«Թաղման ծեսը ․․․» գիտաժողովի զեկուցումների ամփոփագրերը

Գիտաժողով

Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը

(Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)

 

21-24 մայիս 2018 թ.

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան

http://iae.am/hy/funeral-conf

 

Զեկուցումների ամփոփագրեր

 

 

 

 

1.   Ի՞նչ է Death Studies-ը և ինչո՞ւ է այն մեզ հարկավոր

 

Սմբատ Հակոբյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

smbat.hakobian@gmail.com

 

Մահվան ուսումնասիրությունները, (Death Studies) որը երբեմն նաև անվանում են թանատոլոգիա (Thanatology) միջգիտակարգային պլատոֆորմ է, որտեղ տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ կատարում են ուսումնասիրություններ նվիրված մահվանը առնչվող թեմային։ Այսօր այս ոլորտում ընդգրկված են հիմնականում բժիշկներ, կենսաբաններ, հոգեբաններ, սոցիոլոգներ, մարդաբաններ, փիլիսոփաներ, կրոնագետներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Մահվան ուսումնասիրությունները այսօր հիմանակնում ներկայանում են մի քանի հիմնական ուղություններով՝ 1․ մահացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող մարդկանց խնամքի և նրանք գալիս մահը ավելի դյուրին դարձնելու հետազոտություններ և քաղաքականություն, 2․ հարազատ կամ սիրելի մարդկանց կորցրած անձանց վշտի մեղմում և հոգեբանական աջակցություն, 3․ ինքնասպանությունները, դրանց պատճառները և կանխարգելումը, 4․ մահվան սոցիալական կամ մշակութային ուսումնասիրում, որում հիմնականում կա մարդաբանական, մշակութային շեշտադրում․ այստեղ շատ են թաղման ծեսերի ուսումնասիրությունները, 5․ մահվան ուսումնասիրում պատմական և հնագիտական կտրվածքով, որտեղ բացահայտվում են անցյալում առկա թաղման պրակտիկաները և մահվան հետ կապված մշակութային տարրերը, 6․ կրոնական հավատալիքների և պատկերացումների դերը մահվան պրակտիկաներում, 7․ հանդերձյալ աշխարհի գոյության և մահվանից հետո կյանքի հավատալիքներ և փորձառություններ, 8. մահանալիս և մահանալուց հետո օրգանիզմում կատարվող կենսաբանական փոփոխությունների ուսումնասիրություն և այլն։

Սույն զեկուցման հիմնական նպատակն է ներածության կարգով հայաստանյան գիտական հանրությանը տեղեկացնել մահվան ուսումնասիրությունների այս հիմնական 8 ուղղությունները, ինչպես նաև քննարկել դրանցում առկա հարցադրումներն ու մոտեցումները հայաստանյան իրականության ենթատեքստում և ցույց տալ, թե ինչու են մեզ հարկավոր մասնագետներ մահվան ուսումնասիրություն ոլորտում։

 

 

 

2.   Mortuary Practices, Mythologies, and Identities in the Armenian Highland and Southern Caucasus through the Ages: A Multidisciplinary Overview of the Current State of Research

 

Gregory E. Areshian

American University of Armenia

gareshian@aua.am

 

Mortuary practices are reflections of most complex human perceptions and beliefs. They reveal the intrinsic interconnectedness between myths, rituals, and different important aspects of sociocultural dynamics. Revealing the perceived centrality of passage from the condition of being through the liminality of non-being to the state of other being mortuary practices are deeply symbolic. Cultural anthropology, ethnography, religious studies, archaeology, folklore, historical linguistics, philology, physical paleoanthropology (known in the US as bioarchaeology), art history, psychology – all study only some aspects of the interdisciplinary field of research concerning mortuary practices, failing, nevertheless, most of the time at attempts to create holistic interpretations, which clearly points at the absence of an acceptable general theory and methodology of mortuary studies. It could be argued that the theoretical core for these studies should be occupied by text semiotics augmented by cultural psychology, which should be branching into the aforementioned fields of knowledge by integrating their data and their particular theories.

Although the study of mortuary practices combining archaeological and ethnographic observations were initiated in the Caucasus more than a century ago (e.g. Yervand Lalayan), the imprecision of excavations and deficiencies in documentation of field observations have created serious obstacles for adequate analysis and interpretations. Nevertheless, a number of interrelated topics have been successfully explored, such as the shaping of social elites in the course of the Middle and Late Bronze Age, myths and beliefs regarding death, resurrection, and the world of the dead during the same period, the reflections of cultural interactions in the times of the Urartian Empire, social and, particularly, occupational identities of the deceased, etc. Future explorations should focus on interdisciplinary fieldwork studying entire burial sites in their cultural and natural environments, the broad intraregional and interregional, synchronic and diachronic comparative research, and on the reconstruction of cultural narratives concerning the multidimensional relationships between life and death during different periods of human history.

 

 

 

Թաղման ծեսը նախաքրիստոնեական ժամանակներում

 

 

3.   Funerary landscapes of Armenia: The Adaptation and modelling of its rocky landscape from Neolithic to Medieval times

 

Boris Gasparyan *, Roberto Dan, Priscilla Vitolo, Artur Petrosyan

 Institute of Archaeology and Ethnography

*borisg@virtualarmenia.am

 

Since Armenia is a mountainous country, an important role in worship and religion was played by the inhabitants’ relationship with the mountains. The rocky heights and cavities were chosen as sites for tombs and burial grounds in every age. Naturally formed or artificially shaped rock-cut tombs were often directly connected with places of ritual significance, as in the case of Areni-1 cave and the Agarak rock-cut mausoleum.

Clearly, this implied a close correlation between wine production and rituals related to burial practices. This paper evaluates current knowledge on this topic, presenting and analysing the various sites (caves and cemeteries) in some way related to mountain landscapes, from Neolithic up to the medieval period. The picture delineated shows remarkable continuity, dictated certainly by the natural conformation of the territory, but also by ancient traditions that survived until the modern age.

 

 

 

 

 

 

 

 

 

5.   Վիշապի թաղման ծեսը

(ըստ Տիրինկատարի պեղումների արդյունքների)

 

Արսեն Բոբոխյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

arsenbobokhyan@yahoo.com

 

Արագածի հարավային բարձունքներում է գտնվում Տիրինկատարի սրբազան լանդշաֆտը, որը բնորոշվում է 11 վիշապաքարերով և դրանց հարակից կառույցներով: Ներկա հաղորդումը նվիրված է N 10 վիշապաքարի և դրա համատեքստի մեկնաբանությանը՝ ըստ վերջին տարիների պեղումների արդյունքների:

Հիշյալ վիշապաքարը ծիսական բնույթի յուրահատուկ համալիրի մի մասն է, որի հիմնական տարրերն են չորս կլորավուն կառույցները՝ կրոմլեխները, որոնք համաչափորեն տեղադրված են նույն առանցքի շուրջ. դրանցից երեքի տրամագիծը մոտ 7 մ է, որոնց միջև գտնվող փոքրինը՝ մոտ 4 մ: Կրոմլեխները միացված են միջանցքներով կամ ազատ տարածություններով, որոնք օգտագործվել են նաև որպես ընծայման միջավայրեր: Բոլոր չորս կառույցների միջնամասում դրված էին մշակված քարեր, առաջինում՝ ձկնակերպ վիշապաքար, երկրորդում՝ բոլորակ փոսիկով և ուռուցիկ հատվածով երկու սալաքար, երրորդում՝ պարզապես սալաքար (սակավ մշակման հետքերով), չորրորդում ևս սալաքար: Ուշագրավ է, որ այդ միավորները մի տեսակ «թաղված» են կրոմլեխի տակ, վիշապաքարը՝ մասամբ (դրա վերնամասն իսկզբանե պիտի տեսանելի լիներ), իսկ այլ երեք քարերը՝ ամբողջությամբ:

Այսպիսով, ձևով դամբարանների նմանվող կրոմլեխները, ամենևին էլ մարդկանց թաղումներ չեն, այլ, ամենայն հավանականությամբ, քարերի. դրանցից մեկը վիշապաքարն է: Առկա հնագիտական նյութի և ռադիոածխածնային տվյալների հիման վրա քննարկվող համալիրը թվագրվում է միջին բրոնզի դարով:

Աշխատանքում քննարկվում են նաև վիշապաքարերին (մասնավորապես դրանց լանդշաֆտային ու պատկերագրական առանձնահատկություններին) և թաղման ծեսին առնչվող տարբեր խնդիրներ:

 

 

 

6. Ցլի զոհաբերությունը թաղման ծեսում (ըստ թռեղք-վանաձորյան դամբարանային համալիրների նյութերի)

 

Պավել Ավետիսյան*, Վարդուհի Մելիքյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

pavetisyan@sci.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.   Դիակիզման ծեսը Հայաստանի Հանրապետության տարածքում մթա II – I հազարամյակներում

 

Արամ Գևորգյան, Նվարդ Տիրացյան*

 

*Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

*ntiratsyan@mail.ru

 

Դիակիզման ծեսը ՀՀ տարածքում ի հայտ է գալիս Միջին բրոնզի դարաշրջանից (Վանաձոր, Քարաշամբ, Լոռի բերդ, Առուճ, Ոսկեվազ և այլն), թռեղք-վանաձորյան մշակույթի թաղումներում: Բոլոր դամբարաններն աչքի են ընկնում բարդ կառուցվածքով, շքեղ, հարուստ ու բազմազան գույքով և հաճախ անվանվում են «իշխանական» կամ «արքայական» թաղումներ:

Քարաշամբի դամբարանադաշտի հյոիսիս-արևմտյան և կենտրոնական հատվածներում պեղված միջին բրոնզեդարյան դամբարաններում առկա են ինչպես դիաթաղման, այնպես էլ դիակիզման ծեսերը։ Համար 759 դամբարանը նշանակալիորեն տարբերվում է մյուսներից։ Մ.թ.ա. XVII-XVI դարերով թվագրվող դամբարանում դիակիզված հանգուցյալի մնացորդները տեղադրված են աճյունասափորի մեջ, իսկ գանգը թաղված է առանձին։

ՀՀ տարածքում դիակիզումով թաղումները կրկին ի հայտ են գալիս ուրարտական դարաշրջանում (մ.թ.ա. VIII-VII դդ.), միայն Արարատյան դաշտի տարածքից: Ի տարբերություն միջին բրոնզեդարյան թաղումների, հարստությամբ բավական տարբեր են՝ մի մասը աչքի է ընկնում շատ հարուստ, մյուսները՝ միջին և աղքատ թաղման գույքով: Դրանք բոլորը թաղումներ են աճյունասափորների մեջ, տարբեր տեղադրությամբ՝ ժայռի ծերպերում, հողում, դամբարանում: Թանգարանային ֆոնդերում կան նաև մի շարք չհրատարակված և ցավոք, առանց ուղեկցող գույքի, աճյունասափորներ, գտնված ուրարտական տարբեր հուշարձաններից:

Միջին բրոնզե դարում դիակիզման ի հայտ գալը մասնագետների կողմից բացատրվում է Վաղ բրոնզե դարից հետո տեղի ունեցած կլիմայական, էթնիկական և սոցիալական փոփոխություններով: Իսկ ուրարտական դարաշրջանում այն, մեր կարծիքով, բնորոշ է եղել դրսից եկած էթնիկական մի փոքր խմբի, որն Արարատյան դաշտավայր է բերվել ուրարտական արքաների վարած բնակչության վերաբնակեցման քաղաքականության արդյունքում:

 

 

 

8.   Թաղման ծեսը մեկնաբանելու հարցի շուրջ

(ըստ Հայկական լեռնաշխարհի բրոնզ-երկաթեդարյան դամբարանների նյութերի)

 

Գարեգին Թումանյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

gstumanyan@gmail.com

 

