980 թվականներին՝ ԵՊՀ հայագիտության կենտրոնում, որպես գիտաշխատող: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնութ­յամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվեց հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: 1987-1991 թթ. նա զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվեց երկրի կառավարման գործում: 1991-1992 թթ. նա Հայաստանի Հան­րապետության պետնախարար էր, ղեկավարել է ՀՀ պատվի­րակությունը Ռու­սաս­տանի հետ բանակցություններում: 1993 թ. բուժման նպատակով տեղափոխ­վում է ԱՄՆ, որտեղ բուժմանը զուգընթաց զբաղվում է գիտամանկա­վարժա­կան գոր­ծու­նեությամբ: Դասավանդել է ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում և քոլեջներում, ի մասնավորի Կալիֆորնիայի, Չիկագոյի, Վիսկոնսինի համալսարաններում: Սկսած 2001 թ-ից` դասավանդել և գիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կոտսընի անվան հնագիտության ինստիտուտում, 2010 թ-ին դարձել է ինստիտուտի փոխտնօրենը:

2016 թվականին տեղափոխվեց Հայաստան, դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալարանում:

Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում: Դեռևս ուսանողական տարիներին մասնակցել է Լճաշենի, Արթիկի դամբարանադաշ­տերի, Կարմիր բլուրի պեղումներին: 1970-80-ական թվականներին Գրիգոր Արեշյանը ղեկա­վարել է Ադաբլուրի, Մոխրաբլուրի, Նորաբացի բլուր բնակատեղիների, Բերքաբերի (Հ. Սիմոնյանի հետ համատեղ), Մայիսյանի, Շամիրամի դամբարա­նադաշ­տերի պեղումները: Կոտսենի անվ. Հնագիտության ինստիտուտում աշխատելու տարիներին նրա ջանքերով և ղեկա­վարությամբ մշակվեցին և կյանքի կոչվեցին հայ-ամերիկան մի շարք համատեղ ծրագրեր, որոնք իրենց նպաստը բերեցին հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդ­ման գործին: Մասնավորապես 2008-2012 թվականներին  Գրգոր Արեշյանը, որպես հայ-ամերիկյան արշավախմբի ամերիկյան կողմի ղեկավար, ակտիվ մասնակցութ­յուն է ունեցել միջազգային լայն արձագանք ստացած Արենի 1 քարայրի պեղում­ներին, պեղումների արդյունքների ուսումնասիրությանն ու հանրահռչակ­մանը: 2011 թվակաինց նրա ջանքերով ձևավորվեց ևս մեկ հայ-ամերիկյան արշավախումբ, որը վերսկսեց և ներկայումս էլ շարունակում է Մասիս բլուր նեոլիթյան հնավայրի պեղումներն ու նյութերի ուսումնասիրությունները:

Մեծ է Գրգոր Արեշյանի ավանդը Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության ասպարեզում: Նրա հրատարակած ուսումնասիրութ­յուն­ներից շատերը ուղենիշային դեր են խաղացել Հայկական լեռնաշխարհի հնագի­տական մշակույթների ժամանակագրության և պարբերացման ներկայիս համակար­գի ձևավորման, լեռնաշխարհի հնագույն հասարակությունների  հասարա­կական և սոցիալական միջավայրի առանձնահատկությունների վերհան­ման, արժևորման  համար: Անուրանալի ձիրքի ու գիտելիքների շնորհիվ Գրիգոր Արեշյանը կարողա­նում էր անցյալի մշակութային ֆենոմենների ուսումնասիրության համար, հնագիտա­կան տարբեր դպրոցների ու ուղղությունների տեսական մտքի քննական վերլուծութ­յամբ գտնել այնպիսի լուծումներ,  որոնք հեղինակին բերեցին լայն ճանաչում և համբավ: Նա ավելի քան 150 գիտական աշխա­տանք­ների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում: Գրիգոր Արեշյանի գիտական աշխատանքները նվիրված են Հայկական լեռնաշխար­հի, Կովկասի և Առաջավոր Ասիայի հնագիտության և մշակույթի տարբեր ասպեկտ­ների վերլուծութ­յանը:

Գրիգոր Արեշյանը տիրապետում էր մի շարք, այդ թվում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների, ազատ կարդում էր գրաբար, լատիներեն, ուրարտական սեպագիր տեքստեր:

Գիտական նշանակալից արդյունքների համար 2014 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Գրիգոր Արեշյանն իր  ժողովրդի և Արեշյանների տոհմի արժանավոր զավակն էր։ Նա ամբողջ կյանքը դրեց գիտության, մասնավորապես՝ հնագիտության և հայագիտության զարգաց­ման, երիտասարդ կադրերի պատրաստման, հայոց մշակութային ժառանգության հանրայնացման համար։ Նրա հիշատակը մշտապես կմնա բազմաթիվ հնագետների, հայագետների, նրան ճանաչողների սրտերում։  

 

ՀՀ ԳԱԱ նախագահություն

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոն

Երկ, 08/03/2020 - 12:00

Send to