Ընդհանուր ինստիտուտի մասին
Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի ուսումնասիրության կարևորագույն բնագավառներից են հնագիտությունը, ազգագրությունը, բանագիտությունը, վիմագրագիտությունը: Հայագիտության այս ուղղությունների հետազոտությունները վերջին կես դարի ընթացքում իրականացվում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում:
Ինստիտուտը հիմնադրվել է 1959 թ. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի հնագիտական բաժնի և ազգագրական խմբի հիման վրա: 1961 թ. Գրականության ինստիտուտից այստեղ տեղափոխվեց բանահյուսության բաժինը: Հետագայում ինստիտուտում առաջացան այլ ենթաբաժիններ, ինչպիսին էր, օրինակ, մարդաբանական լաբորատորիան (1973 թ.) և այլ կառույցներ:
Ներկայումս ինստիտուտը հնագիտության, մշակութային մարդաբանության (ազգագրություն, ազգաբանություն, մարդաբանություն), բանագիտության, վիմագրագիտության, էթնոսոցիոլոգիայի, հնակենսաբանության, ֆիզիկական մարդաբանության բնագավառներում հիմնարար և կիրառական ուսումնասիրություններ իրականացնող, բազմապրոֆիլ գիտական կազմակերպություն է:
Ինստիտուտի ռազմավարական նպատակը վերը թվարկված ոլորտներում միջազգային և տարածաշրջանային առաջատար կենտրոնների համեմատ հետազոտությունների գիտական պարիտետի ապահովումն է, Հայաստանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության, արդիականության ուսումնասիրության ազգային կենտրոն լինելը, հայագիտության հիմնախնդիրների միջազգայնացումն ու զարգացումը, պետական և հանրային շահերից բխող սոցիալական պատվեր ձևավորող և իրականացնող գիտական հաստատության դերի ամրապնդումը:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տևական գոյության ընթացքում, նրա ղեկավարության՝ տնօրեններ Բ. Առաքելյանի (1959-1988 թթ.), Գ. Տիրացյանի (1988-1993 թթ.), Ա. Քալանթարյանի (1993-2006 թթ.), Պ. Ավետիսյանի (2006-2022 թթ.), Ա. Բոբոխյանի (2022-ից մինչ օրս) և աշխատակիցների անմիջական ջանքերի շնորհիվ ձևավորվել է գիտական հաստատության ներկայիս կառուցվածքը: Ինստիտուտը բաղկացած է 10 գիտահետազոտական բաժիններից, 7 խմբերից, վարչասպասարկող և ճարտարագիտատեխնիկական համապատասխան անձնակազմից (տե՛ս Կառուցվածքն ու աշխատակիցները բաժինը):
Գիտական բաժիների այս համակարգը, որը ձևավորվել է ինստիտուտի գիտական ուղղություններին համապատասխան, գործում է 1960-ական թվականներից: Գիտահետազոտական խմբերը ձևավորվել են 2007 թվականից` ըստ ենթածրագրերի և թեմաների: Սրանց զուգահեռ, ինստիտուտում հետազոտական աշխատանքներ են տարվում թեմատիկ (պայմանագրային), նպատակային, դրամաշնորհային ֆինանսավորմամբ ժամկետային գիտահետազոտական խմբերով:
2010 թվականից ինստիտուտում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) հետ համատեղ ստեղծած միջազգային լաբորատորիայում (LIA): Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հետ համատեղ 2017 թ. ստեղծվել է «Բանավոր պատմության կենտրոնը»:
Ժամկետային գիտահետազոտական խմբերի թվին են դասվում նաև ինստիտուտի կողմից կազմակերպվող հնագիտական արշավախմբերը: Ինստիտուտի` համատեղ ծրագրերով միջազգային համագործակցության գերակշիռ մասը բաժին է ընկնում այս արշավախմբերում ընդգրկված ինստիտուտի գիտահետազոտական խմբերին:
Գիտահետազոտական աշխատանքները սպասարկում են Վերականգնման և կամերալ մշակման լաբորատորիան, արխիվը և գրադարանը, ինչպես նաև գիտակազմակերպչական խումբը, որոնք վերջին տարիներին ակտիվորեն զբաղված են առկա նյութերի թվայնացման և հանրայնացման աշխատանքներով:
Վարչատնտեսական մասը ներառում է տնօրինությունը, վարչակառավարչական անձնակազմը, տեխնիկական սպասարկումն ապահովող կրտսեր սպասարկող անձնակազմը, ավտոպարկը, հնագիտական հանգրվանների պահպանության ծառայությունը, կաթսայատունը:
Կառուցվածքային նման ստորաբաժանումը պայմանավորված է ինստիտուտում տարվող հետազոտությունների առանձնահատկություններով և թույլ է տալիս գիտահետազոտական ծրագրերը կյանքի կոչել ըստ հետևյալ բաղադրիչների՝ 1. հիմնարար և կիրառական հետազոտություններ, 2. դաշտային հնագիտական, վիմագրագիտական հետազոտություններ, ազգագրական և բանագիտական հավաքչական գիտարշավներ, 3. հնագիտական մշակութային արժեքների վերականգնում, վավերագրում (լուսանկար, գրչանկար, գրչագիր) և թանգարանացում (պեղված նյութերի հաշվառում, գիտական նկարագրություն, մշակութային և ժամանակագրական պատկանելության որոշում), 4. անալիտիկ լաբորատոր հետազոտություններ, 5. գեոդեզիական քարտեզագրական և ճարտարապետական չափագրական աշխատանքներ, 6. արխիվային նյութերի մշակում, թվայնացում և ուսումնասիրություն, 7. միջազգային համագործակցություն, 8. գիտական ուսումնասիրությունների հրատարակում, 9. կադրերի պատրաստում և վերապատրաստում, 10. գիտաժողովների, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում, 11. ամառային դպրոցների կազմակերպում, 12. հնագիտական ժառանգության նյութերի ու տվյալների թվայնացում և էլեկտրոնային շտեմարանի ստեղծում, 13. ազգագրական ժառանգության նյութերի և տվյալների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում, 14. ինստիտուտի կայքի գործարկում, 15. նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության, ինստիտուտի գիտական արդյունքների հանրայնացում և հանրահռչակում Հայաստանում, արտերկրում, միջազգային կառույցներում, 16. պեղված հնագիտական հուշարձանների ամրակայման, բարեկարգման, թանգարանացման ծրագրերի աջակցում:
Ինստիտուտի գիտական անձնակազմը 160 հոգի է, որոնցից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է` 2, գիտությունների դոկտոր՝ 16, գիտությունների թեկնածու՝ 75 աշխատակից:
Ինստիտուտում գործում է դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդ:
Գիտական քաղաքականությունը
Ինստիտուտի գիտական անձնակազմը ներկայումս ընդգրկված է «Հայ հնագիտության, ազգագրության, բանագիտության հեռանկարային զարգացման խնդիրներ» ծրագրում: Ծրագիրը բաղկացած է 10 ենթածրագրերից. 1. «Հնագույն և Հին Հայաստան. Հնագիտական սկզբնաղբյուրների պեղումներ և ուսումնասիրություն», 2. «Քարաշամբի դամբարանադաշտի պեղումներ և ուսումնասիրություն», 3. «Դիվան հայ վիմագրության պրակների կազմում և հրատարակություն», 4. «Ավանդականը և նորը հայոց մշակույթում. պահպանման և զարգացման խնդիրներ», 5. «Առօրեականությունը անցյալում և ներկայում. մարդաբանական ուսումնասիրություն», 6. «Կիրառական ազգագրություն», 7. «Սոցիալ-մշակութային գործընթացները Հայաստանում (Ավանդույթ և արդիականություն)», 8. «Հայ բանահյուսություն. համեմատական և տիպաբանական ուսումնասիրություններ», 9. «Հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական մոտիվների ու դիպաշարերի զուգադրական ուսումնասիրություն», 10. «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները»), որոնք իրենց հերթին ներառում են 150 անհատական և խմբային գիտահետազոտական թեմաներ:
Տարվող և առաջիկայում տարվելիք գիտական քաղաքականությունը միտված է հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների կադրային և նյութատեխնիկական ներուժի ամրապնդմանը և բազմապատկմանը, նոր տիպի` մուլտիմասնագիտական հետազոտություններ կազմակերպող գիտական կենտրոնի ձևավորմանը: Ինստիտուտի գիտական քաղաքականության կարևոր տարրերից են միջազգային գիտական միջավայրում ընդունելություն գտած թեմաների շրջանակներում տարվող աշխատանքներին լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական միջոցներով ապահովելու ծրագրերի մշակումն ու իրականացումը, գիտաշխատողների մոբիլության բարձրացման, գիտական արդյունքի հրատարակման համար ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսական օժանդակության կազմակերպումը, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակության ապահովումն ու ֆինանսավորումը, ցանցային համակարգի ստեղծումը: Վերջին երկու տարիներին սկսվել և հետայսու շարունակվելու են նոր տիպի` ռեգիոնալ ընդգրկմամբ «լանդշաֆտային թանգարանների» ստեղծմանը, զբոսաշրջության կազմակերպման ներուժի բարձրացմանը միտված գիտական հետազոտությունների հենքի վրա ծրագրերի մշակման, ինստիտուտի կողմից պեղված հնավայրերի թանգարանացման համալիր աշխատանքները:
Ինստիտուտի գիտաշխատողների զգալի մասը պարբերաբար հրապարակում է աշխատանքներ արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում և պարբերականներում: Ակնահայտ է, որ դրան նպաստում են համատեղ ծրագրերը՝ հոդվածների միասին պարտադիր հրատարակության պահանջով:
Ինստիտուտն ակտիվորեն զբաղվում է մշակութային արժեքների վերականգնման աշխատանքներով: Տարեկան կտրվածքով վերականգնվում են տասնյակ հուշարձանների հարյուրավոր նյութեր (խեցեղեն, մետաղ, ոսկոր, քար, ապակի):
Ինստիտուտը մշտապես կարևորել է ակտիվ կապերը բարձրագույն կրթության հիմնարկների հետ: Հաստատության բարձր որակավորում ունեցող աշխատակիցները դասավանդում են ՀՀ տարբեր ԲՈւՀ-երում: ԵՊՀ մի շարք աշխատակիցներ համատեղության կարգով թեմաներ են կատարում ինստիտուտում: Աշխատակիցները հաճախ դասախոսություններ են կարդում արտասահմանյան ԲՈւՀ-երում:
Ակտիվորեն իրականացվում է հուշարձանների պահպանություն, զբոսաշրջության կազմակերպման համար հնավայրերի նախապատրաստություն: Այս իմաստով ինստիտուտը մշտապես հետևում է հանրապետության տարածքի հնագիտական ժառանգության անխաթարության պահպանման վիճակին: Ծավալուն հողային աշխատանքներ կատարող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվում են պայմանագրեր հուշարձանների ուսումնասիրության և դրանց հետագա ճակատագրի հարցերը օրենքով սահմանված կարգով լուծելու համար: Այդ պայմանագրերով հետազոտական աշխատանքներ են կատարվում վերականգնվող հնավայրերում, զբոսաշրջության խթանմանը միտված ծրագրերում: Միաժամանակ ինստիտուտն ինքն է հաճախ մասնակցում դրամաշնորհային այն ծրագրերին, որոնք միտված են պեղվող հնավայրերի տարածքների բարեկարգմանն ու թանգարանացմանը:
Միջազգային համագործակցությունը
Ինստիտուտի գործունեության կարևորագույն մասն է միջազգային համագործակցությունը, որը տարվում է երեք հիմնական ուղղություներով.