Թաղման ծեսի սույն մեկնաբանության հիմքում ընկած են Հայկական լեռնաշխարհի բրոնզ-երկաթեդարյան դամբարանների ուսումնասիրությունների արդյունքները: Թաղման ծեսը մահը հաղթահարելուն ուղղված յուրատեսակ գործելաձև է: Դրանում արտահայտվում են ննջեցյալի հանդեպ գթության, սիրո և հարգանքի զգացումները՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ երկյուղը մահացածից և դիակի նկատմամբ տածած գարշանքը: Հանգուցյալի նկատմամբ մերձավորների վերաբերմունքի երկարժեքությունն արտահայտվում է մահացածի նկատմամբ միաժամանակ վախի բացակայությամբ ու երկյուղով, զուգապես մեռյալի հարությանը նպաստելու և նրա վերադարձն արգելելու մտահոգությամբ ու այլ հակադրություններով: Այս երկյակ հակադրությունների համակարգում, այնուամենայնիվ, գերակշռող է հանգուցյալի հանդեպ դրական վերաբերմունքը, նրա վերածննդին նպաստելու ձգտումը: Թաղման ծեսն իր հիմնավոր տեղն ունի մարդու կյանքի շրջադարձային պահերին  իրականացվող և դրա մի փուլից մյուսին անցումը նշանավորող և ամրագրող ծեսերի շարքում, որոնք կոչված են վերականգնելու խախտված հավասարակշռությունը: Հուղարկավորման ծեսի միջոցով հասարակությունը վավերացնում է մարդու անցումը որակական մի վիճակից մեկ այլ վիճակի: Ծեսի մասին խոսելիս հարկ է նաև հաշվի առնել, որ յուրաքանչյուր դիցաբանական մտածողություն, ամեն մի ծես՝ զգայական փորձի փոխակերպումն է նշանային համակարգի միջոցով, որի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է մահվան մասին հին պատկերացումների պարզաբանման տեսանկյունից: Թաղման ծեսի հնագիտական և ազգագրական հետազոտությունները լրացնում են միմյանց: Ազգաբանները հիմնականում ուշադրություն են դարձնում ծիսական գործողություններին, իսկ հնագետներն առավելագույն տեղեկատվություն կարող են ստանալ թաղման կառույցների և գույքի վերաբերյալ: Անկախ այն հանգամանքից, թե ինչ կերպ կմեկնաբանվի թաղման ծեսը, այն միջգիտակարգային ուսումնասիրության առարկա է և չի կարող լրիվ վերականգնվել ավանդական հնագիտության շրջանակներում:  Միավորելով գիտության տարբեր  ճյուղերում ներդրվող միասնական ջանքերը, ամենայն հավանականությամբ, կարելի է հասնել թաղման ծեսի համակողմանի վերակազմությանը:

 

 

 

9.   Անվավոր փոխադրամիջոցներն ուշ բրոնզեդարյան թաղման ծիսակարգում (մթա XVI-XIIIդդ)

 

Բենիկ Վարդանյան

Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութեր համալսարան

vbenik@yahoo.com

 

Հին Հայաստանի ուշ բրոնզի դարաշրջանի մի շարք դամբանաբլուրներում (Ներքին Գետաշեն-17, Խանլար-150, Լճաշեն-1, 2, 3, 5, 6, 8, 9, 10, 11, 97, 110, 136, Քեթի-21, Շիրակավան-44, Լոռի Բերդ-7,Վերին Նավեր-15, Ղարաջամիրլի-5, Սաֆար-Խարաբա, Բերիկլբեդի-4, Դոիլաուրի, Նովայա ՈՒլյանովկա-2, Պախրալո-1) փաստագրվել են անվավոր փոխադրամիջոցների ուղեկցությամբ թաղումներ: Ուշ բրոնզի դարի փոխադրամիջոցներով թաղումների սոցիալ-ժողովրդագրական և հնամշակութային հարցերի ուսումնասիրությունը միշտ փոխարինվել է ուղեկցող գույքի և փոխադրամիջոցների համեմատական և կառուցվածքային ուսումնասիրությամբ: Ուսումնասիրության այդ բացը լրացնելու նպատակով, քննվել են աճյունի հետ վարման եղանակի, զենքի, գույքի տեսականու և դամբանադաշտում մյուս թաղումների միջև հարաբերակցությունը, միջմշակութային կապերը, թվագրության և այլ հարցեր։ Լճաշենի մեծ դամբանաբլուրներն ի տարբերություն հյուսիս-արևելք հարավ-արևմուտք ուղղված շարքային դամբանների, ունեն հստակ արևելք-արևմուտք կողմորոշում, ինչը, կարծում ենք, տվյալ համայնքում իրենց սոցիալական առանձնաշնորհ դիրքը ընդգծելու ևս մեկ նշան էր։ Այս դամբաններում թաղված անհատների՝ համայնքի սոցիալական լանդշաֆտում վերնախավին պատկանելության մասին են վկայում իշխանության այնպիսի խորհրդանշանների առկայությունը, ինչպիսիք են կնիքները (միտանիական, բաբելոնյան տեղական/«իրանական-տեղական»), աղեղներ, առաջավորասիական սանձեր, գոտիներ, զարդարանքի ներկրված մանրամասներ ևն: Քննվող դամբանները համեմատելով Ուրի, Քիշի, Սուզայի արքայական այն թաղումների հետ, որտեղ անվավոր փոխադրամիջոցների հետ նույն դամբաններում դրվել են նաև կնիքներ, կարծում ենք, որ քննվող դամբաններում թաղված անհատները եղել են ասորա-էլամական «արքաներին» տիպաբանորեն հավասազոր կերպարներ, սակայն տարածաշրջանում ունենալով ներքին աստիճանակարգ:

 

 

 

10.   Շարժումը և դադարը թաղման ծեսում

 

Հայկ Ավետիսյան, Արտակ Գնունի, Նատալիա Ավետիսյան, Լևոն Մկրտչյան, Արսեն Բոբոխյան*

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

arsenbobokhyan@yahoo.com

 

Իրական աշխարհից հանդերձյալ աշխարհ մարդու «տեղափոխման» գործընթացը իրավիճակների և գործողությունների միասնություն է, որն առնչվում է ինչպես հանգուցյալին, այնպես էլ նրան ուղեկցող անձանց վարքագծին: Սա շարժման (դինամիկ) և դադարի (ստատիկ) հաջորդական ու փոխկապակցված մի ընթացք է, որը կոչված է ապահովելու մեռյալների և կենդանիների ներդաշնակ փոխհարաբերությունը:

Դադարի իրավիճակներից նախնականը մահվան փաստի արձանագրումն է: Հենց այս պահից էլ սկսվում է առաջին շարժումային գործողությունը՝ հանգուցյալին դամբարանադաշտ ուղեկցելը: Այս ճանապարհի սկիզբը կարող է լինել ինչպես հանգուցյալի երկրային կացարանը, այնպես էլ օրինակ՝ ամրոցի/բնակավայրի դարպասը, որից այն կողմ տեղադրված է դամբարանադաշտը: Դեպի դամբարանադաշտ է տանում ճանապարհը (հմմտ.՝ բնակավայրից դամբարանադաշտ տանող ճանապարհը Շամիրամում), որն ավարտվում է դամբարանադաշտի տարածքը ուղենշող կետում (հմմտ.՝ դամբարանադաշտի պարիսպը Բերդիկում, ցանկապատը՝ Կապանում, զոհասեղանները՝ Ծիծեռնավանքում և Շամիրամում):

Այս սահմանը նշանավորում է երկրորդ ստատիկ իրավիճակը, որտեղից սկսվում է ճանապարհը դեպի դամբարանային կառույց (հմմտ.՝ Թռեղքի, Քարաշամբի, Թալինի, Հայթաղի ճանապարհները): Նույն ճանապարհի տրամաբանական շարունակությունն է դրոմոսը:

Թաղման կառույցն ընդհանրապես և թաղման խուցը մասնավորապես ծիսակարգի երրորդ ստատիկ իրավիճակն են նշանավորում, ինչը սկզբնակետ է հաջորդ ճանապարհի համար, որն այս անգամ հանգուցյալին ուղեկցում է անդրաշխարհ: Այս ճանապարհորդությունը նախապատրաստվում է մի շարք գործողություններով (մարմնի հետ կատարվող գործողություններ, զոհաբերություններ, գույքի տեղադրում): Ապա հաստատվում է վերջնական ստատիկ իրավիճակը, ինչն ուղեկցվում է դամբարանի կառուցմամբ, կոթողների տեղադրմամբ, դրոմոսի փակմամբ, հոգեհացով:

Ներկայացվող զեկուցումը նպատակ ունի վերակազմել նկարագրված գործընթացը՝ Հայաստանի բրոնզ-երկաթեդարյան հնագիտական նյութի հետազոտության օրինակով:

 

 

 

11.   Սևանի ավազանի խմբային թաղումների ֆենոմենը

 

Ռուզան Մկրտչյան*, Աշոտ Փիլիպոսյան, Հասմիկ Սիմոնյան

 

*Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության ամբիոն

*ruzantrop55@mail.ru

 

Հնագետ Ա․ Փիլիպոսյանի կողմից պեղված Մռթբի-ձորի երկաթեդարյան դամբարանները ժամանակին մեկնաբանվել են որպես միաժամանակյա ակտով իրագործած որոշակի ազգակցական կապ ունեցող մարդկանց թաղումներ, որի համար հիմք է ծառայել հինգ դամբարաններից յուրաքանչյուրից հայտնաբերված անհատների ձևաբանական նմանությունը ըստ գանգաբանական հատկանիշների։ Նման մոտեցումը հանդիսանում է «նմանությունը ազգակցականություն չէ» ժամանակակից հնամարդաբանության ոլորտում բավականին տարածում գտած ընդդիմախոսությանը։

Սույն զեկույցում կներկայացվի Մռթբի-ձորի և Քանագեղի խմբային թաղումների գանգաբանական հավաքածուների կոմպոնենտային մեթոդով իրագործած վիճակագրական հետազոտությունը, որի արդյունքում վերը նշված հուշարձանների առանձին 7 դամբարանային համալիրներից հավաքագրված գանգաբանական ընտրույթները խմբավորվում են ըստ գանգասկավառակի, դիմային կմախքի և ակնակապիճային հատվածների ձևաբանական նմանության, որը ավելի հստակ է արտահայտված տղամարդկանց մոտ։ Այս փաստերը ամրակայվում են նույն գանգաբանական ընտրույթների ատամնաախտաբանական և գանգասկոպիական հատկանիշների կենտրոնացմամբ՝ ըստ առանձին դամբարանային համալիրների։

Ուստի Սևանի ավազանի երկաթեդարյան միաժամանակյա ակտով իրագործած թաղումների ազգակցական բնույթը գտնում է իր նոր ապացույցները։

 

 

12.   Մեծամորի վերաթաղումներ պարունակող դամբարանաբլուրները

 

Աշոտ Փիլիպոսյան*, Արտավազդ Զաքյան, Հասմիկ Սիմոնյան, Մատեուշ Իսկրա

*«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

*piliposyan@yahoo.com

 

Մինչև օրս Մեծամորում իրականացված պեղումների արդյունքում բացվել են 19 դամբանաբլուրներ, որոնք, ընդհանուր առմամբ, վերաբերում են Միջին բրոնզի III փուլի (մ.թ.ա. XVIII-XVI դդ.), Ուշ բրոնզի (մ.թ.ա. XV-XII դդ.), Վաղ Երկաթի (մ.թ.ա. XII-IX դդ.) և Երկաթի զարգացած փուլի (մ.թ.ա. IX-VII դդ.) ժամանակներին: Դատելով պեղված նյութերի համախմբից, դրանցում իրականացվել են տեղի հասարակության  սոցիալական ամենաբարձր կարգավիճակ ունեցող ներկայացուցիչների թաղումներ: Ժամանակի ընթացքում վերջիններիս դամբանախցերը վերաօգտագործվել են երկրորդ և/կամ երրորդ թաղման համար: Չի բացառվում, որ վերաթաղումներն ուղեկցվել են նաև նախորդ թաղումների հարուստ գույքակազմի մի մասի թալանով: Սա է պատճառը, որ դամբանախցերում ուղեկցող բազմատեսակ հնագիտական գույքը, ինչպես նաև կենդանաբանական ու մարդաբանական տարաժամանակյա նյութերը պահպանվել են հիմնականում ոչ ամբողջական, բեկորային, խառնիխուռն վիճակում: Ըստ պեղված հնագիտական նյութերի, երջանկահիշատակ Է. Խանզադյանի թողած օրագրերի, գծագրերի և լուսանկարների, ինչպես նաև տարածաշրջանի այլ  հուշարձանների համաժամանակյա զուգահեռների, հնարավոր է դառնում մոտավորապես վերակազմել դամբանախցերի ներքին դասավորությունը, հնարավորինս բացահայտել շերտագրական իրավիճակները, պարզել հանգուցյալների սեռատարիքային կազմը, զոհաբերված կենդանիների տեղադրությունը խցում և դրանցից յուրաքանչյուրի պատկանելիությունը կոնկրետ շերտագրական հորիզոնին: Պեղված նյութի համակողմանի վերլուծությունները հնարավորություն են ընձեռում իրականացնելու նաև որոշ սոցիալմշակութային վերակազմություններ:

Վերը նշվածն ավելի է ամբողջանում հայ-լեհական միջազգային արշավախմբի աշխատանքների արդյունքում բացված երկու դամբանաբլուրների (թիվ XVIII և թիվ XIX) փաստագրման ժամանակակից մեթոդների կիրառմամբ իրականացված համալիր ուսումնասիրություններով:

 

 

 

13.   Սեռորոշիչ ցուցիչներ թաղման ծեսում

 

Համազասպ Խաչատրյան

Շիրակի երկրագիտական թանգարան

smuseum@web.am

 

2013թ. Ջրափիի թիվ 2 դամբարանում ծածկասալերի տակ հայտնաբերվեցին   մեկ ձձում, մեծ, ակնհայտ մշակված սլաքաձեվ սալ որի վրա դրված էր նույնպես քարից պատրաստված կտեիս:  Դրանք հեռացնելուց հետո հայտնաբերվեցին մեկ կնոջ եվ մեկ տղամարդու գրկախառնված կմախքներ:

2017թ. Ազատանի թիվ մեկ դամբարանի թաղման խցում կմախք չկար:  Խցից հայտնաբերվեցին 5 կավանոթներ եվ քարից պատրաստված մեկ փոքրիկ կտեիս, որը ասես հուշում էր, որ դամբարանը նախատեսված է եղել կնոջ թաղման համար: 2 դամբարաններն էլ թվագրվում են վաղ երկաթի ժամանակաշրջանով:

Դամբարաններում թաղվածների սեռորոշիչ նման ցուցիչների կիրառումը առանձին ուսումնասիրության խնդիր է եվ լիարժեք մեկնաբանության համար անհրաժեշտ է համանման փաստերի կուտակում եվ դասակարգում: Հնարավոր է այս երեվույթը ընկած է հետագայում կանանց եվ տղամարդկանց գերեզմանների վրա տարբեր կոթողներ կամ արձաններ տեղադրելու պրակտիկայի հիմքում:

 

 

 

Զոհի գլխի թաղման ծեսը հնագիտական և ազգագրական համատեքստը

 

Լարիսա Եգանյան

larisayeganyan@gmail.com

 

Մարդու աճյունի հետ զոհաբերված կենդանու՝ ձիու, խոշոր եւ մանր եղջերավոր անասունների, շան, նաև մարդու գլուխ թաղելու բազմաթիվ փաստուﬓեր կան Հայաստանի հնագիտական հուշարձաններում: Զոհի կենդանու գլխի ծեսը վաղ բրոնզից սկսած հանդիպում է հնդեվրոպական ﬕ շարք մշակույթներում:

Հոգեհացի զոհաբերությունները մարդկանց եւ աստվածների համատեղ խրախճանք էին, ձոն էին աստվածներին եւ հանգուցյալի հոգուն: Զոհի գլուխը աստվածության բաժինն էր:

Զոհ մատուցված մարդու և կենդանու ծիսական ու դիցաբանական գործառույթների հենքում ընկած են բազմաշերտ պատկերացուﬓեր, որոնք արտացոլում են զոհաբերություն-ճաշկերույթ-խրախճանք իրողության դրսևորուﬓերը թաղման ծեսում:

Ազգագրական նյութերում զոհածեսի արձագանքները ժողովրդական տոնախմբություններին կատարվող մրցուﬓերում և խաղերում են:

Հնագիտական փաստուﬓերի, գրավոր աղբյուրների ու ազգագրական վկայություն ների համադրուﬓերը բացահայտում են տեղաբնիկ ցեղերին բնորոշ ծեսի հնդեվրոպական ակունքներից սերված լինելը:

 

 

 

 

 

 

 

 

14.   Մարդկանց շարային երթը որպես հնագույն ծեսի մշակված արար

 

Աշոտ Փիլիպոսյան

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

piliposyan@yahoo.com

 

Բրոնզի – երկաթի պարբերաշրջանների արարողակարգերին անդրադառնալիս, աչքի է զարնում այն հանգամանքը, որ վերոնշյալ տարաբնույթ գործողությունների մեջ որոշակի (և թերևս ոչ դրվագային) տեղ ունեն նույն տարիքի (սերնդի), սեռի և կարգավիճակի մարդկանց միաժամանակյա, համաքայլ և միաձև (սինխրոն) շարժումների կատարումը, ինչն այն ժամանակ, ըստ ամենայնի, կոնկրետ ծեսի (և/կամ ծեսերի) մաս է կազմել: Դատելով ձեռքի տակ առկա հնագիտական նյութերից, այս երևույթը շատ հին արմատներ ունի և պահպանվել է տարբեր տարածաշրջանների ժայռապատկերներում, բրոնզի-երկաթի դարերի կիրառական ու դեկորատիվ արվեստի իրերի վրա արված տեսարաններում, իշխանության և կարգավիճակի խորհրդանիշ հանդիսացող հին կնիքների դաջվածքներում, պերճանքի առարկաների ու կախիկների վրա և այլուր: Համաձայն վերոնշյալ հնագիտական նյութերի փաստացի տեղեկատվության, տարաբնույթ ծեսերի ժամանակ նման երթերն իրականացվել են.

•  որսի նախապատրաստման և կազմակերպման,

•  Հին և Նոր Տարվան ձոնված արարողությունների,

•  մարտական երթի կամ արշավանքի,

•  թաղման ծեսի կոնկրետ արարի և այլ դեպքերում:

Ըստ որում, ամեն մի կոնկրետ դեպքում, իրականացնողները՝

ա) հասուն տարիքի և նույն կարգավիճակի միայն տղամարդիկ են,

բ) հասուն տարիքի և նույն կարգավիճակի միայն կանայք,

գ) հասուն տարիքի և նույն կարգավիճակի տղամարդկանց ու կանանց խառը խմբեր:

Այս խնդիրների վերհանմանը, իմաստավորմանն ու մեկնաբանմանն էլ նվիրված է ներկայացվելիք զեկուցումը:

 

 

15.   Հավերժության տանող երկու ուղիների և ֆալլոսաձև կոթողների շուրջ

 

Սիմոն Հմայակյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

s.hmayakyan@gmail.com

 

Դեպի հավերժություն տանող առաջին ուղու մասին տվյալներ կան Գիլգամեշի մասին ասքում, այն է՝ ընտանիք և զավակներ: Արևելյան բռնապետական տերությունների ձևավորմանը զուգահեռ տաղանդավոր պատանիներին, որոնք ծառայելու էին պալատում ամորձատում էին (օր., Ռուսախինիլիի պալատական անձնակազմը մեծ մասամբ կազմված էր ներքինիներից): Զրկվելով սերունդ ունենալու հնարավորությունից այս շնորհալի մարդիկ ընտրում էին կյանքն իմաստավորելու այլ ճանապարհ, որը տանում էր դեպի մարդու գոյության բարոյական հիմքերի փնտրտուք, մի կողմից, և Ատտիսի պաշտամունքի վերլուծությանը՝ մյուս: Սա հանգեցրեց փրկիչ աստծո գաղափարին, որի էության հետ առնչությունը (հոգևոր միաձուլումը) հավերժության տանող մեկ այլ ուղի էր:  Համաձայն Կ. Գ. Յունգի, ենթադրվում էր, որ աստվածային էությունը կարելի է ըմբռնել անբասրի սիրով՝ մերժելով սեփական բանականությունը և կամ միայն անբասիր բանականությամբ մերժելով զգայականը՝ ինքնախեղմամբ (պենէկտոմիա), հրաժարվելով հայրությունից: Այպիսով, բացառված չէ, որ ֆալլոսաձև կոթողը, բացի հայտնի մեկնաբանություններից, առնչվել է նաև Ատիիսի պաշտամունքի հետ և այս մեծ զոհաբերության խորհրդանշանն է: Հայաստանում այն առնչվել է նաև թաղման ծիսակարգի հետ:      

 

 

 

 

 

16.   Shaping the mountains: an evaluation of Urartian rock-cut architecture in Armenia in the light of past and recent discoveries

 

Roberto Dan *, Artur Petrosyan, Priscilla Vitolo, Boris Gasparyan

* ISMEO - Associazione Internazionale di Studi sul Mediterraneo e l’Oriente

*roberto_dan@hotmail.it

 

Rock-cut architecture is undoubtedly one of the most important and distinctive features of the Urartian culture (9th-7th century BC). The need to develop skills in stone-working was clearly dictated by the conformation of the territories over which the Urartian state spread. In fact almost all the areas under their control were characterised by the presence of mountains, an element that strongly influenced their culture and architecture, including the funerary and cultic landscape. Over the years, many different types of rock-cut construction have been attributed to Urartian workmanship (rock-cut tombs and mausoleums, terraces, Treppentunnel, rock-cut channels, cisterns etc.). The territory of modern-day Armenia was considered to be largely exempt from this phenomenon, due to the general belief that this kind of architecture was scarce in the country, compared to that known in eastern Turkey and north-west Iran. However, this situation was due to the absence of systematic investigations. This paper presents a synopsis of the current state of our knowledge of this issue, re-evaluating past sites and introducing new discoveries that give a much more varied and complex picture concerning Armenia’s rock-cut funerary structures. Methodological and chronological problems concerning this topic are also discussed and the rock-cut chambers of Armenia are assessed, taking into account similar structures discovered in other areas of Urartu.

 

 

 

 

 

 

 

17.   Թեյշեբաինիի թաղման ծեսը

 

Հակոբ Սիմոնյան
ՀՀ մշակույթի նախարարություն Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

haksimon@gmail.com

 

2013-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը /ղեկ. Հակոբ Սիմոնյան/ պեղումներ իրականացրեց Թեյշեբաինի /Կարմիր Բլուր/ քաղաքի նորահայտ դամբարանադաշտում: Պեղել ենք շուրջ 280 դամբարան, որոնց ճնշող մեծամասնությունը պատկանում է Ք.ա. 7-րդ դարերին և ժամանակակից է ուրարտական քաղաքին: Դամբարանները կառուցված են բացառիկ խտությամբ՝ միջին հաշվով յուրաքանչյուր 6 ք.մ-ում մեկ դամբարան: Փաստվել են ինչպես կանանց և տղամարդկանց, այնպես էլ մանուկների, այդ թվում նորածինների դամբարաններ: Որոշ դամբարաններում թաղվածների թիվը հասնում է երեսունի: Կանանց թաղել են ձախ, տղամարդկան աջ կողքի վրա պառկած դիրքով: Տարածված է եղել նաև դեկապիտացիայի և դեկառնացիայի ծեսը, որոնք հիմականում կիրառվել են զոհաբերված ստրուկների և ծառաների դեպքում:

Գրեթե բոլոր դամբարաններն էլ շրջափակված էին ինքնատիպ կրոմլեխներով՝ օղակաձև խրամատներով, որոնց մեջ կավաշաղախով ամրացրել էին մանր գետաքարեր: Դամբարանները հիմնականում հիմնահողային են՝ պատերի ստորին մասերում խորշերով: Կան նաև գետաքարերից և ճեղքած տուֆից կառուցված պատերով ընդարձակ դամբանասրահներ, որոնք պատկանել են վերնախավին: Փաստագրվել են դեպքեր, երբ նոր կառուցված կրոմլեխները ավերել են ավելի վաղ դամբարանների կրոմլեխները: Սա դամբարանների կառուցման փուլերի՝ «շերտագրության» բացահայտման հիմք է: Որոշ դեպքերում մենք ունենք միմյանց հետ խաչվող 5-6 կրոմլեխ: Նկատի ունենալով այն փաստը, որ Թեյշեբաինի քաղաքը հիմնել է Ռուսա 2-րդը և այն, որ այն կործանվել է Ք.ա. 6-րդ դ. սկզբին, այսինքն Թեյշեբաինի քաղաքը և նրա դամբարանադաշտը գոյատևել են առավավեգույնս 70-80 տարի, ապա կարող ենք փաստել, որ միմյանց ժամանակագրորեն հաջորդող դամբարաններն իրարից զատված են ընդամենը մեկ-երկու տասնամյակով: Սա դամբարանային համալիրների գրեթե բացարձակ թվագրության բացառիկ իրավիճակ է:

 

 

 

18.   Մեծամորի քաղաքային թաղամասի որոշ հատվածները որպես թաղման տարածք հետուրարտական շրջանում

 

Արտավազդ Զաքյան*, Հասմիկ Սիմոնյան, Մատեուշ Իսկրա, Օտտո Բագգի, Մենուա Գևորգյան, Տատիանա Ադամովսկա, Էլիզաբեթ Բաստիան

*«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

*artavazdzaqyan@gmail.com

 

Մեծամորի միջնաբերդի հյուսիսային պարիսպներից դուրս, ընդարձակ հրվանդանի վրա, հայ-լեհական միջազգային արշավախմբի կատարած պեղումների արդյունքում բացված հնագիտական շերտագրական միավորների, կառույցների, դրանց մնացորդների մշակված հատակագծային ամբողջությամբ հանդես գալու փաստը, ինչպես նաև պարսպաշարի անմիջական հարևանությունը թույլ է տալիս տվյալ տարածքը դիտարկել որպես քաղաքային թաղամաս: Այստեղ բացված կառույցների պատերը, դրանց անկյունային հատվածները հարմարեցվել են տարաժամանակյա թաղումների համար: Վերջիններս իրականացված են դիադրման եղանակով` կմախքների անատոմիական անխաթար դիրքով և համապատասխան ուղեկցող գույքով: Պեղված շուրջ 500 մ2 տարածքն առանձնանում է մշակութային և շինարարական մի քանի հորիզոններով, որոնցում փաստագրվել են հրդեհի, ավերումների, վերակառուցումների,  ինչպես նաև կառույցներից ազատ տարածքներում հարթեցումների դեպքեր: Քաղաքային թաղամասում, վերը նշված կառույցներից ազատ տարածքներում կանոնիկ թաղումներից զատ, բացվել են նաև մարդկային կմախքների հողով աստիճանաբար ծածկված մասունքներ, որոնց «թաղման» գործընթացը եղել է տևական:

Մեծամորի քաղաքային թաղամասի որոշ հատվածների, որպես թաղման տարածք օգտագործելը` արդյունք էր տվյալ ժամանակահատվածի ռազմաքաղաքական և սոցիալմշակութային կոնկրետ գործընթացների, որոնց համակողմանի և համակարգված ուսումնասիրության տվյալների համադրումը համաժամանակյա հարակից հուշարձանների ընձեռած նյութերին, հնարավորություն է ընձեռում մասամբ վերականգնելու տարածաշրջանի  մ.թ.ա. I հազ. երկրորդ կեսի պատմական համայնապատկերը:

 

 

 

20.   Բույսերը Հայաստանի տարածքի նախաքրիստոնեական ժամանակների թաղումներում

 

Ռոման Հովսեփյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

roman.hovsepyan@iae.am

 

Տարբեր ծրագրերի և գիտարշավների շրջանակներում 2003-2017 թթ․ մեր կողմից հնաբուսաբանական հետազոտության են ենթարկվել քանի տասնյակ՝ տարբեր դարաշրջանների և մշակույթների պատկանող թաղումներ՝ նորքարեդարից մինչև միջնադար (բրոնզեդարյան դամբարանների գերակշռմամբ): Բուսական մնացորդների պահպանվածությունը թաղումային իրավիճակներում ընդհանուր առմամբ խիստ անբավարար է․ լոկ հատուկենտ թաղումների և այն էլ դրանց եզակի իրավիճակներում է հնարավոր եղել հայտնաբերել բուսական մակրոսկոպիկ մնացորդներ: Թաղումների պեղումներից հայտնաբերված անոթներում երբեմն առկա են կենդանիների որոշակի մարմնամասերի ոսկրեր և երբեմն նաև մշակաբույսերի հատուկենտ մնացորդներ, որոնք մեկնաբանվում են որպես անոթներում եղած սննդի մնացորդներ: Հետազոտված թաղումային իրավիճակներից հայտնաբերված բուսական մնացորդները սովորաբար ներկայացված են հացահատիկեղենով և դրանում հանդիպող հացաբույսերի ցանքերն աղտոտող մոլախոտերի սերմերով: Ընդ որում, առավել հաճախ են հացահատիկների կիսաքայքայված բեկորները, որոնք պահպանման անբարենպաստ պայմաններից բացի, կարող են վկայել մինչև պեղածոյացման գործընթացների սկիզբը մեխանիկական և ջերմային մշակման ենթարկված լինելու մասին․ այլ կերպ ասած՝ հնարավոր է, որ գործ ունենք ծեծած և-կամ եփած հացահատիկեղենով պատրաստած սննդի, հնարավոր է շիլայանման ուտեստի հետ: Ընդ որում այդ «շիլան» արձանագրվում է և՛ ոսկրերի, այսինքն՝ մսի հետ, և՛ առանց դրա (կամ անոսկոր միս է եղել, որը չի պահպանվել): Ածխացած հացահատիկների մնացորդների ուսումնասիրությունը թույլ է տվել արձանագրել երեք տեսակի մշակովի հացաբույսեր․ փափուկ ցորեն (Triticum aestivum), թեփուկավոր գարի (Hordeum vulgare) և երբեմն նաև հաճար (Triticum dicoccum): Այս երեք հացազգիները մեր տարածաշրջանում դեռևս երկրագործության հիմնադրման ամենասկզբից ամենաշատ տարածված և օգտագործվող մշակաբույսերն են: Դրանդ նաև այն նույն հացաբույսերն են, որոնք մինչև մեր օրերը (փափուկ ցորենը և հաճարը) կամ գրեթե մինչև մեր օրերը (գարին՝ հիմնականում մյուս երկու հացազգիների բացակայության դեպքերում) օգտագործվում են հոգեհացի ուտեստների պատրաստության համար:

 

 

 

21.   Գինին թաղման ծեսում

 

Բորիս Գասպարյան*, Սուրեն Հոբոսյան, Արսեն Բոբոխյան, Արթուր Պետրոսյան, Անահիտ Խուդավերդյան

*Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

borisg@virtualarmenia.am

 

Թաղման ծեսում գինու «դերակատարությանը» վերաբերող հետաքրքիր փաստեր են արձանագրվել վերջին տարիներին մի շարք հնագիտական հուշարձաններում իրականացված պեղումների արդյունքում (Վայոց Ձորի մարզի Արենի-1 քարայր, Աղավնաձորի դամբարանադաշտ, Լոռու մարզի Շնող գյուղի շրջակա «Բաղերի ճալա» և «Բարձրյալ» հնավայրեր ու Թեղուտ գյուղի տարածք և այլն), որոնք վերաբերում են Ք.ա. IV-I հազարամյակներին (էնեոլիթից վաղ երկաթի դարեր):

Այս փաստերի համադումը ազգագրական տվյալների հետ ցույց է տալիս, որ գինին հնուց ի վեր կարևորագույն նշանակություն է ունեցել աշխարհիկ և հոգևոր ծիսական արարողությունների ժամանակ, հեղվել է որպես աստվածներին և ննջեցյալների հոգիներին անարյուն զոհ մատուցելու խորհրդանիշ: Թերևս սա է պատճառը, որ դեռևս հնագույն ժամանակներից (առնվազն էնեոլիթից) գինին նույնացվում է արյան հետ: Այս հնավանդ սովորությունները մասամբ պահպանվում են նաև մեր ժամանակներում:

Արձանագրված փաստերը գալիս են նաև հաստատելու, որ հնդեվրոպական մի շարք ժողովուրդների (խեթեր, հույներ, հռոմեացիներ և այլն) ավանդույթներում գինու հեղման ծիսակարգը կայուն զուգահեռներ ունի հայկականի հետ:

 

 

 

Թաղման ծեսը քրիստոնեական ժամանակներում

 

 

22.   Խաչքարը որպես մահարձան. վերածնող բանաձևի խաչքարային տարբերակը

 

Լևոն Աբրահամյան, Արա Դեմիրխանյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

 

Խաչքարերը կանոնավոր մահարձանի դեր են ստանձնում այդ կոթողային ժանրի ծագումից մոտ երեք դար հետո` 12-րդ դարի երկրորդ կեսից: Զեկուցման մեջ փորձ է արվելու ցույց տալ, ինչքանով է այդ ֆունկցիոնալ տեղաշարժը պայմանավորված խաչքարի հորինվածքում առկա «ծննդաբեր» եռամաս հայելակերպ-սիմետրիկ բանաձևով: Ըստ առաջարկվող մոտեցման, խաչքարի հորինվածքում իմաստաբանական շեշտը դրվում է ոչ թե խաչի վրա (ինչպես, օրինակ, մեկնաբանություններում, համաձայն որոնց խաչը հաղթում է հեթանոսական կամ մահմեդական խորհրդանշանները), այլ «ծնող մոդելի»` սիմետրիկ «թևերի» և իրենց կենտրոնում գտնվող վարդյակի և եռանկյունաձև աստիճանակիր «գողգոթաների» վրա: Համեմատություն է արվում նման վիզուալ «ծնող բանաձևերի» վաղ օրինակների` առանձնապես կուր-արաքսյան նմանատիպ պատկերների, հետ: Խաչը, փաստորեն, այդ բանաձևի քրիստոնեական երանգ ստացած մասնավոր դրսևորումն է: Առաջարկվող մեկնաբանությունը նաև հնարավորություն է տալիս նոր իմաստային շերտեր բացահայտել տապանաքարերի որոշ պատկերներում:

 

 

 

 

 

 

 

 

23.   Լուսավորության միջոցները թաղման ծեսում

 

Դիաննա Միրիջանյան*, Արման Նալբանդյան

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

*dianamirijanyan@gmail.com

 

Թաղման կառույցներում հանդիպող ամեն մի առարկա ունի իր  նշանակությունն ու խորհուրդը, որոնք ժամանակի ընթացքում,  իհարկե կրում են բովանդակային փոփոխություններ: Դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկություններ են հաղորդում նաև հնագիտական, ազգագրական և մատենագրական աղբյուրները: Պարունակելով տեղեկատվական մեծ նյութ, այնուամենայնիվ, թաղման ծեսում հանդիպող մի շարք իրերի առկայության փաստը մինչ օրս մնում է քիչ ուսումնասիրված: 

Զեկուցումը նվիրված է տարբեր դարաշրջաններում թաղման ծեսում լուսավորության միջոցների կիրառության խնդրին: Թեմայի շրջանակներում խնդիր է դրվում բացահայտել ժամանակի ընթացքում դրանց կրած իմաստաբանական փոփոխությունները:

Մինչ քրիստոնեության հաստատումը Հայաստանի տարբեր դարաշրջանների թաղման կառույցներում դրվում էին տարաբնույթ առարկաններ (անոթներ, զենքեր, զարդեր), որոնց թվում և ճրագներ: Ըստ հավատալիքների` հանգուցյալները դրանք օգտագործելու էին հանդերձյալ կյանքում: Քրիստոնեական ուսմունքը փոխեց մահից հետո այլ աշխարհի մասին պատկերացումները, ըստ որոնց Աստծո առաջ հավասար են բոլորը` անկախ իրենց սոցիալական դիրքից ու կարողությունից:

Սակայն որոշ առարկաններ շարունակեցին մնալ քրիստոնեական թաղման ծեսում,  իհարկե կրելով իմաստաբանական փոփոխություններ: Դրանցից են լուսավորության միջոցները, մասնավորապես ճրագները, որոնք թաղման կառույցներում հայտնվում են դեռևս մ.թ.ա 8-րդ դարից, առավել լայնորեն տարածվում հելլենիստական ժամանակաշրջանում և շարունակվում մինչև վաղ միջնադար:

 

 

 

24.   Մասունքավորումը և դամբարան-մասունքարանները հայ վաղքրիստոնեական մշակույթում

 

Համլետ Պետրոսյան

Երևանի պետական համալսարան

hpetrosy@gmail.com

 

Հոգու փրկության միջոցով անմահություն ստանալու քրիստոնեական հիմնագաղափարը, որը հակադրվում և մերժում էր մինչ և ոչ քրիստոնեական պատկերացումները, ստեղծեց մահվան և անմահության միասնական գաղափարաբանություն և դրա վրա խարսխված թաղման նոր միջավայր ու ծես: Մահացածներն, այլևս դիակ չեն, այլ ննջեցյալ, հանգստացող, առ Քրիստոս փոխված, հանգուցյալ և այլն: Թաղման ծիսընթացը, գերեզմանական կառույցը ոչ թե սգո, այլ փրկագործական բաղադրիչներ են:

Թվում է, թե այս գաղափարաբանությունը պիտի արմատավորվեր նաև սրբերի պաշտամունքով, որը հայ վաղքրիստոնեական մշակույթում հատուկ դեր ուներ, և որ դրանց պատվին կառուցված գերեզմանական կառույցները պիտի արտացոլեին այդ գաղափարաբանության առանցքային կետերը: Այդ կառույցները, լինելով շինարարական տեսակետից բավականին հետազոտված, դեռևս հեռու են մահվան-անմահության գաղափարաբանության և ծեսի տեսակետից իմաստավորումից: Ի մասնավորի դրանց վկայարան, դամբարան անվանումները ոչ միշտ են արտացլոում կառույցի ծիսական նշանակությունը: Վերջին տարիների գյուտերն ու հետազոտությունները (Աղցք, Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ, Դադիվանք, Կարենիս և այլն) հնարավորություն են տալիս վերականգնել «թաղման» մի առանձնահատուկ կառույց և դրան համապատասխան ծես: Այդ ծեսը կարելի է անվանել «մասունքավորում»,  համապատասխան կառույցը՝ «դամբարան-մասունքարան»: Ընդ-որում հնարավոր է դառնում վերականգնել ոսկոր-մասունքների՝ որպես հոգու կրողի, հավատացյալների և աստծո միջև ակտիվ միջնորդի սրբազան գործառույթները, որոնցում հստակորեն փաստարկվում է նաև նախնիների  և նրանց ոսկորների պաշտամունքի մինչ և ոչ քրիստոնեական շերտը:

Ներկա համալիր քննության հիմնական եզրակացությունն այն է, որ վաղրքիստոնեական «մասունքարաններն» առանձնահատուկ կառույցներ էին, որոնք փորձում էին քրիստոնեական փրկագործական գաղափարաբանությունը համադրել ոսկորների սրբազան դերակատարման հին հայկական ընկալումների հետ, ինչն էլ պայմանավորել է սիմբիոզ կառույցի և ծիսական մի երկար շարքի ձևավորումը, որի բաղադրիչներն էին տեսիլքի միջոցով սրբի թաղման հայտնաբերումը, դրա «պեղումները», ոսկորների ծիսականացված ախտահանումը, դրանց «պահարանավորումը» և հետագա ծիսա-պաշտամունքային գործառույթը:

 

 

 

25.   Մասունքների պաշտամունքը հայոց մեջ և երկրորդային թաղման ծեսը

 

Լիլիթ Սիմոնյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

simonian_lilit@mail.ru

 

Վաղքրիստոնեական շրջանից սկսած հայոց մեջ վկայված է սրբերի մասունքների, առաջին հերթին` ոսկորների պաշտամունքը: Պատկերացումը, որ մասունքները կարող են հրաշքներ գործել, բացատրվում է 6-րդ դ. Աբրահամ Մամիկոնեից կաթողիկոսի կանոնում, համաձայն որի նահատակության պահին սրբի ոսկորները լցվում են աստվածային զորությամբ: Սակայն նախաքրիստոնեական շրջանում ևս լայնորեն տարածված էին երևելի անձանց և կիսաառասպելական նախնիների աճյունների հրաշալի կարողությունների մասին պատկերացումները: Հին հույների հերոսների պաշտամունքը, ինչպես նաև զրադաշտական պարթևների ակնածալի վերաբերմունքը տոհմական նախնիների` ոսկրատուփերի մեջ պահվող ոսկորների հանդեպ կարելի է դիտարկել որպես երկրորդային թաղման երևույթներ: Այդ նույն ավանդույթը շարունակվել է քրիստոնեական սրբերի մասունքների պաշտամունքի մեջ և իր արտահայտությունն է գտել հայ պատմիչների երկերում: Ականավոր անձի մարմնի կամ դրա մի մասի առկայությունը օրինականացնում էր սրբավայրը, ապահովելով աստվածային զորության ներկայությունը տվյալ եկեղեցում կամ վանքում և ձգելով ուխտավորներին: Դա նպաստում էր սրբերի ոսկորների հետագա մասնատմանն ու երկրորդային թաղման երևույթի տարածմանը: Դրանց շուրջ հյուսվում էին բազմաթիվ հրաշալի ավանդություններ, որոնք վերաբերում էին նաև հինկտակարանյան հերոսներին, ինչպես Ադամի գլխի պատմությունը` Գողգոթայի անվան առասպելական մեկնության մեջ, սկսված Որոգինեսից, Կեղծ Տերտուղիանոսից և պահպանված հայկական մանրանկարչության մեջ: Այդ ավանդությունների մեջ միախառնվում էին տեղական հին ու նոր պատկերացումները, և ժամանակի ընթացքում սքողվում էր բուն երկրորդային թաղման երևույթը: Նոր ժամանակներում հայ ժողովրդի մեջ ավելի լայն տարածում ունի գերեզմանի, քան մասունքի պաշտամունքը, թեև այն նույնպես արտահայտում է երևելի անձանց հատկապես բռնի մահից հետո պահպանվող կենդանի զորության մասին հին պատկերացումը:

 

 

 

 

 

Թաղման ծեսը բանահյուսական և ազգագրական նյութերում

 

 

 Հին Հայաստանի թաղման ծեսի վերաբերյալ աղբյուրագիտական ակնարկ

 

Տորք Դալալյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

torqdal@yahoo.com

 

Հայ միջնադարյան մատենագիրները, հիմնականում պատմական իրադարձությունների նկարագրության ժամանակ, ցաքուցրիվ տեղեկություններ են հաղորդում հին Հայաստանում մահվան, թաղման, անդրշիրիմյան կյանքին առնչվող պատկերացումների մասին։

Մովսես Խորենացին Արտաշեսի մահվան մասին գրելիս պատմում է զանգվածային ինքնասպանությունների մասին, որոնք կատարվում էին նրա մտերիմների շրջանում։ Շատ տարածված էին մահվան ողբերգերը եւ դրա մեջ մասնագիտացած լալկան կանայք, որոնց դեմ մի քանի դար շարունակ ապարդյուն պայքարում էր քրիստոնեական եկեղեցին։ 4-րդ դարում Հայաստանում թաղումների ժամանակ՝ ողբի պարերին զուգընթաց, գործածվում էին հատուկ նվագարաններ, որոնց մեջ Փավստոս Բուզանդը հիշատակում է լարային փանդիռն ու վինը եւ շնչական փողը։ Ընդ որում, հեթանոսական համարվող ծիսական գործողությունները կատարվում էին անգամ կաթողիկոսի հուղարկավորության ժամանակ («Ապա յետ մահուան Ներսիսի յորժամ զմեռեալսն լային, փողովք եւ փանդռօք եւ վնօք զկոծսն պարուցն կաքաւելով, զտիգսն հատեալս, զերեսս պատառեալս, արք եւ կանայք պղծութեամբ ճիւաղութեամբ պարուք դէմ ընդ դէմ հարկանելով, եւ կամ ասիս հարկանելով, զմեռեալսն յուղարկէին»)։

Զեկուցման մեջ փորձ է արվելու համակարգված մոտեցմամբ ի մի բերել առկա աղբյուրագիտական տվյալները եւ նախնական լեզվա-մշակութաբանական վերլուծության ենթարկել դրանք։

26.   Մահվան ու թաղման մոտիվները հայ բանահյուսության ալեքսանդրյան սյուժեներում

 

Էսթեր Խեմչյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ekhemchyan@yandex.ru

 

Ըստ պատմական տեղեկությունների` Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառների մի քանի տարբերակ է շրջանառվել. ա) տենդ, բ) թունավորում, գ) կանխագուշակություն:

Վարքագրություններում պահպանվել են Ալեքսանդրի ծնունդը, ապագան և վախճանը խորհրդանշող գուշակություններ: Կանխագուշակությունների թեման ինքնուրույն զարգացում է ստացել արևելյան վիպական բանահյուսության մեջ:

Կեղծ Կալիսթենեսի «Ալեքսանդրի պատմության» թարգմանությունը նպաստել է հայ բանահյուսական ավանդույթում տեղական ալեքսանդրյան սյուժեների զարգացմանը: Կաֆայագետ Հ. Սիմոնյանը հանգել է այն եզրակացության, որ ազգային բանահյուսական ավանդույթը կաֆաների միջոցով ներթափանցել է «Ալեքսանդրի պատմություն» գրավոր տարբերակի մեջ և նպաստել նրա տեղայնացմանը (Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ», էջ 614): Ալեքսանդրի մասին գրավոր պատմությունը հետընթաց ճանապարհով մուտք է գործել բանավոր ավանդույթ և զարգացման ինքնուրույն ճանապարհ անցել:

Ալեքսանդրի մահվան մոտիվը հայ բանահյուսական սյուժեներում խարսխված է կանխագուշակության վրա, որը Ալեքսանդրին հասու է դարձել երազատեսությամբ, իմաստունի կանխագուշակմամբ, ծովային աստվածուհու նախանշան-ձեռքով, որը մեկնաբանվել է Փրիդոն իմաստունի կողմից:

Պատմական աղբյուրները վկայում են, որ Ալեքսանդրը մահվանից առաջ կտակ է թողել, սակայն այն գրեթե չի պահպանվել: Հայ բանահյուսական սկզբնաղբյուրներում Ալեքոանդրի կտակն ուրույն պատկեր ունի` հիմնված տվյալ ժամանակաշրջանի ժողովրդական պատկերացումների և կրոնափիլիսոփայական գիտելիքների վրա: Այն պատգամ-հանձնարարական է, որը տրվել է պալատականներին ու մերձավորներին` թաղման կարգը կատարելու վերաբերյալ: Ալեքսանդրի թաղման ծիսակարգը հեռահար նպատակ է հետապնդել. ա) մխիթարել վշտահար մորը, բ) բարոյախրատական եզրահանգում կյանքի անցողիկության և ունայնության մասին:

 

 

 

27.   “Веселые похороны”
 

Эмма Петросян
Институт археологии и этнографии НАН, Армения

emma.petrosyan.34@mail.ru

 

Похороны являются частью традиционного ритуала армян. Но в отличие от реального похоронного обряда с трагическим элементом, в фольклорном театре он имеет форму инсценировки с комическим содержанием. Можно выделить три варианта разыгрывания этого сюжета.

1. Пародийный церковный обряд отпевания мнимого покойника с последующим его воскресением и избиением присутствующих.

2. Театрализованные сцены смерти и воскресения зооморфных, фантастических, антропоморфных персонажей: козла, медведя, обезьяны, верблюда, портолоза, бобо, сатаны, Карагеза.

3. Участие обрядовых кукол Нури, Арус, Аклатиз в обходной процессии с последующим их разрыванием, треплением, потоплением (без воскресения).

Все варианты театрализованного представления завершаются всеобщим весельем и танцами.

 

 

 

 

 

28.   Թաղման ծեսը և դրան առնչվող հավատալիքները Հայ վիպապատմական բանահյուսության մեջ

 

Սիրանուշ Առաքելյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

nrane3@yahoo.com

 

Ննջեցյալի թաղումը ոչ այլ ինչ է, քան մարմնին տրվող պատիվ, որի հիշատակը հավերժացվում է թաղման վայրը հարդարելով և տապանաքար, իսկ քրիստոնյա միջնադարում նաև խաչքար կանգնեցնելով, որոնք ցուցում են ժողովրդի մեջ ամրակայված հոգու անմահ լինելու հավատալիքը, որը կենցաղավարում է անհիշելի ժամանակներից ցայսօր` իր վրա կրելով կրոնածիսական մշակույթի բազմաշերտությունը: Այն ոչ միայն ազգային, այլև համամարդկային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից է, որն իր արտացոլումն է գտել նաև ժողովրդական բանահյուսության մեջ: Թաղման ծիսական արարողակարգը, ինչ խոսք, ունի իրեն առընչակից կրոնահավատալիքային համակարգը, առասպելաբանական պատկերացումները, իրեն բնորոշ փիլիսոփայությունն ու աշխարհընկալումը, որն առավելապես կապվում է միստիկայի հետ և ունի խիստ առանձնահատուկ ընկալում:

Մեր կողմից ուսումնասիրվող նյութը հայ վիպապատմական բանահյուսության մեջ հիշատակվող թաղումն է` իր ուրույն ծիսահամակարգով, տեսակներով, կրոնաառասպելաբանական պատկերացումներով ու դրա հետ առնչվող հավատալիքներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

29.   Հանգուցյալի փոխակերպումը չար ոգու. գոռնափշտիկ 

(ըստ հայ ժողովրդական սնահավատական զրույցների)

 

Հասմիկ Գալստյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան

gasmik@mail.ru

091 46 65 07

 

Հայ ժողովրդական սնահավատական զրույցներից մեզ հայտնի գոռնափշտիկը (խորթլաղ, գոռնադաբ, ղառաղուռա) մարդու մեջ վախ ու անհանգստություն առաջացնող, կենսական վնաս չհասցնող ոգի է: Մարդկանց աչքին երևում է հիմնականում շան, կատվի, աղվեսի կերպարանքով: Ժողովրդական պատկերացումներում գոռնափշտիկ են դառնում թուրքի մեռելները, ինքնասպանություն գործած մարդիկ, չարագործները, քրիստոնեական համապատասխան թաղման ծիսակարգով չհուղարկավորված հանգուցյալները: Այս զեկուցման մեջ ընդգրկված են Շիրակում կատարած մեր բանահյուսական արդի գրառումները և Հայաստանի գրեթե բոլոր ազգագրական շրջանները ներկայացնող համապատասխան բանահյուսական և ազգագրական նյութերը:

 

 

 

30.   Մահվան առասպելաստեղծ պատկերավորումը հայ ժողովրդական ողբերգերում

 

Նվարդ Վարդանյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

nvardv@yahoo.com

 

Հայ ժողովրդական ողբերգերի կայուն բանաձևերում և պատկեր-խորհրդանիշներում առկա են մահվան և հանդերձյալ աշխարհի մասին հնագույն ընկալումներ` ձևավորված և ավանդված մարդու առասպելաստեղծ մտածողությանը հատուկ լեզով ու պատկերավորությամբ:

Ժողովրդական ողբ-ձոներգերը, թեև ունեն իրականության այլաբանական պատկերման գրեթե նույն համակարգը, ինչ որ մյուս երգատեսակները, սակայն աշխարհի առասպելաստեղծ պատկերն ամբողջացնող խորհրդանիշներն այստեղ ի հայտ են գալիս քայքայման, քաոսային հատկանիշներով` թոշնած ծաղկի, տերևաթափ, ծաղկաթափ կամ կտրվող ծառի, վիրավոր թռչնի, խավարած արևի և այլն, որոնք մահվան, ավարտի իմաստաբանությունն են արտահայտում:

Ժամանակային խորհրդանշակարգում ևս ակնհայտ է կյանք-մահ դուալ հակադրության պատկերավորումը`գարնանը տեղացող ձյան, օրը ցերեկով տիրած մթության այլաբանություններով: Ողբերգերի դեպքում հիշյալ խորհրդանիշ-պատկերները, չնայած իրենց տիեզերական ընդգրկումներին, միկրոկոսմիկ իմաստաբանությամբ են ի հայտ գալիս` մասնավոր աշխարհի կործանումը ցուցելով:

Թաղման ծեսն ուղեկցող ողբերգերի համատեքստում հատկապես առանձնանում է տան խորհրդանիշ-պատկերը, որի բազմաշերտ իմաստաբանությունը (տուն-հայրենիք, տուն-օջախ, տուն-միկրոաշխարհ, տուն-մարմին, տուն-գերեզման) բացահայտում է մահվան և հանդերձյալ կյանքի առասպելաստեղծ ընկալման բնորոշ առանձնահատկություններ:

 

 

 

31.   Ողբերգի արդի դրսեւորումները Շիրակում

 

Հասմիկ Հարությունյան

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

hasmik.har@mail.ru

 

Հաղորդումը նվիրված է հայ ժողովրդական ավանդական երգերից մեկի՝ ողբերգի մերօրյա դրսեւորումների մասին: Որպես ուսումնասիրվող նյութ դիտարկված են Շիրակի մարզի գյուղական համայնքներում եւ Գյումրիում գրառված երգային նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու բանահյուսական այս ժանրի արդի հորինվածքային, գործառույթային առանձնահատկությունների մասին:Ողբերգն այն ժանրն է, որի կենսակերպն արտահայտվում է հանկարծաբանական, ինքնաբուխ հորինվածքի դրսեւորումներում: Դրանց կողքին այսօր Շիրակի որոշ գյուղական համայնքներում պահպանվել են հատուկ ողբական արարողության համար հորինված եւ ողբասացների կողմից կատարվող երգեր՝ արտահայտչական համալիրի հստակ համակարգով: Եթե գեղջկական նմուշները շատ մոտ ու հոգեհարազատ են հայ ավանդական երաժշտամտածողության չափորոշիչներին, ապա Գյումրիում ձայնագրված ողբերգերը «չափազանցված» են թե զգացմունքայնության եւ թե երաժշտաարտահայտչական բնորոշիչներով:

 

 

 

32.   Օրոր-ողբերգերը անգլիական և հայկական բանահյուսության մեջ

 

Հասմիկ Մատիկյան

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

hasvrej@mail.ru

 

Հուզողական երգը ուղեկցում է մարդուն կյանքի անցումային բոլոր փուլերում: Այս համատեքստում հուզողական ասելով ի նկատի ունենք այն երգերը, որոնք չունեն անմիջական հասցեատեր: Բանահյուսական նյութը հարուստ է այս երգատեսակով:
Օրորոցայինը, որպես մանկական բանահյուսության ինքնատիպ ժանր, բովանդակում է հուզողական երգին մասնահատուկ բաղադրատարրեր:

Հուզողական երգը ունի մեկ կարևոր գիծ- բացակա է ունկնդիրը:  Առանձնակի ուշադրության են արժանի այն օրորոցային երգերը, որոնք արտահայտում են օրորասաց մոր գերխիտ հույզերն ու կորստի ցավը: Հուզողական երգը հատկորոշվում է հարց- պատասխան ձևակառույցով:

Անգլիական և հայկական ողբերգերն առավելապես պատմողական են. ողբա-սաց մայրը նկարագրում է իր կորուստը: Հայկական տեքստերում կորստի զգացո-ղությունը սուր է արտահայտվում, մայրը անմիջականորեն դիմում է կյանքից վա-ղաժամ հեռացած զավակին, երբեմն Աստծուն: Դիմումի այս ձևը շատ անմիջական է, թրթռուն, խորիմաստ մեևախոսություև է, որի ըևթացքում նկարագրվում է նրա ամբողջ կյանքը ու արժեվորվում է այդ կյանքում երեխայի դերակատարումը: Կորստի պարագայում ավելի է սրվում մայր-զավակ նվիրական զգացումը: Հուզողական երգերում  դրանք բյուրեղանում են՝ գեղարվեստորեն խտացնելով հույզերև ու խոհերը:

Հանդիպում են նաև ողբերգ օրորներ, որոնցում ողբասաց մայրը իր մերձավորի սուգը խտացնում է մանկանն ուղղված տեքստում:  Այս դեպքում օրորը ձեռք է բերում հերոսական կամային գծեր՝ վրեժի ու ցասումի զգացումներով:

Հաղորդման մեջ դիտարկել ենք օրոր-ողբերգերի ոճական առանձնահատկությունները:

 

 

 

33.  «Մահ» հասկացությանը վերաբերվող բարբառային բառաշերտի ընդհանուր բնութագիրը

 

Հայկանուշ Մեսրոպյան

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

haykanushm@mail.ru

 

Մահվան գաղափարը ուղեկցում է մարդկությանն իր ողջ գոյության ընթացքում։ Մահվան անորոշությանը որոշակիություն հաղորդելու նպատակով մարդ արարածն ստեղծել է գիտական, փիլիսոփայական, կրոնական, նախապաշարմունքային, սնոտիապաշտական և այլ կարգի մեկնաբանություններ։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը մահվան մասին իր ճառում ասում է. «Մահը արդար կյանքով ապրած մարդու համար դեպի լավագույնը փոփոխություն է, հեռացում է էլ առավել գերազանցը, ձգտում է առ հատուցում» (Ճառերի ընտրանի, Ս. Էջմիածին, 2007, էջ 202)։
Մահվան մասին ընկալումներն իրենց անմիջական արտացոլումն են գտնում լեզվում։

Հայերենի բարբառները հարուստ են մահ հասկացությանն առնչվող բազմաթիվ բառերով, դարձվածքներով, նկարագրական բնույթի արտահայտություններով, առածներով, ասացվածքներով և լեզվական այլ միավորներով։ Մեր զեկուցման մեջ կներկայացնենք խնդրո առարկա բառաշերտի առանձնահատկությունները, բառերի իմաստափոխության տեսակները, դարձվածային միավորների, բառակապակցությունների ստեղծման, փոխաբերացման լեզվական-հոգեբանական հիմքերը։

 

 

 

Գորգը Հայոց թաղման ծեսում

 

Լիլիա Ավանեսյան

Հայաստանի պատմության թանգարան

lilia.a65@mail.ru

 

 

Սյունիք-Արցախի, Լոռու, Տավուշ-Գարդմանի գորգերի պատկերների և հիշատակագրությունների իմաստաբանական վերլուծությունը բացահայտում է դրանց կապը հայկական հնագույն մշակույթում ձևավորված մահվան և վերածննդի վերաբերյալ պատկերացումների հետ: Ազգային սովորույթներից է հավերժացնել  մահացածի հիշատակը գորգ  գործելու  միջոցով:  Մարդու մահը և դեպի հանդերձյալ աշխարհ նրա հեռանալը ընկալվում էր որպես ժամանակավոր երևույթ, համեմատվելով արևի զիկլային ընթացքին, որտեղ մահը նույնացվում էր արևի մայր մտնելու հետ, միաժամանակ, ենթադրելով պարտադիր արևածագ-վերածնունդ: Այն գորգերը, որոնք որևէ կերպ առնչվում էին հանգուցյալի հետ, ձեռք էին բերում հատուկ նշանակություն և հարդարվում էին վերածննդի գաղափարը կրող խորհրդանշաններով: Հայոց հնագոււյն հավատալիքներում գորգը, որպես պաշտամունքային առարկա  ունի հանդերձյալ աշխարհ տեղափոխելու գործառույթ, որի հավերժություն խորհրդանշող զարդամոտիվները կրում են հարության, վերածննդի գաղափարը: Դեռևս  XXդ. սկզբին հայկական գյուղերում հանգուցյալին թաղում էին կարպետի կամ կտորի մեջ պատանած: Այսօր, ևս, մեզանում պահպանվել է հանգուցյալի դին գորգի վրա դնելու սովորույթը, որը տանում է դարերի խորքը: Արթիկի, Նավերի, Լոռի Բերդի և այլ հնավայրերի  դամբարաններից հայտնաբերված բրդյա կտորների հատվածներն ու գործվածքների հետքերը վկայում են հնագույն շրջանում թաղման ծեսի ժամանակ տեքստիլի  և բրդյա այլ առարկաների օգտագորման մասին: 

 

 

 

34.   Զավեշտի դրսևորման միջոցները թաղման կրոնական արարողակարգին առնչվող անեկդոտներում

 

Արմեն Սարգսյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

armensargg@gmail.com

 

Հայ ժողովրդական երգիծական ստեղծագործությունների մեջ առանձին խումբ են կազմում թաղման կրոնական ծիսակարգային տարրերի կիրառությամբ անեկդոտները` երգիծական մանրապատումները և զվարճախոսությունները: Քրիստոնեական ծիսակարգով կատարվող թաղումները կանոնակարգողը  եկեղեցու սպասավոր հոգևորականն է, որի միջոցով կատարվում են թաղման կրոնական տարատեսակ արարողակարգերը` թաղումը, հոգեհացը, հանգուցյալի մահվան այգեհողը` էգնահող-ինքնահողը, յոթը, քառասունքը, տարին, տապանաքարի տեղադրումը, եկեղեցական տաղավար տոներին հանգուցյալի հարազատների այցելությունները և այլն:

Նմանատիպ թեմաներին առնչվող անեկդոտներում զավեշտը դրսևորվում է քրիստոնեական տարատեսակ գործառույթների, եկեղեցու սպասավորների և մարդկանց փոխհարաբերությունների համատեքստում:

 

 

 

35.   Թաղման ծիսակարգը Գավառի տարածաշրջանում և դրա արտացոլումը անեկդոտ - զվարճախոսություններում

 

Լուսինե Ղռեջյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

lgrejyan@yandex.ru

 

Սույն հոդվածի հիմքում ընկած են մեր կողմից Գավառի տարածաշրջանից հավաքված դաշտային ազգագրական և բանահյուսական նյութերը: Ներկայացվում է Գավառին բնորոշ ընտանեկան ծիսական համակարգում ուրույն տեղ գրաված մահվան և հուղարկավորության ծեսը, որն աչքի է ընկնում հինավուրց սովորույթների խիստ պահպանողականությամբ և բովանդակում է հայ մարդու կյանքի, կենցաղի սովորույթների ու պատկերացումների բազմաթիվ ինքնատիպ տարրեր: Գավառում և նրա տարածաշրջանում այն որոշ չափով տարբերվում է ազգային ավանդական ընդունված ծիսակարգից (ճոխ և առատ հոգեհաց գերեզմանոցում, թաղման հաջորդ օրը մխիթարանք, տասնհինգ (յոթի հաջորդ շաբաթ օրը), որոշ գյուղերում յոթից հետո խաշ մատուցելը և այլն):

Անդրադարձ է կատարվում նաև գերեզմանաքարերի ձևավորմանը և խորհրդանշական գրություններին:

Անգամ վշտի մեջ կենսախնդությունը պահպանող ժողովուրդը անեկդոտ – զվարճախոսություններ է հյուսում նաև թաղման ծիսակարգի շուրջ, որի մասին նույնպես խոսվում է հոդվածում:

 

 

 

 

 

 

 

 

Թաղման ծեսը արդի հայ արձակում

 

Անի Հովնանյան

Չարենցի տուն-թանգարան / Գրականության ինստիտուտ

ani.hovnan1908@gmail.com

 

Արդի հայ արձակում՝ համաշխարհային գրականության մեջ մեծ ազդեցություն ունեցող միֆիոլոգիական մեթոդի ազդեցությամբ բավական լայն տարածում է գտել միֆական գրականությունը։ Քանի որ հայերի բանահյուսական ավանդույթում հնագույն արմատներ ունեն թաղման ծեսը ու դրան առնչվող "մեռելապաշտությունն" ու հանգուցյալների ու հոգիների մասին հավատալիքները, բնականաբար դրանց մնացուկներն էլ որոշակի դրսեւորումներ ունեն նաեւ արդի հայ արձակում, օրինակ՝ Լեւոն Խեչոյանի, Վահագն Գրիգորյանի, Ռուբեն Հովսեփյանի գործերում։ Ուստի 80-ականների ազգային-գաղափարական ոգու բարձրացման կոնտեքստում հասկանալի է դառնում տոհմի (Խեչոյանի "Խնկի ծառերը") կամ նոր ձեւավորվող տոպոսի (Վահագն Գրիգորյանի "Ադամամութը") կյանքում թաղման ծեսի կամ հանգուցյալների,գերեզմանի ու դագաղի հետ առնչվող պատկերացումների գեղարվեստական արտահայտումները։ Բայց եթե վերոնշյալ հեղինակները համաշխարհային   գրականության ընդհանուր միտումների համատեքստում անգամ ազգային ինքնության խնդիր են լուծում, ապա արդեն նոր սերնդի ստեղծագործություններում (օրինակ՝ Արմեն Հայաստանցու "Մայրենիք.դրոշը") թաղման ծեսն ու հանգուցյալների մասին միֆական պատկերացումները ոչ միայն ապասրբացվում ու տրանսֆորմացվում են, այլեւ պոստմոդեռնիստական սարկազմի ու ծաղրի առիթ տալիս։  Հոդվածի նպատակն է դիտարկել թաղման ծեսը եւ հանգուցյալներին առնչվող հավատալիքները հայ արդի գրականության ու համաշխարհային միտումների համատեքստում, պարզել, թե հանգուցյալների առնչվող այս կամ այն միֆական տարրը, օրինակ՝ ջաղացի պատին նալ խփելը մարդու մահվան կամ այլ դժբախտության ժամանակ (Լ. Խեչոյան)  կամ գյոռմափշտիկների գոյությունը (Ռ. Հովսեփյան) ինչ բանահյուսական ավանդույթից են գալիս եւ ինչպես են տրանսֆորմացվում արդի գրականության մեջ։ Ուրեմն՝ օգտագործվելու է եւ գրականագիտական, եւ բանագիտական մեթոդոլոգիան՝ համապարփակ ու ամբողջական պատկերը ստանալու հույսով։

