Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Հնագիտական հուշարձաններից հայտնաբերված բուսական մնացորդների ուսումնասիրություն

Հետազոտության հնաբուսաբանական  մեթոդների համեմատաբար ծավալուն կիրառումը հանրապետության տարածքում զգալիորեն երիտասարդ պատմություն ունի, ուստի այդ հասկացությունը դեռևս անծանոթ է շատերի համար: Հնաբուսաբանությունը (անգլ. archaeobotany կամ palaeoethnobotany) գիտություն է անցյալ դարաշրջանների մարդու գործունեության հետ առնչվող բույսերի մասին: Ի տարբերություն հնէաբուսաբանության (անգլ. palaeobotany), որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում բոլոր անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բույսերը և որի մի ճյուղն է հանդիսանում հնաբուսաբանությունը, ժամանակագրորեն վերջինիս հետազոտության ոլորտն ընդգրկում է միայն անթրոպոգեն (մարդածին) ժամանակաշրջանը: 
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կազմում հնակենսաբանական հետազոտություններ սկսվել են կատարվել 2007 թ․-ից:
Ըստ Ն.Ի. Վավիլովի ՀՀ տարածքը մշակաբույսերի ծագման առաջավորասիական շրջանի անդրկովկասյան ենթաշրջանի մի մասն է (Вавилов, 1960), այն գտնվում է “բարեբեր մահիկի” (անգլ. fertile cresscent; Zohary et al., 2012) անմիջական հարևանությամբ` վերջինիցս դեպի հյուսիս-արևելք: Այդ հանգամանքը առանձնահատուկ կարևոր է դարձնում մեր տարածքի հնաբուսաբանական նյութերի ուսումնասիրությունը` մշակաբույսերի ընտելացման մի շարք հարցերի պարզաբանման տեսանկյունից: Երկրորդը, որն արդիական է դարձնում ՀՀ տարածքում հնաբուսաբանական հետազոտությունների անհրաժեշտությունը, երկրագործական մշակույթի դեպի հյուսիս տարածման գործընթացում Կովկասյան տարածաշրջանի անցուղի լինելու հանգամանքն է: Այդ առումով ՀՀ տարածքն աշխարհագրորեն առաջնային դիրք է գրավում և կարող է համարվել Կովկասում երկրագործության տարածման մեկնարկային գոտի:
ՀՀ տարածքում նախապատմական ժամանակներում բուսաբուծության մասին հետևությունները մինչև 20-րդ դարի վերջերը հիմնականում հիմնված են եղել գլխավորապես անուղղակի տվյալների վրա, ինչպիսիք են բույսերի մշակության և վերամշակման մասին վկայող գործիքների գտածոները, բազմաթիվ մշակաբույսերի վայրի ազգակիցների կարգաբանական բազմազանությունը և այլն (Բդոյան, 1972; Пиотровский, 1961; Вавилов, 1960, 1965; և այլն): Մեր ինստիտուտում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ուսումնասիրվել են նախապատմական ժամանակներում բույսերի մշակության մասին վկայող անմիջական փաստացի տվյալներ` մշակաբույսերի մնացորդներ: 
Ինստիտուտում կատարված հնաբուսաբանական հետազոտությունների գիտական նորույթը 
- Արձանագրվել է, որ ՀՀ տարածքում բուսաբուծությամբ զբաղվել են առնվազն նոր քարեդարից (մ.թ.ա. VI հազարամյակ)` Արարատյան դաշտում, 
- ՀՀ տարածքի մ.թ.ա. VI-I հազարամյակների տարբեր դարաշրջանների համար արձանագրվել են առնվազն 25 դաշտային մշակաբույսեր` 16 հացաբույս, 6 հատիկաընդեղեն և 3 սովորական յուղատու: Այդ դաշտային մշակաբույսերի ցանքերն աղտոտող շուրջ 30 ընտանիքների պատկանող մոտ 100 մոլախոտերից (ցուցակը պարբերաբար թարմացվում է) 2/3-ը ՀՀ տարածքի նախապատմական ժամանակաշրջանի համար առաջին անգամ արձանագրվել են մեր կողմից:
- Բացահայտվել է, որ հին հասարակությունների բուսաբուծության առանձնահատկությունները ձևավորվել են առաջնայնորեն տեղի բնակլիմայական պայմանների ազդեցությամբ, սակայն տվյալ հասարակության տնտեսական և մշակույթային ավանդույթներն են հանդիսացել վերջնական ձևավորող գործոնները:

Ինստիտուտում կատարվում են նաև էթնոբուսաբանական հետազոտություններ (տես Անժելլա Ամիրխանյանի և Ռոման Հովսեփյանի աշխատանքները):

Ռոման Հովսեփյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կատարված և հրատարակված հնաբուսաբանական աշխատանքներ