«Սյունիք․ մշակույթը և բնությունը» գիտաժողովի զեկույցների ամփոփագրեր

Սյունիք մշակույթը և բնությունը

 

Գիտաժողովի զեկույցների ամփոփագրեր

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

 

2022 թ.-ի ապրիլի 26-ից 28-ը, Երևան

 

 

Գիտաժողովի մասնագիտական խորհուրդ․ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Արսեն Բոբոխյան, Տորք Դալալյան, Արսեն Հարությունյան, Պավել Ավետիսյան, Ռոման Հովսեփյան, Հասմիկ Աբրահամյան։

 

«Սյունիք․ մշակույթը և բնությունը» / Գիտաժողովի ամփոփագրեր (26-28 ապրիլի, 2022 թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ)։ Հրատարակության պատրաստեցին Հասմիկ Աբրահամյանը, Ռոման Հովսեփյանը և Անի Սարատիկյանը - Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2022, 90 էջ։

Գիտաժողովում ներկայացված ազգագրական, բանագիտական, լեզվաբանական, հնագիտական, պատմագիտական և այլ ոլորտների հետազոտություններն առնչվում են Սյունիքում մարդ-բնություն փոխհարաբերություններին և փոխազդեցություններին՝ հիմնականում հումանիտար գիտությունների տեսանկյունից: Գիտաժողովի նյութերը խմբավորվել են Սյունիքի մշակույթին և բնությանն առնչվող հետևյալ թեմատիկ բաժիններում․ «Մշակույթը և լանդշաֆտը», «Սրբացված բնությունը և բնության տարրերը», «Մարդը և կենդանի աշխարհը», «Բնության տարրերը արվեստում», «Զբոսաշրջությունը և թանգարանագիտությունը», «Բառը և բնությունը», «Բնությունը բանահյուսության մեջ» և «Բնությունը գրականության մեջ»։

Գիտաժողովը իրականացվել է «Բնական բուսական ռեսուրսների օգտագործումը Սյունիքում. ավանդույթները, ժամանակակից միտումները և հեռանկարները» (ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ 20TTSH-053) գիտական նախագծի շրջանակում։ 

 

 

Գիտաժողովի մասնակիցների աշխատավայրերի անվանումների հապավումները

ԱԻ – Արվեստի ինստիտուտ

ԳռՊՀ – Գավառի պետական համալսարան

ԳսՊՀ – Գորիսի պետական համալսարան

ԴԱՃՍ - «Դ՛Արվեստանոց» ճարտարապետական ստուդիա

ԵԳԻ ԵԹ – Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Երկրաբանական թանգարան

ԵՊՀ – Երևանի պետական համալսարան

ԻԿՕՄ ՀԹԱԿ - ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե

ԼԻ – Լեզվի ինստիտուտ

ԿԳՄՍՆ – Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀԱԹ - Հայոց ազգագրության թանգարան

ՀԱԻ – Հնագիտության և ազգագրության ինստիտուտՀԺ - «Հայկական ժառանգություն» զարգացման հիմնադրամ

ՀՀ ԳԱԱ - Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

ՀՊԹ – Հայաստանի պատմության թանգարան

ՀՊՄՀ - Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

ՄՄ - Մաշտոցյան Մատենադարան

ՇՀՀԿ - Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

ՇՊՀ - Շիրակի պետական համալսարան

ՊԱԹՊՄՊԾ - Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

ՍՀՀԿ - Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն

NAS RA - National Academy of Sciences, Republic of Armenia

NHASA International Associated Laboratory-

URMIS PARIS 7 - Unité de recherche migrations et société PARIS 7

 

Հպավումներ և համառոտագրություններ

ԱՀ-Ազգագրական հանդես

ԱՀ-Արցախի հանրապետություն

ԿԵԹ-Կապանի երկրագիտական թանգարան

ՀԱՍԵ-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի

թ-թվական

թթ թվականներ

հտ-հատոր

 

 

 

 

 

ՍՅՈՒՆԻՔ․ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏԸ

Սյունիքը քարի դարում (լանդշաֆտի կազմակերպումը և կենսառեսուրսների օգտագործումը)

 

Արթուր Պետրոսյան, ՀԱԻ, Էնդրու Քենդել, 2, Ռոբերտ Ղուկասյան, Անգելա Բրուխ, 3 Դմիտրի Առաքելյան, 4  Անեկե դեր Սշուրե, 5 Հայկ Հայդոսյան, 1 Ֆիրաս Ջաբուր, 2 Անի Ադիգյոզալյան, 1 Սիավաշ Սամեյ, 6 Հայկ Ազիզբեկյան, 1 Ալեքս Բերտաչի, 7 Բորիս Գասպարյան, ՀԱԻ

1․ ՀԱԻ,  2 Թյուբինգենի համալսարան, Թյուբինգեն, Գերմանիա, 3 Սենկենբերգի հետազոտական ինստիտուտ, Սենկենբերգ, Գերմանիա, 4 ԵԳԻ, 5 Օսլոյի համալսարան, Օսլո, Նորվեգիա, 6 Վուսթերի քոլեջ, Վուսթեր, ԱՄՆ, 7 Եյլի համալսարան, Նյու Հեյվեն,  ԱՄՆ

 

Զեկույցը նախնական փորձ է՝ ներկայացնելու Սյունիքի նորահայտ քարեդարյան հնավայրերի ուսումնասիրության արդյունքները և  ընդգծելու այն գործոնները, որոնք որոշիչ դեր են խաղացել էկոլոգիական խորշերի և բնական լանդշաֆտների «շահագործման» գործընթացներում։ Վերջին տարիներին կատարված հետոզոտություններով հայտնաբերվել են քարի դարի նոր հնավայրեր և կայաններ, որոնց ուսումնասիրության արդյունքում հաջողվել է վերակազմել հնամիջավայրի և կլիմայի, հումքի աղբյուրների շահագործման, կենցաղի ու տնտեսավարման հետ սռնչվող բազմաթիվ իրողություններ: Չնայած նրան, որ մշակութային լանդշաֆտների տարածման սահմանների, կապի ու փոխհարաբերության, սեզոնային կենցաղավարման, հավաքչության և որսորդության մասնագիտացման հետ կապված մի շարք հարցեր դեռևս ուսումնասիրման ընթացքի մեջ են, այսուհանդերձ, Սյունիքի մարզի քարեդարյան հնավայրերում նախատեսված պեղումները կհարստացնեն մեր գիտելիքները նշված խնդիրների ուսումնասիրության գործում:

 

 

 

Դոլմենային լանդշաֆտի ձևավորումը Սյունիքում

 

Հայկ Ավետիսյան, Գ. Սարգսյան, Ա. Գնունի,

Լ. Մկրտչյան, Ա. Բոբոխյան, ԵՊՀ / ՀԱԻ

 

Սյունիքում դոլմենատիպ հուշարձաններ հիշատակվում են դեռևս 19-րդ դարից Ե. Լալայանի կողմից (Սուլթան Քեղեսի, Գոմք, Զորաց քարեր, Վերիշեն): 20-րդ դարում նմանատիպ հուշարձաններ հետազոտվել են Մ. Հասրաթյանի կողմից (Անգեղակոթ):

2015-2020թթ. ԵՊՀ և ԱՀ մշակույթի նախարարության արշավախմբերի կողմից իրականացված հետազոտությունները պատմական Սյունիքի տարածքում մեծապես ընդլայնեցին մեր պատկերացումները հայաստանյան դոլմենների և նմանատիպ հուշարձանների մասին: Այս համատեքստում, մասնավորապես, պետք է նշել Կռապաշտի տներ (Գյաուր դամեր) մեգալիթյան համալիրը: Այն տեղադրված է դեպի Հակառի գետ իջնող ճանապարհին՝ նախկին Ներքին Ջիջիմլի գյուղի արևելյան եզրին, Կոռնիձորից 3կմ հարավ-արևմուտք, Կոռնիձոր գետի ձախ ափին: Թվով 6 կառույցները շարքով ձգվում են հարավից հյուսիս և ուղղված են արևելք-արևմուտք առանցքով, շինված են մեծ քարերով և ունեն կեղծ թաղի տիպի ծածկ: Ակնհայտորեն՝ որոշ կառույցներ օղակված են եղել քարերով: Քարերի առատությունը հուշում է, որ կառույցների հրապարակը գոնե մասամբ լցոնված էր քարերով: Համալիրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում №3 դամբարանը, որը միակ ստորգետնյա կառույցն է համալիրում: Արտաքնապես այս կառույցը նմանվում է միջանցքի: №3 կառույցի արևմուտքից հյուսիս-հարավ առանցքով ձգվում է մենհիրների շարք, որտեղ կենտրոնական դիրք է զբաղեցնում այժմ զգետնված գլանաձև մենհիրը: Ամբողջովին են պահպանվել №6 և №7 կառույցները, որոնք միակցված են արևմտյան պատերով: Նմանատիպ կառույցներ հայտնաբերված են նաև Որոտան ավանից ոչ հեռու, ինչպես նաև Ղալաջիկ-2 դամբարանադաշտում: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ դամբարանին կիցուղղանկյուն շինությունում, տեղադրված էր մարդակերպ կուռք:

Նշված հուշարձանները, թեպետ մի շարք հատկանիշներով (մուտքի քարի բացակայություն, կեղծ թաղի տեսքով ծածկ) առանձնանում են կովկասյան դոլմենատիպ կառույցներից,  այնուամենայնիվ ունեն բազմաթիվ զուգահեռներ ինչպես ճարտարապետության (հուշարձանի վերգետնյա բնույթը, քարերով լցոնված այսպես կոչված «դոլմենային բակ»), այնպես էլ տեղանքի բնական (տեղադրություն գետի դարավանդին) և մարդածին (մեկ շարքով տեղադրում, մենհիրներ, բաժակատիպ քարեր) առումներով:

 

Ողջիի միջնահոսանքի բնական պայմանները և տարածքի յուրացումը (ըստ Կերենի և Կապանի հուշարձանախմբերի պեղումների)

 

Արտակ Գնունի, Ռ. Հովսեփյան, Լ. Մկրտչյան, Ա. Թադևոսյան, Ա Դավթյան, ԵՊՀ / ՀԱԻ

 

Հարավային Սյունիքի տարածաշրջանի մշակույթն իր ուրույն տեղն է զբաղեցնում Սյունյաց աշխարհի հարուստ մշակութային ժառանգության ներկապնակում: Միևնույն ժամանակ հնագույն և միջնադարյան Սյունիքի պատմության և մշակույթի բազմաթիվ հարցեր դեռևս կարոտ են համապարփակ ուսումնասիրության:

Այս առումով կարևոր նշանակություն ունեցան 2003-2013թթ. Կերենի դամբարանադաշտի և 2012, 2018թթ. Կապանի Շահումյանի դամբարանադաշտի և բնակատեղիի պեղումները:

Կերենի դամբարանադաշտը գտնվում է ԱՀ Քաշաթաղի շրջ. Կովսականի ենթաշրջանում՝ Կապան քաղաքից 8 կմ. հարավ-արևելք, Կապան-Կովսական մայրուղու աջ կողմում Ողջի գետի աջ ափին: Սակայն տարածքում հավաստված են մի շարք այլ դամբարանադաշտեր, որոնք տեղադրված են գետի երկայնքով՝ աջ և ձախ կողմերում: Պեղումները վկայում են, որ դամբարանադաշտը գոյատևել է մ.թ.ա. 14-րդ դ. մինչև մ.թ.ա.  7-5-րդ դդ., սակայն տարածքից հայտնաբերված վերգետնյա նյութը վկայում է, որ տարածքը բնակեցված է եղել նաև միջնադարում: Ուսումնասիրված հաջորդ հնավայրը՝ Կապանի Շահումյանի հուշարձանախումբը, գտնվում է նախկին Շահումյան գյուղի տարածքում, որն այժմ զբաղեցնում է մետաղահանքը: Հնավայրի տարածքում հետազոտվել է 7 տեղամաս, որտեղ գտնվում   են միջնադարյան ամրացված բնակավայրը և երկաթեդարյան դամբարանադաշտը (մ.թ.ա.  8-6-րդ․ դդ.):

Հուշարձանների հետազոտությունները՝ հնաբուսաբանական (Է. Կվավաձե՝ Կերեն, Ռ. Հովսեփյան՝ Կապան) և հնակենդանաբանական՝ (Ն. Մանասերյան՝ Կերեն, Մ. Խեչոյան՝ Կերեն) նյութի վերլուծությունը թույլ են տալիս հանգել մի շարք կարևոր եզրակացությունների:

     1.    Կերենի և Կապանի հնաբուսաբանական նյութի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ բնակլիմայական պայմանները էականորեն չեն տարբերվել ներկա պայմաններից։

     2.    Հուշարձանները գտնվել են ռազմավարական ճանապարհներին. Կերենի հնավայրը՝ Կապան-Կովսական ճանապարհին, իսկ Շահումյանի հոշարձանախումբը վերահսկում է Գորիս-Կապան, Տաթև-Կապան ճանապարհները, ինչպես նաև Գորիս-Կապան և Կապան-Կովսական ճանապարհների խաչմերուկը:

     3.    Թեպետ դամբարաններին համաժամանակյա բնակավայրեր Կերենում հավաստված չեն, իսկ Կապանի Շահումյանի բնակավայրում հայտնաբերված երկաթեդարյան խեցեղենը զուրկ է ճարտարապետական համատեքստից, սակայն Կապանից և Կերենից հայտնաբերված հնաբուսաբանական մնացորդները վկայում են տարածքի բնակեցվածության և հացազագիների ցանքատարածությունների առկայության մասին: Բացի այդ, Կերենում հայտնաբերված են մի շարք անոթներում հավաստված են ցորենի մնացորդներ:

     4.    Թեպետ հայտնաբերված հնակենդանաբանական նյութն աննշան է, սակայն Կերենում հավաստված արոտավայրերի մոլախոտերը և գոմաղբային սնկերի բեղմնիկները, ինչպես նաև խիստ բնապաշտական կերպով կերտված ցլակերպ անոթը և անոթների ցլակերպ բռնակները վկայում են անասնապահության զարգացման մասին:

5.  Կապանում հայտնաբերված հնձանը վկայում է միջնադարում այստեղ գինեգործության զարգացման մասին:

6.  Թեպետ Կերենի և Կապանի հուշարձանները բաժանում է ընդամենը 6կմ, սակայն աչք է զարնում Կապանում մետաղի առատությունը ի հակադրություն Կերենի դամբարանադաշտի, որտեղ մետաղը համեմատաբար քիչ է, ինչից կարելի է ենթադրել, որ երկու համայնքների կոնտակտները սահմանափակ էին:

 

 

Լանդշաֆտի օգտագործման սկզբունքները Սյունիքի ժողովրդական ճարտարապետության մեջ և դրանց վերիմաստավորումը 20-րդ դարի 30-ական թթ-ի քաղաքաշինական նախագծերում

 

Լիլիթ Տեր-Մինասյան, ՀԱԻ

 

Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայկական ավանդական շինարվեստում իր ինքնատիպությամբ, բազմազանությամբ և բնական լանդշաֆտի հնարամիտ օգտագործմամբ: Բնակավայրերի տեղանքի ընտրության մեջ հաշվի են առնվել պաշտպանական, ջրամատակարարման և ջրահեռացման, հորիզոնի կողմերի հանդեպ տեղադրության և քամիների առկայության հարցերը: Հաճախ պաշտպանական նկատառումները գերիշխել են այլ հանգամանքների վրա, գյուղերն այնքան լավ են ձուլվել բնական միջվայրին, որ հատկապես ձմռան ամիսներին աննկատ են եղել օտար աչքի համար:

Սյունիքի ժողովրդական ճարտարապետության մեջ առանձնանում են՝ ժայռափոր բնակարանաշինությունը, հոծ զանգվածով չեմ կարողանու տողերը մոտեցնել խիտ կառուցապատումը և լանջերի վրա սանդղաձև կառուցապատումը: Ժայռափոր ճարտարապետության ցայտուն օրինակ է Խնձորեսկ գյուղը: Այստեղ ոչ միայն բնակարանները, այլև արտադրական կառույցները վիմափոր են, ինչի շնորհիվ բնական ժայռերի մեջ ստեղծվել է յուրօրինակ մշակությաին լանդշաֆտ: Հոծ զանգվածով խիտ կառուցապատումը բնորոշ է համեմատաբար հարթ վայրերին, այս դեպքում շենքերն ունենում են ընդհանուր պատեր և հաղորդակցվում են միմյանց հետ բացվածքների միջոցով: Սյունիքում ամենատարածված կառուցապատման ձևը սանդղաձևն է, որտեղ կառույցները մասամբ արվում են ժայռափոր, և տան հարթ տանիքը որպես բակ է ծառայում վերևի հարթակում բնակվողի համար: Սա լանջն օգտագործելու լավագույն տարբերակներից մեկն է․ բնակատեղին տեղադրվում է արևահայաց լանջին, և բոլոր տներն ունենում են հավասարապես նպաստավոր դիրք:

Սյունիքի ժողովրդական ճարտարապետության շատ կառույցներ այսօր էլ կանգուն են, բայց հատկապես ձորերում տեղադրված գյուղերը խորհրդային կարգերի հաստատումից հետո սկսել են տեղափոխել բնակության համար ավելի հարմար տեղանքներ, մանավանդ որ պաշտպանական խնդիրներն այլևս առաջնային չէին համարվում: Տեղափոխվող գյուղերի և նոր կառուցվող բանվորական ավանների գլխավոր հատակագծերի մի զգալի մաս կատարվել է ճարտարապետ-քաղաքաշինարար Մ. Մազմանյանի կողմից կամ նրա արվեստանոցում: 1930-1932թթ․ ընթացքում նախագծվել են Տաթև, Սիսիան, Շնհեր (Շինուհայր), Յայջի (Հարժիս) բնակավայրերը և բանվորական ավան Կապանում: Վերջինս թեև չի իրականացվել, սակայն ներկայացված է 20-րդ դարի հայկական ճարտարապետությանը և խորհրդային ավանգարդի պատմությանը նվիրված գրեթե բոլոր գրքերում: Միքայել Մազմանյանը, ինչպեսև հայ արդի ճարտարապետական դպրոցի մյուս ներկայացուցիչները (Կարո Հալաբյան, Գևորգ Քոչար, Սամվել Սաֆարյան), ուներ այն համոզմունքը, որ 20-րդ դարի ազգային ճարտարապետությունը պետք է հենվի ժողովրդական ճարտարապետական ավանդույթների և արդի շինարվեստի համադրության վրա, քանի որ ժողովրդական ճարտարապետությունը ներառում դարերի ընթացքում կուտակած փորձը, տեղի կլիմայական պայմանները և կենցաղի առանձնահատկությունները: Հայկական ճարտարապետության նորարական դպրոցն անցյալ դարի 20-30- ականներին առաջիններից է (ոչ միայն ԽՍՀՄ, այլև համաշխարհային ճարտարապետության մեջ) հաջողությամբ համադրել արդի ճարտարապետությունն ազգային շինարարական ավանդույթների հետ:

Կապանում բանվորական ավանի նախագծում Մազմանյանն օգտագործել է սանդղաձև կառուցապատումը, այստեղ նույնպես մեկ բնակարանի տանիքը բակ է հանդիսանում վերևի հարթակում բնակվողի համար: Ավանը բաղկացած է չորսական սանդղաձև շար ունեցող բնակելի բլոկներից, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում մանկապարտեզ է տեղադրված: Բլոկները երկհարկանի են, մասամբ փորված ժայռի մեջ:

Լանդշաֆտի ճիշտ օգտագործման օրինակներ են նաև Տաթև, Սիսիան, Շինուհայր, Զովաբեր բնակավայրերի գլխավոր հատակագծերը, որտեղ քաղաքաշինական լուծումները բխում են տեղանքից և բնապահպանական խնդիրներից:

 

 

Սյունիք-Այրարատ. բազմաֆունկցիոնալ լանդշաֆտային միավորների համեմատական

 

Արտակ Գնունի, Լ. Մկրտչյան, Հ. Հակոբյան, Ա. Թադևոսյան, ԵՊՀ

 

Բնական միջավայրը յուրատեսակ առանցք է, որի շուրջ և որը վերափոխելով խմբվում են մշակութային լանդշաֆտի բաղադրատարրերը: Միևնույն ժամանակ բնական միջավայրի մշակութագոյացնող դերն անհնար է առանց մարդածին գործոնի՝ սոցիալ-տնտեսական և հոգևոր շրջանների ձևավորման: Ավելին, բաղադրատարրերից յուրաքանչյուրը մեծապես արժևորվում է հենց այդ կապերի առկայությամբ։ Այս փոխառնչությունների հետևանքով ձևավորվում է բազմաֆունկցիոնալ լանդշաֆտային համալիր:

Նմանատիպ բազմաֆունկցիոնալ համալիրների վառ օրինակ են Լանջանիստի Սպիտակ վանք և Լուսաշողի վանական համալիրները, որոնք ուսումնասիրվեցին 2021թ. ՀՀ ԳԱԱ արշավախմբի կողմից ՀԱՍԵ (հապավումների ցանկում ավելացրել եմ) Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ:

1.  Բնական բաղադրիչ.

      Տարածքը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա: Ռազմավարական առումով տարածքն ուներ կարևոր նշանակություն, քանի որ գտնվում էր դեպի Գեղարքունիք տանող ճանապարհին, որն առ այսօր օգտագործում է տեղի բնակչությունը: Համալիրից անմիջապես հյուսիս քարհանքն է, որտեղից արդյունահանված քարն օգտագործվել է եկեղեցու կառուցման ժամանակ։

2.  Տարածքի յուրացման ժամանակագրությունը

     Տարածքում կատարված հետախուզությունը, ինչպես նաև Լուսաշողի համալիրի պեղումները վկայում են, որ լանդշաֆտի յուրացումը սկսվել է մ.թ.ա. II հազ.: Մասնավոապես Լուսաշողի պեղումներից հայտնաբերվել են մ.թ.ա. II-I հազ. բնորոշ խեցեղենի առանձին բեկորներ: Քննվող հուշարձանները, միջնադարյան գերեզմանոցները տալիս են զգալի վիմագրական նյութ՝ 12-17-րդ և 18-19-րդ դարերին, ինչն է՛լ ավելի է հիմնավորում Սյունյաց իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների Ջալալյան տոհմաճյուղի Այրարատ նահանգում իշխելու վարկածը և տարածաշրջանին տիրապետելը, մինչև «ի դաշտն Դվնայ», ըստ էության հիմնավորելով Ջալալ Օրբելյանի և նրա ժառանգների Ուրծ և Արած գավառակների տերը լինելու հանգամանքը:

3.  Տեղանքի տնտեսական յուրացումը.

      Բնակլիմայական պայմաններն ամենայն հավանականությամբ բարենպաստ էին հողագործության համար, ինչի մասին վկայում են լանջերին կառուցված բազմաթիվ արհեստական դարավանդները, Լուսաշողի պեղումների ժամանակ հայտնաբերված հորերը: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում լավ պահպանված հորը, որը կազմված է բավականին գեղեցիկ մշակված քարե ծածկից և կափարիչից։ Հորը լցված է հողով, սակայն ազատ մասերում երևում է, որ ծեփապատ է։ Տարածքի տնտեսական յուրացման մասին վկայում է Լանջանիստի համալիրից անմիջապես հյուսիս ընկած  քարհանքը, որտեղից արդյունահանված քարն օգտագործվել է եկեղեցու կառուցման ժամանակ: Այս նույն հանգամանքն է մատնանշում նաև գյուղատեղիների կենտրոնացումը ուսումնասիրվող տարածքում։

4.  Սակրալ տարածքի ձևավորումը.

     Հավաստված վաղագույն սակրալ օբյեկտները բնորոշ են մ.թ.ա. II-I հազ. (այս մասին են վկայում Լանջանիստի վանական համալիրում հավաստված մենհիրները, որոնք միջնադարում օգտագործվել են որպես շինաքար, Լուսաշողի համալիրից հարավ-արևելք՝ սարահարթի վրա, միջնադարյան խաչքարների դաշտում հավաստված զոհասեղանները): Սակրալ տարածքի ձևավորումն իր վերջնական ուրվագծերը ստանում է XIII-XIV դդ., երբ հանդես են գալիս խոշոր վանական համալիրներ (Մոշաղբյուրի Ս. Կարապետ, Լանջանիստ): Նշված ժամանակաշրջանի ճարտարապետական մնացորդներ հավաստված են նաև Լուսաշողում: Պեղումները նաև վկայում են, որ ինչպես Լանջանիստի, այնպես էլ Լուսաշողի համալիրները գոյություն են ունեցել նաև հետագա դարերում:

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է ենթադրել այսօրվա Արարատի մարզի առնվազն մի հատվածի՝ քաղաքական, մշակութային, եկեղեցական առումներով «Սյունիք» լինելու հանգամանքը:

 

 

Ընտանիք-բնակարան. տիպաբանական առնչություններ

 

Վարդիթեր Մադաթյան, ՀԱԻ

 

Ուսումնասիրության համակարգային եղանակի կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ մշակութային ցանկացած իրողություն, տարր (ֆենոմեն) ունենում է համապատասխան դրսևորումներ մշակույթի համակարգի կառուցվածքային մյուս ենթաբաժիններո՛ւմ էլ: Ըստ էության, սոցիալական մշակութային տարրն, օրինակ, սուբստանց-բաղադրահիմքի առումով ունենում է նաև նյութական և հոգևոր դրսևորումներ, ծագումնաբանորեն կապ է ունենում տվյալ մշակույթի, դրա կրողների գոյության բնա-կենսաբանական ու պատմամշակութային պայմանների հետ: Ընտանիքի ու դրան բնորոշ հատկանիշների, տիպի, իսկ մյուս կողմից՝ բնակարանի՛ տիպերի կապն այդօրինակ առնչություններից է, որ բացահայտում է, ի ցույց է դնում այնպիսի փաստեր, որոնք էական են տվյալ մշակույթի էթնո և կենսա-բնա-պատմա-մշակութային անցյալի ուղին ճշտելու համար: Այժմյան Հայաստանի ազգագրական տարբեր շրջաններ գիտարշավների ընթացքում անձամբ տեսել ու դիտարկել ենք XX դարում վերջին եզակի նմուշների տեսքով անցյալից դեռ պահպանվող հին տներ, որոնց կառուցվածքային առանձնահատկությունները, կարելի է ասել՝ ասես ենթագիտակցորեն, մտորումների առիթ են դարձել: Ընտանիքի և բնակարանի տիպերի փոխադարձ կապի հարցը մեր համար ավելի տեսանելի ու էական դարձավ Գորիսի ու Սիսիանի շրջաններ գիտարշավների ժամանակ, հնամենի, հին ու նոր տների համապատասխան գործնական դիտարկումների շնորհիվ: Ու թեև հայ ժողովրդական բնակարանի ուսումնասիրության նեղ մասնագետ չէինք, այլ՝ մեր մասնագիտական հետաքրքրության գլխավոր ոլորտը հասարակական, սոցիալական մշակույթի ուսումնասիրությունն էր, բայց արդեն պարզ էր, որ մեր ուսումնասիրությունների դիտանկյունից և՛ս ընտանիք- բնակարան տիպաբանական առնչությունների հարցը չէր կարելի շրջանցել: Բարեբախտաբար, հայ ավանդական ազգաբանությունում բավական կային, ու դեռ շարունակում են ուշադրության շրջանակում մնալ հայ գյուղական բնակարանի, նստոցի, բնակավայրի ուսումնասիրությունները, որոնք մեծապես օգնում են տիպաբանական նշված առնչությունները պարզելուն, ու այդ հիմամբ մշակութաբանական կարևոր նշանակություն ունեցող համեմատական եզրակացությունների հնարավորություն են ընձեռում։ Վերոգրյալն ըստ կարելույն փորձում ենք անել սույն հաղորդման շրջանակում՝ Սյունիքի, Տավուշի ու Արցախի, Հայաստանի հարթավայրային շրջանների բնակարանների տիպերի, ու այդ կերպ դրանցում դրսևորվող՝ այդ տարածաշրջաններում, կամ դրանց բնակիչների, երբևէ ունեցած՝ ընտանիքի, ու կյանքի յուրահատուկ պայմանների վերաբերյալ: Դիտարկումները թույլ են տալիս անդրադառնալու ինչպես ընդհանուր հայոց, այնպես էլ՝ տարբեր ազգագրական տարածաշրջանների էթնոմշակութային պատմության հարցերի:

 

 

Animal mobility, human mobility: a geopolitical of sheep in Armenia.

 

Michaël Thevenin, URMIS PARIS 7

 

The ethnographic mission to Armenia (2017-2018) carried out by the NHASA International Associated Laboratory (LIA France-Armenia) was established to observe the pastoral practices of Yezidi and Armenian herders. The results show several strong points.

First, in the midst of the global crisis of pastoral communities and pastoralism, Armenia offers an exception: rich high pastures that are not exploited due to historical events and cultural and geopolitical circumstances. The possibility of expanding its pastoral domain in a context where it is shrinking everywhere else is one of the strong points of our survey. While sedentarization is becoming the norm in many pastoralist communities, Armenia offers an example of herders taking the road backwards, moving towards semi-nomadism.

There are two types of pastoralism in Armenia: "nearby" and "remote". Large mobile pastoralism, called "remove", is favoured by a culture of mobility, a geographical promiscuity but also by the expansion and challenges of the meat market in the Middle East and the GCC (including the Iran-Saudi Arabia rivalry). This pastoralism is affected by the workings of globalisation (professional mobility and transnational multilateral issues), but also by fundamental movements. Intensive livestock farming, the marketing of live animals and the health risks associated with their transport and slaughter are increasingly criticized throughout the world. The continuation of extensive livestock farming, the construction of standard slaughterhouses and the development of the chilled meat market are preparing Armenia for this paradigm shift.

The "nearby" village pastoralism with its system of collective guarding, probably inherited from the plot system during collectivism, offers a good example of management of common property. It is a form of social resilience in the face of economic, emotional and psychological shocks due to the multiple crises of today's world. It is also a strong reminder of the centuries-old pluriactivity of the people of mountains and their tendency to have a double life. Multi-activity becomes a response as much as an injunction to ensure both the means of subsistence, but also a network that constitutes in this context a purse of opportunity.

 

ՍՅՈՒՆԻՔ․ ՍՐԲԱՑՎԱԾ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ

ԲՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԸ

 

Լեռը և մարդը զուգահեռ ընթերցումներ սրբազան լանդշաֆտի համատեքստում

 

Գոհար Ստեփանյան, Զարուհի Համբարձումյան, ՀԱԻ

 

Սյունյաց բնաշխարհի, թերևս, ամենատիպական օբյեկտներն են լեռներն ու լեռնագագաթները։ Դրանց անվանումների հպանցիկ դիտարկումն արդեն թույլ է տալիս խոսել բնության և մշակույթի, աշխարհիկի ու սրբազանի զուգահեռման ու սերտ կապվածության մասին։ Հայտնի ուխտավայր-լեռներն ունեն զուգահեռ անուններ՝ տեղանուն և այնտեղ ամփոփված սրբին առնչվող անուն. Շաղաթ–Ճգնավորի սար, Մեծ Իշխանասար–Սըփ Օհանէսի սար ևն։ Առավել ուշագրավը, թերևս, լեռան՝ եկեղեցի ընկալումն է՝ արտացոլված նրանց՝ աղոթարան, աղոթրան՝ աղոթքի տեղ լինելու մեջ։ Վերջինս մի դեպքում դրսևորվում է հենց անվան մակարդակով, ինչպես Սարվարդի–Աղոթրանի պարագայում, մեկ այլ՝ Խուստուփի դեպքում ներկա է ընկալումների մակարդակով։ Սյունյաց բնաշխարհի և կրոնականության կիզակետ Խուստուփը աշխարհիկի ու սրբազանի զուգահեռումը ցուցաբերում է բանավոր ավանդույթում և ծիսական պրակտիկաներում՝ դառնալով ինքնին բնության՝ լեռան տաճարայնացման մի իսկական օրինակ։ Խուստուփը Սյունիքի գլխավոր սրբավայր-ուխտավայրն է, ինչի մասին վկայվում է Ստ. Լիսիցյանից սկսած։ Անմիջականորեն կապված լինելով սյունեցիների առօրյա կյանքի հետ (ամռանն այն վերածվում էր հեռագնա անասնապահության սարատեղ-ամառանոցի)՝ Խուստուփը սրբազնացված էր նաև իր առանձին աղբյուրներով, մատուռներով, բայց ամենաուշագրավը քարանձավն էր, որն առ այսօր կոչվում է «եկեղեցի»/«Խուստուփի եկեղեցի»՝ մարմնավորելով բնություն–տաճար միասնությունը։

Զեկուցման մեջ մենք կանդրադառնանք մարդ–լեռ (բնություն) փոխհարաբերությանը կապանյան առօրյա և կենսական ցիկլի ծեսերի, ինչպես և ուխտագնացությունների համատեքստում։ Կդիտարկենք լեռը՝ որպես սրբավայր, որտեղ հաճախ չեզոքանում են երկրայինի ու երկնայինի, ինչպես և էթնիկ, դավանական սահմանները, և լեռը՝ որպես սրբազանի հետ կապվելու միջնորդ՝ Տիեզերական ծառի տարատեսակ Տիեզերական սարի կերպարից մինչև երկնքից երկիր նայող նժդեհյան պաշտելի լեռներ։ Խուստուփի և Նժդեհի կապը (Նժդեհի աճյունի մասունքների մի մասի ամփոփումը ուղիղ Խուստուփի լանջին, Կոզին աղբյուրի մոտ, Նժդեհի կիսանդրու տեղակայումը լեռնագագաթներից մեկից 400-500 մ ներքև, ինչպես և լեռան անմիջական ֆոնին Նժդեհի հուշահամալիրի կառուցումը) սրբացման մի նոր շերտ բերեց լեռան և մարդու՝ Նժդեհի ընկալումներում։ Այս ամենը զեկուցման մեջ քննության նյութ կդառնա՝ հիմնվելով հարցազրույցների, բանահյուսական պատումների, ինչպես և մեդիադաշտի վերլուծության վրա։

 

 

Սյունիքի աղբյուրները սրբավայր, հուշարձան և ժամանց

 

Լևոն Աբրահամյան, Գայանե Շագոյան, ՀԱԻ

 

Հայաստանի աչքի ընկնող առանձնահատկություններից, որը միանգամից նկատում են օտարները, բազմաթիվ ցայտաղբյուրներն են։ Վերջիններիս թիվը կտրուկ ավելանում է հատկապես մեծ աղետներից և պատերազմներից հետո (հմմտ․ 1950-60-ականներին համատարած աղբյուրաշինությունը գյուղերի կենտրոնական խաչմերուկներում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին)։ Որքան էլ մեզ համար սա սովորական երևույթ է, սակայն մասնավոր մարդու մահը հանրային տարածքում հուշարձանացնելու նման տարածվածությամբ փորձառությունը հազվագյուտ է։ Դրա ակունքները հասկանալու համար, կարծում ենք, որոշ հուշում են պարունակում Սյունիքում տարածված տոհմական աղբյուրները և հատկապես դրանց շուրջը ծավալվող որոշակի ոչ ֆորմալ կանոններով կարգավորվող սոցիալական կյանքն ու համապտասխան ավանդույթները։

Մայիսի մեկը, մայիսի իննը, Վարդավառը կամ ամառային ցանկացած այլ տոն Գորիսի և շրջակա մի քանի գյուղերի բնակիչների մեծ մասը գերադասում են նշել իրենց «պապենական աղբյուրների» մոտ: Այստեղ «գերդաստանային աղբյուր» ունենալը, որի շուրջ հավաքվում են ազգականներով կամ ընկերներով, շատ տարածված է: Գրեթե յուրաքանչյուր «իրեն հարգող» ազգ իր պարտքն է համարում ունենալ նման մի աղբյուր: Սա նաև գիտակցվում է որպես հարգանքի տուրք՝ գերդաստանի նախնիներին: Երբեմն այս աղբյուրների քարերի վրա իրենց գերդաստանի հիմնադիրների անունները կամ ազգին նվիրված ինչ-որ գրություններ են փորագրում:

Օրինակ, Վերիշենում, ինչպես պնդում են, կա շուրջ 100 աղբյուր, որից մոտ 30-40-ը բարեկարգված են, և դրանցից յուրաքանչյուրը՝ ներառյալ չբարեկարգածները, պատկանում են մի գերդաստանի։ Դրանցից շատերի պատկանելության պատմությունը հասնում է մինչև նախախորհրդային շրջան: Խորհրդային տարիներին և նույնիսկ սեփականաշնորհումից հետո՝ անկախ նրանից, թե այդ աղբյուրն ում մասնավոր (կամ պետական) տարածքում է հայտնվել, ցանկացած գերդաստան չգրված, բայց գործող, ավանդութային իրավունքով, կարող էր դրա շուրջը կառուցել իր ազգի հանգստյան գոտին: Իրականում այս «գոտու» ողջ համալիր կառույցն են անվանում «աղբյուր»:

Բացի բուն ցայտաղբյուրից, ջրի ծորակից, «աղբյուրի» մաս են կազմում տանիքով տաղավարը՝ սեղան-աթոռներով, երբեմն՝ մանղալով։ Առավել ունևորները նաև հոսանք են անցկացնում: Կառույցի համար գումարը հավաքում և համատեղ բարեկարգում են ողջ գերդաստանի ուժերով: Աշխատանքը հաճախ նախաձեռնում է ազգի համեմատաբար բարեկեցիկ մեկը՝ նախնական ինչ-որ գումար հատկացնելով: Մյուս ազգակիցներն օգնում են՝ գումարով կամ աշխատանքով: Որպես կանոն՝ սա լինում է արական գծով ազգականների նախաձեռնություն: Աղբյուրը կառուցելու առիթներից է ազգի երևելիներից մեկի մահը։ Այսպիսով, այն դառնում է նաև իր հիշատակի հուշարձանը։

Ի տարբերություն քաղաքային ցայտաղբյուրների, այս «աղբյուր-հանգստյան գոտիները» կառուցվում են բնակավայրից դուրս, երբեմն դժվար մատչելի վայրերում, հաճախ՝ սուրբ համարվող մի կոթողի մոտակայքում՝ մատուռի կամ խաչքարի: Ունենք գրանցած ուշագրավ դեպք, երբ պատահմամբ հայտնաբերված խաչքարը առիթ է դառնում կողքին «մադարների աղբյուր» կառուցելու համար։ Վերիշենի բարբառով՝ դա նշանակում է «մինուճարների աղբյուր»՝ բոլոր նրանց համար, ով չունի եղբայրներ, ուստի ազգակցական աղբյուր չէր կարող ունենալ։

Աղբյուրաշինության տարածված ավանդույթ ենք գրանցել նաև Գորիսում։ Այստեղ գերդաստանների պապենական աղբյուր գնալը սիրված ժամանցի ձև է հատկապես երիտասարդների միջավայրում։ Այն ուղեկցվում է ինքնաեռով թեյախմությամբ։ Սա ուշագրավ է նրանով, որ գորիսյան թեյախմության քաղաքային սովորույթը պահպանվում է ի հաշիվ նրա, որ հատկապես բնության գրկում է կարիք առաջանում օգտագործելու ինքնայեռը, քանի որ քաղաքում դրա համար կան շատ ավելի հարմար պայմաններ։ Գորիսի պարագայում տեղին է հիշատակել նաև այն, որ այստեղ է կառուցվել Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված առաջին հուշաղբյուրը (պատերազմի ընթացքում՝ 1944 թ․)։

Այսպիսով, Գորիսի և շրջակա գյուղերի «աղբյուրները» վկայում են սրբավայրի, հուշարձանի և ժամանցի գործառույթների սինկրետիկ համատեղությունը՝ համադրելով սրբազանն ու աշխարհիկը, դրանք չդիտարկելով որպես այլընտրանք։

 

Վարդավառի ուխտագնացությունը դեպի Կապուտջուղի Սարի Սուրբ Նշան սրբավայր և դրա հետ կապված ջրի պաշտամունքը

 

Տորք Դալալյան, ՀԱԻ

 

Ժողովրդական սրբավայրերը Նախիջևանի Գողթն գավառում, ինչպես և պատմական Հայաստանի այլ տարածաշրջաններում, գտնվել են առավելապես բնակավայրերից դուրս՝ լեռների, բլուրների վրա, ձորերի ու հովիտների ﬔջ, աղբյուրների մոտ։ Խորհրդային կարգերի աստվածաﬔրժության շրջանում Գողթնի բնակավայրերում գտնվող եկեղեցիները հիﬓականում վերածված են եղել պահեստների (Փառակա, Բիստ, Տանակերտ և այլ գյուղերում), սակայն գողթնեցիները շարունակել են ժողովրդական տոների ժամանակ ուխտ կատարել դեպի ոչ-պաշտոնական սրբավայրեր։ Գողթն գավառի յուրաքանչյուր բնակավայր ունեցել է իր սիրելի սրբավայրերը, որոնք երբեﬓ այցելվել են նաև հարևան գյուղերից։ Դրա հետ ﬔկտեղ, Նախիջևանի տարածաշրջանի և մասնավորապես Գողթնի համար գոյություն է ունեցել համընդհանուր ﬕ սրբավայր, որը պաշտել է գավառի գրեթե բոլոր հայկական բնակավայրերի ժողովուրդը։ Այս սրբավայրը գտնվում էր Սյունյաց լեռների (Զանգեզուրի լեռնաշղթայի) աﬔնաբարձր կետի՝ Կապուտջուղի լեռնագագաթի (3905 մ) ճյուղավորուﬓերից ﬔկի վրա։ Ներկայում Կապուտջուղով է անցնում ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանի (նախկինում՝ Գողթն գավառ) սահմանը։ Նախիջևանի կողﬕց Կապուտջուղն ունի ﬕ քանի՝ սրբազան համարվող գագաթամասեր՝ Նավասար (Տապանասար), որը հայտնի է իր նախնադարյան ժայռապատկերներով և Նոյան տապանի ավանդազրույցին ունեցած առնչությամբ, Կռնակոչ, որն ավանդաբար կապվում է Մեսրոպ Մաշտոցի պատմավիպական գործունեությանը, և վերջապես՝ Սարի Սուրբ Նշան, որը կոչվել է հենց համանուն սրբավայրի անունով։ Վերջինս 20-րդ դարավերջին իրենից ներկայացնում էր ﬕ անշուք մատուռ, որն արտաքնապես ոչ ﬕ ճարտարապետական կամ քանդակագործական հատկանիշերով աչքի չէր ընկնում։ Սակայն ենթադրաբար հեթանոսական ժամանակներից եկող նրա սակրալ ձգողական ուժը աﬔն տարվա հուլիս ամսվա վերջին՝ Վարդավառի տոնակատարության ժամանակ, շրջակա գյուղերի բնակիչների հոծ բազմություններ էր հավաքում Կապուտջուղի այս բարձունքի վրա։ Գողթնի ավանդական տոնացույցում Վարդավառը եղել է տարվա կենտրոնական՝ աﬔնաժողովրդական և աﬔնազանգվածային տոնը։ Սա պայմանավորված պետք է լիներ հնագույն ժամանակներից Գողթնի տնտեսության և հատկապես այգեգործության համար ջրի ունեցած նշանակալից դերով։ Քրիստոնեության օրոք վերիմաստավորված հեթանոսական այս ջրատոնին Փառակա, Բիստ, Մեսրոպավան, Ալահի և այլ գյուղերի հարյուրավոր բնակիչներ՝ ﬔծից փոքր, կին թե տղամարդ, ձիերով,  էշերով կամ հետիոտն բարձրանում էին Սարի Սուրբ Նշան (տեղական խոսվածքներով՝ Սարի Սրթմշան, Սարի Սըփﬕշան, ևն) սրբավայրը։ Նշված ուխտագնացությունը տևում էր երկու օր. առաջին օրվա գիշերը գողթնեցիները բացօդյա անցկացնում էին սրբավայրի մատույցներում, իսկ հաջորդ օրը սկսվում էին զանգվածային տոնակատարություններն ու խնջույքները, մատաղներն ու զոհաբերությունները, ջրով իրար ցողելը (վերջինս շարունակվում էր նաև սարից իջնելուց հետո՝ գյուղերում)։

Զեկուցման ﬔջ՝ ﬔր կատարած դաշտային ազգագրական և բանագիտական նյութերի հիման վրա կներկայացվեն Սարի Սուրբ Նշանի հետ կապված ծիսակատարություններն ու հավատալիքները։ Դաշտային աշխատանքն իրականացվել է 2021 թ. հուլիս և հոկտեմբեր աﬕսներին՝ ՀՀ Վայոց-ձորի մարզի Գողթանիկ գյուղում, որտեղ համախումբ բնակվում են Արցախյան առաջին պատերազﬕ բռնկման հետևանքով 1989-ից հետո Գողթնի տարբեր բնակավայրերից վերաբնակներ։ Հիﬓական հարցազրույցներն արել ենք Գողթանիկում, սակայն որոշակի նյութեր գրանցել ենք նաև Երևանում և Մասիսի շրջանում հաստատված տարեց գողթնեցիներին ձայնագրելով կամ նրանց պատմածները գրի առնելով։ Ուշագրավ է, որ Գողթնի տարբեր գյուղերի բնակիչների հուշապատուﬓերից դատելով՝ որոշակի տարբերություններ և տեղական յուրահատկություններ կան՝ Սարի Սուրբ Նշան ուխտավայրի հետ կապված պատկերացուﬓերում։ Զեկուցման ﬔջ կներկայացվեն այդ յուրահատկությունները, ինչպես և կփորձենք տալ խնդրո առարկա սրբավայրին առնչվող տեղեկությունների ընդհանուր պատկերը:

 

 

«Կաթնովով մատաղ» անձրևի ծեսը Սյունիքում

 

Ռոման Հովսեփյան, Հասմիկ Աբրահամյան, ՀԱԻ

 

Եղանակի կարգավորման ծեսերից շատերը, մասնավորապես անձրևի ծեսերը, իրենց բնույթով զոհաբերություն են, բայց, բացառությամբ կենդանիների մատաղների, մեր օրերում մատաղ (զոհաբերություն) չեն կոչվում և որպես այդպիսին չեն գիտակցվում։ Սյունիքում մեր ազգագրական հետազոտությունների ընթացքում Գորիս և Տեղ համայնքներում գրանցել ենք մի երկակի գործառույթով՝ անձրևաբեր-անձրևախափան ծես՝ «կաթնովով մատաղ»-ը, որը բառացիորեն անվանվում և ընկալվում է որպես մատաղ։ Զոհաբերվող կաթնովը, որի պարտադիր բաղադրիչները հացահատիկը (հաճար կամ բրինձ) և կաթն են, վկայում են, որ այս զոհաբերության ծեսում գործում է զոհ նույնի բազմակիի դիմաց սկզբունքը և ակնկալվում է երկրագործական և անասնապահական արտադրանքների՝ հացահատիկի և կաթի առատություն։ Ըստ մեր վերլուծությունների, այս ծեսը իր գոյության վաղ շրջաններում հավանաբար տիկնիկով ծեսի մաս է եղել, սակայն հետո առանձնացել է և շարունակվել որպես ինքնուրույն ծես։ Անձրևաբեր ծեսերը, մասնավորապես տիկնիկ պտտեցնելու և կաթնով եփելու ծեսերը, և Համբարձման կաթնով եփելու ծեսը իրենց բնույթով մատաղ են և ունեցել են բերքառատություն ապահովելու գործառույթ:

 

 

 

«Ածիկ» կերակուրը հայոց տոնածիսական համակարգում

(ըստ Սյունիքից գրառված նյութերի)

 

Հասմիկ Աբրահամյան, ՀԱԻ

 

Տոնածիսական համալիրի անքակտելի մաս է կազմում ուտեստը։ Վերջինիս հիմքում ընկած է սննդատեսակի (հատիկեղեն, մսեղեն, կաթ­նեղեն) զոհաբերման գաղափարը, որի նպատակն էր հաջող բերքի համար երախտիք հայտնելը կամ գալիք բերքառատություն հայցելը, տարերային աղետներից (օրինակ՝ երաշտից, տևական անձրևներից և այլն) պաշտպանվելը։ Սույն զեկուցումը նվիրված է ածիկին, որը մասնագիտական գրականության մեջ հիշվում է որպես Մեծ պահքի կամ Զատկի կերակուր և խորհրդանշում է գարնան գալուստը։ Զեկույցը հիմնված է 2021 թ․ Սյունիքի 11 քաղաքային և գյուղական բնակավայրերից գրառված դաշտային ազգագրական նյութերի վրա։

Դաշտային նյութերի և գրավոր աղբյուրների համադիր ուսում­նա­սի­րությունը թույլ է տալիս ասել, որ ածիկը գյուղատնտեսական տարվա մեկնարկին՝ վաղ գարնանը, և գյուղատնտեսական տարվա ամփոփման շրջանում՝ ուշ աշնանը մատուցվող ծիսական կերակուր է, հատիկի (մասնավորաբար՝ ցորենի) զոհաբերություն/մատաղ՝ միտված անձրևաբերությանը և հացահատիկի առատությանը։ Այդ են վկայում ածիկի հետ կապված հետևյալ դրվագ­ները․

1) ածիկ դնելու/պատրաստելու ձևը,

2) ածիկ դնելու ժամանակը,

3) տարվա մեջ ածիկ դնելու քանակը (մեկ անգամ),

4) ածիկը որպես մատաղ բաժանելը,

5) ածիկ դնողի անձը (վերապահված է ոչ բոլորին, այլ այդ իրավունքը «վաստակած»՝ ընտանիքի շարունակականությունն ապահովող  կին),

6) ածիկը բաժին տանողին ուղղված բարեմաղթանքները։

Մեր օրերում ածիկը հիշվում է զուտ որպես ձմեռային և վաղ գարնան կերակուր և հազվադեպ է պատրաստվում։

 

 

Քաջքը որպես հիվանդության հարուցիչ (ըստ Սյունիքի ժողովրդական զրույցների և հավատալիքների)

 

Հասմիկ Գալստյան, ՀԱԻ

 

Ստորին առասպելաբանական կերպարների մասին պատկերացումների հիմքում ընկած հիմնական և կարևոր գործոններից մեկը տվյալ ազգագրական շրջանի բնակլիմայական պայմաններն են, աշխարհագրական դիրքը և տեղավայրը: Պատմական Սյունիքն այս առումով առանձնանում է չար ոգիների՝ մասնավորապես՝ քաջքերի մասին զրույցներով ու հավատալիքներով:

Մարդկային արատները, ցավերն ու հիվանդություններն ընկալվում են որպես չար ոգիների ներգործության հետևանք: Սյունիքի ժողովրդական հավատալիքներում հիվանդությունները հաճախ պատկերացվում էին կենդանական առանձնահատկություններով օժտված էակների կամ մարդու մեջ բույն դրած քաջքերի տեսքով: Վախը, քաջքերից ու (հ)ալերից զարկված լինելը հիվանդության հիմնական պատճառներից էին, որոնք բնորոշելու համար Սյունիքում օգտագործվում են «քաջքոտել», «քաջքերը գալ» և նմանատիպ եզրույթներ:

Հայ ստորին առասպելաբանության մեջ հանդիպում ենք որոշ կերպարների, որոնք բնորոշ են զուտ պատմական Սյունիքին: Օրինակ՝ տարածաշրջանի տարբեր բնակավայրերից (Արծվանիկ, Բեխ, Խնձորեսկ և այլն) գրառած զրույցներում հիվանդության հարուցիչ էր համարվում խաղլացավի որդը, որն ընկնելով մարդու մարմնի մեջ՝ սկսում էր անվերջ շարժվել: Քաջքի այս տեսակին մարմնից դուրս էին հանում հիվանդին պարեցնելու, դաժանորեն ծեծելու և այլ եղանակներով՝ զուռնայի ու դհոլի նվագակցությամբ ու լալկան կանանց ողբասացությամբ:

Իրենց առանձնահատկություններով աչքի են ընկնում «կոխվելուց» կամ քաջքերից զարկվելուց զերծ մնալու ժողովրդական միջոցների ու եղանակների կիրառությունը, որոնք լայն տարածում ունեին ողջ Սյունիքում, դրանցից որոշները կենցաղավարում են նաև մեր օրերում:

 

ՍՅՈՒՆԻՔ․ ՄԱՐԴԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ

 

Սյունիքում աճող որոշ բույսերի մասին ըստ «Աշխարհացոյց»–ի

 

Ռուզան Փալանջյան, ՀԱԻ

 

Հին Հայաստանի բնական հարստությունների վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ կարելի է քաղել «Աշխարհացոյց»-ից (VI դարի վերջ–VII դարի սկիզբ): «Աշխարհացոյց»-ի համար որպես սկզբնաղբյուր են ծառայել անտիկ ժամանակաշրջանի աշխարհագրագետների աշխատությունները, ինչպես նաև հայկական գրավոր աղբյուրները: Հետևաբար՝ «Աշխարհացոյց»-ի տվյալները կարող են վերաբերել նաև անտիկ Հայաստանին: Տվյալ աշխատության մեջ հիշատակվում են որոշ բույսեր, որոնք աճում էին Սյունիքում: Այդ բույսերից մեկը մրտենին էր: Մենք կարծում ենք, որ դա մրտենու Myrtus communis (Մրտենի սովորական) տարատեսակն էր, որը վայրի վիճակում աճում է Միջերկրական ծովի ավազանում և Մերձավոր Արևելքում: Այս բույսը կարող էր մշակվել Սյունիքի հարավի մերձարևադարձային գոտում: Անտիկ դարաշրջանի գրավոր աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մրտենին հիմնականում մշակում էին անուշահոտ եթերային յուղեր ստանալու համար: Այդ նպատակով օգտագործում էին բույսի տերևները և ծաղիկները: Պլինիոս Ավագի տվյալների համաձայն, հնագույն օծանելիքներից մեկը պատրաստվել է մրտենու եթերային յուղից: Հայկական վաղ միջնադարյան գրավոր աղբյուրների հետազոտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հեթանոսական ժամանակաշրջանում Հայաստանում մրտենին պաշտամունքային բույս է եղել: Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում՝ Շահապիվան ավանի մոտ, եղել է մրտենիների սրբազան պուրակ: Հատկանշական է, որ Շահապիվանը հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից էր, որտեղ ամեն տարի մեծ շուքով նշում էին Նավասարդի տոնակատարությունը, որը նվիրված էր հայոց գերագույն աստծուն՝ Արամազդին: Ամենայն հավանականությամբ, գլխավոր ծիսակատարությունները տեղի էին ունենում մրտենիների պուրակում: Հայտնի է, որ այդ ծիսակատարությունների ժամանակ ծխեցնում էին անուշահոտ ծխանյութեր, և, բացառված չէ, որ այդ ծխանյութերի բաղադրամասերից էր մրտենուց ստացված անուշահոտ յուղը:

Հաջորդ բույսը, որը, ըստ «Աշխարհացոյց»-ի, աճում էր Սյունիքում, նռնենին էր: Ուշագրավ է, որ այս աշխատության մեջ Սյունիքում աճող նուռը որակավորվում է որպես «ազնիվ» («նուռն ազնիվ»), ինչը կարելի է մեկնաբանել որպես նռան բարձր որակի վկայություն: Ըստ անտիկ հեղինակների, նուռը ոչ միայն թարմ վիճակում էին օգտագործում սննդի մեջ, այլ նաև պատրաստում էին արտակարգ որակի նռան գինի: Նռան ծաղիկներից ներկանյութ էին ստանում, իսկ կեղևը կիրառում էին կաշեգործության մեջ:

Սյունիքի բնական հարստությունների թվում «Աշխարհացոյց»-ը հիշատակում է գետնասունկը (Tuber): Գրավոր աղբյուրների հետազոտությունը ցույց է տալիս, որ հին Հունաստանում և Հռոմում գետնասնկից նրբահամ կերակուրներ են պատրաստել, որոնց մի շարք բաղադրատոմսեր պահպանվել են: Չի բացառվում, որ Սյունիքում աճող գետնասնկից պատրաստված խորտիկները մատուցվել են հայոց արքաների և իշխանների ճաշասեղանին:

 

 

Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և միջնադարյան աշխատություններում դրանց հիշատակությունների շուրջ

(ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)

 

Անի Սարատիկյան, Ռոման Հովսեփյան, ՀԱԻ

 

«Սյունքի էթնոբուսաբանությունը» թեմայի /արժե՞ գրել Սյունիքի էթնոբուսաբանության ուսումնասիրման կարևոր․․․, այլապես կարող է հարց առաջանալ, թե դա ինչ թեմա է/ իրականացման կարևոր մաս է կազմում դաշտային նյութերի գրանցումը, տեղեկատվական շտեմարանի ստեղծումը։ Այնտեղ իրենց ուրույն տեղն ունեն և առանձնակի ուշադրության են արժանի ժողովրդական բժշկության մեջ դեռևս կիրառվող տարբեր դեղաբույսերը: Հետազոտության արդյունքում հարկավոր է պարզել դեղաբույսերի կիրառման մասին ավանդական փորձի ու գիտելիքների պահպանվածության աստիճանը, հավաքչության եղանակները և այլ մանրամասներ:

Ժողովրդական բժշկության բնագավառում հնուց կարևոր տեղ ունեին դեղաբույսերը: Բժշկությունը միջնադարյան Հայաստանի մշակույթի կարևորագույն բաժիններից մեկն է, որն ապացուցվում է դրա վերաբերյալ առկա մատենագիտական մեծածավալ աղբյուրների առկայությամբ: Բազմաթիվ են այն միջնադարյան աշխատությունները, ձեռագրերը, որտեղ քննարկվում ու մեկնաբանվում են տարբեր հիվանդություններ բուժելու համար օգտագործվող դեղաբույսերը:

Դեղաբույսերի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ կան միջնադարյան հայ բժշկապետ Մ. Հերացու «Ջերմանց մխիթարություն», Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտ», «Օգուտ բժշկութեան» և այլ աշխատություններում: Սույն հետազոտության նպատակն է ցույց տալ գրավոր աղբյուրներում հիշատակվող դեղաբույսերի և դրանց ժամանակակից կիրառության այն օրինակները, որոնք դեռևս պահպանվել են և փոխանցվում են սերնդեսերունդ:

 

 

Փռշնի. տնտեսական և հավատալիքային համալիրները Սյունիքի ազգագրական և բանահյուսական նյութերում

 

Լիլիթ Սիմոնյան, ՀԱԻ

 

Փռշնին (Celtis caucasica) սուրբ ծառ է համարվել և համարվում պատմական Հայաստանի բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի որոշ մասերում։ Սակայն առավել տարածված է այդ պատկերացումը Սյունիքում, Լոռիում, Տավուշում, Արցախում։ Բոլոր այդ տարածքներում այն ունի պահպանիչի խորհուրդը, հաճախ աճում է սրբավայրերում, որտեղ դրա վրա կապում են երազանքի լաթեր, զգեստի մասեր, իսկ Տավուշում այդ ծառի վրա պարանով ու տոպրակով կախում են նաև մատաղ արված աքաղաղների և գառների գլուխները և ոտքերը։

Մոտ լինելով Արցախին և պատմական Ղարադաղին՝ Սյունիքը ևս պահպանել է պատկերացումները փռշնիի (այստեղ՝ պռըշնի) հատուկ ծառ լինելու մասին։ Կապանի (Բարաբաթումի) բնակիչները նշում են, որ անգամ աթեիստ բնակիչները խուսափում են կտրել այդ ծառի ճյուղերը։ Արծվանիկում երեք փռշնիների շուրջ է ձևավորվել նոր գերեզմանոցը և հերոսների հիշատակի պուրակը։

Քարահունջի սրբավայրերից մեկը կոչվում է Պռշնու Տակ կամ Ս․ Խաչ։ Հնում այդտեղ էր գտնվում հսկայական ծառը, որին ուխտի էին գնում բազմաթիվ գյուղացիներ։ 1932-ին ծառը կործանվել է, բայց դրա կողքին ներկայումս աճում է մեկ այլ փռշնի։ Ինքն իրեն նախանցյալ տարի տապալվել է նաև Լոռու Ակներ գյուղի խորհրդանիշը հանդիսացող փռշնին, և դրա տեղը գրավել է երիտասարդ տունկը։

Բակում փռշնի ունենալը լավ նշան է, այդ տան բնակիչներին, ըստ սյունեցիների հավատալիքների, աչք չի կպնում։ Ահա թե ինչու այդ ծառի չորացած ճյուղերից պատրաստում են աչքի ուլունքներ, ապարանջաններ։ Հնում պատրաստել են պահպանակներ նաև ընտանի կենդանիների համար։

Ինչպես հայտնի է, ծառի պտուղները ուտելի են և քաղցր համ ունեն։ Սակայն Սյունիքում և Տավուշում գյուղացիները հայտնում են, որ այդ պտուղները (կապանցիները դրանց «պռոշ» են անվանում) ոչ միայն գործածվել են հում վիճակում, այլև քաղցած տարիներին փոխարինել են հացին։ Երբ դրանք աղում են աղորիքով կամ ալրաղացում՝ կորիզներով հանդերձ, դրանցից պատրաստվում է փոխինձ, որը սննդարար է և ունի բնական քաղցրություն։ Ներկայումս միայն ամենատարեցներն են հիշում այդ ճաշատեսակը։

Ազգագրական և բանահյուսական տվյալներն ի մի բերելով՝ պարզ է դառնում, որ փռշնիի հատուկ կարգավիճակը պայմանավորված է ոչ միայն այն բանով, որ այդ ծառն աճում է բաց տարածություններում, հասնում է հսկայական չափի, հովանի ծառայելով և փաստորեն «սերունդ է տալիս», այսինքն, հին ծառի կողքին սկսում են աճել նաև փոքր ծառեր, այլև իր տնտեսական նշանակությամբ, որպես հաց ապահովող, պահապան։

 

 

Դդմազգիներին առնչվող խորհրդանշական պատկերները Սյունիք-Արցախ տարածաշրջանի հեքիաթներում

 

Լուսինե Հայրիյան, ՀԱԻ

 