 

 

 

 

Թաղման ծեսը մեր օրերում

 

36.   Մի՛ նկարիր նրանց, նրանք արդեն մահացած են

ինչո՞ւ մենք այլևս չենք լուսանկարում թաղման ծեսերը

 

Սմբատ Հակոբյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

smbat.hakobian@gmail.com

 

XIX դարավերջից սկսած և ընդհուպ մինչև 1980-ականները մեզանում առկա են թաղման ծեսի բազմաթիվ լուսանկարներ, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ դադարում են լուսանկարել թաղումներ: Թաղումը իրենից ներկայացնում է անցման ծես, (ծնունդ, հարսանիք, ուսման ավարտ և այլն) և կյանքի մյուս կարևոր և նաշանակի իրադարձությունների պես ֆիքսվում էր լուսանկարի միջոցով։ Սակայն 1970-ականներից սկսած լուսանկարչական տեխնիկան ավելի հասանելի է դառնում մարդկանց համար, լուսանկարելը արդեն դառնում է ոչ միայն պրոֆեսիոնալների զբաղմունք, այն արդեն հասանելի է շատերին, ինչի արդյունքում լուսանկարը դադարում է լինել միայն անցման ծեսերը կամ կյանքում առկա կարևոր դրվագները ֆիքսելու միջոց։ Ուսումնասիրելով 1960-ակններից մինչև 1990-ականների լուսանկարները՝ կարելի է փաստել, որ լուսանկարչության մեջ տեղի է ունենում սկզբունքային փոփոխություն, այն է՝ մարդիկ աստիճանաբար ավելի շատ սկսում են պատկերել առօրեան, կյանքի ոչ այնքան նշանակալի պահերը։ Սա ենթադրել է տալիս, որ լուսանկարը աստիճաբար դառնում է կյանքը պատկերելու միջոց և որպես կյանքի հակադրություն մահն ու մահվան ծեսը նկարելը տաբու են դառնում։

 

 

 

 

 

 

37.   Նոր արարողություններ նախնիների հիշատկման  ավանդույթների համատեքստում

 

Սամվել Մկրտչյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Երևանի պետական համալսարան

sam1959dok@mail.ru

 

Հայոց մեջ բավականին տարածված են նախնիների կամ հանգուցյալների հետ կապված հիշատակման օրերը: Անցյալում այդ գործառույթը հիմնականում կատարել են կրոնա-ավանդական տոները, որոնցից մասնավորապես առանձնանում էին տաղավար տոները:

Խորհրդային ժամանակաշրջանն այս առումով որոշակի փոփոխություններ մտցրեց հայոց տոնածիսական համակարգում: Այդ փուլում ժողովրդական նախաձեռնությամբ ի հայտ եկան  նոր արարողություններ, որոնք ավանդականի և նորի յուրատեսակ փոխհամակցություն էին: Այս առումով առանձնանում էին մայիսյան (մայիսի 2) և հունվարյան (հունվարի 2) հիշատակի (գերեզմանների) օրերը, որոնք, պահպանելով ավանդական ծիսահամալիրի կառուցվածքային և մասամբ նաև ժամկետային համամասնությունները, ժամանակի ընթացքում ամրապնդվեցին կենցաղում: Այդ արարողությունները, ըստ էության, լրացրին այն բացը, որը մնացել էր խորհրդային շրջանում արգելված, մերժված և արդյունքում` մոռացված Քրիստոսի Ծննդյան և Զատկի մեռելոցների հետևանքով:

 

 

 

 

 

 

 

 

38.   Միգրանտների հուղարկավորումը Հայաստանում. սգից մինչև ինքնության կառուցակցում

 

Միհրան Գալստյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

akoonk@yahoo.com

 

Հետխորհրդային  Հայաստանից բնակչության արտագաղթի և  արտերկրում նոր սփյուռքի ձևավորման հետևանքով միգրանտները սոցիալական ցանցերի միջոցով ծագման երկրում շարունակում են պահպանել իրենց կապերը այնտեղ մնացած իրենց ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների ու ծանոթների հետ: Նրանք, ընդգրկվելով մեկից ավելի հասարակությունների ինստիտուցիոնալ կառույցներում, միաժամանակ կրում են տարբեր հասարակությունների մշակութային արժեքներ:  Դառնալով  անդրազգային միգրանտներ` այլէթնիկ միջավայրում  նրանց  մահվան  դեպքում երբեմն գերակայությունը տրվում է ընդունող հասարակությունում կամ հայրենիքում հուղարկավորմանը` պայմանավորված սոցիալ-տնտեսական և մշակութային մի շարք գործոններով: Ներկայացվելիք զեկույցի նպատակն է բացահայտել հայրենիքում կամ այլ էթնիկ միջավայրում միգրանտին հուղարկավորելու մոտիվները և  դրա արդի դրսևորումներն ու մոտեցումները:  Այդ նպատակի բացահայտումը ենթադրում է մի քանի հետազոտական խնդիրների քննարկում. մասնավորապես «մայր» հողում հուղարակավորումը պայմանավորված է էթնիկ ինքնության պահպանման գործոնով, թե՞ այնտեղ գտնվող հարազատների կողմից «սգի կառուցակցման» հանգամանքով, որով նրանք «ապրեցնում» են մահացածներին, նրանց մասին անընդհատ պահպանում են հիշողությունը և ունեն նաև որոշակի պարտականություններ: Մյուս կողմից`առօրյա քննարկումներում օտար հողում հուղարկավորված միգրանտի շիրիմը վերածվում է «տեր չունեցողի»` պայմանավորված հարազատների կողմից սգի միջոցով «ապրեցման» բացակայության հանգամանքով: Այդ խնդիրների հետազոտության համար հիմք են ընդունվել հետխորհրդային Հայաստանի միգրանտների և նրանց ընտանիքների շրջանում որակական հարցման մեթոդով հավաքված նյութերը:   Այդ նյութերի մեկնաբանումը կատարվել է ինքնությանն առնչվող տեսությունների  շրջանակներում:

 

 

 

Հոգեհաց. ժամանակակից կոմերցիոն առաջարկներ

 

Ռուզաննա Ծատուրյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ruzantsaturyan@yahoo.com

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

39.   Հայ նեո-հեթանոսների թաղման ծեսը արդի քաղաքական, սոցիալական և մշակութային հակասությունների համատեքստում

 

Յուլիա Անտոնյան

Երևանի Պետական Համալսարան, Պատմության Ֆակուլտետ, մշակութաբանության ամբիոն

yuliaantonyan@ysu.am

 

Հայ նեո-հեթանոսների (Արորդիների ուխտ) կառուցվող կրոնականության և կրոնական մշակույթի կարևոր բաղադրամասերից է կյանքի  անցումային փուլերի ծիսական ձևակերպումը: Այդ փուլերից մեկը մահն է, որին, որպես մարդու երկրային ուղու ավարտին և անդրշիրիմյան նոր կյանքի սկզբին բոլոր կրոնական համակրգերում յուրահատուկ նշանակություն է վերագրվում:  Զեկուցումը նվիրված է նեո-հեթանոսների կողմից կրոնական ծիսակարգի կառուցման գործընթացներին, որի շրջանակներում նրանք բախվում են Հայաստանում գոյություն ունեցող թաղման պաշտոնական կարգերի և կրոնական ոլորտում գերակայող դեր ունեցող Առաքելական Եկեղեցու հիմնադրույթների հետ:  

Նեո-հեթանոսների համայնքը ունի թույլ արտահայտված հիերարխիկ կառուցվածք, որը տարբերակում է քրմերին ու շարքային արորդիներին: Քրմերը ներգրավված են ծիսակարգի կառուցման և իրակացման մեջ և նրանց նկատմամբ ծիսական պահանջները ավելի խիստ են: Եթե շարքային անդամի մահվան դեպքում հատուկ ծիսակարգի խնդիր չի առաջանում, ապա քրմերի դեպքում այդ հարցը բավականին լուրջ է: Արորդիների Ուխտի ձևավորման սկզբից տեղի են ունեցել երեք քրմերի, այդ թվում և Քրմապետի՝ Սլաք Կակոսյանի վախճաններ: Զեկուցման մեջ դիտարկվում են երեք թաղման դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ամեն անգամ ինչ խնդիրների հետ են բախվել նեո-հեթանոսները: Բանն այն է, որ նեո-հեթանոսները ընդունել են հրկիզումը որպես հիմնական ծես: Սակայն հրկիզման համար Հայաստանում չկային ոչ համապատասխան օրենքներ, ոչ էլ ֆիզիկական հնարավորություններ: Բացի այդ, հրկիզումը ունի նաև հասարակական լեգիտիմացման խնդիր, այն խորթ է Հայաստանի բնակչության մեծամասնությանը և սոցիալական կոնֆլիկտների տեղիք է տալիս: Եվ վերջապես, կա Հայ Առաքելական Եկեղեցին, որը հրկիզման գաղափարի դեմ պայքար է մղում /ոչ միայն հեթանոսների կապակցությամբ/ գաղափարական հարթակում, այն համարելով քրիստոնեությանը հակասող սովորություն:

Երեք թաղումների դեպքում կարելի է տեսնել, թե ինչպես է հանգամանքներից ելնելով ձևավորվում ծիսական տեքստը, ինչպես են հաղթահարվում, կամ չեն հաղթահարվում ծիսական հրաժեշտի հետ կապված հակասություններն ու կոնֆլիկտները և ինչ դերակատարում ունի թաղման ծեսը նեո-հեթանոսների համայնքային կյանքում:

 

 

 

40.   Թաղման ծեսի փերֆորմանսը հայաստանյան սոցիալական շարժումների և ցույցերի ժամանակ

 

Սմբատ Հակոբյան, Համլետ Մելքումյան *

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

*melkumian.h@gmail.com

 

2012-ից սկսած հայաստանյան քաղաքացիական շարժումներում և ցույցերում թաղման ծեսի բեմականացումը արդեն կանոնավոր հանդիպող երևույթ է դարձել: 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքում թաղման ծեսի փերֆորմանսը կրկին կիրառվեց որպես խաղաղ ընդվզման մի ձև: Մինչ այժմ այն հանդիպում էր միայն երևանյան սոցիալական շարժումներում, իսկ թավշյա հեղափոխության ժամանակ այն սկսեց հայտնվել նաև Երևանից դուրս՝ մարզերում՝ թե գյուղական, թե քաղաքային ցույցերում: Այն իրենից ներկայացնում է տարբեր սոցիալական շարժումների ժամանակ թաղման ծեսի այս կամ այն հատվածի (ավելի հաճախ դագաղը թափորով ուղեկցելու) բեմականացում հնարավորինս մարդաշատ վայրում։ 2018 թվականի թավշյա հեղափոխության ընթացքում բացի ծեսի փերֆորմանսից հանդիպում են նաև թաղման տարբեր ատրիբուտներ, օրինակ՝ փողոցի լայնությամբ ամրացված սև ժապավեններ, որոնց վրա գրված էին Հայաստանի հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների անուններ և ծաղկեպսակներ, որոնց վրա նույնպես կային վերոնշյալ անունները։

Այս պրակտիկան բավական տարածված է այլ երկրներում տեղի ունեցող ցույցերում, սակայն գիտական վերլուծության և քննարկման թեմա դեռ չի դարձել։ Ըստ էության թաղման ծեսի խաղարկումը հինը ոչնչացնելու, դրա վերջը հաստատելու սիմվոլիկ գործություն է, որը մենք ավելի շատ կդիտարկենք որպես փերֆորմանս, հաշվի առնելով, որ այն ունի Ռիչարդ Շեսների կողմից առաջարկված փերֆորմանսներին հատուկ էլեմենտներ։ Նախնական որոշ դիտարկումներ նաև ենթադրել են տալիս, որ այս գործողությունը կարող է մեկնաբանվել որպես նմանողական մոգության դրսևորում։

 

 

 

 

Գերեզմանոցը մեր օրերում

 

 

41.   Գյումրու «Հին գերեզմանոցը»` որպես մշակութային պահպանական միավոր

 

Ինգա Ավագյան

ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոն

inga.avagyan.76@mail.ru

 

Գյումրու Հին գերեզմանոցը գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում: 2013 թ.  «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը կատարում է հուշարձանի ուսումնասիրություն: Տիեզերքից արված քարտեզում գերեզմանոցը բաժանել ենք վեց հատվածների (1a, 1b, 1c, 2, 3, 4): Առկա են արժեքավոր մահարձաններ (մեկը կրում է Հ. Շիրազի անտիպ էքսպրոմտներից մեկը), քարի և մետաղի դեկորատիվ մշակման ինքնատիպ նմուշներ: 2-րդ հատվածում թաղված են Ալեքսանդրապոլում բնակվող ուղղափառ և այլ դավանանքի հետևորդներ (XIX դ. վերջ- XX դ. սկիզբ):  Օր.՝ Անտոնի Մայերի (1857-1918) գերեզմանը (Ալեքսանդրապոլում գործել է Մայերի լուսանկարչատունը): 3-րդ հատվածում թաղված են հայեր, թաղումները կատարվում են XIX դ. վերջին քառորդից: Այստեղ են քաղաքի նշանավոր գերդաստանների, մտավորականների, հայտնի արհեստավորների գերեզմանները. Անտիկյանների(Ս. Ամենափրկիչը կառուցողի) , Գյուրջիևների,  Վարդիկյանների, Մելիք-Աղամալյանների, Տիգրանյանների (Ն. և Ս. Տիգրանյանների ծնողներ), Դրամբյանցների, Ձիթողցյանների, Ծաղիկյանների, Քյանդարյանների, Կարանյանների (Հակոբ և Հարություն Կարանյանցները եղել են Թ. Թորամանյանի և Ն. Մառի գիտական գործնեության երկրպագուներ) դամբարանները, Պոլոզ Մուկուչի գերեզմանը: Գերեզմանաքարերի մակագրությունները ժողովրդի գեղարվեստական մտածողության վկայությունն են և ամփոփում են մարդկային հույզեր («Լից ան էկա», «Պետրոս ամի բաժագդ խմէ»):  Տարալեզու արձանագրությունները, փորաքանդակները և հարդարանքները վկայում են կրոնական պատկանելիության, զինվորական կոչումների, մասնագիտական առանձնահատկություն-ների մասին: Հանդիպում են փորագրված  ֆայտոններ, արհեստավորների գերեզմանաքարի վրա փորագրված են աշխատանքային գործիքներ, կամ արհեստավորի պատրաստած իրերը (անվագործինը` անիվ, կլայեկագործինը մուրճ և զնդան, կոշկակարինը` մուրճ, կոշիկ, կաղապար, կարի մեքենա, մկրատ, հերյուն,  վաճառողինը` կշեռք): Առանձնացրել ենք քառակող շիրմաքարեր որոնց վրա արձանագրությունները արված են բրոնզաձույլ աղյուսակների վրա, խաչակերպ պատկերներով և թևավոր խաչերով քառակոթողների խմբերը: 1988 թ.-ի երկրաշարժը զգալի ավերածություններ գործեց Հին գերեզմանոցում:

 

 

 

42.   Գերեզմանատուներն ու տապանական արձանագրությիւնները Քեսապի շրջանին մէջ

 

Յակոբ Չոլաքեան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

hagopcholakian@hotmail.com

 

«Կիղիցիկ» կը կոչուէին Քեսապի հայաբնակ շրջանին թաղային փոքրիկ եկեղեցիները: Գերեզմանատուները մինչեւ 19-րդ դարու կէսերը կը գտնուէին «կիղիցիկ»-ներու շրջափակերուն մէջ: 19-րդ դարու երկրորդ կիսուն կը կազմուին աւետարանական (բողոքական), կաթողիկէ եւ լատին համայնքները: Հին «կիղիցիկ»-ներն ու գերեզմանատուները կռուախնձոր կը դառնան մէկ կողմէ հայ առաքելական, միւս կողմէ՝ նորակազմ համայնքներու միջեւ: 

Զեկոյցը կ՛անդրադառնայ նոր գերեզմանատուներու բաժանումին եւ թաղման ծէսին մէջ եղած փոփոխութիւններու ( «պարելու» եւ կիներու մասնակցութեան արգելք, խունկ ու մոմի գործածութեան եւ գերեզման այցելութեան օրերու սահմանափակում) դաւանական-եկեղեցական պատճառներուն, ապա 1870-1930ական թուականներուն տապանական արձանագրութիւններու լեզուին, ձեւին ու այլ իւայատկութիւններուն (հայատառ թրքերէն, գրաբար, աշխարհաբար, ս. գրային մէջբերումներ, եղերերգ, խաչ, զարդաքանդակներ  եւ այլն), որոնք այս կամ այն ձեւով կ՛արտայայտեն նաեւ դաւանական-յարանուանական  համոզումներ:

 

 

43.   Գերեզմանոցային մշակույթի դրսևորումները Հայոց հուշարձանային համալիրներում

(20-րդ դարի վերջ – 21-րդ դարի սկիզբ)

 

Հարություն Մարության

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

hmarutyan@yahoo.com

 

Հայտնի իրողություն է, որ մարդու մահը չի ավարտվում գերեզմանոցում թաղման ծեսով։ Սրան հաջորդում են շատ ու շատ այլ արարողություններ ինչպես գերեզմանոցում, այնպես էլ այլ վայրերում ու, մասնավորապես, մահացածներին նվիրված հուշարձաններում։ Դրանք ընդունված է անվանել «հիշատակի ծեսեր», որոնք ինչ-որ ժամանակ մաս են կազմում կոլեկտիվ հիշողության, ապա տեղափոխվում պատմական հիշողության ոլորտ և տարբեր դրսևորումներով կարող են տևել դարեր շարունակ։ Ներկա զեկուցման մեջ փորձ է արվելու դիտարկել այս ծավալուն խնդրի միայն մեկ տեսանկյուն. գերեզմանոցային մշակույթի դրսևորումները հայոց արդի հուշարձանային համալիրներում։ Վերջին տարիներին մեր տրամադրության տակ հայտնված նոր նյութերով, նաև հին նյութերի առաջին անգամ շրջանառության մեջ դնելու միջոցով զեկուցմամբ փորձելու ենք շարունակել նախկինում առաջ քաշված թեզը՝ նվիրված հայոց մեջ հուշարձանի՝ որպես գերեզմանոց ընկալման խնդրին։

Զեկուցման մեջ շեշտադրումներ են արվելու Հայոց ցեղասպանության, Սարդարապատի և Ստեփանակերտի հուշահամալիրներում առկա թաղումների իրականացման պատմությանը, առաջարկվելու են նյութից բխող մեկնաբանություններ։ Դիտարկվելու են նաև հուշարձանային (թաղումներ պարունակող և առանց դրանց) մշակույթի առանձնահատկությունները Վայոց ձորի բնակչության արդի կենցաղում։

 

 

 

44.   Մեմորիալ հուշարձանների տեղադրման կարգն ու գեղարվեստական առանձնահատկությունները Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակաշրջանում

 

Անի Հայկազուն Գրիգորյան

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետությանազգային թանգարան-ինստիտուտ

ahaykazun@gmail.com

 

Հոդվածում ներկայացված են Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակաշրջանի պանթեոնային հուշակոթողների գեղարվեստական և տիպաբանական  առանձնահատկությունները, պանթեոնային հուշակոթողների տեղադրման՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգերն ու չափորոշիչները: Կատարվել են մի շարք հուշակոթողների գեղարվեստական և տիպաբանական վերլուծություններ, որոնցում հստակ երևում է մեմորիալ հուշարձանների տիպաբանական շղթան, ավանդական ձևերին զուգահեռ, ընդգրկելով մի շարք նոր, առավել  ցայտուն հորինվածքներ: Եթե միջնադարում մեմորիալ հուշակոթողները հիմնականում խաչքարերի, որմնախաչքարերի, տապանաքարերի տեսք ունեին, ապա այսօր հանդիպում ենք հուշապատերի, հաղթակամարների, կիսակամարների, բաց և փակ պանթեոնների, դամբարանների, Կենաց ծառերի, թևավոր խաչերի, թռչնաքանդակների, զանազան տեսքի ու կերպի կոթողների, հորինվածքային բազմաթիվ՝ պարզ և բարդ տեսակների:

 

 

 

Սարդարապատի հերոսի շիրիմը հուշահամալիրում.պատերազմի պատմություն

 

Սվետլանա Հայկի Պողոսյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայոց ազգագրության թանգարան

sv_ethnomuseum@yahoo.com

 

Զեկուցումը նվիրված է 1918-1920թթ. հայ-թուրքական պատերազմի հերոսներից մեկի ՝Վաղարշակ Շահինյանի կյանքի և Սարդարապատի հուշահամալիրում նրա աճյունամոխրի ամփոփման պատմությանը: Նպատակն է իրապատումի մեթոդով ցույց տալ, թե ինչպես է հուշահամալիրը, հուշային արձանախումբը վերածվում սրբազան տարածքի, ուխտավայրի: Զեկուցման տեքստը շարադրելիս օգտագործվել են ազգագրական դիտարկումների նյութեր, ուսումնասիրվող թեմային վերաբերող ձայնագրությունների, ինպես նաև թանգարանային առարկաների տվյալներ: Հայոց ավանդական մշակույթից հայտնի է, թե ողջերի համար որքան կարևոր է հանգուցյալի վերջին ցանկության, գերեզմանաքարի տեղադրման, սգո ավանդույթի և հիշատակի օրերի պահպանության անհրաժեշտությունը: Հիշատակի օրերին գերեզմանատան մատուռում մատուցվել է ս. պատարագ, տեղի է ունեցել հոգեհանգստյան արաողակարգ, կատարվել է գերեզմանօրհնեք, որի նպատակն էր հիշել հանգուցյալներին և ավետել նրանց հարության հույսը: 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի հերոսներից շատերը չարժանացան երկրային կյանքից զրկվելուց հետո վերջին հանգրվան ունենալու բախտին: Վաղարշակ Շահինյանը Սարդարապատի հերոսամարտի այն բացառիկ հերոսն է, որի ոգին թևածում է Սարդարապատի հուշահամալիրի սրբազան տարածքում, որն յուրատեսակ սրբատեղի է յուրաքանչյուր հայի համար: Նրա աճյունից բերված մի բուռ հողը սրբազան է դարձրել հուշահամալիրը: Համազգային նշանակության հաղթանակների խորհրդանիշ հանդիսացող Սարդարապատի հուշահամալիրն ունի բազմաֆունկցիոնալ նշանակություն: Հուշահամալիրը հուշարձանախմբի խորհրդաբանությամբ և առկա տապանաքարերով, ունենալով գերեզմանոցային մշակույթի արտահայտություններ, միաժամանակ ունի սրբավայրի, ուխտավայրի հատկանիշներ, որտեղ իրականացվում են անցումային, նվիրագործման որոշ ծեսեր (ավարտական վերջին զանգ, հարսանիք, զինակոչիկների երդմնակալություն) և տոնակատարություններ, համերգներ և ազգագրական փառատոններ:

 

 

 

45.   Հարսանյաց տարրերը տապանաքարային պատկերավորումներում (նորովի մեկնաբանում ազգագրական նյութերի լույսի ներքո)

 

Լիաննա Բեգինյան

Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Lianaarevik@mail.ru

 

Տապանաքարերում պատկերված  կերպարային հորինվածքներն ու նրանց իմաստային խնդիրները բազմիցս են հետաքրքրել մասնագետներին, քննարկվել և տրվել են յուրօրինակ մեկնաբանություններ: Սակայն ազգագրական նյութերի գրառումը, որոնք վերաբերում են երիտասարդ, ընտանիք կազմելու պատրաստ պատանու կամ օրիորդի թաղման ծիսակարգին, թույլ են տալիս նորովի անդրադառնալ տապանաքարային հորինվածքներում հարսանյաց խորհրդանշական տարրերի պատկերմանը (փեսայի ծառ, հարսնառի տեսարան, խնջույք և նմանատիպ պատկերներ): Իրենց ձևերով և պատկերվող պատկերներով ներկայացնելով սգատիրոջ ցանկությունն ու ժամանակի սովորույթները` նման պատկերավորումները նույնքան հետաքրքիր են, որքան և դրանց կիրառությունը ծիսակարգում, համադրությունները կյանքի ու մահվան վերաբերյալ ժողովրդական պատկերացումևերին, սգերգերին, թաղման ծեսի ժամանակ և առօրյայում օգտագործվող խոսքային բառաձևերին: Նման քննարկումները կօգնեն հասկանալու տապանաքարային արվեստի առանձնահատկությունները և «հավերժ խնջույքի» թեմատիկան: