Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Ինստիտուտում աշխատանքները կազմակերպելու ժամանակավոր ռեժիմի և կարգի մասին

Ինստիտուտում աշխատանքները կազմակերպելու ժամանակավոր ռեժիմի և կարգի մասին

20-05-2020 09:18

Հ Ր Ա Մ Ա Ն N 66 - Լ

« 4 » ՄԱՅԻՍԻ 2020 Թ. Ք. ԵՐԵՎԱՆ

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԱՐԵՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ 2020 թ. մայիսի 3-ի ՀՀ պարետի նո 63 որոշման պահանջներին համապատաս­խան ինստիտուտում աշխատանքները կազմակերպելու ժամանակավոր աշխատան­քային ռեժիմը և կարգն իրականացնելու համար

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառում­ների պատասխանատու նշանակել ինստիտուտի գործերի կառավարիչ Արտակ Ավետիսյանին:

Պատասխանատուն ապահովում է գրասենյակի ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

Պատասխանատուն ապահովում է ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:

Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում: Օրվա գրանցա­մատյանի վարողին նշանակում է Պատասխանատուն:

Աշխատակիցներն աշխատանքի են ներկայանում անհատական պաշտպա­նական միջոցներ կրելու պարտադիր պայմանով՝ բժշկական դիմակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, անհատական ջերմաչափ:

Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է ինստիտուտի տարածքից աշխատողների ելքը:

Ինստիտուտի տնօրինությունը, վարչասպասարկող անձնակազմը հաճախում է աշխատանքի սովորական գրաֆիկին համապատասխան՝ աշխատասենյակում աշխատողների քանակն երեք մարդուց ոչ ավել հաշվարկով:

Ինստիտուտի Կամերալ մշակման և վերականգնման լաբորատորիայի, անձնակազմը հաճախում է աշխատանքի սովորական գրաֆիկին համապատասխան աշխատասենյակում աշխատողների քանակն հինգ մարդուց ոչ ավել հաշվարկով: Վերականգնման աշխատանքները տնային պայմաններում իրականացնելու հնարավորության դեպքում աշխատանքները կարելի է կազմակերպել տանը:

Ինստիտուտի գրադարանն աշխատակիցներին և այցելուներին սպասարկում է աշխատանքային բոլոր օրերին: Գրադարավարներն աշխատանքի են հաճախում հերթափոխով՝ գրադարանի վարիչի ներկայացրած գրաֆիկին համապատասխան: Ընթերցասրահից միաժամանակ կարող են օգտվել 5 մարդ՝ պարտադիր պահպա­նելով մինչև 2 մ հեռավարություն:

Ինստիտուտի արխիվն աշխատակիցներին և այցելուներին սպասարկում է երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: Արխիվի այցելուներին սպասարկող աշխատակիցներն աշխատանքի են հաճախում արխիվի, հայ ազգագրության և բանահյուսության պատմության և տեսության բաժիների վարիչների ներկայացրած գրաֆիկին համապատասխան:

Ինստիտուտի համակարգչային մշակման լաբորատորիայի աշխատանքներն ընթանալու են հեռավար եղանակով:

Ինստիտուտի գիտահետազոտական մասի աշխատանքներն ընթանալու են հեռավար եղանակով:

Գիտահետազոտական աշխատանքներն ինստիտուտում կատարելու անհրա­ժեշ­տության դեպքում գիտական բաժինների աշխատակիցները կարող են աշխա­տան­քի ներկայանալ բաժնի վարիչի թույլտվությամբ՝ 1 սենյակում աշխատող­ների քա­նակն երեք մարդուց ոչ ավել հաշվարկով: Ինստիտուտ հաճախող աշխա­տա­կից­նե-րի մասին բաժնի վարիչը նախապես տեղեկացնում է (կամ տրամադրում է աշխա­տակիցների ինստիտուտ հաճախելու գրաֆիկ) կորոնա­վիրուսային հիվան­դության տարածման կանխարգելման նպատակով միջոցառում­ների պատաս­խա­նատուին:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Տնօրեն` Պ. Ավետիսյան

Տեսնել ավելին
Բաց նամակ ընդդեմ ատելության խոսքի և վտանգված ակադեմիական ազատության

Բաց նամակ ընդդեմ ատելության խոսքի և վտանգված ակադեմիական ազատության

12-05-2020 09:33

«Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, թաքնվելով հակաթուրքական «հայրենասիրության» քողի տակ, սոցիալական ցանցերում օրերս տարածած հրապարակումներով փորձում է վարկաբեկել Հայաստանի վաստակա­շատ և հեղինակավոր երկու ազգագրագետների՝ Հրանուշ Խառատյանի և Հարություն Մարությանի գիտական վարկը և մարդկային արժանապատվությունը: Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության մեջ ծանրակշիռ ավանդ ունեցող գիտնականներ են՝ հայոց ավանդական մշակույթի բազմաթիվ ոլորտների ուսումնասիրությանը նվիրված հարյուրավոր գիտական հոդվածներով և տասնյակ մենագրություններով, որոնց կշիռն ավելին է, քան մալյանների՝ կեղծիք սփռող աղբյուրներից համալրվող նետտո և բրուտտո քաշը։  Նշված գիտնականները նաև ունեն հրատարակած արժեքավոր աշխատություններ Արցախի հայ բնակչության, հայոց Ցեղասպանության, հայկական համայնքների, առաջին հանրապետության, խորհրդային շրջանի և հայոց պատմության այլ կարևոր դրվագների մասին։  Նրանք բազմիցս աշխարհի տարբեր գիտական ամբիոններից ներկայացրել են հայ ժողովրդի շահերը և ճանաչելի դարձրել միջազգային լայն հանրության առջև հայոց պատմության և մշակույթի կարևոր փաստեր ու դրվագներ:

     Խստորեն դատապարտում ենք մեր գործընկերների հասցեին Նարեկ Մալյանի հնչեցրած ֆաշիստական բովանդակության հայտարարություններն ու նրանց ընտանիքների անդամների հետ ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչև մահվան սպառնալիք պարունակող բովանդակութ­յամբ կոչերը և հրավիրում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների ուշադրությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Միևնույն ժամանակ Հայաստանի գիտական և ակադեմիական հանրությանը կոչ ենք անում դատապարտելու վաստակաշատ գիտնականների վրա ծայրահեղական ուժերի կողմից բռնություն կիրառելու այս կոչերը:

     Մարդկային համակեցությունը միշտ ունեցել է և ունի արատավոր շեղումներ՝ «մատնիչների» և զրպարտիչների ցանցեր, դավադրագիտության տեսաբաններ ու մոլագարներ, ծայրահեղական և  պսևդո­հայրենա­սիրական խմբակներ, որոնց միջոցով բազմիցս փորձել են հալածել գիտնականներին, հանրային ուղղամիտ կեցվածքն ու  այլակարծությունը: Հանրային կեցության այս թարախապալարները եղել են և մնալու են ազգագրագետների ուսումնասիրության առարկա: Ազգագրությունը մարդկային մտքի և դրա կարևորագույն արդյունքի՝ մշակույթի,  շարունակական ապագաղութացման գործընթաց է։ Եվ դրանից սպասվող անհանգստությունն է, որ ցնցումների մեջ է գցել մերօրյա պսևդո­հայրենա­սերներին:

     Չէինք անդրադառնա խնդրին, եթե մալյանների արտահայտությունները չդառնային բացահայտ սպառնալիքներ, մարդկանց ֆիզիկական ոչնչացման կոչեր, որոնք այլևս դուրս են հանրային խոսք լինելուց և պարունակում են քրեական հանցանքի բացահայտ տարրեր։

     Միաժամանակ, փաստում ենք, որ այո, նաև՝ մեր՝ գիտնականներիս ջանքերով է հնարավոր դարձել բռնապետությունների կազմաքանդումը, տեռորի պատմության լուսաբանումը, ցեղասպանության մարդկային պատմությունների բարձրաձայնումը, փախստական, հալածված խմբերի, աղքատների ձայների հանրայնացումը, ինչպես նաև մալյանների համար քաղաքացիական ազատությունները հնարավոր դարձնելն ու պահպանելը։

     Այս նամակը դիտարկում ենք ոչ միայն որպես Հրանուշ Խառատյանին, Հարություն Մարությանին պաշտպանելու գործընկերային դիրքորոշում, այլև ազատ միտք ունենալու, գիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին ահազանգ, ինչի արժանապատիվ իրականացման իրավունքը մեզանից յուրաքանչյուրին տրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։

 

ՀՀ ԳԱԱ Հնագիության և ազգագրության ինստիտուտի գիտական անձնակազմ

12 մայիս 2020թ.

Տեսնել ավելին
Թուխ Մանուկ սրբավայրերը» (պատմաազգագրական ուսումնասիրություն)

Թուխ Մանուկ սրբավայրերը» (պատմաազգագրական ուսումնասիրություն)

19-03-2020 09:00

Ուշադրությո՛ւն՝ թարմացում․ պաշտպանությունը կանցկացվի առցանց՝ մայիսի 19-ին, ժ. 14:00-ին հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/86539334749?pwd=STlRSi9BVmE1di9pT0tQWitoc3VWZz09 (Zoom Meeting ID: 865 3933 4749, Password: 183875):

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Հովհաննիսյան Կարեն Հովհաննեսի «Թուխ Մանուկ սրբավայրերը» (պատմաազգագրական ուսումնասիրություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Միջազգային գիտաժողով «Վառ անցյալ, վառ ապագա». Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը

Միջազգային գիտաժողով «Վառ անցյալ, վառ ապագա». Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը

13-03-2020 08:56

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը Հնագիտության և ագգագրության ինստիտուտի և «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա 2020 թ․-ի մարտի 13-14-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:

Հազարամյակներ շարունակ գտնվելով տարբեր մշակույթների խաչմերուկում՝ Վայոց ձորի մարզն իր մշակութային և բնական լանդշաֆտում ամփոփում է հնագույն, միջնադարյան և ժամանակակից հասարակությունների հետքերը: Վերջին տարիներին գիտնականները նոր բացահայտումներ են կատարել Վայոց ձորի հեռավոր անցյալի մասին: 2007թ.-ին հնագետները հայտնաբերել են առնվազն 6000 տարվա վաղեմության գտածոներ, որոնք վկայում են այն մասին, որ Արենի-1 քարանձավային համալիրը եղել է գինու արտադրության հնագույն կենտրոններից մեկը ողջ աշխարհում: Մարզում այսօր էլ լավագույն գինեգործական ավանդույթները պահպանվում են Հայաստանի ամենահայտնի գինիների և գինեգործների շնորհիվ:

Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի պատմամշակութային ժառանգությունը:

Գիտաժողովը տեղի կունենա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, որտեղ ներկայացված է նախապատմական ժամանակաշրջանից մինչև 20-րդ դարին պատկանող արտեֆակտների հարուստ հավաքածու: Սա իր տեսակի մեջ առաջին գիտաժողովն է, որը նախատեսվում է անցկացնել տվյալ մարզում: Ասպիրանտուրայի ուսանողները, տարբեր գիտահետազոտական հաստատությունների գիտաշխատողները, թանգարանային մասնագետները և գիտնականները կարող են աշխատության ամփոփագիր ներկայացնել՝ գիտաժողովի ընթացքում զեկուցումով հանդես գալու համար:

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Գիտաժողովի շրջանակում ընդունվում են Վայոց ձորին առնչվող աշխատություններ հետևյալ թեմաներով.

Պատմություն
Հնագիտություն
Ազգագրություն
Բանահյուսություն
Մշակութաբանություն
Երկրագիտություն
Ճարտարապետություն և արվեստ

Զեկուցումների տևողությունը 20 րոպե է, ևս 10 րոպե կհատկացվի քննարկման համար: Բանախոսները սլայդներ ցույց տալու հնարավորություն կունենան: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Աշխատությունները կհրատարակվեն գիտաժողովի նյութերում:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 20-ը tangaran68@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող աշխատության մոտ 300-բառանոց ամփոփագիր՝ հեղինակ(ներ)ի հակիրճ կենսագրությամբ հանդերձ: Գիտաժողովի գիտական կոմիտեն ընտրություն կկատարի ներկայացված հայտերի միջև: Զեկուցողների ընտրության արդյունքները կծանուցվեն մինչև դեկտեմբերի 25-ը:

Ուղևորափոխադրումը և Եղեգնաձորում կեցությունը հոգում են կազմակերպիչները:

Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի կողմից գիտաժողովից հետո:

Կոնտակտային տվյալներ

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Շահուկյան 4 փողոց, 3601 Եղեգնաձոր, Վայոց ձոր

tangara68@gmail.com

+374 281 233 92

Տեսնել ավելին
Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածի բնակչության սոցիալական կազմը և թաղման ծեսն ըստ ուշ բրոնզ և վաղերկաթեդարյան դամբանային համալիրների

Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածի բնակչության սոցիալական կազմը և թաղման ծեսն ըստ ուշ բրոնզ և վաղերկաթեդարյան դամբանային համալիրների

10-03-2020 11:00

2020 թ․-ի մարտի 10-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Վարդանյան Բենիկ Վարդանի «Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածի բնակչության սոցիալական կազմը և թաղման ծեսն ըստ ուշ բրոնզ և վաղերկաթեդարյան դամբանային համալիրների» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Մահազդ. Գրիգոր Արեշյան

Մահազդ. Գրիգոր Արեշյան

08-03-2020 11:00

Կյանքի 71-րդ տարում մահկանացուն կնքեց ՀՀ ԳԱԱ արտասահամանյան ան­դամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրա­պե­տութ­յան նախկին պետական նախարար Գրիգոր Եվգենիի Արեշյանը:

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1970-1973 թթ. սովորել է ԵՊՀ, իսկ1973-1975 թթ. Ս. Պետերբուրգի ասպիրանտու­րա­յում և 1975 թ. հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենա­խո­սութ­յունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստի­ճան: Նրա ղեկավարն էր հայտնի հնագետ, Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին: 1970-1973 թվականներին աշխատել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնում, 1973-1980 թվականներին՝ ԵՊՀ հայագիտության կենտրոնում, որպես գիտաշխատող: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնութ­յամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվեց հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: 1987-1991 թթ. նա զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվեց երկրի կառավարման գործում: 1991-1992 թթ. նա Հայաստանի Հան­րապետության պետնախարար էր, ղեկավարել է ՀՀ պատվի­րակությունը Ռու­սաս­տանի հետ բանակցություններում: 1993 թ. բուժման նպատակով տեղափոխ­վում է ԱՄՆ, որտեղ բուժմանը զուգընթաց զբաղվում է գիտամանկա­վարժա­կան գոր­ծու­նեությամբ: Դասավանդել է ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում և քոլեջներում, ի մասնավորի Կալիֆորնիայի, Չիկագոյի, Վիսկոնսինի համալսարաններում: Սկսած 2001 թ-ից` դասավանդել և գիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կոտսընի անվան հնագիտության ինստիտուտում, 2010 թ-ին դարձել է ինստիտուտի փոխտնօրենը:

2016 թվականին տեղափոխվեց Հայաստան, դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալարանում:

Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում: Դեռևս ուսանողական տարիներին մասնակցել է Լճաշենի, Արթիկի դամբարանադաշ­տերի, Կարմիր բլուրի պեղումներին: 1970-80-ական թվականներին Գրիգոր Արեշյանը ղեկա­վարել է Ադաբլուրի, Մոխրաբլուրի, Նորաբացի բլուր բնակատեղիների, Բերքաբերի (Հ. Սիմոնյանի հետ համատեղ), Մայիսյանի, Շամիրամի դամբարա­նադաշ­տերի պեղումները: Կոտսենի անվ. Հնագիտության ինստիտուտում աշխատելու տարիներին նրա ջանքերով և ղեկա­վարությամբ մշակվեցին և կյանքի կոչվեցին հայ-ամերիկան մի շարք համատեղ ծրագրեր, որոնք իրենց նպաստը բերեցին հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդ­ման գործին: Մասնավորապես 2008-2012 թվականներին Գրգոր Արեշյանը, որպես հայ-ամերիկյան արշավախմբի ամերիկյան կողմի ղեկավար, ակտիվ մասնակցութ­յուն է ունեցել միջազգային լայն արձագանք ստացած Արենի 1 քարայրի պեղում­ներին, պեղումների արդյունքների ուսումնասիրությանն ու հանրահռչակ­մանը: 2011 թվակաինց նրա ջանքերով ձևավորվեց ևս մեկ հայ-ամերիկյան արշավախումբ, որը վերսկսեց և ներկայումս էլ շարունակում է Մասիս բլուր նեոլիթյան հնավայրի պեղումներն ու նյութերի ուսումնասիրությունները:

Մեծ է Գրգոր Արեշյանի ավանդը Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության ասպարեզում: Նրա հրատարակած ուսումնասիրութ­յուն­ներից շատերը ուղենիշային դեր են խաղացել Հայկական լեռնաշխարհի հնագի­տական մշակույթների ժամանակագրության և պարբերացման ներկայիս համակար­գի ձևավորման, լեռնաշխարհի հնագույն հասարակությունների հասարա­կական և սոցիալական միջավայրի առանձնահատկությունների վերհան­ման, արժևորման համար: Անուրանալի ձիրքի ու գիտելիքների շնորհիվ Գրիգոր Արեշյանը կարողա­նում էր անցյալի մշակութային ֆենոմենների ուսումնասիրության համար, հնագիտա­կան տարբեր դպրոցների ու ուղղությունների տեսական մտքի քննական վերլուծութ­յամբ գտնել այնպիսի լուծումներ, որոնք հեղինակին բերեցին լայն ճանաչում և համբավ: Նա ավելի քան 150 գիտական աշխա­տանք­ների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում: Գրիգոր Արեշյանի գիտական աշխատանքները նվիրված են Հայկական լեռնաշխար­հի, Կովկասի և Առաջավոր Ասիայի հնագիտության և մշակույթի տարբեր ասպեկտ­ների վերլուծութ­յանը:

Գրիգոր Արեշյանը տիրապետում էր մի շարք, այդ թվում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների, ազատ կարդում էր գրաբար, լատիներեն, ուրարտական սեպագիր տեքստեր:

Գիտական նշանակալից արդյունքների համար 2014 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Գրիգոր Արեշյանն իր ժողովրդի և Արեշյանների տոհմի արժանավոր զավակն էր։ Նա ամբողջ կյանքը դրեց գիտության, մասնավորապես՝ հնագիտության և հայագիտության զարգաց­ման, երիտասարդ կադրերի պատրաստման, հայոց մշակութային ժառանգության հանրայնացման համար։ Նրա հիշատակը մշտապես կմնա բազմաթիվ հնագետների, հայագետների, նրան ճանաչողների սրտերում։

ՀՀ ԳԱԱ նախագահություն

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոն

Տեսնել ավելին
Էթնիկ մամուլի դերը Հայկական Սփյուռքում (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)

Էթնիկ մամուլի դերը Հայկական Սփյուռքում (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)

05-03-2020 13:59

2020 թ․-ի մարտի 5-ին ժամը 13։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Բարսեղյան Սյուզաննա Սոսի «Էթնիկ մամուլի դերը Հայկական Սփյուռքում (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Սոցիալական փոփոխությունները Հայկական Սփյուռքում (Լոս Անջելեսի, Թեհրանի, Բեյրութի հայերի էթնոսոցիոլոգիական հետազոտություն)

Սոցիալական փոփոխությունները Հայկական Սփյուռքում (Լոս Անջելեսի, Թեհրանի, Բեյրութի հայերի էթնոսոցիոլոգիական հետազոտություն)

05-03-2020 13:58

2020 թ․-ի մարտի 5-ին ժամը 15։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Տանաջյան Լուսինե Ասատուրի «Սոցիալական փոփոխությունները Հայկական Սփյուռքում (Լոս Անջելեսի, Թեհրանի, Բեյրութի հայերի էթնոսոցիոլոգիական հետազոտություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Ինստիտուտի հրատարակած առաջին էլեկտրոնային գիրքը․ «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում»

Ինստիտուտի հրատարակած առաջին էլեկտրոնային գիրքը․ «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում»

27-12-2019 11:09
Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում (նյութերի ժողովածու). Կազմումը, ծանոթագրությունները, խմբագրումը, նախաբանը՝ պ. գ. թ. Հրանուշ Խառատյանի, ՀԱԻ Հրատարակչություն, Երևան, 2019, 672 էջ:
Հեղինակներ։ Հրանուշ Խառատյան
Աղբյուր: ՀԱԻ
Տարի։ 2019
Վայր։ Երևան
Պիտակ։ խորհրդային բանավոր պատմություններ
Տեսնել ավելին
Սեմինար․ «Սուրբ համարվող ձեռագրերի, հնատիպ գրքերի և դրանց շուրջ ձևավորված խորհրդանշական հարուստ մշակույթի ուսումնասիրությունը»

Սեմինար․ «Սուրբ համարվող ձեռագրերի, հնատիպ գրքերի և դրանց շուրջ ձևավորված խորհրդանշական հարուստ մշակույթի ուսումնասիրությունը»

24-12-2019 10:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջճյուղային թիմն իրագործում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել անհատների սեփականությունը հանդիսացող, բայց և ժողովրդական քրիստոնեության կարևոր մի մասը ներկայացող սուրբ համարվող ձեռագրերի և հնատիպ գրքերի և դրանց շուրջ ձևավորված խորհրդանշական հարուստ մշակույթի ուսումնասիրությունը:

Հայոց մշակույթի համար բարձր արժեք են ներկայացնում ոչ միայն նկարազարդ հին մատյանները, այլև այն ծեսերը, ավանդույթներն ու բանահյուսությունը, որոնք գոյություն ունեն դրանց շուրջ ժողովրդի մի ստվար զանգվածի շրջանակում:

Սեմինար-դասախոսության ընթացքում ինստիտուտի գիտաշխատողներ Լ. Սիմոնյանը, Հ. Հակոբյանը և Կ. Հովհաննիսյանը կներկայացնեն 2019 թ. ընթացքում կատարված դաշտային աշխատանքների արդյունքները:

Տեսնել ավելին
Սիրիահայերի սոցիալ-մշակութային ադապտացիայի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Սիրիահայերի սոցիալ-մշակութային ադապտացիայի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

20-11-2019 14:27

2019 թ․-ի նոյեմբերի 19-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Հակոբյան Գայանե Լևոնի «Սիրիահայերի սոցիալ-մշակութային ադապտացիայի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Գիտաժողովի մասնակցության հրավեր՝ “Հնագիտություն, Ազգաբանություն, Բանագիտություն: Միջգիտակարգային մոտեցումներ”

Գիտաժողովի մասնակցության հրավեր՝ “Հնագիտություն, Ազգաբանություն, Բանագիտություն: Միջգիտակարգային մոտեցումներ”

20-11-2019 07:00

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետա­զո­տող­նե­րի, գիտաշխատողների և ասպիրանտների (մինչև 40 տարեկան)՝ մաս­նակ­ցելու հերթա­կան 16-րդ միջազգային գիտաժողովին: Այն միջգիտակարգային է և ընդգրկում է  հետևյալ  ոլորտ­ները.

  • Հնագիտություն
  • Ազգագրություն և մշակութային մարդաբանություն
  • Բանագիտություն և բանահյուսություն

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ՝

  1. Աբստրակտ՝ Word տարբերակով, Sylfaen տառատեսակով, հայերեն կամ անգ­լե­րեն լեզուներով` առավելագույնը 300 բառ: Այն ձևա­վորել նշված հաջոր­դա­­­կա­նությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, զեկուցման վեր­­նա­գիր, բանալի բառեր (մինչև 10-ը): Աբստրակտը պետք է արտահայտի հե­տա­­զո­տու­թյան համառոտ բնութա­գիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով զե­կուցման տեսական մոտե­ցում­ները և մեթոդաբանությունը:
  2. Մասնակցության հայտ:

Մասնակցության հայտը և աբստրակտը ուղարկել հետևյալ էլ. հասցեներին ysc@iae.am cc: ysc.iae.arm@gmail.com մինչև 2019 թ. հունիսի 21-ը  (ուշացած հայ­տե­րը չեն ընդունվելու):

Ընտրված զեկուցումների մասին կտեղեկացնենք էլ.  փոս­տով` մինչև 2019 թ.  հուլիսի 26-ը։

Ընտրված զեկուցումների աշխատանքային տեքստերը (մոտ 3000 բառ) ուղարկել մինչև 2019 թ. հոկտեմբերի 25-ը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսե­րենը: Հնա­րա­վոր է նաև առցանց զեկուցման տարբերակ: Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:

Գիտաժողովին ներկայացված և խմբա­գրական խորհրդի հավանությանն արժա­նացած զե­կու­ցումները կհրատարակվեն գիտական հոդ­վածների տեսքով։

Հրավիրող կողմը հոգում է արտերկրից դիմողների միայն մնալու ծախսերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:

 

Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵԳԽ-ը: 
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96,  Էլ. հասցե info@iae.am

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.