Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

«Սասնա ծռեր» ժողովրդական վեպի մոտիվների համեմատական ուսումնասիրություն

Գիտական այս ուղղվածությամբ արված են մասնակի հետազոտություններ, որոնք պարզապես նախանշում են «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի որոշ մոտիվների համեմատությունն այլ ժողովուրդների վեպերում առկա մոտիվների, այդ թվում`«Աստվածաշնչում» հանդիպող ակնհայտ զուգահեռների հետ: Այս քննություններն արված են հնդեվրոպական համեմատական առասպելաբանության և պատմա-համեմատական տեսությունների շրջանակում (տե՛ս Մանուկ Աբեղյան, Կարապետ Մելիք-Օհանջանյան, Սարգիս Հարությունյան  և այլք), համեմատության շրջանակ ներառված սահմանափակ քանակի մոտիվները դիտարկվում էին մեծ մասամբ առասպելական-դիցաբանական և պատմական հիմքով: Հայտնի տեսությունների և մերօրյա բանագիտական տեսությունների համադրումով ներկա աշխատանքում վիպական մոտիվները քննարկվում են նախորդող հետազոտումներից տարբեր դիտանկյունով: «Սասնա ծռերի» մոտիվների ամբողջական համալիրի քննության այս նոր դիտանկյունը որքանո՞վ է շահեկան, ցույց կտա ավարտուն աշխատանքը:

Ներկա աշխատանքը վիպագիտական իմ հետաքրքրությունների շրջանակում նոր չէ.«Սասնա ծռերի»Գ և Դ ժողովածուների ընդգրկած անտիպ պատումների  հիման վրա արդեն իսկ կազմված է մոտիվների համացույց (Արուսյակ Սահակյան), Դ հատորի Առաջաբանում տրված է որոշ խմբի մոտիվների համառոտ քննությունը (Արուսյակ Սահակյան): Տարբեր արխիվներում պահվող անտիպ նոր պատումների հետագա ժողովածուները (հատոր Ե, Զ, Է, կազմող` Արուսյակ Սահակյան) ունեն մոտիվների նույնանման համացույց, և հատորների առաջաբաններում մոտիվների խմբերը քննվում են նոր ելակետով: Մոտիվների համալիրի ամբողջական և ըստ ամենայնի ընդգրկուն քանակը կարող է ապահովել մոտիվների համեմատական ուսումնասիրության բազմակողմանի հնարավորություններ: Այս առումով` ներկա աշխատանքը պիտի որ լրացնի հայ վիպագիտության մեծ բացը:

Հայոց միակ բանավոր վեպի`«Սասնա ծռերի» մոտիվների ուսումնասիրությունը  ստեղծում է հնարավորություններ նաև պատմագրության միջոցով հասած հայոց մյուս վեպերի հետ համեմատական նոր ուսումնասիրության, ինչպես նաև այլ ժողովուրդների բանավոր վեպերի հետ համեմատական ուսումնասիրությունների համար, հնարավոր է` բոլորովին նոր դիտանկյունով:

Մոտիվն, ընդհանրապես, և կայուն մոտիվը, հատկապես, վեպում հանդես է գալիս իբրև բովանդակային միավոր. որպես այդպիսին` մեծապես կապված է վիպական կառուցվածքի հետ: Այս իմաստով` մոտիվը, փաստորեն, գործում է կառուցվածքի պահանջով, և տարբեր ժանրերում հանդես եկող ամենատարածված մոտիվներն իսկ (առասպել,  պատմական և տեղագրական ավանդություն, հեքիաթ, վիպերգ, բանաձևային ժանրեր, անգամ քնարական ժանրեր) մտնում են վեպ, դառնում են միջադեպի հենասյուն և վեպի ամբողջական հյուսվածքում  գործում են միայն վեպի ժանրային պահանջմունքի համեմատ: Ժանրային կառուցվածքային այս ելակետը թույլ է տալիս մոտիվների համեմատական քննություն վիպական այլ ժանրերի ներսում: Մոտիվների քննական համալիրով և ժանրային կառուցվածքի հիմքով վեպի և վիպական այլ ժանրերի համեմատական ուսումնասիրությունը նույնպես հայ բանագիտության բացերից է:

 

Արուսյակ Սահակյան