Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Լոռի Բերդի դամբանադաշտի ժամանակագրությունը

Լոռի Բերդը Հայաստանի բրոնզի և երկաթի դարաշրջանների նշանավոր հուշարձան է: Այն ներկայացնում է հսկայական դամբարանադաշտ և բնակավայր: Գտնվում է Լոռու մարզում և զբաղեցնում է Ձորագետ և Ուռուտ (Միսխանա) գետերի միջև ընկած բարձրադիր հարթավայրերը: Այստեղ՝ գետերի միախառնման վայրում, անառիկ հրվանդանի վրա կառուցված է Կյուրիկյան հայկական թագավորության Լոռե բերդաքաղաքը (X-XII դդ.):

Հարթավայրն ունի ծովի մակերևույթից շուրջ 1380 մ բարձրություն: Մեղմ բնակալիմայական պայմանները, բարեբեր սևահողը, անտառածածկ լեռներն ու ընդերքի հարստությունները (պղինձ, ոսկի, բազմամետաղային հանքեր), նպաստել են այս միջավայրում մարդկային գործունեության անընդմեջ ծավալմանն և զարգացմանը մ.թ.ա. III - I հազ.: Լոռի Բերդն ունի գրեթե երկհազարամյա բնակեցվածության պատմություն՝ մ.թ.ա. III հազարամյակի վերջին դարերից մինչև մ.թ.ա. VI - V դարերը ներառյալ:

Հին բնակավայրը գտնվում է Ուռուտ գետի ափին, որտեղից, պեղումների միջոցով հայտնաբերվել են միջին բրոնզի վերջի, ուշ բրոնզի վաղ փուլի և միջնադարյան արտեֆակտներ: Այն հավանաբար բնակեցված է եղել դամբարանադաշտի գոյության ողջ ընթացքում, ապա, նաև միջնադարում` հանդիսանալով Լոռե քաղաքի ծայրամասային արվարձանը:

Լոռի Բերդի շուրջ քառասունչորս տարիների (1969 - 2013 թթ.) պեղումների շնորհիվ, բացվել են ցեղապետերի, ռազմական առաջնորդների, իշխանների և քրմական դասի ներկայացուցիչների, ինչպես նաև պարզ համայնականների 111 դամբարաններ: Սրանց վերգետնյա մասերը տարբեր չափերի քարահողային ոչ բարձր դամբանաթմբեր են կամ քարաշար, շրջանաձև կրոմլեխներ: Ստորգետնյա խուցերն ուղղանկյունաձև են, հիմնահողային, սալարկղային կամ քարաշար պատերով՝ քարարկղային: Ծածկված են կեղծ թաղի սկզբունքով, թվով` 2-6 հսկա սալերով, շուրջանակի ամրացված և ծածկված` քարազրահով:

Տարբեր շրջափուլերում դամբարանների ձևերը, որոշ բացառություններով, ենթարկվել են փոփոխությունների. միջին բրոնզում (մ.թ.ա. III հազ. վերջ - մ.թ.ա. II հազ. կեսեր) և ուրարտաաքեմենյան շրջանում դրանք արևելքից արևմուտք ուղղված քարարկղներ են, իսկ ուշ բրոնզում և վաղ երկաթում (մ.թ.ա. XVI դ. II կես - մ.թ.ա. IX դ.)՝ հիմնահողային դամբանախցեր ավելի հաճախ հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղվածությամբ: Ուրարտական շրջանի մի քանի մեծ դամբարաններ կազմված են 2-3 խցերից: Սովորաբար մեծ դամբարանները պատկանել են իշխաններին և հասարակության հարուստ վերնախավին: Այս դամբարաններում զետեղվել են ննջեցյալների ոչ միայն արտնին օգտագործման, այլև թանկարժեք իրերն ու անձնական զարդերը, զենքերը, թաղման զանազան արարողությունների հետ կապված` ծիսական առարկաները, զոհաբերված կենդանիների մնացորդները, երբեմն` փայտե փոխադրամիջոցները (փայտե մասերը պահպանված չեն): Ուշագրավ են վերջինների հետ առնչվող թռչունների և մարտակառքի բրոնզե մանրաքանդակները (մ.թ.ա. XVI դ. – XV դդ.):

Լոռի Բերդի փոքր կամ շարքային դամբարանները սովորաբար պարունակում են կավամաններ, երբեմն նաև զենքեր, գործիքներ, ուլունքներ, որոշ դեպքերում նաև թանկարժեք զարդեր:

Թաղման ծեսը դիաթաղումն է (կողքի պառկած, կծկված դիրքով), դիակիզումն ու դիամասնատումը: Վերջինը բավականին տարածված է և հանդիպում է բոլոր շրջափուլերում: Յուրաքանչյուր դամբարանում մեծ մասամբ թաղված է մեկ մարդ, որը երբեմն խախտվում է մ.թ.ա. I հազ. կեսերին: Որոշ մեծ դամբարաններում կատարված երկրորդային ավելի ուշ թաղումները խաթարել են նախնական թաղման ծեսը:

Պեղումների միջոցով բացահայտվեցին Լոռի Բերդի տեղաբնակների զբաղմունքի նյութական և հոգևոր մշակույթի հետ կապված բազմաթիվ հարցեր, դիտված` Հայկական լեռնաշխարհի, համակովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանների համատեքստում:

Լոռի Բերդի շուրջ երկհազարամյա պատմության ընթացքում բնակչության հիմնական զբաղմունքը եղել է երկրագործությունն ու անասնապահությունը, որին նպաստել է հումուսով հարուստ սևահողը և անհրաժեշտ խոնավությունը: Դամբարաններում հայտնաբերվել են ընտանի կենդանիների` կովերի, ոչխարների, խոզերի, ձիերի ոսկորներ` ամբողջական կամ մասնակի: Կենդանիները զոհաբերվել են կամ զետեղվել իբրև սնունդ:

Որսորդությամբ կամ ձկնորսությամբ զբաղվելու համար լայն ասպարեզ կար շնորհիվ մերձակա անտառների և գետերի: Հանդիպել են վայրի, մորթատու կեն­դա­նիների մնացորդներ` աղվես, փորսուղ, կզաքիս, նապաստակ, աքիս, գայլ: Սմբակավորներից` կովկասյան ազնիվ եղջերու, կխտար, մուֆլոն: Ուրարտական շրջանի դամբարաններում հանդիպել են նաև առաջավորասիական առյուծի և ուղտի ոսկրային մնացորդներ, որոնք ունեին բացառապես ծիսական կամ խորհրդա­նշա­կան բնույթ:  

Լոռի Բերդի բնակիչները նաև հմուտ արհեստավորներ էին: Զարգացած էր մետաղագործությունը, բրուտագործությունը, մանածագործությունը, փայտա­գոր­ծու­թյունը, այդ թվում կահույքի և փոխադրամիջոցների արտադրությունը:

Լոռու մետաղագործական օջախը միշտ էլ հայտի է եղել բրոնզի արտադրությամբ, մետաղի որակով և քանակով: Մետաղյա իրերի քանակով Լոռի Բերդի դամբարանադաշտին չի կարող հավասարվել որևէ հուշարձան: Դեռևս միջին բրոնզում, այստեղ առկա էր տարածաշրջանում հայտնի բրոնզե զենքերի ողջ տեսականին: Մետաղագործ վարպետները մ.թ.ա II հազ. վերջերին ստացել են արծաթագույն բրոնզի մկնդեղային համաձուլվածք, որով ձուլել են իրեր` ոսկեգույն և արծաթագույն բրոնզի համադրությամբ: Լոռի Բերդը նշանավոր է նաև ոսկերչական իրերի և արծաթե սպասքի առատությամբ, որը վկայում է հասարակության ոչ միայն հարստության, այլև գեղագիտական ճաշակի և ոսկերիչ վարպետների հմտության մասին` սկսած հանքերի հարստացումից մինչև տեխնիկապես բարդ գեղարվեստական զարդերի ստեղծումը:

Աներկբա են Լոռի Բերդի առևտրափոխանակային և մշակութային կապերը ժամանակի քաղաքակրթությունների, մոտակա և հեռավոր երկրների հետ: Տարբեր ժամանակներում, առանձին երկրների հետ, դրանք դրսևորվում են առավել կամ պակաս չափով: Փոքրասիական և առաջավորասիական երկրների, Էգեյան աշխարհի հետ կապերն ակնհայտ են դառնում մ.թ.ա. II հազ. I կեսին: Նույն հազարամյակի կեսերին և երկրորդ կեսին` արևելամիջերկրածովյան երկրների հետ: Մ.թ.ա. II հազ. վերջերին կապերը Կենտրոնական և Հյուսիսային Կովկասի հետ դառնում են ակնառու: I հազ. I կեսին սերտանում են հարաբերություններն արևմտյան Իրանի, Ասորեստանի, հատկապես Ուրարտու պետության հետ: Լոռի Բերդի այս շրջանի հսկայական խցերով հարուստ դամբարանները, ուրարտական բնորոշ իրերով, առայժմ միակն են տարածաշրջանում: Այստեղ երևում է նաև կիմերասկյութական տարրի ազդեցությունը:

Ուրարտուի անկումից հետո, Լոռի Բերդն աքեմենյան տերության 18-րդ սատրապության կազմում էր, որը մեծապես ազդում է նրա նյութական և հոգևոր մշակույթի բնույթի վրա: Հանդես են գալիս աքեմենյան բնորոշ առարկաներ և ոճեր, որոնց մի մասը, ամենայն հավանականությամբ, ներկրված են Իրանից:

Լոռի Բերդի պեղումներն ընձեռել են այնքան մեծաքանակ հնագիտական նյութ, որը կարող էր զբաղեցնել մեկ առանձին հնագիտական թանգարան: Դրանց թվում առկա են ինչպես ընդհանուր Այսրկովկասյան, այնպես էլ բոլորովին նոր, եզակի առարկաներ, որոնք լրացնում և հարստացնում են մեր գիտելիքները հին Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի մասին:

Իրենց ձևաբանությամբ և նուրբ զարդանախշերով աչքի են ընկնում միջին բրոնզի սև և գունազարդ կավամանները, ոսկե զարդերը, դեղնականաչավուն որմնանկարները (դամբարան № 79): Ուշ բրոնզի վաղ փուլում հետաքրքրություն են ներկայացնում սև հիմնագույնի վրա սպիտակով և կարմիրով նախշված ծիսական խեցեղենը (եռագույն), միտանիական գլանաձև կնիքները, քրմի դամբարանում` արևի աստծուն նվիրված ծիսական շերեփը, բրոնզե մանրաքանդակները: Վաղ երկաթի և ուրարտական շրջանի դամբարաններն աչքի են ընկնում շքեղորեն զարդարված ձիերի թաղումներով: Հայտաբերվել է մարդու քարե արձան, ուրարտական սաղավարտ, արծաթե գավաթ, ոսկե և արծաթե զարդեր, ուրարտական և ուշ եգիպտական կնիքներ, զենքեր, սանձեր, ուլունքներ և այլն:

Ուշադրության արժանի են ուրարտական արտադրանքի նմուշները որպես ռամաքաղաքական կամ առևտրական կապերի հետևանք: Ուշ ուրարտական-աքեմենյան դամբարաններում առատ են երկաթե իրերը, խեցեղենը` սև և կարմիր բազմաթիվ փիալաներն ու սափորները: Կան բրոնզե և արծաթե թասեր, ոսկե զարդեր, ապակե գունավոր սրվակներ և գավաթներ, կոճակներ և ուլունքներ, որոնք Հայաստանում հանդիպում են առաջին անգամ և ընդհանրապես սակավ են Այսրկովկասում: Բացառիկ հայտնագործություն է նաև նորասորեստանյան կամ բաբելոնյան պատկերաքանդակներով օժտված, մոխրավարդագույն, թափանցիկ քախկեդոնից պատրաստված, ոսկե կախիկով գլանաձև կնիքը:

Գրեթե երկհազարամյա պատմության ընթացքում Լոռի Բերդում արտադրված և պեղումների միջոցով մեզ հասած նյութական մշակույթի բազմազան արգասիքները հուշարձանը դասում են ոչ միայն համակովկասյան և փոքրասիական, այլև առաջավորասիական նշանավոր հուշարձանների շարքին:

Լոռի Բերդում թեև առայժմ չի նկատվել գրավոր խոսքի որևէ դրսևորում, այսուհանդերձ, հուշարձանի ծավալը, նյութական արտադրության, հատկապես մետաղագործության բարձր մակարդակը, ձիաբուծության վերելքը, սոցիալական խոր շերտավորման առկայությունը, իշխանական դամբարանների առատությունը, մարդկային կենսագործունեության հարատևությունը, պաշտամունքային, ծիսական խոր ավանդույթները, սերտ կապերը հարևան և հեռավոր երկրների հետ, թույլ են տալիս խոսելու այստեղ արդեն առաջացած հասարակական-քաղաքական, գուցե և պետական միավորման մասին: Այդ է վկայում նաև բնակավայրից հայտնաբերված սև կավամանի բեկորի վրա խազված թագակիր անձի կիսանդրին (խեցին՝ շուրջ մ.թ.ա. II հազ. I կես): Ակներև է, որ մ.թ.ա. II հազարամյակից սկսած, Լոռի Բերդը հանդիսացել է տնտեսական, մշակութային և ռազմաքաղաքական հզոր կենտրոն, որի ազդեցությունը տարածվել է այդ երկրամասից շատ հեռու:

 

Գրականություն

  • Դևեջյան Ս., Ավետիսյան Պ., Լոռի բերդի դամբարանադաշտի 1996-1997 թթ. պեղումների արդյունքները, Հին Հայաստանի մշակույթը, XI, Երևան 1998, էջ 20-21:
  • Դևեջյան Ս., Թագակիր իշխանավորի պատկերը Լոռի Բերդի բրոնզեդարյան բնակավայրից, Լրաբեր հասարակական գիտությունների, 8 (524), Երևան 1986, էջ 75-81:
  • Դևեջյան Ս., Լոռի-բերդ II (Միջին բրոնզ), Երևան 2006:
  • Դևեջյան Ս., Հայաստան-Առաջավոր Ասիա մշակութային փոխառնչություններ (ըստ Լոռի Բերդի պեղածո իրերի), Հին Հայաստանի մշակույթը, XIII, Երևան 2005, էջ 125-132:
  • Деведжян С., Лори-берд 1, Результаты паскопок 1969-1973 гг., Ереван 1981.
  • Devedjyan N., Some Urartian Objects from the Tombs of Lori Berd, Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, vol. V, issue 2, erevan 2010, p. 75-84.

 

պ.գ.թ.  Սեդա Դևեջյան