Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Ցաղաց Քար վանքի ուսումնասիրությունները

 

Ցաղաց Քար վանական համակառույցը գտնվում է Վայոց ձոր մարզի Արտաբույնք (Եղեգիս) գյուղի մերձակայքում, բարձրադիր լեռան արևահայաց լանջին: Հանդիսացել է միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային առավել խոշոր կենտրոններից մեկը: Հորջորջվել է «Բարձրահռչակ սուրբ առաքինարան», «Հրեշտակաբնակ սուրբ ուխտ»:

Վանքի գոյությունը փաստված է Ստեփանոս Տարոնեցու երկում: Պատմիչը Բագրատունյաց Աբաս թագավորի (929-953 թթ.) ժամանակ կառուցված և գործող վանքերի թվում հիշատակում է նաև Ցաղաց Քարը և նրա առաջնորդ Ստեփանոսին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի XI դ. 40-ական թվականներին այստեղ լայն շինարարական գործունեություն է ծավալել վանահայր Վարդիկը:

Հետագա դարերում վանքը տարբեր առիթներով քանիցս հիշատակված է մատենագիր և վիմագիր սկզբնաղբյուրներում, ընդհուպ մինչև XVII դ.:

Հուշարձանախումբը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, սյունասրահներից, գավթից, տնտեսական մի շարք շինություններից, որոնց մի մասը բացվել է 1986-1991 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից (արշավախմբի ղեկավար` պ.գ.թ. Մելքոնյան Հ.) իրականացված պեղումների շնորհիվ: Վերջիններիս թվում հարկ է առանձնացնել Սբ. Հովհաննես եկեղեցու (X դ.) հարավային կողմում բացված սյունասրահը` կառուցված XI դ., նույն եկեղեցուն արևմուտքից կցված գավիթը: XI դ. թվագրվող  մի սյունասրահ բացվեց Ս. Աստվածածին եկեղեցու (X դ.) արևմտյան մասում: Նույն եկեղեցուց արևելք պեղվեց ուղղանկյուն խորանով մեկ այլ եկեղեցի: Հուշարձանախմբի արևմտյան հատվածում կատարված պեղումների շնորհիվ բացվեց փոքր չափերի ևս մի եկեղեցի:

Ցաղաց Քարը հարուստ է վիմագիր արձանագրություններով: Հուշարձանախմբի տարբեր կառույցների պատերին, խաչքարերի, տապանաքարերի և առանձին շինաքարերի վրա պահպանվել են 100-ից ավելի վիմագրեր, որոնցից միայն 34-ն է տեղ գտել «Դիվան հայ վիմագրության» պրակում: Մնացած արձանագրությունները հայտնաբերվել են պեղման-մաքրման աշխատանքների ժամանակ:

Հուշարձանի պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմապիսի հնագիտական առարկաներ, եկեղեցական սպասք, խեցեղեն անոթների բեկորներ, տնտեսական նշանակության իրեր և այլն: Այս գտածոների մեջ առանձնանում են պղնձե չորս խաչերը, զանգակը, կոթառը, ջահի կամ աշտանակի մի հատվածը և այլն:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հուշարձանների՝ պեղումներից հայտնաբերված քանդակագործական հարդարանքի նմուշները, պատուհանների և մուտքերի պսակներն ու քիվերը (հատվածներ), ելնդավոր, սլաքաձև կամարներով, առյուծի գլխի ու սափորների քանդակներով ավազանի և որմնախորշը պսակող քարերը, Ս. Կարապետ եկեղեցու հարավային կողմում գտնված կտիտորային քանդակները (կտրտված), որի կենտրոնում եկեղեցու մանրակերտն է, երկու կողմերում մեկական մարդկային ֆիգուրներ:

Հուսիկ Մելքոնյան