Հայկական հեքիաթների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել բառալեզվային շերտերում առկա նախնական պատկերացումները, հազարամյակների խորքից եկող խորհրդանիշների և խորհրդանշական պատկերների բովանդակությունը: Հիշարժան են, մասնավորապես, հեքիաթի սյուժետային կառուցվածք ներառված և այսպես կենցաղավարող կարճասույթ բանաձևային կառույցները, հանելուկային պատկեր-բանաձևերը, որոնց գուշակությունն իրականացվում է հեքիաթային հերոսների մտավարժանքների շնորհիվ: Հանելուկներով իմաստությունը փորձելու եղանակը տարածված է հատկապես հրաշապատում հեքիաթներում: Հիրավի, անվիճարկելի է հեքիաթներին տրված «հավերժական սիմվոլներ» թումանյանական բանաձևումը, որը ուղենիշ է դարձել հեքիաթների ուսումնասիրության համար: Իբրև բանավոր ավանդության նախնական տեսակ՝ հեքիաթը պարփակում է արքետիպային և խորհրդաշնական հարուստ շերտեր: Հետևաբար, ժողովրդական խորհրդանշային համակարգի տեղական և համամարդկային դրսևորումների, խորհրդանշական պատկերների հետազոտության համար ուշագրավ է նաև Սյունիք-Արցախ ազգագրական շրջանների ինքնատիպ բանահյուսական ժառանգությունը՝ մարդ-բնություն հարաբերությունների տեղական ընկալումներով: Բույսերի դարմանող, մաքրագործող, հմայական ուժ ունեցող հատկությունների մասին գիտելիքների և պատկերացումների շնորհիվ դրանք գործածավել են և՛ ավանդական խոհանոցում, և՛ ժողովրդական, ծիսահմյական բժշկություններում, տեղ գտել հայոց հավատալիքային հնագույն համակարգում և բանահյուսական տարաժանր ստեղծագործություններում: Սյունիք-Արցախ տարածաշրջանի հեքիաթային բույսերի հարուստ շարքում առանձնանում են նաև դդմազգիներն (ձմերուկ, դդում, դդմիկ, վարունգ) իրենց կիրառական, կենցաղային, բուժական, ծիսահմայական, սիմվոլիկ նշանակություններով (օրինակ՝ պատմազգագրակական այս շրջանների հեքիաթներում ոչ միայն ջուրը, այլև՝ ձմերուկի հյութն է օժտված անմահության և երկարակեցության գերբնական ուժով, հանդիսանալով՝ մահվան հանդեպ հաղթանկի, կյանքի, առատության, անմահության խորհրդանիշ): Զեկուզման շրջանակներում՝ համեմատական քննության միջոցով, կներկայացվեն նաև հայ (մասնավորապես Սյունյաց աշխարհի, Արցախի ու հարակից շրջանների) և համաշխարհային բանահյուսություններում դդմազգիներին առնչվող մոտիվների, սիմվոլիկ պատկերների ընդհանրություններն ու տարբերությունները:

 

 

Հավաքչական մշակույթի արդի դրսևորումները Սիսիանի տարածաշրջանում (ավանդույթ և արդիականություն)

 

Անժելա Ամիրխանյան, ՀԱԻ

 

Զեկուցման հիմքում 2021 թ. Սյունիքի մարզի Սիսիան տարածաշրջանում /համայնքո՞ւմ/ կատարված դաշտային ազգագրական հետազոտություններն են: Նյութերը գրանցվել են խորացված հարցազրույցների մեթոդով` մեկ տասնյակից ավելի բանասացների հետ, որոնք ներկայացնում են սեռատարիքային ու մասնագիտական տարբեր խմբեր` տղամարդկանց մասնակի գերակայությամբ: Հարցազրույցները հիմնականում անցկացվել են այնպիսի ընտանիքներում, որտեղ կար հավաքչության վերաբերյալ տարեցներից երիտասարդներին փոխանցված որոշակի ժառանգորդություն:

Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սիսիանում, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով, բնակչության մի ստվար զանգված զբաղվում է հավաքչությամբ: Սակայն ինչպես յուրաքանչյուր մարզ, այնպես էլ Սյունիքը և մասնավորապես Սիսիանի տարածաշրջանը, պայմանավորված բնակլիմայական պայմաններով և ավանդույթներով, ունի բազմաթիվ առանձնահատկություններ: Մասնավորապես Սիսիանում գերակշռում է խոտաբույսերի հավաքչությունը:

Սիսիանի տարածաշրջանի արդի հավաքչական մշակույթի ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ տեսանկյուններով.

•           Վայրի բույսերի հավաքչության, մշակման ու պահեստավորման եղանակներն ու ավանդականի համեմատ կատարված փոփոխությունները:

•           Վայրի բույսերի կիրառության սեզոնային առանձնահատկությունները. ա. ուտեստի համակարգում գարնանը կիրառվող բույսեր բ. ձմռան պաշարի մաս կազմող բույսեր:

•           Ուտեստի համակարգում վայրի բույսերի կիրառության եղանակներն ու առանձնահատկությունները (աղցանների, տապակելու և ապուրների, թթուների համար նախատեսված բույսեր, համեմունքային բույսեր և այլն):

•           Հավաքչական մշակույթի նշանակությունը գործարարության տեսանկյունից: Այդ նպատակով պայմանավորված վայրի բույսերի առանձին տեսակների ներքին ու արտաքին սպառում և հավաքչության աշխարհագրության ընդլայնում (ՀՀ–ի այլ մարզեր և Արցախ): Այս առումով հարգի համարվող բույսերի արձանագրում:

•           44-օրյա պատերազմից և Արցախի Հանրապետության տարածքների կորստից հետո ստեղծված իրավիճակի ազդեցությունը հավաքչության վրա:

•           Մրգերի և հատապտուղների հավաքչություն:

•           Սնկերի հավաքչություն. տեսակներն ու կիրառությունն ուտեստի համակարգում, սնկի նկատմամբ ավանդական վերաբերմունքի փոփոխությունները:

•           Հավաքչությամբ զբաղվողների սեռատարիքային կազմը, անհատական և խմբային հավաքչություն:

•           Հավաքչությամբ ձեռք բերվող վայրի բույսերի, սնկերի և դրանցով պատրաստվող կերակուրների անվանումներ:

 

 

The Worked Hard Osseous Objects from Late Chalocolithic Godezor: Entangled Markers of Human-Animal and Human-Human Relationships

 

Alice M. Choyke, Medieval Studies Department, Cultural Heritage Program, Central European University, Wien, Austria

Irena Kalantaryan, IAE

 

The pastoralists who produced and used objects made from bone, antler and swine tusk came into contact with many different cultures of varying size and complexity. Ideas about what hard osseous materials could be used to produce varied between the regions these people passed through on their annual routes, probably from lowland areas in northern Iran to the upland regions in present day Armenia where they brought their flocks for several months of the year.

The first preliminary results analysis of the worked osseous material from Godedzor (Choyke 2011 and 2019) can be generally divided into pointed tools which are not very carefully manufactured (Class II and Class I-II; Choyke 1997) and were probably produced on site as well as other simple objects like the perforated cattle first phalanges with parallel types in Late Chalcolithic levels at the tell site of Arslantepe to the West and another group of tools and ornaments which were well planned with multi-stage manufacture. There are only a few examples of worked antler or boar tusk in this assemblage.

Some of these planned (Class I) tools and ornaments are quite heavily worn and would have required special skill to produce. Examples include some of the ornamented spatulate forms, the probable, femur-based kohl container decorated with spiraling incised lines, the decorated antler weaving comb and the elaborate ring closure. The latter three objects were found as singular items during the excavations. Two strange objects made from the distal epiphysis of cattle metatarsal with a semi-circular opening carved between the two condyles has parallels at a far distant EBIII site in southern Jordan (Muniz and Levy n.d.)

It seems very likely that the amount of use wear and polish visible on these objects could not have been produced in the four or five months spent by these pastoralists in their upland camp. The logical conclusion is that they were either brought with them or obtained from more settled communities located in nearby villages. In the future it would be worthwhile examining bone tool assemblages from contemporary settlements in both northern Iran and locally to establish possible exchange networks. Such mutual dependencies based on regular trade and exchange of foodstuffs and other goods between nomadic pastoralists and local settled communities have been described for the region at large in last century ethnographies (Barth 1962, 1966).

All these discussions must be parallel with the presentation and descriptions of the identified workshops of bone tools processing as well other ones for obsidian. Perfectly preserved situations inside the workshops are quite rare and the evidence can argue about the serious occupations at the site.

 

ՍՅՈՒՆԻՔԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

 

Լուսատուների և բնության տարերքների ալեգորիաները Սիսավանի (Սբ. Գրիգոր) եկեղեցու գեղարվեստական համակարգում

 

Զարուհի Հակոբյան, ԵՊՀ

 

Սիսավանի Սբ. Գրիգոր եկեղեցին Սյունիքի վաղմիջնադարյան ճարտարապետական գոհարներից է, պատկանում է հռիփսիմեատիպ եկեղեցիների տիպին և կառուցվել է 7-րդ դարի վերջին քառորդում:

Եկեղեցին հետաքրքիր է ոչ միայն իր ճարտարապետական հորինվածքով, այլև հարուստ ճարտարապետական հարդարանքով, ինչպես նաև տարբեր բնույթի պատկերաքանդակներով: Դրանք ավետարանիչների պատկերներն են թմբուկի քիվին՝ ուղղված աշխարհի չորս կողմերը: Մյուս խումբը պատվիրատուների և հովանավորների պատկերաքանդակներն են, որոնցից երեքը (Հովսեփ եպիսկոպոս, Կոհազատ իշխան և Թոդորոս վանական) գտնվում են եկեղեցու ներսում, իսկ մեկը դրսում՝ արևմտյան ճակատին (Հովհաննես եկեղեցպան):

Սակայն եկեղեցու ամենահետաքրքիր և ամենավիճահարույց քանդակները գտնվում են արտաքին խորշերի մեջ և ներկայացնում են բարձր ռելիեֆով արված մարդկանց գլուխներ: Հավանաբար դրանք ութն են եղել, քանի որ եկեղեցին ունի հենց այդքան արտաքին խորշ՝ ամեն ճակատին երկուական, սակայն ոչ բոլորն են պահպանվել: Հիմնական խնդիրը այդ գլուխների մեկնաբանման հարցն է, որը տարընթերցումների հիմք է հանդիսացել: Նախ պահպանված երեք գլուխներից մեկը սխալ մեկնաբանվել է որպես խոյ, բացի այդ մյուս երկուսը կրկին դիտարկվել են որպես պատվիրատուներ, չնայած, որ պատվիրատուների հարցն այս կառույցում ավելի քան հստակ է: Ուրեմն ովքե՞ր են խորշերի մեջ ընդգրկված այս կերպարները: Պատկերաքանդակների քննությունը լայն քրիստոնեական համատեքստում և, մասնավորապես, ուշ անտիկ և վաղքրիստոնեական հուշաձանների համադրությամբ ցույց են տալիս, որ այդ պատկերները ունեն խորհրդանշական իմաստ և հանդիսանում են լուսատուների և բնության տարերքների ալեգորիաները:

Սիսավանի օրինակը միակը չէ և Հայաստանի, ինչպես նաև հարևան Վրաստանի միջնադարյան տարբեր դարաշրջանների եկեղեցիների արտաքին հարդարանքում հաճախ կարելի է տեսնել նմանատիպ պատկերներ:

 

 

Բուսազարդը Տաթևի վանքի վաղխաչքարային արվեստում

 

Արսեն Հարությունյան, ՀԱԻ / ՄՄ

 

Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական համալիրների ընդհանուր նկարագիրն ամբողջացնում են նաև կոթողային հուշարձանները, մասնավորապես՝ խաչքարերը: Հայտնի է, որ հայկական մշակույթում խաչքարային արվեստը, որպես այդպիսին, ի հայտ է եկել առնվազն 9-րդ դարից, ինչով պայմանավորված՝ 9-10-րդ դդ. թվագրվող խաչքարերը ներկայացնում են այս մշակույթի կազմավորման վաղ շրջափուլը: Սրանք հիմնականում պարզունակ, լայնակոս փորագրմամբ և երկբլթակ (երկգունդ) վերջավորությամբ խաչաթևերով, անզարդ խաչախորքով ու եզրագոտիով ուղղանկյունաձև սալաքարեր են, որոնք հիմնականում կագնեցված են անմիջապես հողի մեջ, սակավ նաև՝ անմշակ ժայռաբեկորներին ու պատվանդաններին:

Հիշյալ շրջափուլին բնորոշ մի առանձին խումբ էլ կանոնիկ մշակմամբ, հիմնականում պատերին ագուցելու համար նախատեսված խաչքար-կոթողներն են, որոնք առանձնանում են խաչքարային հորինվածքի մի շարք «նորամուծություններով»՝ ականթատերևներով հարդարված խաչ, եռագունդ երկատումով խաչաթևեր, շեշտված խաչահատում՝ Ակն, ետնախորքը լցված բուսազարդով՝ խաղողի որթագալարով ու արմավազարդով, որի շնորհիվ հիմնախաչը ներկայանում է այգային հորինվածքի համապատկերում: Նմանօրինակ կոթողների նախնական ու լավագույն օրինակները մեզ են հասել Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքից և շրջակայքից (նաև՝ Որոտնավանք, Շատիվանք ևն), հետևաբար կարող ենք արձանագրել, որ խաչքարային արվեստի այդ խումբը Սյունյաց, մասնավորապես՝ Տաթևի դպրոցի ծնունդ է:

Վերջին տարիներին՝ Տաթևի վանքում և հարակից հուշարձաններում իրականացված մեր վիմագրագիտական հետազոտությունները պարզեցին նաև քննվող կոթողների ժամանակագրական սահմանները, ըստ որոնց՝ Տաթևից հայտնի այգային հորինվածքներով և խաչի՝ վերոնշյալ լուծումներով հարդարված կոթողներից շատերը թվագրելի են առնվազն 10-րդ դարասկզբով, այդ թվում նաև նախկինում վանքի հին գավթի արևմտյան պատին, իսկ ներկայումս Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասում՝ արտաքուստ ագուցված խաչքարը, որի թվագրման լավագույն զուգահեռը մեր փաստագրած նորահայտ կոթողն է՝ կանգնեցված Հայոց ՅԾԶ. (907) թ․-ին:

 

 

Բնություն և տարազ փոխկապը Սյունիքի մշակույթի համակարգում

 

Սվետլանա Պողոսյան, ՀԱԻ/ՀԱԹ

 

Մշակույթի տարրերն ուղղակիորեն կապված են և կրում են տվյալ միջավայրի, բնության ազդեցությունը: Մարդու, մշակույթը կրողի «ճակատագիրն է լինել այն, ինչ նրան կարող են դարձնել նրա ոտի տակ հաստատված հողը և նրա գլխավերևը տարածված երկինքը» (Լեո, Երկեր, հտ․ 6, էջ 755: Հայաստանի բնությունը ձևավորել է այն մշակութային ինքնատիպությունը և մշակույթը կրողներին, որոնք դարեր ի վեր ապրել են տարբեր գոտիականության վրա գտնվող բնակավայրերում՝ բարձրաբերձ լեռներ, խոր ձորեր, սարահարթեր և լայնարձակ հովիտներ:

Մշակութային շատ երևութներ, այդ թվում և տարազի ինքնատիպությունը կապված է բնաշխարհի առանձնահատկությունների հետ: Հայկական ազգային տարազի խմբերը, բացի կիրառական և սոցիալական, տոնական և ծիսապաշտամունքային  գործառույթներից, ունեցել են նաև սեզոնային բնույթ: Սյունիքի տարազի համալիրները հարմարեցված են եղել տեղի բնակլիմայական պայմաններին: Ցրտաշունչ ձմեռները և զով ամռան ամիսներն ենթադրել են հագուստի տաք մասերի առկայություն՝ տաք երկտակ ներքնազգեստ, աստառապատ, բամբակե միջադիրով վերնազգեստ, տաք վերնազգեստ-մուշտակ, գլխի հարդարանքի բազմաթիվ տարրեր: Սյունիքյան տարազախումբն առանձնանում է տաք շալերի առկայությամբ ու բերանկապերով: Առանձնահատուկ են ագանելիքի տարրերը բրդյա հաստ գուլպաներ, ոտնաման-տրեխ, կրունկով ոտնաման:

Բավականին թանձր և հաստ կտորներից են կարվել Սյունիքի տարազախմբի տղամարդկանց հագուստները՝ բրդյա շալվար և վերնազգեստ, տաք վերնազգեստ, թաղիքե թիկնաշոր, տաք մորթե գլխարկ-փափախներ և բրդյա գլխանոցներ, ոչխարենուց մուշտակներ, երկարաճիտք գուլպաներ և ճտքակոշիկներ, շալ կտորներից ոտքի փաթաթաններ ու ձեռնոցներ: Տղամարդկանց ագանելիքը համալրվել է սռնապան-փաթաթանով: Ձմռանը տրեխ-ոտնամանի մեջ ընդունված է եղել խոտ դնելու սովորույթը՝ ցրտից պաշտպանվելու նպատակով, ինչը դիտվել է նաև Արենիից գտնված հնագույն ոտնամանի դեպքում:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սյունիքի տարածքում գտնված կոշկաձև և ճտքակոշիկի տարբերակներ ներկայացնող հնագիտական առարկաները: Եվ կարևոր է դրանց շարժընթացի դիտարկումը Սյունիքի պատմազգագրական մարզի ավանդութային տարազի՝ հատկապես տղամարդկանց ագանելիքի համալիրում:

 

 

Ինքնության վավերագրում Սյունյաց բնությունն ու բնակավայրը Գուրոսի լուսանկարներում

 

Արգամ Երանոսյան, ՀԱԻ / ՊԱԹՊՄՊԾ

 

Վավերագրական լուսանկարչությունը Խորհրդային Հայաստանում ձևավորվեց և զարգացավ գիտահետազոտական ինստիտուտների ստեղծմանը զուգընթաց, երբ տարբեր կազմակերպություններ իրենց գիտարշավներում ներառում էին լուսանկարիչների: Այս առումով հատկապես կարևորվում է ազգագրական, հնագիտական, ճարտարագիտական և երկրագիտական գիտարշավները, որոնց ընթացքում լուսանկարիչը, հետազոտողի հետ համագործակցելով, վավերագրում էր տվյալ տարածաշրջանի բնության հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը:        

Խորհրդային Հայաստանի վավերագրական լուսանկարչության ասպարեզում իր ուրույն տեղն ունի լուսանկարիչ Գուրոսը, որն իր լուսանկարչական գործունեության մեծագույն մասը նվիրել է Սյունիքի և մասնավորապես Գորիսի տարածաշրջանի բնության և պատմամշակութային ժառանգության վավերագրությանը։

1920-1930-ական թթ. Գուրոսն ընդգրկված է եղել տարբեր գիտահետազոտական խմբերում որպես լուսանկարիչ, իսկ հետագայում՝ 1960-70-ական թթ․, երկրորդ անգամ արձանագրել է բնության և բնակավայրերի փոխակերպումները: Նրա թողած ստեղծագործական ժառանգությունը փաստավավերագրական կարևոր արժեք է, որի շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել խորհրդային շրջանի Սյունիքի բնակավայրերի ժամանակագրությանը` պատմական և ազգագրական համատեքստում։

Զեկույցում քննարկվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում պահվող լուսանկարիչ Գուրոսի ապակե (1920-30-ական թթ․) և ժապավենի (1960-70-ական թթ) սևանկարների հավաքածուն, որոնցում լուսանկարիչը, կենտրոնանալով ազգագրական, պատմագրական և բնանկարչական թեմաների վրա, արձանագրել է Գորիսի տարածաշրջանի կենցաղը, մշակույթն ու պատմա-ճարտարապետական միջավայրը։ Նրա լուսանկարների շնորհիվ այսօր հնարավոր է բավականին հստակ պատկերացում կազմել 20-րդ դարասկզբի սյունեցիների առօրյա կյանքի ու սովորույթների մասին։

 

 

Սյունիքի բնությունը հուշադրամային թողարկման մեջ

 

Անի Հակոբյան, ՀՊԹ

 

Արդի աշխարհում հարափոփոխ են պետության որոշակի արժեքների մատուցման և ցուցադրման ձևերն ու միջոցները, որոնցից մեկը հուշադրամների թողարկումն է: Եթե նախկինում նախապատվությունը տրվում էր պետական խորհրդանիշներին, որոնք ունեին խորը գաղափարական հոգեկերտվածքային բովանդակություն, այժմ շատ երկրներ նախապատվությունը տալիս են մշակույթի գործիչներին և բնության հետ կապված երևույթների՝ երկինքը, երկրիը կամ այլ բնական երևույթների խորհրդանշական ներկայացմանը, ինչը կատարվում է նաև հուշադրամների միջոցով։ Հուշադրամների թողարկման նպատակն է հասարակությանը ներկայացնել երկրի ազգային, պատմամշակութային, հոգևոր արժեքները, որոնք մետաղի տեսքով հավերժանում են և բավարարում հավաքչական նախասիրության պահանջարկը: Քննարկման նյութն է Հայաստանի Կենտրոնական բանկի «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում 2010 թ․ թողարկած 1000 դրամ անվանական արժեքով «Լվածաղիկ Զանգեզուրի» արծաթե հուշադրամը: Շարքը բաղկացած է ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված բույսերի պատկերներով 4 տեսակի հուշադրամներից: Դա միջազգային ծրագիր է, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ ներկայացնելով կենդանական և բուսական աշխարհը: Դրա բազմազանությունն արտացոլված է Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին և հազվագյուտ և եզակի բույսերին նվիրված թողարկումներում։ Սա սեփական երկիրը ներկայացնելու քաղաքականության ձևերից մեկն է, այսինքն ոչ միայն պատմությամբ, այլև բնությամբ:

Սույն զեկուցման նպատակն է ցույց տալ բնության յուրօրինակ տարրերը խորհրդանշող երևույթների արտահայտումը պետական մշակութային քաղաքականության մեջ, տվյալ դեպքում՝ հուշադրամների վրա, որը կարևոր է ոչ միայն մշակութային, այլ նաև երկրի առանձնահատուկ բնությունը ներկայացնելու առումով: Սա նաև նպատակ է հետապնդում հասարակությանն իրազեկելու բնության մեջ վերացող բույսերի, կենդանիների մասին, որոնք կարիք ունեն պահպանության:

 

 

Ժողովրդական գիտելիքներն ու հմտությունները Սյունիքում

 

Գալյա Դավիդովա, ՀԱԹ

 

Զեկուցման նպատակն է ներկայացնել Սյունաց աշխարհի հայության դարի վերջի և 20-րդ դարի ժողովրդական հավատալիքների, հմտությունների ու գիտելիքների համախումբ նկարագիրը։ 20-րդ դարի սկզբում տարածաշրջանի ազգագրագետ-ուսումնասիրողները՝ Երվանդ Լալայանն (օր․՝ Սիսիան, ԱՀ, գիրք Գ, Թիֆլիս, 1898 ևն) ու Ստեփան Լիսիցյանը (Զանգեզուրի հայերը, Երևան, 1969), իրենց աշխատություններում նկարագրել են ժամանակաշրջանին բնորոշ երևույթներ, հաղորդել արժեքավոր նյութեր։ Հայաստանում հավատալիքները հազարամյակների պատմություն ունեն։ Բանասացների հետ շփումից պարզ է դառնում, որ մարդիկ դեռևս հավատում են բնության տարօրինակ երևույթներին և ինչ-որ տեղ ունեն վախի զգացողություն իրենց շուրջը կատարվածից։

Անդրադարձ է կատարվում մարդ-բնություն ներդաշնակ կապին առնչվող թեմաներին. բնության պաշտամունքը (ժայռեր, լեռներ, ծառեր) և մարդու վերաբերմունքը բնության տարբեր երևույթներին։ Ժամանակի ընթացքում մարդը գերբնական հատկանիշներ է վերագրել բնության այս կամ այն երևույթին՝ հավատալով, որ դրանք օժտված են հմայելու, բժշկելու և չարխափան հատկանիշներով։ Ծիսահմայական բոլոր արարողությունները սերտորեն կապված են մարդու կողմից բնության տվյալ երևույթի ընկալման, այդ երևույթին հմայական այս կամ այն հատկանիշը վերագրելու պատկերացումների հետ։ Սրբատեղիները (սուրբ մատուռ, աղբյուր, ծառ, քար և ժայռ, հող և ջուր) օժտված են եղել պտղավորման, ծննդաբերության, բուժման, հովանավորության գործառույթներով։ Պատմազգագրական այս շրջանում, ինչպես առհասարակ պատմական Հայաստանում հատկապես տարածված են եղել սուրբ ծառերի ու աղբյուրների պաշտամունքը։ Հայոց մեջ սրբազան են համարվել բռշնին, հաճարենին, կաղնին, սոսին, որոնց բուժական հատկանիշների հետ կապված կան մի շարք լեգենդներ։ Սրբավայրի տարածքում աճող ծառերի ճյուղերից կապել են հագուստի կտորներ՝ հուսալով, որ իրենց հիվանդությունը թողնում են այդտեղ։ Այս երևույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված ծառերի ընտրությունը պատահական չի եղել։ Այդ ծառերը երկարակեցության, վեհության, հզորության կրողներ են, քանի որ ըստ ժողովրդական պատկերացումների ծառերի բուժիչ հատկությունները կենսունակությունը, երկարակեցությունը փոխանցվել են մարդուն։

Արգելվել է մատուռների, սրբատեղիների տարածքում աճող ծառերը կտրելը։ Դա համարվել է մեղք, մարդիկ վախեցել են, որ այդ դեպքում գերդաստանի վրա անեծք կթափվի, իսկ կանաչ այրելը աղքատության նշան է եղել։ Կային ծառերի տեսակներ (օր.՝ ընկուզենին), որոնց տակով գիշերով անցնելը կամ քնելը համարվել է վտանգավոր, որովհետև դրանք ունեին չարոց հատկություն։ Համաձայն ժողովրդական պատկերացումների՝ չար աչքի դեմ պաշտպանության հուսալի միջոց են եղել փշոտ բույսերը, ուստի դրանք կախել են մուտքի դռան վերին հատվածում, որպեսզի մտնողը տեսնի։ Ամլության դեպքում սրբատեղում աճած ծառի հյութը քսել են մարմնին՝ ակնկալելով պտղավորում։

Բնության տարրերից պաշտամունքի հատուկ առարկաներ են եղել նաև սրբազան քարերը, ժայռերը, որոնց պաշտամունքի արձագանքները մենք տեսնում ենք նաև ավանդություններում։ Հավատացել են, որ սուրբ ժայռերից բերված կամ երկնքից ընկած քարերը բուժել են։ Որոշ քարեր ուժ և զորություն են տվել մարդուն, անզավակ կնոջը զավակ են պարգևել, որպիսիք են պորտաքարերն ու ֆալլոսաքարերը։

Զեկուցման մեջ անդրադարձ է կատավել նաև բնության այլ երևույթների՝ ջրի, հողի հետ կապված հավատալիքների։

 

 

ՍՅՈՒՆԻՔ․ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Սյունիքի բնապատմական լանդշաֆտային միավորների զբոսաշրջային գրավչությունը

                               

Վարդուհի Հովհաննիսյան, ՀՊՄՀ

 

Զեկուցման մեջ անդրադարձ է կատարվում բնապատմական լանդշաֆտների հայրենագիտական և գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև՝ ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման համար վերոհիշյալ լանդշաֆտների զբոսաշրջային գրավչությանը։ Կարևորվում է բնապատմական լանդշաֆտների գույքագրման խնդիրը։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում այս համատեքստում դպրոցական զբոսաշրջության զարգացման, դրա նոր ձևաչափերի մշակման հարցերին։

 

 

Սյունիքի  բնության եզակի երկրաբանական հուշարձանները և նրանց դերը գեոտուրիզմի զարգացման գործում

 

 

Գայանե  Գրիգորյան, Նարինե  Պողոսյան, Նարեկ Սահակյան

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանի

 

Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որի փոքր տարածքը բնութագրվում է բազմատեսակ երկրաբանական պրոցեսներով, որոնք կատարվել են Երկրի ավելի վաղ ժամանակաշրջաններում և կատարվում են մինչ օրս:

ՀՀ տարածքի երկրաբանական կառուցվածքը, լեռնային ռելիեֆն ու կլիմայական առանձնահատկությունները, ուղղաձիգ գոտիականությունը, ինչպես նաև բուսաշխարհագրական տարբեր մարզերի ազդեցությունը պայմանավորել են տարածքի լեռնագրական և լանդշաֆտային բազմազանությունը, որոնք տարբեր ինտենսիվության բնական և մարդածին երևույթների ազդեցությամբ ձևավորել են բնական միջավայրի ինքնատիպ տարրեր` բնության կենդանի և անկենդան հուշարձաններ: Վերջիններս գտնվելով գեղատեսիլ, դժվարամատչելի վայրերում` մշակութային կոթողների հետ միասին հաճախ ձևավորում են ռեկրեացիոն բարձրարժեք համալիրներ:

ՀՀ տարածքում կան կառավարության կողմից հաստատված 232 բնության հուշարձաններ:

Բնության պահպանության միջազգային միության  ուղեցույցում բնության հուշարձանը սահմանվում է` տարածք, որն ունի մեկ կամ ավել, հատուկ բնական, մշակութային առանձնահատկություններ, որոնք ունեն հազվագյուտ, յուրահատուկ կամ եզակի արժեք, ներկայացուցչական կամ գեղագիտական որակներ կամ մշակութային նշանակություն:

Որպես բնության հուշարձանների ընտրության չափանիշներ, սահմանվում են` բազմածին, էտալոնային, գիտաճանաչողական, գեղագիտական, բնապատկերային, մշակութային և ռեկրեացիոն առանձնահատուկ նշանակության տարբեր բնական օբյեկտների և համալիրների առկայությունը:

Բնության հուշարձաններն ըստ ծագումնաբանության դասակարգվում են հետևյալ տիպերի`

 1. Երկրաբանական` երկրաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ։

2. Ջրաերկրաբանական` ջրաերկրաբանական ծագման եզակի, գիտական և բալնեոլոգիական արժեք ներկայացնող առանձին բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ:

3. Ջրագրական` հրաբխային, տեկտոնական, ամբարտակային և սառցադաշտային ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած ջրային օբյեկտներ։

4. Կենսաբանական` կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած հազվագյուտ, անհետացող, ռելիկտային բույսերի տեսակներ, երկարակյաց ծառեր։

5. Բնապատմական` երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական և կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ և բնական համալիրներ։

  Գեոտուրիզմը բնորոշվում է որպես տուրիզմի տեսակ, որը hնարավրություն է տալիս ճանաչել ֆիզիկաաշխարհագրական, երկրաբանական, կենսաբանական օբյեկտները, էկոհամակարգերը, պատկերացնել նրանց տեղն ու դիրքը երկրի մակերևույթի վրա, ծանոթանալ այդ օբյեկտների հատկանիշներին և պատկերացում կազմել նրանց տարածաժամանակային փոփոխությունների, երկրաբանական պրոցեսների մասին:

Սյունիքում առկա են 24 բնության երկրաբանական եզակի հուշարձաններ, որոնք կներկայացվեն աղյուսակով՝ 1-ում, և բազմաթիվ մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ հանքավայրեր։  Հետաքրքրական են և կարևոր գեոտուրիզմի համար Քաջարանի, Կապանի, Ագարակի, Լիճքի, պղնձի, ոսկու և հազվագյուտ այլ մետաղների հանքավայրերը։  Հատկանշական է այն, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9 %-ը գտնվում է Սյունիքում։

Ըստ պատմական տվյալների Սյունիքում Կապանի խմբի հանքավայրերը շահագործվել են վաղընջական ժամանակներից և բացառված չէ, որ հանքավայրերի այս խմբից ստացված մետաղները զգալի չափով համալրել են Ուրարտական մեծագույն սրբավայրերից մեկի՝ Մուսասիրի հարստությունները։

Սյունիքում գիտական երկրաբանական հետազոտության պատմությունը  սկսվել է  19-րդ դարի կեսերից Գ. Վ. Աբիխի ղեկավարությամբ, որից հետո Զանգեզուրի հանքային դաշտի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ այլ հետազոտողներ։

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ պրոֆ․ Հ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի մի շարք ցուցափեղկերում ցուցադրվում են Սյունիքի հանքվայրերը բնութագրող լեռնային ապարների հարուստ հավաքածուներ և շատ այցելուներ (ուսանողներ, օտարերկրացի զբոսածրջիկներ, մեծահասակներ) ցանկանում են մասնագիտական էքսկուրսիաների կազմակերպում դեպի Սյունիք, տեղում ծանոթանալու և դիտարկելու թանգարանում ցուցադրված նյութը։

Այդ առաջարկից ելնելով՝ աշխատանքում ներկայացվում է 2 գեոերթուղի, որոնք ընդգրկում են բնության եզակի երկրաբանական հուշարձանները։

Երթուղի №1. Երևան–Սիսիան–Աղիտու–Որոտնավանք–Տաթև-Գորիս–Երևան:

Սյունիքում գեոտուրիզմի զարգացման համար կան բավարար պայմաններ, որոնք հիմք են հանդիսանում նոր երթուղիների մշակման համար: Այս աշխատանքում ներկայացված է մշակված երթուղիներից միայն երկուսը, ինչը գիտական և փորձագիտական հիմք է նոր գեոերթուղիների մշակման ու բնագիտական կրթության ընդլայնման  համար: Ուսումնասիրության արդյունքում  հստակ կարող ենք նշել, որ Սյունիքում գեոտուրիզմի համար բարենպաստ գործոններ են համարվում՝

 

 

 

Երկրագիտական թանգարանների գործունեության արդիականացման խնդիրները (Սիսիանի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի երկրագիտական թանգարանների օրինակով)

 

Լիաննա Գևորգյան, ՊԱԹՊՄՊԾ

 

«Թանգարան» հասկացությունն ունի բազմաթիվ ստուգաբանություններ: Թանգարաններին բնորոշ գործառույթները երկրագիտական թանգարաններում ուրույն դրսևորում ունեն:

«Երկրագիտական թանգարան» եզրույթը լայն տարածում ստացավ 20-րդ դարի սկզբին, երբ սկսեց զարգանալ պատմական հայրենագիտությունը, և ստեղծվեցին առաջին երկրագիտական թանգարանները: Հայաստանում արդեն 1930-ական թթ. ստեղծվեցին առաջին երկրագիտական թանգարանները, որոնց թիվը բազմապատկվեց 1950-1970թթ.: Վերջիններս փորձում էին իրականացնել թանգարանային գործունեություն, չնայած մասնագետների՝ պատմաբանների, ազգագրագետների, հնագետների, թանգարանագետների բացակայության:

1990-ականներին երկրագիտական թանգարանները մարզային գերատեսչության ենթակայության տեղափոխելը թվում է, թե պետք է նպաստեր դրանց զարգացմանը: Սակայն, իրականում, գիտական ցուցադրությունները և հավաքածուները միջոցների ու մասնագետների բացակայության պատճառով տուժեցին․ հավաքածուները կա՛մ չհամալրվեցին, կա՛մ համալրվեցին պատահական գտածոներով և նվիրատվություններով, իսկ ցուցադրություններում կատարվեցին անհիմն փոփոխություններ, որոնք միայն վատթարացրին վիճակը:

Բացառություն են կազմում մի քանի երկրագիտական թանգարաններ, այդ թվում Գեղարքունիքի, Եղեգնաձորի, Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանները:     

Երկրագիտական բնույթի երեք տարբեր թանգարանների ուսումնասիրությունը  փաստում է, որ դրանց գործունեությունը անհամաչափ է ընթացել: Երեքն էլ ունեն ընդհանուր խնդիրներ` տարածքի, ֆինանսավորման, կազմակերպչական, որոնք չեն լուծվում տարիներ շարունակ, չնայած այն հանգամանքին, որ թանգարանները գործում են տարբեր ենթակայությունների ներքո:

Երեքն էլ ունեն որոշ դեպքերում հաջողված, բայց նորագույն տեխնոլոգիաների օգտագործումից գրեթե զուրկ ցուցադրություններ: Թանգարանները որոշ քայլեր են ձեռնարկել թանգարանի գործունեության արդիականացման ուղղությամբ, սակայն ցուցադրության, զանգվածային գիտակրթական միջոցառումների, գիտահետազոտական, հրատարակչական, թանգարանային առարկաների պահպանման, վերականգնման, հանրահռչակման, գովազդային աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև վկայագրերի, բացատրագրերի, կատալոգների կազմման և այլ ուղղությունների գծով ունեն թանգարանագիտության, պատմության, ազգագրության, հնագիտության, արվեստագիտության բնագավառների մասնագետների բազմակողմանի մեթոդական օգնության կարիք:

Թանգարանները, չնայած որոշ քայլեր են ձեռնարկել իրենց գործունեության հանրահռչակման և եկամուտ ստանալու ուղղությամբ, սակայն հաջողության հասնելու համար նրանց անհրաժեշտ է մասնագետների՝ մենեջերների և մարկետոլոգների խորհրդատվություն և տեղի կառավարման մարմինների աջակցությունը:

 

 

63. Կապանի երկրագիտական թանգարանի մշտական ցուցադրության արդիականացման նոր հայեցակարգը

 

Հռիփսիմե Պիկիչյան, ԱԻ, Մարինե Հարոյան, ԻԿՕՄ ՀԹԱԿ, Արսեն Կարապետյան, ԴԱՃՍ Պավել Ավետիսյան,  Արթուր Պետրոսյան, ՀԱԻ

 

Սյունիքի մարզում ՀՀ կառավարության վարած զբոսաշրջության ակտիվացման քաղաքականության շրջանակներում 2021-2022թթ․ ուսումնասիրվել է Կապանի երկրագիտական թանգարանի զբոսաշրջային ներուժը և մշակվել է մշտական ցուցադրությունը արդիականացնելու նախագիծ։ Նոր ցուցադրության հայեցակարգով առաջարկվում է Կապանի երկրագիտական թանգարանի նորագույն տեխնոլոգիաներով և միջազգային չափորոշիչներով այցելուին ներկայանալու  և դրան հասնելու ճանապարահային քարտեզը։

Տարածաշրջանում լավագույն թանգարանային հավաքածուներից մեկը ունենալով՝ ԿԵԹ-ը մեծ ներուժ ունի դառնալու ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի այցելուների սիրված վայրը։ Սույն զեկույցը ներկայացնում է Կապանի երկրագիտական թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգային մոտեցումները, իրականացված աշխատանքները և դրանց արդյուքնները։

 

 

Արխայիկացում՝ հանուն զբոսաշրջության Սյունիքի վերնակուլյար բնակարանի փոխակերպումները

 

Գայանե Շագոյան, ՀԱԻ      

 

Երբ նկարագրում են ժողովրդական բնակարանային համալիր, սովորաբար նկատի ունեն բնակարանաշինության այնպիսի օրինակներ, որոնք հասել են 20-րդ դար, սակայն կառուցվել ոչ թե մասնագետ ճարտարապետների նախագծերով, այլ նախնիների փորձով ամրագրված և բանավոր եղանակով փոխանցվող տեղական գիտելիքի հիման վրա։ Եթե խորհրդային շրջանում այդ բնակարանների ուսումնասիրությունն ու նկարագրությունը կարելի է հանդիպել «ժողովրդական ճարտարապետություն» անվան տակ (Վարդանյան 1959, Հակոբյան 1964, Մաթևոսյան 1985, անհասկանալի են ), ապա այսօր դրանք ավելի ընդունված է անվանել վերնակուլյար ճարտարապետություն (Иванов 2017, 2020, Малахов 2020 անհասկանալի են)։

«Ժողովրդական ճարտարապետության» տակ խորհրդային տարիներին նկատի ունեին նախևառաջ ստորին և ցածր դասերի բնակարանները, քանի որ դրանք պիտի տեղավորվեին «ժողովրդական մշակույթի» դասակարգային մեկնաբանության մեջ, որտեղ «ժողովրդականը» հակադրվում է «ազնվականին» և «պալատականին»։ Մյուս կողմից, «ժողովրդականը» ենթադրում է որոշակի «ազգային» բնութագիր, որը հայկական բնակարանային համալիրի պարագայում ամրագրված է «գլխատանը» և բնակարանի այլ տեսակներ ավելի քիչ են արժանացել ուշադրության։

Հայաստանի անկախությունից հետո ազգային համարվող տարրերն սկսում են կարևորվել տարբեր պատճառներով։ Թեև դրանք մեծ մասամբ ներկայացնում էին խորհրդային շրջանում ազգայինի մասին ձևավորված պատկերացումների հանրագումարը, սակայն նոր հայրենասիրությամբ պայմանավորված ավելանում են «ազգայինի» որոշ վերընթերցումներ։ Այդ պաշարի վրա մեծ ազդեցություն է ունի շուկան՝ ի դեմս զբոսաշրջության։ Այն խթանում է տեղային ինքնատիպ ժառանգության մշակումը, «բրենդավորում» այն և ազդում լոկալ ինքնության փոխակերպման վրա։

Այս առումով՝ զբոսաշրջությամբ ձևավորված տեղային ինքնատիպությունը հիշեցնում է գաղութային ընկալում, երբ տեղացին սկսում է իրեն նայել և արժևորել օտարի աչքերով։ Սա համընդհանուր երևույթ է, որը կապված է հատկապես մասսայական զբոսաշրջության զարգացման հետ և բազմիցս քննադատված այն հայեցակարգի, որ «բարեկեցիկ արևմուտքը զբսաշրջությամբ գալիս է օգնելու աղքատ արևելքին» (Rapport, Overing 2000 անհասկանալի է)։ Որքանով է էֆեկտիվ զբոսաշրջության տնտեսական ազդեցությունը, դժվար է ասել, սակայն, ինչպես կփորձեմ ցույց տալ զեկուցմանս մեջ, այն ուշագրավ փոխակերպումների է հանգեցրել տեղական բնակարանային համալիրը ու փոխել «ժողովրդական բնակարանի» մասին տեղային պատկերացումները։

Այն տները, որտեղ պատրաստվում էին ընդունել զբոսաշրջիկներ, հարմարեցվում էին տեղացիների պատկերացրած «եվրոպական ճաշակին» և զբոսաշրջային կազմակերպությունների պահանջին։ Գիշերակաց տների գովազդային նկարագրությունները բացահայտում են սեփական տան հանդեպ՝ նախկինին հակասող հայացք։ Օրինակ, երբեմն սեփական տունը ներկայացվում է որպես բնության մեջ կորած վայր՝ գրեթե անմարդաբնակ (ինչը հակասում է սեփական տունը որպես կենտրոն ընկալելու կարծրատիպին)։ Մյուս կողմից, եղած բնակարանային ավերակներն է՛լ ավելի են արխաիկացվում և էքզոտիկացվում՝ բարձացնելով դրանց կոմերցիոն արժեքը։ Ինչպես, օրինակ, դա արվում է Գորիսի և Խնձորեսկի քարանձավային բնակարանային համալիրներում, որոնց քարանձավային անցքերը բացվել են, երբ դիմացի կցակառույց շինությունները բնակիչները իրենց ձեռքով քանդել են (օրինակ՝ Խնձորեսկում 1950-ականներին)՝ շինանյութը օգտագործելու հարթավայրում կառուցվող նոր տների համար։

Այսօր այդ քարանձավները թողնում են արխայիկ բնակարանի տպավորություն, իսկ «վերականգվող» եզակի դեպքերն էլ սահմանափակվում են միայն քարանձավային հատվածով։ Սակայն Գորիսի ու Խնձորեսկի հին բնակարանների մասին պատկերացումը բացարձակ փոխվում է, երբ դրանք համեմատում ես հարևան Վերիշեն և հատկապես Քարահունջ գյուղերի հետ, որոնք ոչ մի կերպ չեն ընկալվում որպես քարանձավային բնակավայր և չկան զբոսաշրջային քարտեզում։ Մինչդեռ Քարահունջը նույն Խնձորեսկն է, ուղղակի կենդանի վիճակում, այնտեղ գրեթե ամեն տուն քարանձավի շարունակությունն է՝ ուղղակի կառուցապատված ժամանակակից տներով։ Քարանձավները, ինչպես և ժամանակին Խնձորեսկում և Կյորեսում, օգտագործվում է որպես մառան։ Վերիշենը վերոհիշյալ երկու գյուղերի անցումային տարբերակն է: Այստեղ նոր գյուղի կառուցումն ու տեղափոխումը Խնձորեսկի համեմատ կատարվել է ավելի ուշ, և քարանձավային մասում դեռ ապրում է ընտանիք։

Այսպիսով, սյունիքյան բնակարանային համալիրների համեմատությունը հնարավորություն է տալիս գնահատելու զբոսաշրջության ազդեցությունը ոչ միայն և որպես տնտեսական, այլ որպես նախևառաջ մշակութային գործընթաց։

 

 

ՍՅՈՒՆԻՔ․ ԲԱՌԸ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սյունիքի հին անվանաբանությունը

 

Արմեն Պետրոսյան, ՀԱԻ

 

Մարդ-բնություն հարաբերություններում էական դեր են ունեցել մարդկանց շրջապատող բնության՝ լեռների, հարթավայրերի, գետերի և ծովերի / լճերի անվանումները։ Անվանելը բնությունը նկարագրելու և այդպիսով ճանաչելու գործիքներից մեկն է, որի հիման վրա կարելի է դատել, թե ինչպես են հին մարդիկ պատկերացրել իրենց երկրի բնությունը և հարաբերվել նրա հետ։

Սյունիքի ամենահին տեղանունները հայտնի են ուրարտական արձանագրություններից։ Դրանցից հոդվածում քննվելու են սեպագիր Uelikuni / Uelikuhi, U(e)duri Etiuni, Ṣiluqu/Ṣuluqu և հին հայկական աղբյուրների Սյունիք, Սևան, Գեղամա (լեռներ և լիճ), Գեղա(ր)քունի, Վայոց ձոր, Ծղուկ տեղանունները։ Սրանցից Uelikuni / Գեղաքունին և Գեղաման կապվում են հնդեվրոպական առասպելաբանության օձ-վիշապի *wel- անվան (այդտեղ են ամենամեծ խտությամբ հանդիպում է վիշապ քարակոթողները), Ṣiluqu/Ṣuluqu /Ծղուկը հայ․ ծղիկ/ծղուկ «ձեռքը ուսից մինչև մատներ» բառի հետ (աշխարհի տեղանուններում շատ տարածված են մարդու մարմնի մասերի անվանումները), իսկ Սյունիքն ու Սևանը ծագում են խեթերենին մոտ մի լեզվից և կապված են «արև» նշանակության հետ («արևի աստծու երկիր», «արևային լիճ»), իսկ Վայոց ձորի վայը ցեղանուն է։

 

 

Սյունիքի բնությունը տեղանվանական համակարգում

 

Մհեր Քումունց, ՍՀՀԿ

 

Հայերենի տեղանվանական համակարգը բազմաբովանդակ է թե՛ կազմության, թե՛ ծագումնաբանության տեսանկյունից: Այս առումով յուրահատուկ են հատկապես Սյունիքի, մասնավորապես Գորիսի բնակավայրերի անուններն ու մանրատեղանունները: Մենք հավաքել ենք Գորիսի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերի հին և նոր անունները, մանրատեղանունները, որոնց հիմնական մասը ձևավորվել է բնական հատկանիշների հիմքով՝ աղբյուր, քար, ձոր, քերծ և այլ բաղադրիչներով: Դարերի ընթացքում բնությունը փոփոխվել է, բայց տեղանուններում մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել են նրա նախնական վիճակը, տեսքը, հատկանիշը ներկայացնող ձևույթները՝ ժողովրդական տարբեր պատկերացումների հիմքով կամ տարածքի մշտական բնիկների բերնեբերան փոխանցմամբ: Օրինակ, կարծում ենք, այդ հիմքով է առաջացել Շոռնոխ տեղանունը, որն անցել է հայերենի զարգացման բոլոր շերտերով՝ նախահայերեն` *k՛օ-ro- և *u̯elk- (ներառյալ ուրարտական շրջան` šur-nu-(ul)ḫi) գրաբար` Շոռնոխոյ, միջին հայերեն` Շոռնոխոյ, աշխարհաբար՝ Շուռնուխ, Սյունիք-Արցախ բարբառախումբ՝ Շուռնուխ[ի] || Շոռնոխ[ի], սկզբնական «հոսող ջուր, հոսող ջրի վայր, խոնավ տարածք» ընդհանուր նշանակությամբ: Տեղանվան՝ ջրի հետ կապված նշանակությունը համոզիչ է նաև տարածքի անտառապատ լեռների և ձորերի մեջ թաքնված ջրային հարուստ պաշարների, ստորերկրյա քարանձավների ու խորհրդավոր լճակների առկայությամբ: Շուռնուխում, այսօր, այլևս արտաքուստ տեսանելի չեն ջրային հարուստ պաշարներ:

Մենք նկատել ենք, որ հնդեվրոպական, ապա ուրարտական շերտը ներառող որոշ տեղանուններ հենց այդ հիմքով են ստեղծվել: Այդ տեղանունների շարքում է նաև Գորիսը՝ որպես ձորերի երկիր:

Այս աշխատանքում մասնավորապես անդրադարձ կլինի Երիցվանք-Արծվանիկ տեղանվան ստուգաբանությանը, հարցերին, թե բնական տարրերը ինչպես և ինչու են ընդգրկվել տեղանվան մեջ, ժողովրդական ինչ պատկերացումներ են ձևավորվել տեղանվան առաջացման շուրջ: Աշխատանքը կատարվել է պատմահամեմատական մեթոդով, պատմական, ազգագրական, լեզվաբանական տեղեկությունների և տեսական հարցերի համադրմամբ: Աշխատանքի նպատակն է բացահայտել՝

1.  Սյունիքում տեղանունների առաջացման սկզբունքները,

2.  Բնությունը և բնական տարրերը՝ որպես տեղանունների առաջացման միջոց,

3.  Տարածաշրջանի տեղանունների ձևավորման պատմականությունը՝ որպես հայ ժողովրդի՝ այս տարածքում շուրջ հինգհազարամյա գոյության վկայաթուղթ:

 

 

Հայերենի շարունակական ներկայությունը Սյունիք-Արցախ տարածքում` տեղանվանական տվյալների լույսի տակ

 

Հրաչ Մարտիրոսյան, Վանաձոր / Բեռլին / Լեյդեն

 

            1. Հայերենի շարունակական ներկայությունը տեսանելի պատմության ամբողջ ընթացքում Սյունիքի ու Արցախի նահանգներում ու հարակից տարածքներում համակարգային ամբողջությամբ հաստատվում է տարբեր գիտակարգերի տվյալներով՝ պատմագրական, վիմագրական, մշակութաբանական, լեզվական և այլն։ Այս զեկույցի նպատակն այդ հարցի քննությունն է տեղանվանական տվյալների լույսի տակ, ընդ որում հատուկ ուշադրության կարժանանան այն դեպքերը, որոնք վկայում են տվյալ տեղանվան շարունակական ներկայությունն ու լեզվական զարգացումն այդ տարածքում՝ հենց Սյունիքի ու Արցախի բարբառային առանձնահատկությունների համաձայն։ 

 

2. Հնագույն փուլին պատկանում են այն տեղանունները, որոնք հայերենի հողի վրա համաժամանակյա կտրվածքով այլևս վերլուծելի՝ հասկանալի չեն, սակայն կարող են ունենալ բնիկ հայկական ծագում։ Այդպիսի օրինակ է Մովսես Կաղանկատվացու երկում վկայված Գիս (սեռ․ Գիսոյ) տեղանունն Ուտիքում։ Հայերենի հնչյունական կանոններով այն կարող է բխեցվել հնդեվրոպական *u̯(e/o)ik̂‘բնակատեղի, տոհմ, կալվածք, ագարակ’ արմատից, որի ժառանգներն են՝ սանսկրիտ víś‑, հին պարսկերեն viϑ, միջին պարսկերեն vis, հունարեն οκος, լատիներեն vīcus, հին եկեղեցական սլավոներեն vьsь և այլն։

Անհամեմատ ավելի շատ են, իհարկե, հայակազմ տեղանունները։ Օրինակ՝ Սյունիքի Վասակաշատ բերդանունը Եղիշեի երկի քննական բնագրում ներկայացված է Վաշակաշատ տեսքով։ Այստեղ արտացոլված ս․․․շ > շ․․․շ առնմանությունը (սուլականի առնմանական շչականացում) բնորոշ է հայերենին, հմմտ․ *զ-ուժ-կալ > ժուժկալ, *ծանաչեմ > ճանաչեմ և այլն։ Բայց մեր աշխատանքի համար հատկապես կարևոր են այն տեղանունները, որոնք պատմիչների երկերում վկայված են տեղի՝ Արցախ-Սյունիքի բարբառային հնչյունական զարգացումներ արտացոլող ձևերով։ Օրինակ, հայտնի Տիգրանակերտ տեղանունը վկայված է Տկռակերտ, Տկռնակերտ և այլ ձևերով (նախաշեշտ ձայնավորների թուլացում, ձայնեղ պայթականների խլացում և այլն)։

 

3. Տեղանունների ստուգաբանությունը մեթոդաբանական հավելյալ խստություն ու զգուշավորություն է պահանջում, քանի որ տեղանունների դեպքում, ի տարբերություն հասարակ բառերի, բնիմաստը հաճախ պարզ չէ։ Բացի դրանից՝ երբեմն տեղանվան պատմական ու արդի բարբառային ձևերի միջև եղած ստուգաբանական առնչությունները պարզ չեն և քննության կարիք ունեն։ Օրինակ՝ Ստեփանոս Օրբելյանի վկայած Տամալեկք տեղանունը նույնացվում է արդի Տըմբա̈լա̈սկ հնավայրին։ Ձևային ակնառու խնդիրները հնարավոր է լուսաբանել հետևյալ հնչյունաբանական, բառակազմական ու ձևաբանական լուծումներով․ Տամալեկք տեղանունը կազմված է տամալի ‘տանիք, շինություն, ավերակ’ բառից, -ակ ածանցից և հոգնակերտից՝ *Տամալի-ակ-ք > *Տամալեակք, ավելի ուշ՝ Տամալեկք։ Քանի որ տեղանունները հատկապես շատ են գործածվում ուղևորման և ներգոյական համատեքստներում, որոնք երկուսն էլ հոգնակիում կազմվում են հայցականով, ապա դրանք հաճախ հետագայում քարանում են հենց այդ ձևով։ Ուստի՝ հոգն․ հայց․ *Տամալեակ-ս > *Տամալեասկ > Տըմբա̈լա̈սկ, որտեղ արտացոլված են այս հնչյունափոխությունները․

• նախաշեշտ ա-ի թուլացում (տես վերը),

-(մ)բ- միջնահավելված (հմմտ․ ամոլ > Սյունիք ու Արցախ ամբօ/ուլ), 

կս > սկ դրափոխություն (հմմտ․ փուքս > Մեղրի փօսկ, նաև ստորև՝ Խնձորեսկ):

Այս մեկնությունը հաստատվում է Խնձորեսկ տեղանվան հստակ վերլուծությամբ․

*Խնձորի-ակ-ք > *Խնձորե(ա)կ-ք (հմմտ․ սեռ․ Խո̈ւնձո̈ւրէկ-ու), հոգն․ հայց․ *Խնձորեակ-ս > Խնձորեսկ (վերոհիշյալ դրափոխությամբ):

 

4. Ուշագրավ է Սյունիքի Շինուհայր տեղանունը, որ սովորաբար մեկնաբանվում է հայր երկրորդ բաղադրիչով։ Այս մեկնությունը, սակայն, բառակազմորեն ու իմաստաբանորեն վստահություն չի ներշնչում, մանավանդ որ այս տեղանվան հին վկայություններում գտնում ենք Շնոյ-հերք հոգնակիով տարբերակ (Ստեփանոս Օրբելյան)։ Նկատի ունենալով, որ գյուղի մերձակայքում շատ են ժայռածերպերն ու քարայրները, *Շնոյհերք տեղանունը կարող ենք մեկնաբանել այսպես․ *շինոյ (շէն բառի սեռական) + այր-ք > *Շինու-այր։ Ապա երկու ձայնավորների միջև առաջացող -հ- հորանջով (հմմտ․ էրկու-հ-ինջի ‘երկրորդ’, նաև Բերդ-ա-հ-ունջ և Քար-ա-հ-ունջ տեղանունները) ստանում ենք *Շինուհայրք։ Նկատենք նաև, որ Շնոյ-հերք ձևը փաստորեն արդեն 13-14-րդ դարերում գրանցում է նախաշեշտ դիրքում է/ի ձայնավորի թուլացում, որ բնորոշ է Սյունիք-Արցախ տարածքին։ Սա դիտվում է նաև Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի 1691 թ․ նշանավոր քարտեզում վկայված Շնհերու սեռականում։

Այս բառակազմական կաղապարը փայլուն ձևով հաստատվում է Թաղամայրի (թաղ + -ա- հոդակապ + մայրի ‘անտառ’) տեղանվամբ, որ նույնպես Սյունիքում է։ Երկուսն էլ ունեն առաջին բաղադրիչ, որ նշանակում է բնակավայր կամ դրա մաս (‘շեն’ / ‘թաղ’), և երկրորդ բաղադրիչ, որ աշխարհագրական տեղանքի անվանում է (‘այր’ / ‘անտառ’)․

 

 

Սյունիքի տարածաշրջանի բուսանուններն ըստ «Ազգագրական հանդէս»-ի

 

Հայկանուշ Մեսրոպյան, ԼԻ

 

 

Բուսանունների և հարակից բառաշերտի առանձնացումը կարևոր է հայերենի ընդհանուր բառապաշարի ուսումնասիրության համար։ «Ազգագրական հանդէսի» հատորների «Բուսականութիւն» բաժինն ընդգրկում է «բույս» նշող և այդ հասկացությանը վերաբերող բազմաթիվ տեղեկություններ բուսանմուշների տեղավայրի, տեսակային բաշխման, արտաքին և բուժական հատկանիշների, նշանավոր հետազոտողների վկայությունների և այլնի մասին։ Բուսանուններ են հանդիպում նաև «Բնագրութիւն», «Հիւանդութիւն և բժշկութիւն» և այլ բաժիններում, դեղերի բաղադրությունների մասին վկայող հատվածներում։

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Սյունյաց աշխարհի բուսատեսակներին և դրանց անվանումներին վերաբերող տեղեկությունները։ Սյունիքում իր կատարած աշխատանքի մասին Ե. Լալայանը գրում է. «Մեր ճանապարհորդութեան միջոցին մենք իբր ուղեցոյց ընդունում ենք բազմարդիւն Հայր Ալիշանի «Սիսական»-ը»։ Ըստ այդմ էլ բանագետը ներկայացնում է Սիսիանի, Զանգեզուրի, Ղափանի, Մեղրիի, ինչպես նաև Վայոց ձորի, Շարուր-Դարալագյազի գավառի բուսական աշխարհը։

 Ի մի բերված բուսանունները կարելի է բաժանել մի քանի խմբերի.

 ա) Բույսերի անվանումներ՝ լատիներեն[1] և ռուսերեն համարժեքներով («Անտառներում գտնւում են նաեւ բոխի (Carpinus spp., грабовое дерево), հաճարկի (Fagus spp., букь), թխկի (Acer spp., клень), հացիկի (Fraxinus spp., ясень), արջածառ (Sorbus spp., рябина), սզնի կամ եմշան (Crataegus spp., боярышникь)։ Թփերից նշանաւոր են ցրտնին (Juniperus spp., можжевельникь), ճապկէ (Viburnum spp.), ալաժահրի (?, кглина), թբղլի (?, карадаванникь), նարինջափայտ (?Cotinus coggygria, сарагань), կոծախուրի (Berberis spp., барбарись), մոշի (Rubus fruticosus, ежевика)»։ «Այգիներում աճում են խնձորենի, տանձենի, ընկուզենի, խոզակաղնի, թթենի, հոնի ծառ և սալորենի»։

 բ) Գրական և բարբառային բուսանուններ։ Ե. Լալայանը բարբառային ձևերը տալիս է շեղ տառերով։ «Միայն այս գիւղը (իմա՝ Լոր) նշանաւոր է կըրմըրկենի խնձորով»։ «Այստեղ (իմա՝ Լորաձորում) առաւելապէս աճում են կեռասենիներ (որոնք տալիս են զանազան տեսակի կեռասներ, ինչպէս սպիտակենի, սպիտակ և մեծ, աղւըկենի-աղու, դառը, ժեռ, թթուաշ), խնձորենիներ (հետևեալ տեսակներով. կարմրկենի, կարմիր և շատ մեծ, թիֆլիզենի, Թիֆլիզից բերած, փափուկ, տըփըկենի, փոքր ինչ տափակ. նախիջեւանի, մանր և քաղցր. սըլըլկենի, երկար և ծայրը սուր. սերկեւելի, երկար, փափուկ) և տանձենիներ (հետևեալ տեսակներով՝ թթուատանձ, որից թթու են դնում. մեղրատանձ, շատ քաղցր է. փշփշոտ տանձ, պինդ և փշոտ. ձմեռնատանձ, պահւում է ձմեռը. յափսենի տանձ, մանր և շատ քաղցր. ղըզըլարմուտ (ոսկէ խնձոր), դեղնաւուն, փափուկ և քաղցր»։

 գ) «Բույս» հասկացությանը վերաբերող հարակից բառապաշար՝ բուսականութիւն, դեռաբոյս, արմատախիլ, ծաղկածին, ծաղկափթիթ, հացահատիկ, խոտ, ծառ, այգի, անտառ, վարելահող, արօտատեղի, երկրագործութիւն և այլն։

դ) Բուսանուններով բաղադրված հատուկ անուններ։ Տեղանուններ՝ Բաղք, եկեալ ի սահմանս Բաղանց, Աղանձ (աւերակ գիւղ), Տանձուտ, Տանձատափ գյուղ, Խոտ գյուղ, Խնձորեսկ, «Առաջ դարաբասցիների ձմեռանոցն էր Շամբը, Որոտնայ գետի եզրին, որ իւր անունն ստացել է տեղի ճահճային և շամբոտ լինելուց»։ Երնջակ բուսանունը Մալխասյանցը տալիս է երկու հնչատարբերակային գլխաբառով՝ երնջան և երնջնակ՝ հետևյալ բացատրությամբ. «Հովանոցաւորների կարգին պատկանող բոյս՝ նման եկքանի, գեղեցիկ կանաչ կամ մանիշակագոյն բազմաթիւ ծաղիկներով, փշեղէն քիստերով խառն (Eryngium)»։ Լեռնանուններ՝ Գազբէլ, Ղամբէլ, Ճիպիր-տաղ «մացառուտ սար», Սալվարդ կամ Սարվարդ (և՛ լեռնանուն, և՛ գյուղանուն) և այլն։

Բուսական աշխարհ հատկանշող իմաստային բառաշերտի միջոցով արտացոլվում են ոչ միայն տվյալ տարածքի բուսապատկերը, այլև այդ վայրի բնակչության լեզվամտածողությունը, բանահյուսական բանաձևումները, կենցաղային առանձնահատկությունները և այլ իրողություններ։

 

 

Բնական միջավայրին առնչվող էրգոնիմներ՝ ՀՀ Սյունիքի մարզի լեզվական լանդշաֆտում

 

Նիկոլ Մարգարյան, ՀԱԻ

 

2015-2017թթ․ Սյունիքի մարզի լեզվական լանդշաֆտի ուսումնասիրությունների ընթացքում գրառվեցին և տեսարձանագրվեցին շուրջ երեք տասնյակ էրգոնիմներ (գործարար հաստատությունների անվանումներ), որոնք որևէ կերպ առնչվում են մարզի բնական միջավայրի երևույթներին։ Մի դեպքում դրանք բնական լադշաֆտի նկարագրություն պարունակող հայտնի տեղանուններից ու միկրոտեղանուններից պատճենված անվանումներ են (Խուստուփ, Զորաց քարեր, Մթնաձոր), այլ դեպքում՝ գործարար հաստատության տեղակայման վայրը ցուցող անուններ (Գետափ, Հալիձոր, Արևիք, Տաթևեր), երրորդ դեպքում՝ Մարզի բուսաշխարհի տարբեր երևույթներին աղերսվող անուններ (Նռենի, Մասրենի, Լալաներ)։

Ուշագրավ է, որ նշված անվանումները կրող հաստատությունները, փոքրաթիվ բացառություններով, ժամանցային և հանրային սննդի ծառայություններ առաջարկող ձեռնարկություններ են (հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ), որոնց հավանական սպառողները ոչ թե առօրյա կարիքներ բավարարող տեղացի սպառողներն են, այլ դրսեկները կամ հովեկները։ Պատահական չէ, որ այսպես ասած՝ բնական ուղղվածություն ունեցող էրգոնիմներ կրող հաստատություններից որոշները իրենց էլեկտրոնային կայքերում հանդես են գալիս տուրփաթեթների առաջարկներով։ Սրանց շարքում օրինակ «Զորաց քարեր» ՍՊԸ-ն մի կազմակերպություն է, որը համանուն հյուրատուն տնօրինելուց զատ իրականացնում է տուրիստական տեղեկատվական կենտրոնի գործառույթ և համապատասխան ծառայություններ է առաջարկում ողջ Հայաստանի համար։

Նկատի ունենալով բնական էրգոնիմներ կրող հաստատությունների մի շարք հատկանիշները (զուտ տեղական ճանաչելիություն ունեցող և սիրված բրենդներ ու անվանումներ, տեղական սնունդ, ավանդական միջավայր և ներքին ու արտաքին հարդարանք), կարելի է ենթադրել, որ բաղձալի դրսեկները հիմնականում մարզի բնակիչ չհանդիսացող հայաստանցիներն ու սփյուռքահայերն են։ Նրանք, ովքեր գիտեն այդ տեղանքների կամ բնական երևույթների մասին պատմություններ, որոնց մասին ծանոթացել են տարբեր աղբյուրներում, իրենց սիրելի գրական հեղինակների պատմվածքներում և երազանք ունեն հնարավորության դեպքում առնչվելու այդ վայրերի ու երևույթների հետ։ Որոշակի իմաստով, բնական էրգոնիմները հանդես են գալիս որպես բնական միջավայրի խտացված խորհրդանիշներ և բրենդներ։ Հենց այդ հանգամանքն է խրախուսում նշված անունների օգտագործումը գործարար հաստատությունների անվանումներում։ Այլ խոսքով` դրանց նպատակը հովեկներին հրապուրելը և առնվազն խորհրդանշանային հարթությունում ճանաչելի և սիրելի երևույթների հետ հաղորդակցության հնարավորություն ստեղծելն է։ Դատելով հատկապես վերջին 10-12 տարիներին նմանատիպ էրգոնիմներով հանդես եկող գործարար հաստատությունների թվի ավելացումից՝ անվանադրման այդ մարտավարությունը հաջողում է և հետագա ծավալման ու ամրակայման հեռանկար ունի։

 

 

ՍՅՈՒՆԻՔԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Հեքիաթի հերոսի՝ բնաշխարհը ներկայացնող օգնականները Սյունիքի հրաշապատում հեքիաթներում

 

Մարինե Խեմչյան, Էսթեր Խեմչյան, ՀԱԻ

 

Հայաստանի յուրաքանչյուր երկրամաս առանձնանում է իր տարածաշրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհով, լեռներով ու գետերով, կյանք ու կենցաղով և այլն։ Սյունիքի բանահյուսական մշակույթի վրա իր խորը կնիքն է դրել անառիկ լեռնաշխարհը իր անդնդախոր ձորերով, գահավեժ ու փրփրադեզ գետերով, ալպիական մարգագետիններով, երկնամերձ լճակներով, դարավոր ու մթամած անտառներով։ Բնական այս միջավայրի ծնունդ սյունեցին կարծր ու ըմբոստ է, ինչպես իր լեռնաստանը, նուրբ ու քնքուշ է, ինչպես ծառ ու ծաղիկը, մեղմ ու շառաչուն է, ինչպես իր լեռների ջրերը։ Սյունեցին իր քաղցրահունչ բարբառով երկնել է հեքիաթներ այսրաշխարհիկ ու անդրաշխարհիկ պատկերներով, սրբացրել ու ոգեղենացրել քարը, ծառը, աղբյուրը։

Սյունիքի հրաշապատում հեքիաթներում հերոսի գործողություններին ուղեկցող բազմաթիվ խոչընդոտները հաղթահարելու համար հանդես են գալիս բազմատեսակ ու բազմաքանակ նվիրատուներ և խորհրդատուներ, որոնք օգնում են հեքիաթի գլխավոր հերոսին հասնելու իր առջև դրված խնդրի լուծմանը: Մարդուն շրջապատող բնաշխարհը ներկայացնող անտառը, ծառը, աղբյուրը, գետը, ծովը, լճակը, սարը, ժայռը, քարայրը, քարը, միաժամանակ լինելով կապող օղակ անդրաշխարհի հետ, հաճախ հեքիաթի հերոսի համար դառնում են նվիրատուներ կամ խորհրդատուներ: Հերոսը հաճախ ստիպված է լինում կատարել անդրաշխարհային ճամփորդություն, որը շատ դժվար էր և վտանգավոր: Հեքիաթի հերոսի՝ բնաշխարհը ներկայացնող օգնականները մեր կողմից պայմանականորեն բաժանվել են երեք խմբի.

  • Ծով→գետ→լճակ→ավազան→աղբյուր տարրերով համակարգ. աղբյուրից է դուրս գալիս անդրաշխարհի դերվիշն իր գերբնական շներով, գետի միջոցով է հերոսը կատարում անցում այսրաշխարհից անդրաշխարհ և հակառակը, ծովի միջոցով է հերոսը ստանում բազմատեսակ հրաշագործ առարկաներ և այլն («Կտրիչ տղան», «Հավատարիմ կինը», «Բեյբութ և Փարի», «Նառդան» և այլն):
  • Անտառ→այգի→ծառ→կոճղ→փայտ→պտուղ→տերև→ծաղիկ տարրերով համակարգ. անտառում գտնված ցանկացած հրաշագործ առարկա կարող է համարվել նվեր, ծառի միջոցով կապ է հաստատվում երկնքի և ստորերկրայքի հետ, ծառից ածանցված փայտը կամ տերևը դառնում են խորհրդատուներ և այլն («Դարվիշին խոխերքը», «Բեյբութ և Փարի», «Նառդան», «Քառասուն գլխանէ նառադէվը» և այլն):
  • Սար→ժայռ→քարայր→սալաքար→ջրաղացքար→քար→հոր կամ փոս→հող տարրերով համակարգ. սարը, ժայռը, քարայրը հերոսին կապում են անդրաշխարհի հետ, սալաքարը, ջրաղացքարը կամ հորը ծառայում է մուտք դեպի անդրաշխարհ, քարի տակ է պահվում ծովեղեն ձիու սանձը և այլն («Քաջանց թագավորը», «Կտրիչ տղան», «Հավատարիմ կինը», «Անկինը», «Նառդան» և այլն:

Այս երեք համակարգերն իրենց հերթին փոխկապակցված են. աղբյուրը կարող է լինել անտառում կամ սարի վրա և կարող է ծածկված լինել սալաքարով, որը հանդիսանում է անդրաշխարհի մուտք, աղբյուրը կարող է լինել ծառի տակ, ծառն իր արմատներով կապված է ստորերկրայքի հետ, և նրանից ածանցված տերևը, փայտը, պտուղները նույնպես ծառայում են հերոսին որպես նվիրատու և խորհրդատու:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սյունիքի հրաշապատում հեքիաթի հերոսի՝ բնաշխարհը ներկայացնող օգնականները, ի թիվս նրա մյուս նվիրատուների և խորհրդատուների, ունեն մեծ դերակատարություն և նպաստում են հերոսի գործողություններին։

 

 

Բնության տարրերը Սյունիքի կարճասույթ բանաձևային կառույցներում

 

Լուսինե Ղռեջյան, ՀԱԻ

 

Ինչպես աշխարհի շատ ժողովուրդների ու ցեղերի, այնպես էլ հայոց մեջ լայն տարածում են գտել բնության անշունչ առարկաների և երևույթների ոգեղենացումն ու շնչավորումը։ Դրանց առաջացման համար կարևոր նշանակություն են ունեցել բնության երևույթներն ու դրանց էության անբացատրելիությունը, բնակլիմայական առանձնահատկությունները, հասարակական կարգերը, սոցիալական պայմանները, սովորույթներն ու էթնիկական առանձնակատկությունները։ Իրենց կենսապարգև բնական հատկությունների շնորհիվ բնության տարրերին բնորոշ հմայական ուժ է վերագրվել, և պատահական չէ, որ դեռևս վաղնջական ժամանակներից ժողովրդի մտավոր աշխարհում, իրական կյանքին համապատասխան, բնության տարրերն իրենց երևույթների տարբեր դրսևորումներով անձնավորվում են՝ հանդես գալով բնական ու հասարակական հիմքերն ունեցող բարի ու չար էակների կերպարանքներով, որոնք էլ հիմք և աղբյուր են հանդիսանում սնոտի ու առասպելական հարուստ ու բազմազան հավատալիքների համար։

Բնության տարրերի դերը երկրի ու ժողովրդի տնտեսության ու կենցաղի համար, բնականաբար, իր անջնջելի հետքն է թողել ժողովրդի մտածողության վրա, և ամենևին պատահական չէ, որ հայկական հավատալիքների և առհասարակ բանավոր ավանդության (առասպել, ավանդություններ, առած-ասացվածք, անեծք, օրհնանք և այլն) մեջ, իբրև խորհրդանշանային արտահայտչաձև, բազմիցս են հիշատակվում բնության տարրերը։

Ժողովրդի բանավոր ավանդության նշանակալից մաս է կազմում բանաձևային-ասույթաբանական բանահյուսությունը, որի տարբեր տեսակներ (առած-ասացվածք, անեծք, օրհնանք և այլն) ակտիվ կենցաղավարում են ինչպես հայոց ազգագրական մյուս շրջաններում, այնպես էլ Սյունիքում։ Կարճասույթ բանաձևային այս կառույցներն իրենց սեղմ ծավալի մեջ պարփակում են խորհրդանշական պաշտամունքային հարուստ շերտեր, ինչպես նաև խտացնում են տարածաշրջանի ժողովրդի վարքուբարքի, կենցաղի, սոցիալական հարաբերությունների, մտածելակերպի, ինչպես նաև բարոյահոգեբանական նկարագիրը և իրերն ու երևույթները գնահատելու օբյեկտիվ ընկալումը։

Բնության տարրերն ու երևույթները ասույթային բանահյուսության մեջ հանդես են գալիս իրենց արքետիպային նշանակությամբ և իբրև խորհրդանիշներ դրսևորվում են բացասական և դրական ցանկություններում («Արևդ մեռնի», «Ճուրն ու կրակը կլխեդ յեր ածվի», «Ալավը կլխեդ ածվի», «Արևդ ապրի», «Հորավ-մորավ մըծանաս, օջաղին ճրաքը վառիս» և այլն), արտացոլում են ժողովրդի դարավոր կենսափորձը, իմաստությունը, հոգեբանությունը, մտածելակերպը («Ճուրը քինացողն ա, շումն ա մնացողը», «Քարը քարին կկոտրի», «Անգեղծ սրտով ծովն ընկնողը ափ դուրս կգա» և այլն) և պատկերավոր բանաձևերով ու լուծման առարկաներով վերարտադրում են ժողովրդի աշխարհայացքի ու մտածելակերպի որոշ գծեր ու արտահայտություններ («Ճուր ա խմըմ բոլ-բոլ, թոզ ա անըմ չորս ղոլ» (ջրաղաց), «Տակը ճուր ա, մեչին՝ ալավ, վըրեն՝ մուր» (ճրագ) և այն):

 

 

7. Բնաշխարհի դրսևորումները Սյունիքի մանկական բանահյուսության համատեքստում (գրական միջավայրի համեմատությամբ) փակագծում նշված հատվածը ծրագրում չկա

 

Հասմիկ Մատիկյան, ՇՀՀԿ

 

Սյունիքի բնաշխարհն ունի ուրույն նկարագիր ինչպես մանկական բանահյուսական տեքստերում, այնպես էլ հեղինակային միջավայրում (Ակսել Բակունց, Սերո Խանզադյան, Համո Սահյան և այլն): Ուսումնասիրության տիրույթում են նաև մեր գրառած մանկական բանահյուսական նյութերը:

Նշենք, որ կենդանական աշխարհի «բնակիչները» բացառիկ մուտք ունեն Սյունիքի մանկական բանահյուսության տարածք: Մեջբերենք մեր գրառած նմուշներից մի քանիսը.

Արջը գնաց թատրոն,

Հետը դրավ պատռոն,

Պատռոնը տրաքեց,

Արջի փորը տրաքեց:

Կամ՝

Քաչալը գնաց տանձի,

Վախեցավ գլուխը խանձի,

Գիշերը մտավ տեղերը,

Կատուն կերավ բեղերը:

Ուշագրավ է, որ մանկական բանահյուսությանն առնչվող տեքստերը տարբերակային են.

Արջը գնաց թատրոն,

Ջեբը լիքը պատռոն,

Մի հատ ուզինք չտվեց,

Քացով տվինք, տրաքեց:

Տրաքեց բայը դառնում է մի շարք հաշվերգերի փակման գործողություն.

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,

Աղվեսը գնաց մարզանքի,

Ուստա փիսոն կրակեց,

Աղվեսի փորը տրաքեց:

Գործողությունների առատ թվարկմամբ են ձևավորվում մանկական բանահյուսական հյուսվածքները:

Գուսանական արվեստում, ի մասնավորի՝ սյունեցի գուսան Աշոտի ստեղծագործություններում զով զեփյուռն է օրորերգ ասում.

Մարդուն քաջի ուժ կտա ձեր օդն ու ջուրը,

Սուրբ մոր նման օրոր կասի զով զեփյուռը…

Մեզ հաջողվել է գտնել գուսան Աշոտի օրորոցայիններից, որոնք բնաշխարհի, մասնավորապես ծաղիկների գեղարվեստական նկարագրի ուրույն պատկեր են ստեղծում մանկաշխարհի համատեքստում: Մեջբերենք գուսանի օրորոցի երգից մի հատված՝ Օրորոցդ ծաղիկներից եմ հյուսել//, Հովերի հետ ես քեզ օրոր եմ ասել//, Վառ վարդերից քո բարուրն եմ զարդարել//…

Ուսումնասիրության մեջ անդրադարձել ենք նաև Սյունիքում կենցաղավարող ատամհատիկի բանահյուսական տեքստերին, որտեղ բույսերը ունեն խորհրդանշական իմաստ:

Երեխային չար աչքից հեռու պահելու բանահյուսական նմուշները կհարստացնեն մեր հետազոտության շերտերը:

 

 

 

 

 

 

Բնությունն արտացոլող բարբառային պատկերավորման միջոցները Սյունիքի բանահյուսական երկերում

 

Լուսինե Ներսիսյան, ԳՊՀ / ՍՀՀԿ

 

Սյունիքի բանահյուսական նմուշները և նրա բառապաշարը առանձնահատուկ դեր ունեն այս տարածաշրջանի կյանքի և գոյության հետ կապված բազմաթիվ հարցերի լուսաբանման տեսանկյունից: Բանահյուսական նմուշների լեզվաբանական քննությունը, որ սակավ ուշադրության է արժանանում, կարող է օգտակար լինել ոչ միայն բարբառագիտության և պատմական լեզվաբանության, այլև ազգագրության բնագավառներում: Դեռևս բազմաթիվ հարցեր կան՝ կապված Սյունիքի բանահյուսական նմուշների խմբավորման, բարբառային արտասանության հստակեցման ու ճշգրտման, տեղայնացման և հանրայնացման առումներով: Պակաս կարևորություն չի ներկայացնում բանավոր ստեղծագործությունների և նրանց գեղարվեստական արժեքի համար հիմնային համարվող պատկերավորման միջոցների ուսումնասիրությունը: Դրանք արտացոլում են բարբառակիր հանրության լեզվամտածողությունը, կենսակերպի փիլիսոփայությունը, ըմբռնումները բնության և նրա տարրերի վերաբերյալ: Պատկերավորման բազմաթիվ կաղապարների կողքին առանձնանում են հատկապես բնությունն արտացոլող բարբառային միջոցները, որոնց մի մասը կայունացել է բառապաշարում որպես Սյունիք աշխարհի հնագույն բարբառների ու խոսվածքների կրող հանրության արտահայտչամիջոց: Կայուն և ազատ բազմաթիվ կապակցությունների շարքում աչքի են ընկնում այնպիսիք, որոնք արտահայտում են մարդ-բնություն կապը և դրա արդյունքում ձևավորված հարադրությունը, ինչպես՝ տափը տիլ անել՝ «փխրեցնել»: Հետաքրքրական է, որ դրանք հիմնականում կազմված են բնիկ հնդեվրոպական ծագմամբ բառերով, որ հիմնավորում են այս տարածքի ժողովրդի բազմադարյան գոյությունը. այստեղ տիլ «տիղմ» բառն է, որ ավելի հին է, քան աճականով տիղմ-ը, հմմտ.՝ տիլ, լըէլ, լըէպ: Օրինակները աչքի են ընկնում ոչ միայն կապակցության բաղադրիչների ծագումնաբանական յուրահատկությամբ, այլև ոճական նպատակադրումներով, ինչպես՝ Թօխպը ուշ ա նըստալ սարին, / Բայց շո̈ւ-շո̈ւտ ա կա̈մ սարին, / Մալանչները թօխպէրի, / Ա̈սա̈նց էն նըստում մէր սարին, այլև՝ Էս տափէրը հանդէր ա, / Լօխ ըրծաթի բա̈նդէր ա, / Տա̈նա̈կ պիրէք, սըէրտըս ճըղէք, / Բըղում-բըղում դա̈րդէր ա, և՝ Թօռ կիկա̈, արև կանի, … Մուշամբա տիրէվ կանի և այլն: Բնությունը նկարագրող պատկերավորման միջոցներից հաճախ են օգտվել նաև Սյունյաց բնության երգիչները, ինչպես, օրինակ՝ չօր-չօ̈լէրը ծաղկալ ա.., մըէծ ըռօնին թախկալ ա (Գուսան Աշոտ):

Այո՛, Սյունյաց հրաշալի ու բնականից գեղարվեստականացված բնությունը նպաստել է բառապաշարի հարստացմանը ժողովրդական պատկերավոր արտահայտչամիջոցներով:

 

 

Արջի և տերտերի մասին Սյունիքում գրառված մի զվարճապատումի տարբերակները

 

Սերգեյ Վարդանյան, ՀԱԻ

 

Հայկական բանահյուսական ժառանգության մեջ կան բազմաթիվ զվարճապատումներ՝ նվիրված հերոսների պարզամտությանը: Դրանցից մեկը՝ «Հիմար տերտերն ու արջը» 1939 թ.՝ 24 տարեկանում գրի է առել գրող Սերո Խանզադյանը: Ասացողը Գորիսում բնակվող 32-ամյա քամանչահար Աշոտ Դադալյանն է, որն իր երգերի շնորհիվ հետագայում լայն ճանաչման արժանացած հանրահայտ Գուսան Աշոտն է: Նրա մասին Սերո Խանզադյանը գրել է. «Սա մի հայտնի առակասող, զվարճաբան մարդ է, քիչ վտիտ, բայց բարի հոգով, գիտի անհամար հեքիաթներ, առակներ, զվարճախոսություններ և այլն: Պատմելիս վարակում է լսողին և տանում ծիծաղի ծովը»:

Ըստ Սյունիքում գրառված այդ պատումի՝ արջը գյուղի մոտակա ճգնավորի քարայրն է մտնում: Գյուղացիները, կարծելով, թե նա ցանկանում է ճգնավոր դառնալ, քահանային բերում են, ժայռից պարանով գլխիվայր իջեցնում են անձավի մոտ, որ արջին օրհնի, նա էլ պոկում է տեր հոր գլուխը: Գյուղացիները նրան պարանով վերև են քաշում, տեսնում՝ գլուխը չկա: Գյուղ են վերադառնում ճշտելու՝ տեր հայրը գլուխ ունե՞ր, թե՞ չուներ: Երեցկինն էլ պատասխանում է. «Այդքանը միտս չի գալիս, միայն այն եմ հիշում, որ առավոտ տեր հայրը աղոթք անելիս միրուքը տմբտմբում էր»:

Ըստ մեր ուսումնասիրությունների, այս զվարճալի պատումի 4-ական փոփոխակներ գրառվել են Սյունիքի երկու հարևան երկրամասերում՝ Արցախում և Նախիջևանում: Ամենահինը 1860 թ. Շուշիում գրանցված զրույցն է: Իսկ Նախիջևանում՝ Սարգիս Սարգսյանցի՝ Գողթնի բարբառով թղթին հանձնածը, որը 1883 թ. հրատարակվել է Մոսկվայում:

Սյուժետային ընդհանրություններով նման զվարճալի զրույցներ են հայտնի նաև Ջավախքի, Տավուշի, Լոռու, Մուշի, Ալաշկերտի, Արաբկիրի, Խարբերդի, Պարսկաստանի Ղարադաղի և Փերիայի գավառների հայերի, նաև Թուրքիայի կրոնափոխ համշենցիների բանահյուսությունից:

Աարնե Թոմփսոնի հեքիաթացույցի համաձայն՝ այս զվարճապատումը տարածված է նաև այլ ժողովուրդների միջավայրում. «Առանց գլխի մարդը արջի որջում: Մի մարդու գլուխը արկածով հափշտակվում է և նրա ընկերները չեն տեսնում պատահածը: Վիճաբանում են, արդյոք նա երբևէ գլուխ ունեցե՞լ է» (AaTh N 1225): Ինչպես տեսնում ենք, չկա կնոջ պատասխանը, ինչը հայկական տարբերակների պարտադիր բաղկացուցիչն է:

Ըստ 1979 թ. Լենինգրադում հրատարակված արևելասլավոնական ժողովուրդների համեմատական հեքիաթացույցի՝ հայկական տարբերակների հետ ընդհանրություններ ունեն նաև ռուսական, ուկրաինական, բելառուսական բանահյուսական նմուշները: Նույն՝ 1225 համարակալմամբ նշված է. «Հիմարը (քահանան) առանց գլխի (կծել-պոկել է արջը, պոկել է ջրաղացը), մյուսները (կինը) հիշում են, որ նա մորուք ուներ, իսկ արդյոք գլուխ ունե՞ր, չգիտեն»:

 

 

ՍՅՈՒՆԻՔԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Աստվածածինը՝ որպես Աստված-մարդ-բնություն ներդաշնակության կրող, Սյունյաց դպրոցի մատենագիրների երկերում

 

Էլյա Սարիբեկյան, ՄՄ

 

Աստվածածինը հայ մեկնողական մատենագրության մեջ այն կերպարն է, ով կապում է թե՛ մարդ-Աստված և թե՛ մարդ-բնություն հարաբերությունները, ում մասին խոսելիս հիշում ենք թե՛ երկրավորը, թե՛ երկնավորը: Մեր նպատակն է շեշտադրել Աստված-մարդ-բնություն կապի հատկորոշումները Սյունյաց դպրոցի մատենագիրների՝ Աստվածածնին նվիրված ներբողյաններում և այլ երկերում։ Աստվածածնի կերպարին՝ որպես փրկագործական տնօրինության անբաժան և անքակտելի մաս, որպես գլխավոր «դերակատար» փրկագործության մեջ, մատենագիրներից շատերն են անդրադարձել, նրանց թվում քիչ չեն Սյունյաց դպրոցի ներկայացուցիչները: Ներբողյաններում, շարականներում, մեկնողական երկերում շեշտադրվում են աստվածաբանական–դավանաբանական հայացքները: Այս առումով թերևս աստվածաբանական կուռ համակարգն ավելի համակարգված և ամբողջացած ենք տեսնում սույն դպրոցի եռամեծար վարդապետ Գրիգոր Տաթևացու անտիպ և տպագրված երկերում։

Միջնադարյան աստվածաբանության մեջ կարևոր դեր են խաղացել ոչ միայն նյութի, հորինվածքի, խորհրդանշանի իրողությունները, մատենագրության մեջ՝ պատկերավոր խոսքը, այլ նաև լույսի, գույնի աշխարհընկալումները և դրանց հետ կապված մեկնությունները։

Բնության երևույթների և աստվածային անբացատրելիի հետ զուգահեռների միջոցով մատենագիրները փորձել են մարդու սահմանափակ մտային կարողություններին փոքր-ինչ հասու դարձնել վերմարդկայինը։ Այսպիսի օրինակներից մեկն էլ կարող ենք համարել Աստվածածին-Լույս զուգադրումները՝ «Լույս է նաև Լույսը կրողը» տրամաբանության հենքի վրա։

Բոլոր հեղինակների մոտ էլ կա միևնույն ձգտումը՝ մոտ լինել Աստվածաշնչյան բնագրին, օգտվել և հիմք համարել այնտեղից վերցված օրինակները: Ինչպես Քրիստոսի պարագայում հինկտակարանյան շատ տեղիներ համարվում են նրա ստվերը, այնպես էլ Աստվածածնի դեպքում է. հինկտակարանային իրողություններ, անձեր, իրեր հանդես են գալիս իբրև Աստվածածնի խորհրդանիշ և նորովի բացահայտում թե՛ Աստվածածնի կերպարը, թե՛ հինկտակարանյան իրողությունները:

 

 

 

 

Աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերը Համո Սահյանի Սյունյաց բնապատկերներում

 

Նվարդ Վարդանյան, ԵՊՀ / ՀԱԻ

 

Ծնունդով լինելով Սյունյաց Լոր գյուղից՝ հայ նշանավոր բանաստեղծ Համո Սահյանն իր քնարերգության մեջ բազմիցս անդրադառնում է հայրենի եզերքի բնությանը: Սահյանի շքեղ բնապատկերներում իրենց առանձնահատուկ տեղն ունեն Սյունիքի սարերի, ձորերի, գետերի, տարածաշրջանին բնորոշ բույսերի ուղղակի անվանական հիշատակումներն ու նկարագրությունները: Անշուշտ, ուսումնասիրողներն անդրադարձել են Սահյանի ստեղծագործության ժողովրդական ակունքներին, ժողովրդական կենսափիլիսոփայությանն ու մտածողությանը հարազատ դրսևորումներին:

Ներկա զեկույցում ընդհանուր առմամբ անդրադառնալով Սահյանի քնարերգության մեջ մարդ-բնություն փոխհարաբերություններին՝ մասնավորապես փորձելու ենք առանձնացնել սահյանական բնապատկերներում առասպելաբանաստեղծական մտածողությանը հատուկ արտահայտումները, աշխարհի պատկերի՝ հայ առասպելաբանությունից սերող նշանային համակարգերի հարուստ համալիրը: Մասնավորապես քննվելու են բնության ոգեղենացման, առասպելական այլաբանության, մարդու և բնության նույնացման և միաձուլման՝ բնությանը մարդկային և մարդուն՝ բնության հատկանիշներով օժտելու դրսևորումները:

Մանկական հուշերի Գյազբել, Սալվարդ սարերը, Որոտան գետն ու Դարբասի ձորը, այստեղի թռչուններն ու բուսաշխարհը դառնում են սահյանական բնապատկերի հիմքն ու առանցքը և պայմանավորում նրա հետագա ողջ ստեղծագործության այլաբանական պատկերավորումը: Բնապատկերը միահյուսվում է առասպելին, դառնում աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերավորման միջոց և բացահայտում նախնական մտակաղապարների նոր լիցքը 20-րդ դարի բնութենապաշտ գրողի ընկալմամբ: Աշխարհի առանցքի, կենաց ծառի, սարի վրայի թոնրի, ցորեն-պատանու, արևը կլանող վիշապ-ձորի, երկնային հրաշագործ կաթնաղբյուրի և այլ առասպելաբանական պատկերացումները նոր շունչ և արտահայտման ձև են գտնում բնությունը խորապես ընկալող գրողի գրչի տակ: Ահա այս հիմնաշերտով հետագայում ձևավորվում է հայրենի բնաշխարհի սահյանական յուրահատուկ խորհրդանիշների համակարգը, որը դուրս է գալիս Սյունյաց սահմաններից՝ այս դեպքում արդեն ամբողջացնելով ոչ թե աշխարհի, այլ հայրենիքի առասպելաբանաստեղծական պատկերը:

 

 

Բնություն և մշակույթ. միասնությու՞ն, թե՞ հակադրություն (ըստ Ակսել Բակունցի պատմվածքների բնապաշտական-մշակութաբանական հենքի)

 

Թամար Հայրապետյան, ՀԱԻ / ԵՊՀ

 

Զեկուցման նպատակն է բացահայտել Ակսել Բակունցի ստեղծագործությունների մշակութաբանական հենքի բազմազանությունը՝ մարդ-բնություն փոխառնչությունների և ժողովրդագիտական ավանդույթների հակադրամիասնության տեսանկյունից:

Նպատակից բխող խնդիրները պայմանավորված են սոցիալական ժառանգության մոդելով և պտտվում են բնության (Nature) և մշակույթի (Culture) շուրջը:

Թեմայի արդիականությունը պայմանավորված է Բակունցի ստեղծագործության նկատմաբ մասնագիտական շրջանակների հետաքրքրության աճով, իսկ գիտական նորույթը գրական ստեղծագործության վերլուծությունն է` մշակութաբանական դիտանկյունով:

1920-ական թթ․ ձախ գրաքննադատությունը Բակունցի ստեղծագործություններում նշմարել է բնությունը մշակույթին հակադրելու՝ ինքնանպատակ բնապաշտական միտում:

Իրականում բնությունը մարդկության գոյության բնական պայմանների ամբողջությունն է և մարդը, որպես կենսաբանական էակ, ի վիճակի չէ գոյատևել առանց բնության: Մարդը յուրացրել, վերափոխել, մշակութայնացրել է բնությունը և իրեն չի զատել նրանից: Պատահական չէ, որ նախահեղափոխական Մթնաձորում աշխարհի մասին պատկերացումները թևածում են անտառի շուրջը, որն իր բարիքներով սնում է աշխարհից կտրված մարդկանց: Այդ մարդիկ գինի էին պատրաստում և պահում անդուռ քարանձավներում թրծած կարասներում:

Ակսել Բակունցի ստեղծագործական աշխարհում առասպելն ու իրողությունը դեռևս անջատված չեն միմյանցից և գտնվում են նախնական սինկրետիկ (չտարբերակված) համադրության մեջ: Մի կողմից՝ Հայաստանի անկրկնելի բնությունն է՝ Զանգեզուրի խստաշունչ լեռներն ու քարանձավները, ձորերն ու անտառները, ալպիական մանուշակն ու ոսկեփետուր միրհավը, մյուս կողմից՝ մարդու ստեղծած ձեռակերտ նյութական մշակույթը՝ գինու հնձաններն ու բրուտների արհեստանոցները, հին բերդերի ավերակներն ու սերմնացանի ցելերը՝ բոլորն էլ խիստ բնութագրական՝ հատկապես մշակութաբանության տեսանկյունից:

Բակունցն իր գրական ստեղծագործություններում կարողացել է ստեղծել սոցիալական ու սեռատարիքային ամենատարբեր խմբերի և մարդկային այլազան խառնվածքների կրողներ, որոնք փորձում են հարաբերվել աշխարհի հետ, կողմնորոշվել մշակութային տարածության մեջ, սակայն հասարակական կյանքում ներառվելու, սոցիալական փորձի, գիտելիքների, ինտեգրման ու վարքի նորմերի յուրացման պակասը հաճախ հանգեցնում է բարդ ու հակասական իրավիճակների, ինչն առավել տեսանելի է «Բրուտի տղան», «Ալպիական մանուշակ», «Միրհավ», «Մթնաձորի «չարքը», «Այու սարի լանջին», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները» և այլ պատմվածքներում:

 

 

Ակսել Բակունցի իմպրեսիոնիզմը «Մթնաձոր»

 

Ալլա Բագոյան, ԳռՊՀ

 

Իմպրեսիոնիզմը կամ տպավորապաշտությունը ուղղություն է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գեղագիտության մեջ, որը գեղանկարչությունից անցավ նաև արվեստի այլ տեսակների, այդ թվում՝ գեղարվեստական գրականությանը։ Ու թեև այն լայն տարածում չունեցավ գրականության մեջ՝ ընդգրկելով ընդամենը մի քանի տասնամյակ և մնալով այդ շրջանում առավել գործուն նատուրալիզմի և սիմվոլիզմի տիրույթում, սակայն ունեցավ իր հետևորդները նաև հայ գրականության մեջ` ինչպես պոեզիայում, այնպես էլ արձակում։

Իր հիմքում ունենալով մասնավոր, վայրկենական տպավորության կարևորումը գաղափարի, տիպականացման ու ընդհանրացման նկատմամբ՝ իմպրեսիոնիզմը հիշյալ ժամանակահատվածում դարձավ մի շարք հեղինակների ստեղծագործական գերակա սկզբունքը։ Հայ գրականության մեջ այդ հեղինակներից էր սյունյաց գեղատեսիլ բնության հավատարիմ զավակը՝ Ակսել Բակունցը։

Բակունցի բնապաշտության մասին գրականագիտության մեջ բազմիցս է խոսվել։ Բնապաշտությունը Բակունցի երկերում պետք է ընկալել և՛ պանթեիզմի, և՛ նատուրալիզմի նշանակությամբ։ Հիրավի, նրա պատմվածքները տուրք են բնությանը՝ որպես աստվածային ներդաշնակության խորհրդանիշի, և միևնույն ժամանակ հեղինակը լուսանկարչական ճշգրտությամբ և մանրամասնորեն ընթերցողին է փոխանցում նկարագրվող պատկերը՝ հուզական-քնարական լինի այն, թե ահազդու-զարհուրելի։ Հենց այստեղ է դրսևորվում հեղինակի իմպրեսիոնիզմը։

Գույների, լույսի ու ստվերի, բնության երևույթների, անգամ՝ օրվա այս կամ այն ժամի պատկերումը ամենայն մանրամասնությամբ, և հատկապես՝ մարդու կերպարի, որը նկարագրվող բնության անբաժանելի մասնիկն է, նրա շարունակությունը, ամբողջացնում են տեսարանը՝ կազմելով հույզերի և տպավորությունների մի համայնապատկեր, որի վարպետն է Բակունցը։ «Մթնաձոր» ժողովածուի գրեթե բոլոր պատմվածքների մուտքային նախադասությունները, և ընդհանրապես շարադրանքն ամբողջությամբ լավագույն ապացույցն են ասվածի։

Մեր զեկույցի նպատակն է՝ նոր լույսի ներքո մեկնաբանել Բակունցի՝ հանրածանոթ ժողովածուն։

 

 

 

 

Սյունիքի բնության գովերգումը աշուղ Աշոտի երգերում

 

Հասմիկ Հարությունյան, ՇՀՀԿ

 

Աշուղ Աշոտը 20-րդ դարի հայ աշուղական արվեստի կարկառուն ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունը ծնվել է Հայոց Սյունյաց աշխարհի բառ ու բանից, ժողովրդական երաժշտաստեղծության ջինջ ակունքներից: Պատահական չէ, որ նրա բանաստեղծություններում լիուլի օգտագործված են ժողովրդախոսակցական տարրեր, իսկ երբեմն հորինվածքն ամբողջությամբ տեղական (հատկապես Գորիսի) բարբառով է ստեղծված. օրինակ` «Տախծյուտի ջեյրան», «Կեծակն էլ ա երք պյուրում», «Չոլ չոլերը ծաղկալ են», «Իմ յարը մի դյան ա», «Ակներ յայլան Դադալունց», «Հռանանք վըեչ մըեր ծորան», «Մհաջառի քեղուտում» և այլն: Իբրև բանաստեղծ՝ նա մեծ ոգևորությամբ զգացել, ապա և ներբողել է հայրենի բնաշխարհը՝ համարժեք եղանակավորմամբ:

«Ես հիշում եմ մեր սարերի լանջերը,

Աղբյուրների սառ ջրերի կանչերը, …

Ես հիշում եմ մորս ձայնը սարերում,

Ոչխարների մակաղելը քարերում,

Հովիվների սրինգների ձայնն անուշ,

Սարին նստած թուխ ամպերի հովերում...»:

 

Ճիշտ է, աշուղ Աշոտի կայացման գործում մեծ դեր է կատարել ժամանակի հայտնի աշուղ Աթան, որից առաջին անգամ լսել է հայ աշուղական հնագույն երգեր, ծանոթացել այդ երգերի կառուցման առանձնահատկություններին և տեխնիկային, սակայն տիպաբանական և հորինվածքային առումով նա աշուղ Շերամի ավանդույթների կրողն է: Նկատի ունենք այն մոտեցումը, ըստ որի աշուղը հրաժարվում է աշուղական դասական կամ տիպական կաղապար մեղեդիներից և յուրաքանչյուր բանաստեղծության համար ինքնուրույն մեղեդի է հորինում:

Մեր համոզմամբ, եթե Շերամի մոտ կարևորագույն դեր էին խաղում Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական երաժշտությունից եկող հարուստ ավանդույթները, սազանդարական ճոխ կատարումները, ապա Աշոտը լիովին ներծծված էր սյունյան բնաշխարհի բանաստեղծական ընկալումներով և իր անզուգական մեղեդիները բխեցնում էր այդ ընկալումների հնչյունակերտման ձգտումով:

 

 

 

 

 

 

Սյունիքի բնությունը Գարեգին Նժդեհի աշխատություններում

 

Գոռ Ղազարյան, ԵՊՀ Պատմ ֆակ

 

Սույն զեկույցում առաջին անգամ ի մի են բերվել Գարեգին Նժդեհի աշխատություններում Սյունիքի բնությանը վերաբերվող նյութերը և իրականացվել է դրանց դասակարգում ըստ ոլորտների։  Արդյունքում փորձել  ենք ուրվագծել Գարեգին Նժդեհի աշխատությունների կարևորությունը Սյունիքի բնության ուսումնասիրության համար։

1919 թ․ օգոստոսին Գարեգին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար և անցնում Սյունիք՝ Էդիֆ բեյի զորքերի կողմից պաշարված Գողթանին օգնություն հասցնելու համար: 1919-1921 թթ․ նա Սյունիքում ղեկավարում է Լեռնահայաստանի հերոսամարտը։

Նժդեհը Սյունիքից հեռանում է 1921թ․ հուլիսին՝ իր զինակիցների հետ անցնելով Պարսկաստան, իսկ 4 ամիս անց՝ Բուլղարիա։ Այս և հետագա տարիներին Նժդեհը պատմագիտական տեղեկություններ հաղորդելուց զատ, բազմիցս անդրադարձել է նաև Սյունիքի բնությանը, ինչն արտացոլված է «Արնոտ գիրք», «Էջեր Լեռնահայաստանի գոյամարտէն», «Ազատ Սյունիք», «Իմ Պատասխանը», «Լեռնահայաստանի հերոսամարտը», «Ինչու՞ պայքարեց Լեռնահայաստանը», «Խուստուփյան կանչեր» և մի շարք այլ աշխատություններում։ Այդ աշխատությունները առնչվում են կլիմային, լեռնագրությանը, ջրագրությանը և այլն։

«Մահաշունչ ձմեռվա կեսին, երբ քաղցած ու թափառ գայլն անգամ սարսափով էր մոտենում Ղափուջուղին՝ Ղափանի այդ փոքր Մասսին, մենք մեր հոգու կրակով հալեցրինք ձյուները, մեղմացրինք բնության արհավիրքը, բուքն ու բորանը և Գողթան իջանք․․․» (Գարեգին Նժդեհ, Հրամաններ, կոչեր, էջ 417):

«Ասկյուլումի սեպաձև բարձունքը, որպես բնական անառիկ ամրություն, բարձրանում է Օխչի գետի աջ ափին, դեմ հանդիման Սուսան սարին, անցափակելով Զանգեզուրի նախադուռը» (Գարեգին Նժդեհ, Երկեր, էջ 65):

 

 

 

Природа и культура в исследованиях ранне-советского этнографа Алескера Алекперова: карадамы и пиры в Зангезуре

 

Нона Шахназарян, ИАЭ

 

Алескер Казым оглы Алекперов (1895-1938 гг.) – азербайджанский этнограф, археолог и краевед советского периода – в ходе этнографических экспедиций собрал и описал в своих текстах уникальные сведения о Зангезуре (среди прочих регионов советского Азербайджана и Армении). В 1926 году окончил Восточное отделение АзГУ, участвовал в работе Азербайджанского археологического комитета. Ещё студентом Алекперов принимал участие в этнографических и археологических экспедициях под руководством советского лингвиста и археолога И. И. Мещанинова. Некоторые из его текстов были опубликованы, в том числе в одном из номеров журнала «Советская этнография», 1932 г., который не сохранился. Результаты экспедиционных поездок можно реконструировать по публикации «Поездка в Зангезур и Нахкрай. Исследования по археологии и этнографии Азербайджана». Баку, 1960. Алескер Алекперов был рьяным сторонником советской власти, что нисколько не помешало последней подвергнуть его репрессиям, которые стоили ученому самой его жизни. В сохранившихся текстах Алекперова можно найти бесценные материалы о так называемой вернакулярной религиозности и образе жизни; детальные описания предметов материальной культуры жителей Зангезура. Сведения касаются как кувшинных погребений, типичных жилищных построек (карадамов), пиров (камень-дерево-вода), так и традиционных игр, карнавальных празднеств, театра и эпических текстов («Эпос Кероглу»). В своей работе «У айрумов» Алекперов подробно описывает образ жизни, материальную культуру и верования этнофоров-айрумов. В других работах Алекперов касается этнографии курдов Зангезура, репрезентируя социально-классовый срез зангезурских сообществ 1920-х гг.

 

[1] Հաշվի առնելով, որ բնագրում բույսերի գիտական անունները տրված են բազմաթիվ սխալներով կամ բացակայում են, մենք  ուղղել ենք դրանք կամ տալիս ենք դրանց ճիշտ համարժեքները (Ռոման Հովսեփյան)։

Տարի / Year: 
2022