Նշվածի հետ մեկտեղ մեծ ուշադրություն է հատկացվում գիտական համագործակցության տեղեկատվական համակարգի զարգացմանը` համատեղ էլեկտրոնային արխիվների, կատալոգների ստեղծում, գրքափոխանակություն:
Ինչպես արդեն նշվեց, ինստիտուտում 2010 թվականից գործում է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ համատեղ ստեղծած միջազգային լաբորատորիա` LIA, որն աննախադեպ հնարավորություններ է տալիս Ֆրանսիայի տարբեր հաստատությունների մասնագետների և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցների հետ մշակել ու կյանքի կոչել գիտահետազոտական տարբեր ծրագրեր և թեմաներ:
2018 թ. Վաշինգթոնի ազգային պուրակում տեղի ունեցավ Ժողովրդական մշակույթի հեղինակավոր և երկարամյա ավանդույթներ ունեցող Սմիթսոնիան Ֆոլկլայֆ փառատոնը, որտեղ ներկայացված երկու ծրագրերից մեկը Հայաստանին էր վերաբերում: Ըստ Սմիթսոնիան հաստատության նախնական հաշվարկների՝ 2018 թ. ծրագրի այցելուների թիվը հասել է ութ հարյուր հազարի: Հայաստանը հարակից երկրներից միակն է ներկայացված փառատոնային ծրագրով: «Հայաստան. տուն արարելը» (Armenia: Creating Home) խորագրով հայկական ծրագիրը Հայաստանից շուրջ 80 և Ամերիկայի հայկական համայնքներից ավելի մեծ թվով մասնակիցների միջոցով տասը օր շարունակ ցուցադրությունների և ուսուցումների, քննարկումների և ներկայացումների միջոցով այցելուների հետ կիսել է տան զգացողությունը՝ մշակութային ժառանգության միջոցով: Ծրագիրն ուներ երկու բաղադրիչ` խնջույք և արհեստներ, որտեղ ներկայացված էին ուտեստը, գինեգործությունը, ժողովրդական երաժշտությունն ու պարերը, քարի և փայտի փորագրությունը, դարբնությունը, բրուտագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, հելունագործության հմտություններն ու փորձառությունները: Ծրագրի համադրողների թիմը կազմված էր մեր ինստիտուտի գիտնականներից և Սմիթսոնիան հաստատության մասնագետից: Սմիթսոնիան հաստատությունը համագործակցել է նաև USAID-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության վրա հիմնված զբոսաշրջության ծրագրի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետների թիմի հետ` ծրագրի հետազոտական բաղադրիչի շրջանակում:
Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները
Ինստիտուտն իրականացնում է հիմնականում երեք գիտաճյուղերին և դրանց ենթաճյուղերին վերաբերող հետազոտություններ՝ հնագիտություն, ազգագրություն և բանագիտություն:
Հնագիտություն. Հնագիտական աշխատանքները Հայաստանում սկիզբ են առել և զարգացում ապրել XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբներին: Հայկական հնագիտության կայացմանը նպաստող առաջին նշանակալի երևույթը նախանցած դարավերջում և անցած դարասկզբում Անիում ձեռնարկված հնագիտական պեղումներն էին՝ մեծանուն գիտնական–հայագետներ Ն. Մառի և Հ. Օրբելու ղեկավարությամբ ու հայագիտության նվիրյալներ Աշխ. Քալանթարի, Թ. Թորամանյանի Ս. Տեր-Ավետիսյանի, Գր. Ղափանցյանի ու այլոց մասնակցությամբ: Անիի պեղումները մեծ խթան հանդիսացան նաև հայ վիմագրության գիտական ուսումնասիրության համար:
Առաջին Հանրապետության կարճ գոյատևման ընթացքում՝ 1918-1920 թթ., իշխանությունները որոշակի փորձեր կատարեցին հնագիտական աշխատանքների ձեռնարկման և հուշարձանների պահպանության ուղղությամբ: Քայլեր կատարվեցին ստեղծելու հնագիտական հանձնաժողով, հիմնադրվեց Ազգային թանգարանը, Հայաստանի հնությունների կոմիտեն:
Հայկական հնագիտությունը մեծ վերելք ապրեց խորհրդային իշխանության տարիներին: 1920-30-ական թվականներին Ե. Բայբուրդյանի, Թ. Թորամանյանի, Աշխ. Քալանթարի, Ե. Լալայանի կողմից պեղումներ կատարվեցին Շենգավիթում, Վաղարշապատում, Հին Արմավիրում, Սևանի ավազանում և այլուր: Հաջորդ տասնամյակներում նշանակալի արդյունքներ ձեռք բերվեցին Ամբերդ ամրոցի (Հ. Օրբելի, 1936 թ.), Դվինի (Ս. Տեր-Ավետիսյան, 1937 թ.) պեղումների ժամանակ:
Հնագիտական ուսումնասիրությունները մեծ թափ ստացան հետպատերազմյան ու հետագա տասնամյակներում, ինչին մեծապես նպաստեց Գիտությունների Ակադեմիայի համակարգում 1959 թ. Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ստեղծումը: Հնագիտության ոլորտում կարևոր արդյունքներ են գրանցվել մարդագոյացման, վաղ երկրագործական հասարակությունների ձևավորման գործընթացների, հին և միջնադարյան Հայաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրության ոլորտներում, որոնք տևական և մեծ քանակության հետազոտությունների արդյունք են (միայն ետխորհրդային շրջանում, 1990 թ. մինչ օրս ինստիտուտն իրականացրել է ավելի քան 250 միավոր պեղումներ):
Մասնավորապես, քարեդարյան տարաբնույթ հուշարձանների (Երևան 1, Լուսակերտ, Հատիս, Քասախի և Դեբեդի կիրճի և այլ հնավայրեր) պեղումների, գտածոների, հումքի աղբյուրների, կենսապայմանների ուսումնասիրությունների շնորհիվ վեր են հանվել լեռնաշխարհի բնակեցման վաղագույն փուլերի հիմնական օրինաչափություններն ու առանձնահատկությունները, լեռնաշխարհում բանական մարդու տարածման աշխարհագրական, էկոլոգիական, տնտեսական ասպեկտները, վերին պալեոլիթյան հասարակությունների կենսապահովման համակարգի բնութագրական հիմնական հատկանիշները (Բ. Երիցյան, Հ. Ղազարյան, Բ. Գասպարյան):
Բացահայտվել, նկարագրվել և բնութագրվել են մ.թ.ա. VII-I հազարամյակների մեկ տասնյակ հնագիտական մշակույթներ, դրանց կերտող հասարակությունների զարգացման առանձնահատկությունները, վաղ պետական կազմավորումների հնագիտական դրսևորումները:
Նեոլիթյան և էնեոլիթյան մի շարք բնակատեղիների (Թեղուտ` Ռ. Թորոսյան, Մասիս բլուր, Ադաբլուր` Գ. Արեշյան, Առատաշեն, Ակնաշեն` Ռ. Բադալյան, Ներքին Գոդեձոր` Պ. Ավետիսյան, Արենի 1` Բ. Գասպարյան) պեղումների շնորհիվ վեր է հանվել լեռնաշխարհը բնակեցնող վաղ երկրագործական-անասնապահական հասարակությունների` մ.թ.ա. VII-IV հազարամյակներով ժամանակագրվող մշակույթների ձևավորման ու զարգացման դինամիկան, լուսաբանվել են տնտեսությանը, առևտրին և մշակութային փոխառնչություններին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Հնագույն Հայաստանի բրոնզ-երկաթեդարյան հնագիտական մշակույթների բացահայտման, լեռնաշխարհին բնորոշ հասարակական զարգացումների առանձնահատկությունների լուսաբանման համար առանցքային նշանակություն ունեն ինստիտուտի արշավախմբերի ուժերով պեղված Կարմիր բլուրի նախաուրարտական շրջանի (Հ. Մարտիրոսյան), Ջրահովիտի, Մեծամորի (Է. Խանզադյան), Հառիճի (Տ. Խաչատրյան), Այգևանի (Ս. Եսայան), Մոխրաբլուրի (Գ. Արեշյան), Հոռոմի, Գեղարոտի (Ռ. Բադալյան), Ագարակի (Պ. Ավետիսյան) բնակատեղիների նյութերի ուսումնասիրությունները: Բրոնզ-երկաթիդարյան Հայաստանի մշակույթների ամբողջական նկարագրության, պարբերացման և ժամանակագրության համակարգի ձևավորման համար կարևոր տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տարբեր շրջաններում պեղված դամբարանադաշտերից (Լոռի Բերդ` Ս. Դևեջյան, Լճաշեն` Լ. Պետրոսյան, Օշական` Ս. Եսայան, Ա. Քալանթարյան, Քարաշամբ` Վ. Հովհաննիսյան, Թալին` Պ. Ավետիսյան, Ծաղկալանջ` Ֆ. Մուրադյան, Հոռոմ` Ռ. Բադալյան, Սյունիք` Օ. Խնկիկյան և այլն):
Ուսումնասիրվել են Վանի թագավորության (Կարմիր բլուր` Բ. Պիոտրովսկի, Հ. Մարտիրոսյան, Արգիշթիխինիլի` Հ. Մարտիրոսյան, Օշական` Ս. Եսայան, Ա. Քալանթարյան, Դովրի` Ս. Հմայակյան), հելլենիստական, անտիկ շրջանների, միջնադարյան խոշոր բնակավայրեր, հայոց մայրաքաղաքները (Արտաշատ, Դվին, Գառնի, Արմավիր, Կարճաղբյուր, Հողմիկ, Բենիամին, Արցախի Տիգրանակերտ, Երվանդաշատ` Բ. Առաքելյան, Գ. Տիրացյան, Կ. Ղաֆադարյան, Ա. Քալանթարյան, Ժ. Խաչատրյան, Ֆ. Տեր-Մարտիրոսով, Ի. Կարապետյան, Հ. Պետրոսյան, Հ. Հակոբյան):
Հիմնարար հետազոտություններ են կատարվել միջնադարյան վանական համալիրների ուսումնասիրության ոլորտում (Վահանավանք` Գ. Գրիգորյան, Խամշի վանք` Գ. Կարախանյան, Մարմաշեն` Ս. Հարությունյան, Ուշի, Հառիճ` Ֆ. Բաբայան, Աքորի, Աղիտու, Հանդաբերդ` Հ. Պետրոսյան, Ցախաց քար` Հ. Մելքոնյան, Թեղենյաց` Գ. Սարգսյան և այլն): Հետազոտվել են անտիկ և քրիստոնեական Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի բազմաշերտ դրսևորումները (Բ. Առաքելյան, Կ. Ղաֆադարյան, Գ. Տիրացյան, Գ. Կարախանյան, Ա. Քալանթարյան, Ժ. Խաչատրյան, Ս. Հարությունյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Ն. Հակոբյան, Ֆ. Տեր-Մարտիրոսով, Հ. Պետրոսյան, Ի. Կարապետյան, Հ. Մելքոնյան, Մ. Զարդարյան, Գ. Քոչարյան և ուրիշներ):
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Ավստրիայի տարբեր համալսարանների ու գիտական կենտրոնների հետ համատեղ իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ Հայաստանի տարբեր մարզերում, ինչի շնորհիվ հիմնովին թարմացվել է Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության ու մշակույթի ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը, օտար լեզուներով հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ և հոդվածներ (Ռ. Բադալյան, Պ. Ավետիսյան, Ս. Հմայակյան, Բ. Գասպարյան, Մ. Զարդարյան և ուրիշներ):
Հավաքվել, վերծանվել և մեկնաբանվել են Հայկական լեռնաշխարհի և գաղթօջախների հազարավոր վիմագիր արձանագրություններ (Կ. Ղաֆադարյան, Ս. Բարխուդարյան, Գ. Գրիգորյան, Ա. Մանուչարյան, Ա. Շահինյան, Ս. Ավագյան, Ս. Սաղումյան, Գ. Սարգսյան, Ա. Հարությունյան և այլք):
Հնագիտության և վիմագրագիտության ոլորտներում ինստիտուտի գիտական ուսումնասիրությունների արդյունքներն իրենց արտացոլումն են գտել «Հնագիտական պեղումները Հայաստանում», «Հայաստանի հնագիտական հուշարձանները», «Դիվան հայ վիմագրության» մատենաշարերում և բազմաթիվ մենագրություններում: Ինստիտուտում կատարված ուսումնասիրությունների շնորհիվ մշակվել են պարբերացման և ժամանակագրության նոր համակարգեր, որոնք ընդունելություն են գտել և օգտագործվում են ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև հարևան շրջանների հնագույն մշակույթների զարգացման դինամիկան սկզբունքորեն նոր տվյալներով ներկայացնելու համար:
Ազգագրություն. Ազգագրությունը որպես ինքնուրույն գիտություն Հայաստանում ձևավորվել է XIX դ., թեև ազգագրական գիտելիքի կուտակումը սկսվել է հնագույն ժամանակներից: Հայկական լեռնաշխարհի վաղագույն շրջանի բնակչության մասին ազգագրական կարևորագույն տեղեկություններ են առկա հնագիտական և սեպագիր աղբյուրներում: Տնտեսական զբաղմունքների, սովորությունների, ծեսերի ու հավատալիքների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում անտիկ դարաշրջանի հունա-հռոմեական աղբյուրները (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն, Տակիտոս և ուրիշներ): Ազգագրական ուշագրավ տեղեկություններ կան հայ պատմիչների երկերում (Ագաթանգեղոս, Փ. Բուզանդ, Մ. Խորենացի, Ղ. Փարպեցի, Մ. Կաղնակատվացի, Թ. Արծրունի, Ա. Լաստիվերտցի, Կ. Գանձակեցի, Ստ. Օրբելյան, Ա. Դավրիժեցի, Զաքարիա Սարկավագ և ուրիշներ):
XIX դ. առաջին կեսից մի շարք հայ հեղինակներ (Ղ. Ինճիճյան, Մ. Թաղիադյան, Խ. Աբովյան, Մ. Բժշկյան, Ղ. Ալիշան և ուրիշներ) սկսեցին գրառել ինչպես գրավոր աղբյուրներում սփռված ազգագրական բնույթի հիշատակություններ, այնպես էլ իրենց ժամանակի հայոց կենցաղին ու սովորություններին վերաբերող նյութեր:
XIX դ. երկրորդ կեսին Հայաստանի և հայկական մշակույթի մի քանի կենտրոնների (Վաղարշապատ, Շուշի, Ալեքսանդրապոլ, Թիֆլիս, Մոսկվա, Պետերբուրգ, Կոստանդնուպոլիս ևն) պարբերականներում հրատարակվում են հայ ազգագրության բազմապիսի նյութեր: XIX դ. 60-ական թթ. կանոնավոր ազգագրական գործունեություն է ծավալել Գ. Սրվանձտյանցը՝ գրի առնելով ու հրատարակելով ազգագրական և բանահյուսական շատ արժեքավոր նյութեր: Նրան հետևեցին հայ ազգագրության և բանահյուսության երախտավորներ Ա. Սեդրակյանը, Գ. Շերենցը, Հ. Ալահվերդյանը, Հ. Նազարյանցը, Վ. Տեր-Մինասյանը, Գ. Տեր-Ալեքսանդրյանը և ուրիշներ:
Գ. Սրվանձտյանցի աշխատությունների հիման վրա Գ. Խալաթյանցը Մոսկվայում 1887 թ. կազմեց և հրատարակեց ազգագրական նյութերի հավաքման գիտականորեն հիմնավորված «Ծրագիր» (Ազգագրական հարցարան), որը հիմք ընդունելով՝ Ե. Լալայանը XIX դ. վերջերին և XX դ. սկզբին ծավալեց ազգագրական լայն գործունեություն: Նրա ջանքերով 1906 թ. Թիֆլիսում հիմնվեց «Հայոց ազգագրական ընկերությունը», 1895-1916 թթ. 26 գրքով հրատարակվեց «Ազգագրական հանդես» պարբերականը: Ուշագրավ ազգագրական նյութեր հրատարակվեցին նաև «Էմինյան ազգագրական ժողովածու» հանդեսի ինը գրքերում (1901-1913 թթ.): Այս շրջանում կարևոր ավանդ ունեցան հայ մշակույթի ուսումնասիրության երախտավորներ Ս. Հայկունին, Ա. Երիցյանը, Գ. Տեր-Հովհաննիսյանը (Քաջբերունի), Ս. Եղիազարյանը և ուրիշներ:
XIX դ. վերջերին աստիճանաբար տարանջատվեցին բանահյուսությունն ու ազգագրությունը՝ վերածվելով գիտության առանձին բնագավառների:
Խորհրդային շրջանում արգասավոր գիտական գործունեություն ծավալեցին ազգագրագետներ Ե. Լալայանը, Ստ. Լիսիցյանը, Խ. Սամուելյանը և ուրիշներ: Ազգագրական ուսումնասիրություններ էին կատարվում Հայաստանի պատմության թանգարանում (1920-ից), Հայաստանի կուլտուրայի պատմության ինստիտուտում (1926-ից), Պատմության ինստիտուտում (1953-ից), Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (1959-ից), ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնում, Հայաստանի ազգագրության պատմության թանգարանում (1978-ից):
1946 թ. հրատարակվեց Ստ. Լիսիցյանի կազմած «Ազգագրական հարցարան»-ը, որը մեծապես նպաստեց դաշտային ազգագրական նյութերի գրանցման աշխատանքներին: Ստ. Լիսիցյանի՝ Արցախում և Սյունիքում հավաքած նյութերի հիման վրա հրատարակվեցին «Զանգեզուրի հայերը» (1969) և «Լեռնային Ղարաբաղի հայերը» (1992) հիմնարար ուսումնասիրությունները:
1959 թ., Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ստեղծմամբ, ազգագրության բաժինը ղեկավարեց հայ գիտական ազգագրության նվիրյալ Դ. Վարդումյանը (մինչ իր մահը 2005 թ.): Հայ ազգագրական գիտության կայացման ու միջազգային գիտական հանրության կողմից ճանաչման գործում մեծ նպաստ ունեցան միջին սերնդի ներկայացուցիչները` Դ. Վարդումյան, Վ. Բդոյան, Է. Կարապետյան, Կ. Մելիք-Փաշայան, Ա. Օդաբաշյան, Կ. Սեղբոսյան, Լ. Պետրոսյան և ուրիշներ: 1950-ական թթ. հիմնավորապես ուսումնասիրվեցին հայոց տնտեսական զբաղմունքները, կենցաղն ու սովորությունները: Հետազոտվեցին և հրատարակվեցին հայ ժողովրդի տնտեսական կենցաղին, նյութական և հոգևոր մշակույթին, հասարակական հարաբերություններին, ժողովրդական փոխադրամիջոցներին, հավատալիքներին, ծեսերին ու պաշտամունքին վերաբերող տասնյակ ուսումնասիրություններ: Դրանցից կարևոր են Վ. Բդոյանի «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972), Յու. Մկրտումյանի «Անասնապահության եղանակները Արևելյան Հայաստանում» (1974) ուսումնասիրությունները, որոնք նվիրված էին հայ ժողովրդի հիմնական զբաղմունքներին` երկրագործությանն ու անասնապահությանը: Առանձին հետազոտությունների նյութ դարձան նաև կրոնը, ժողովրդական տոները, հավատալիքները, ժամանցը, պարարվեստն ու թատերական ներկայացումները: Այս բնագավառներն իրենց արտացոլումն են գտել ազգագրագետ-բանագետ Սրբ. Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները», երկու հատոր (1958, 1972, ռուսերեն), «Հայկական հինավուրց պարեր» (1983, ռուսերեն), Կ. Մելիք-Փաշայանի «Անահիտ դիցուհու պաշտամունքը» (1963), Ա. Օդաբաշյանի «Ամանորը հայ ժողովրդական տոնացույցում» (1978), Վ. Բդոյանի «Հայ ժողովրդական խաղեր», երեք հատոր (1963-1983 թթ.) արժեքավոր մենագրություններում: Հայ ազգագրագետները պատրաստեցին «Աշխարհի ժողովուրդներ» մատենաշարի «Կովկասի ժողովուրդներ» հատորի «Հայեր» բաժինը, որը 1962 թ. ռուսերեն լեզվով հրատարակվեց Մոսկվայում, իսկ 2012 թ. «Ժողովուրդներ և մշակույթներ» մատենաշարով Մոսկվայում հրատարակվեց հայ մասնագետների կողմից պատրաստված «Հայեր» ծավալուն հատորը:
1971 թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հիմնեց «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարը, որի ցայսօր հրատարակված 26 հատորներում տեղ են գտել ազգագրական բնույթի տասնյակ ուսումնասիրություններ և ինստիտուտի արխիվում պահվող նյութեր: 2007 թ. ինստիտուտը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության շրջանակներում սկսեց հրատարակել «Ազգագրական և բանահյուսական ժառանգություն» մատենաշարը, որտեղ ի հայտ են բերվում ինստիտուտի արխիվում պահպանվող ձեռագիր տեղագրությունները:
Հայ ազգագրագետների նոր սերունդը (Յու. Մկրտումյան, Լ. Վարդանյան, Է. Պետրոսյան, Ժ. Խաչատրյան, Ռ. Վարդանյան, Ռ. Նահապետյան, Ա. Պետրոսյան, Լ. Աբրահամյան, Հ. Սարգսյան, Զ. Խառատյան, Հ. Խառատյան, Ս. Հոբոսյան, Ս. Պողոսյան, Ա. Ստեփանյան, Հ. Մարության, Ա. Մկրտչյան, Ս. Մկրտչյան, Ա. Պողոսյան, Ա. Իսրայելյան, Կ. Բազեյան, Ա. Թադևոսյան, Մ. Գալստյան, Մ. Գաբրիելյան, Ա. Դաբաղյան, Ն. Մարգարյան, Գ. Շագոյան և ուրիշներ) շարունակում է գիտական հետազոտությունները՝ զուգակցելով հայոց ավանդական և արդի մշակութային հարաբերությունները, ակտիվորեն համագործակցում միջազգային և արտասահմանյան շատ կենտրոնների հետ: Հայաստանի անկախության հռչակումից հետո էական փոփոխությունների ենթարկվեց նաև ազգագրական հետազոտությունների ուղղվածությունը, սկսեցին կիրառվել նոր հետազոտական մոտեցումներ ու մեթոդներ: Բացի ավանդական մշակութային համալիրների ուսումնասիրությունից, հայ ազգագրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին նոր հետազոտական թեմաներ` արդիականության ազգաբանություն, հասարակական-մշակութային փոխակերպումների և դրանց դրսևորումների (աղքատության, ունեցվածքային բևեռացում, բնակչության արտագաղթ) մարդաբանություն, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանություն, քաղաքական մարդաբանություն և այլն: Հայ ազգագրագետների ուշադրության կենտրոնում են նաև գիտության պատմության, տեսության ու մեթոդաբանության հարցերը:
Բանագիտություն. ՀՀ գիտությունների ակադեմիայի կազմավորումից ի վեր հայ բանահյուսական մշակույթի հիմնական հետազոտությունները մինչև 1959 թ. ընթացել են Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ բանահյուսության բաժնում, իսկ 1960 թ.-ից սկսած այդ աշխատանքները փոխադրվեցին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համապատասխան բաժին (վարիչ` Ա. Նազինյան): 1972 թ.-ից հայ ժողովրդի բանավոր ավանդության ուսումնասիրությունը կենտրոնացվեց ինստիտուտի նորաստեղծ զույգ բաժիններում` բանահյուսության տեսության ու պատմության (վարիչ` Ս. Հարությունյան) և բանահյուսության տեքստաբանության (վարիչ` Ա. Նազինյան):
Հայ բանահյուսական մշակույթի հետազոտումը կատարվել է տարբեր ուղղություններով` 1. բանահավաքչական աշխատանքներ, 2. համահավաք բնագրերի կազմում, 3. «Սասնա ծռերի» պատումների գրառում, հրատարակություն և ուսումնասիրություն, 4. հայ բանահյուսության գրառման և հետազոտման պատմություն, 5. բանահյուսության և գեղարվեստական գրականության փոխառնչությունների ուսումնասիրություն, 6. բանահյուսական տեքստաբանություն և դրան առնչվող տարբեր խնդիրների ուսումնասիրություն, 7. Մեծ Եղեռնի ականատես վկաների հուշապատումների և Եղեռնին նվիրված թուրքալեզու երկերի հավաքում ու ուսումնասիրություն (այս ուղղության հիմնադիրն է Վ. Սվազլյանը, որի ուսումնասիրությունները թարգմանվել են աշխարհի ժողովուրդների վեց լեզուներով և հրատարակվել արտասահմանում), 8. հայ անվանի բանագետ-ժողովրդագետների գիտական ժառանգության հրատարակություն:
Առաջին կարևոր ուղղությունը բանահավաքչությունն է, որն իրականացվել է պարբերաբար կազմակերպված համալիր ու նպատակային գիտարշավների և անհատական գործուղումների ձևով: Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններից և Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերից գրառվել են բանահյուսական տարբեր ժանրերի մեծաքանակ նյութեր: Ձեռք են բերվել նաև անհատ բանահավաքների արժեքավոր գրառումներ, որոնցով համալրվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվը` հիմք ծառայելով տարբեր բնույթի բանագիտական հետազոտությունների համար:
Երկրորդ կարևոր ուղղությունը բանահյուսական առանձին ժանրերի գիտական համահավաք բնագրերի կազմումն ու հետազոտությունն է: Այդ տարիներին կազմվել և հրատարակվել են հայկական առած-ասացվածքների համահավաքը (Ա. Ղանալանյան, «Հայկական առածանի«, 1951) և ավանդական զրույցների համահավաքը (Ա. Ղանալանյան, «Ավանդապատում», 1969), Մ. Մկրտչյանի «Հայ ժողովրդական պանդխտության երգերը» (1961): 1965 թ. հրատարակվել է Ս. Հարությունյանի կազմած «Հայ ժողովրդական հանելուկների» գիտական համահավաք բնագիրը, իսկ 1989 թ.-ին` Ա. Ղազիյանի «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգերի» համահավաքը, Ռ. Գրիգորյանի «Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգերի» գիտական համահավաքը (1970), Ս. Հարությունյանի կազմած և խմբագրած «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» գիտական համահավաք բնագրերը (2006) և այլն:
1959 թ.-ից առ այսօր կազմվել և հրատարակվել է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր գիտական հրատարակությունը` ակադեմիկոս Հ. Օրբելու և Ա. Նազինյանի ընդհանուր խմբագրությամբ: Ցարդ լույս է տեսել 19 հատոր:
1950-60-ական թվականներից ի վեր սկսվում է մի նոր շարժում հայ ժողովրդական վեպի` «Սասնա ծռերի» գրառման, հրատարակության և ուսումնասիրության ուղղությամբ: Տպագրվել են հերոսավեպի շուրջ 110 նոր պատումներ, որոնց մեծամասնությունը լույս է տեսել չորս գրքով: 1975 թ. լույս է տեսել Ա. Սահակյանի «Սասնա ծռեր» պատումների «Քննական համեմատություն» մենագրական հետազոտությունը, 1977 թ.` Ս. Հարությունյանի կազմած «Սասնա ծռեր» տասը ընտիր պատումները` հետազոտությամբ հանդերձ: Էպոսի մասին տպագրվել են նոր ուսումնասիրություններ:
Հաջորդ ուղղությունը հայ բանագիտության պատմության հետազոտությունն է: 1985 թ. լույս է տեսել Ա. Ղանալանյանի` հայ բանահյուսության հետազոտմանը նվիրված «Դրվագներ հայ բանագիտության պատմության» ուսումնասիրությունը, Ս. Հարությունյանի «Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը» (1970), Վ. Սվազլյանի «Սարգիս Հայկունի» (1973), Ս. Վարդանյանի «Տիգրան Նավասարդյանի ներդրումը հայ բանագիտության մեջ» (1991) ռուսերեն մենագրությունը և նույն հեղինակի «Մ. Միանսարյանցի կյանքը և գործը» (2004) և այլն:
2010 թ. լույս է տեսել Ս. Հարությունյանի «Բանագիտական ակնարկներ» ուսումնական ձեռնարկը` նվիրված հայ բանագիտության պատմությանն ու տեսությանը:
Հրատարակվել են առանձին ուսումնասիրություններ` նվիրված հայ բանահյուսության տարբեր ժանրերին և առանձին խնդիրների հետազոտությանը: Լույս են տեսել Ս. Հարությունյանի «Հայ ժողովրդական հանելուկներ» (1960), «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» (1975), «Հայ առասպելաբանություն» (2000) մենագրությունները:
Հայ բանահյուսական մշակույթի հետազոտման ուղղություններից է նաև բանահյուսության և գեղարվեստական գրականության փոխառնչությունների ուսումնասիրության հարցը, որն առաջադրվել և հետազոտվել է տակավին 1930-ական թվականներից Ա. Ղանալանյանի կողմից:
Կարևոր ուղղություններից են նաև բանահյուսական տեքստաբանությանն ու դրան առնչվող տարբեր խնդիրների ուսումնասիրությունը և հայ անվանի բանագետ-ժողովրդագետների գիտական ժառանգության հրատարակությունը:
Բացի գիտական համահավաքներից և տեղական բանահյուսական ժողովածուներից, որոնք տեքստաբանական կարևոր արժեք ունեն, այստեղ հարկ է նշել հատկապես հայ ժողովրդական հեքիաթների սյուժետային տիպերի նշացանկը իր բոլոր տարբերակներով` հեքիաթների միջազգային սյուժեների տիպաբանական համեմատությամբ (աշխատանքային թեմատիկ խումբ` գիտական ղեկավար Թ. Հայրապետյան), որի կազմումը շուտով կավարտվի ու կարևոր նշանակություն կունենա հայկական հեքիաթների համեմատական հետազոտության համար:
Ձեռքբերումներն ու հեռանկարները
Ժամանակակից հայագիտության, մասնավորապես հայոց պատմության, հոգևոր և նյութական մշակույթի, տնտեսության, կենցաղի ուսումնասիրության համար անհրաժեշտ սկզբնաղբյուրների հայթայթման առյուծի բաժինն այսօր գործնականում վերապահված է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին: Հայկական լեռնաշխարհի սահմաններում իրականացվող հնագիտական պեղումները հայագիտության զարգացման համար կենսականորեն անհրաժեշտ սկզբնաղբյուրների մշտական հոսք են ապահովում, որոնք հնագիտական ուսումնասիրություններից բացի ելակետային նշանակություն ունեն Հայաստանի հնագույն և հին պատմության, ճարտարապետության, արվեստի, վիմագրության և սեպագրագիտության, մարդաբանության, լեռնաշխարհում էկոլոգիական միջավայրի ձևավորման պատմության և այլ գիտակարգերի շրջանակներում իրականացվող հետազոտությունների համար:
1959 թ. առ այսօր կատարված աշխատանքների շնորհիվ ձևավորվել է հայոց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայկական դպրոց: Համալրվել է Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի, հնագույն և հին շրջանների պատմության ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը: Բացահայտվել և նկարագրվել են քարի և պղնձի դարերի հնագիտական մշակույթները, հնագույն հասարակությունների զարգացման օրինաչափությունները, վաղ պետական կազմավորումների ուսումնասիրության հնագիտական սկզբնաղբյուրները, անտիկ և քրիստոնեական Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի բազմաշերտ դրսևորումները: Պեղվել և ուսումնասիրվել են քարի դարի, նեոլիթ-բրոնզեդարյան, Վանի թագավորության, հելլենիստական, անտիկ շրջանների, միջնադարյան հարյուրավոր հուշարձաններ:
Այս աշխատանքների շնորհիվ համալրվել է տարածաշրջանի հնագիտական ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը: Արտասահմանյան գիտական կենտրոնների օժանդակությամբ իրականացվել են մեծ միջոցներ պահանջող անալիզներ, որոնք որակապես նոր տվյալներ են տալիս հնագույն և հին Հայաստանի պատմության, տնտեսության և մշակույթի ուսումնասիրության համար: Օտար լեզուներով հրատարակվել են մի շարք ուսումնասիրություններ:
Նման աշխատանքների շնորհիվ հայ հնագիտությունն այսօր ամուր թելերով ինտեգրվել է միջազգային գիտական կենտրոնների ծրագրերին ու աշխատանքներին: Այդ ծրագրերի շրջանակներում իրականացվող պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքը (ինչպես և Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը) անթրոպոգենեզի (Նոր Գեղի 1, Լուսակերտ, Աղիտու), քաղաքակրթության ակունքների, երկրագործական առաջին հասարակությունների (Առատաշեն, Ակնաշեն, Մասիս բլուր, Արենի, Գոդեձոր), պետական վաղագույն կազմավորումների, առաջավորասիական էթնոմշակութային համակարգերի (Գեղարոտ, Քարաշամբ, Լոռի Բերդ) ձևավորման խոշորագույն և խիստ ինքնատիպ օջախ է եղել: Արենի 1 քարայրի, Նոր Գեղիի, Գեղարոտի, Գոդեձորի հնավայրերի պեղումների արդյունքները հնարավորություն են տալիս նորովի քննարկել Առաջավոր Ասիայում մարդագոյացման գործընթացները, վաղագույն քաղաքակրթությունների ձևավորման օրինաչափություններն ու տարածման սահմանները: Սկզբունքային նշանակություն ունեն նաև Վանի թագավորության շրջանի և Երվանդյան, Արտաշեսյան Հայաստանի մշակույթների ժառանգական շարունակականության խնդիրների լուսաբանմանը միտված հետազոտությունները (Օշական, Սոլակ, Արամուս, Գետափ):
Առանձնահատուկ կարևորություն ունեն Արցախի հնագիտական հուշարձանների ուսումնասիրությունները (Տիգրանակերտ): Հայաստանի հնագիտության զարգացման, մեր երկրի պատմամշակութային միջավայրի, արժեքների վերհանման, ուսումնասիրության համար հիմնարար նշանակություն ունեն Հայաստանի հին մայրաքաղաքների (Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Դվին), բրոնզ-երկաթի դարերի (Մեծամոր, Գեղարոտ, Լոռի Բերդ, Քարաշամբ և այլն), Երվանդյան, Արտաշեսյան դարաշրջանների (Գառնի, Բենիամին, Հողմիկ) խոշոր առևտրատնտեսական, մշակութային կենտրոնների պեղումները: Համապատասխան աշխատանքները զուգակցվում են հնաերկրաբանական, հնաաշխարհագրական, հնէաբանական, հնակլիմայաբանական հետազոտություններով, արխեոմետրիկ և բիոմետրիկ անալիզներով, որոնք հնարավորություն են տալիս գիտության ժամանակակից պահանջներին համապատասխան վերականգնել և ուսումնասիրել հնագույն և հին Հայաստանի բնակեցման համակարգի, բնաշխարհի յուրացման և տարածքի կազմակերպման կառուցվածքի առանձնահատկությունները:
Հանրապետության տարբեր մարզերում` շրջիկ արշավախմբերի կազմակերպման շնորհիվ, ամեն տարի բացահայտվում են հնագիտական ժառանգության նոր օբյեկտներ: Մեծ ծավալներ են ստացել հուշարձանների վերականգնման ծրագրերով նախատեսված պեղումները:
Հավաքվել, վերծանվել և մեկնաբանվել են Հայկական լեռնաշխարհի և գաղթօջախների հարյուրավոր վիմագիր արձանագրություններ: Ուսումնասիրվել են հայոց տնտեսական կենցաղն ու սովորույթները, նյութական և հոգևոր մշակույթի ազգագրական դրսևորումները, ավանդական և ժամանակակից հասարակական հարաբերությունները, հավատալիքները, ծեսերն ու պաշտամունքը: Գրառվել, ուսումնասիրվել և հրատարակվել են բանահյուսական տարբեր ժանրերի մեծաքանակ նյութեր: Հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել հայ առասպելաբանության, վիպական բանահյուսության ոլորտներում:
Հրատարակվել են «Հնագիտական պեղումները Հայաստանում» (23 հատոր), «Հայաստանի հնագիտական հուշարձանները» (21 հատոր), «Դիվան հայ վիմագրության» (10 հատոր), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (18 հատոր), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (26 հատոր), «Հին Հայաստանի մշակույթը» (14 հատոր), «Հայ ժողովրդական մշակույթ» (15 հատոր), «Ազգագրական և բանահյուսական ժառանգություն» (2 հատոր), «Գիտական ժառանգություն» (5 հատոր), «Հիշողության ազգաբանություն» (3 հատոր), «Հաբիտուս. մարդաբանական և հնագիտական ուսումնասիրություններ» (2 հատոր), «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» (3 հատոր) մատենաշարերը, բազմաթիվ մենագրություններ, հազարավոր հոդվածներ հայկական և միջազգային հեղինակավոր հանդեսնորում:
Ինստիտուտի հետագա գործունեության համար կարևոր ենք համարում հետևյալ դրույթների պահպանումն ու հետագա զարգացումը. 1. նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում միջմասնագիտական եզակի գիտական հաստատության կարգավիճակը, 2. գիտական ուղղությունների լայն սպեկտրը, 3. գիտական հետազոտությունների թեմատիկ բազմազանությունը, 4. ինստիտուտի միջազգային բարձր վարկանիշը, 5. միջազգային (երկկողմ և եռակողմ) պայմանագրերով ձևավորված գիտահետազոտական համատեղ խմբերի, արշավախմբերի մեծ քանակը, 5. միջազգային գիտական համագործակցության շրջանակներում իրականացվող լաբորատոր անալիզների մեծ ծավալները, 6. արտերկրում մեծ քանակով հրատարակությունները, 7. ինֆորմացիոն տեխնոլոգիանների կիրառումը, 8. ինքնատիպ գիտական դպրոցների առկայությունը, 9. կադրային կազմում բարձր որակավորում ունեցող մասնագետների և փորձագետների առկայությունը, 10. երիտասարդ կադրերի մեծ քանակը, 10. պայմանագրային և դրամաշնորհային հիմունքներով, գիտահետազոտական աշխատանքների մեծ ծավալը, 11. կիրառական բնույթի աշխատանքների մեծ մասնաբաժինը:
Հուսով ենք, որ մոտ ապագայում, հենվելով առկա ներուժի և միջազգային համագործակցության ընձեռած լայն հնարավորությունների վրա, ինստիտուտը նոր գիտական նվաճումներ կարձանագրի տարածաշրջանային և միջազգային գիտական հարթակում: