Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Շտեմարաններն ու լաբորատորիաները

Շտեմարաններն ու լաբորատորիաները

Շտեմարաններն ու լաբորատորիաները

ԳՐԱԴԱՐԱՆԸ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ​​մասնագիտական գրադարանը գործում է 1959 թ.։ Հիմնադրումից մինչ օրս գրադարանը նվիրատ­վու­թյունների, ինստիտուտի հրատարակությունների և գրքափոխանակության միջոցով պարբերաբար համալրվում է հնագիտության, ազգագրության, բանագիտության, մշակութաբանության, վիմագրության, պատմության, լեզվաբանության, արվեստի,  սոցիոլոգիայի, ֆիզիկական մարդա­բա­նության վերաբերյալ մասնագիտական գրականությամբ։ Գրադա­րա­նը պարունակում է ավելի քան 44 500 միավոր գրականություն՝ փաստաթղթերի, հոդվածների և նյութերի ժողովածուներ, մենագրություններ, ատենախոսություններ ու դրանց սեղմագրեր, գիտական նստաշրջանների զեկույցներ և դրանց թեզիսներ, կատալոգներ ու պատկերագրքեր, բառարաններ, քարտեզներ և ատլասներ, գիտական պարբերականներ, ինչպես նաև  հայերեն, ռուսե­րեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն և այլ լեզուներով գիտական հրատարակություններ:

Գրադարանում պահվում են XVIII-XIX դդ. հազվագյուտ հրատարակություններ, ինչպես նաև անվանի պատմաբանների և հնագետների ինքնագրերով գրքեր: Գրադարանի կարևոր մասն են կազմում ինստիտուտի աշխատակիցների՝ Բաբկեն Առաքելյանի, Գրիգոր Արեշյանի, Յուրի Մկրտումյանի, Էմմա Խանզադյանի, Ստեփան Եսայանի նվիրատվություններով ձևավորված անհատական ֆոնդերը, Տելեմակ Խաչատրյանի, Արտաշես Նազինյանի, Սրբուհի Լիսիցյանի, Սուրեն Երեմյանի, Ասյա Օդաբաշյանի, Հուսիկ Մելքոնյանի և այլոց նվիրաբերությունները։

Գրադարանն ունի այբբենական կարգով համակարգված կատալոգներ և մատենագիտական ֆայլեր։ Այն նաև ընդգրկված է Koha (ավտոմատացված գրադարանային տեղեկատվական համակարգ) ծրագրում: Տարեկան սպասարկում է միջինը 500 ընթերցողի, իսկ գրքերի փոխա­ռու­թյունը կազմում է միջինը 3000 միավոր:

Գրադարանի կարևոր գործառույթներից է գիտատեղեկատվական խորհրդատվությունը։ Գրադարանից օգտվում են ինչպես ինստիտուտի աշխատակիցները, այնպես էլ ԵՊՀ-ի, ԵՊՄՀ-ի, Ռուս-հայկական համալսարանի և այլ բուհերի գիտաշխատողներն ու ուսանողները, լրագրող­ները, արտերկրից Հայաստան ժամանած գիտնականները և այլք:

 


ԱՐԽԻՎԸ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տարիների ընթացքում ձևավորվել է հնագիտական, ազգա­գրական ու բանահյուսական հարուստ արխիվ, որտեղ պահվող նյութերը արժեքավոր սկզբնաղբյուր են Հայաստանում իրականացված հնագի­տական հետազոտությունների, XIX դ. երկրորդ կեսի-XX դ. հայոց ավանդական կենցաղի և բանահյուսության վերաբերյալ։ Արխիվը պարունակում է ինչպես մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Արևմտյան Հայաստանի (այժմ Թուրքիայի արևելյան նահանգներ) բնակչությանը, մշակույթի առանձին տարրերին վերաբերող լուսանկարչական և այլ արխիվային փաստա­թղթերի հավաքածուներ, այնպես էլ կով­կասյան ու առաջավորասիական մշակույթների վերաբերյալ կարևոր գիտական նյութեր։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվում պահվում են Գամիրքի, Համշենի, Դերսիմի, Մոկսի, Շատախի, ինչպես նաև Լոռու, Տավուշի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ վայրերի բնակչությանը վերաբեր ազգագրական և բանահյուսական բարձրարժեք նյութեր։ Այստեղ են պահվում նաև XX դ. անվանի հայ հնագետների, ազգագրագետների, բանագետների  արխիվային նյութերը։ Նրանցից Երվանդ Տեր-Մկրտչյանի, Բարունակ Թոռլաքյանի, Բենսեի, Գևորգ Հալաջյանի և այլ բանահավաքների նյութերը հրատարակվել են «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարով։

Արխիվի նյութերի մի մասն ավելի քան 50 տարեկան է, իսկ մեծա­մասնությունը վերաբերում է 1960-80-ական թվականներին։

Ինստիտուտի արխիվը, ըստ պահպանվող նյութերի գիտական ուղղվածության, ստորաբաժանվում է հետևյալ  միավորների.

Հնագիտության արխիվ. Հնագիտության արխիվի հիմնական մասը կազմում են XX դ. ընթացքում Հայաստանի տարածքում կատարված պեղումների վերաբերյալ գիտական հաշ­վետվությունները և դրանց կից փաստաթղթերը` չափագրություններ, լուսանկարներ։ Հնագույն արխիվային փաստաթղթերը Վանստան հուշարձանի 1912 թ. մասնակի պեղումների լուսանկարներն ու չափագրություններն են, ինչպես նաև Շենգավիթ հուշարձանի 1930-ական թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։ Լուսանկարների ու նեգատիվների թիվը 40 000 է, 1955-1998 թթ. հաշվետվություն­ների թիվը՝ 325: Հնագիտական արխիվի մաս են կազմում ճանաչված հնագետներ Բաբկեն Առաքելյանի, Կարո Ղաֆադարյանի, Հարություն Մարտիրոսյանի, Գևորգ Տիրացյանի արխիվային նյութերը։

Վիմագրության արխիվ. Վիմագրության բաժնի արխիվում են պահպանվում «Դիվան հայ վիմագրության» (Corpus Inscriptorium Armeniacum) ծրագրով հավաքված նյութերը, այդ թվում՝ մոտ 15 հազար լուսանկար և արձանագրության վերծանություն։ Արխիվի մաս են կազմում վիմագրագետներ Սեդրակ Բարխուդարյանի և Սուրեն Սաղումյանի անձնական նյութերը։

Ազգագրության արխիվ. Ազգագրության արխիվում պահվող նյութերը վերաբերում են պատմական Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ հայաբնակ վայրերում ապրող հայերին և ժամանակագրական առումով վերաբերում են  XIX դ. վերջերից մինչև 1960-ական թվականներին: Դրանք շուրջ 165 անհատական արխիվային գործեր են, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ 1 000 մեքենագիր կամ ձեռագիր էջ։

Նշված սկզբնաղբյուրների մեջ նշանակալի են Ցեղասպանությունից փրկված անձանց հուշագրու­թյունները, նրանց բնակության նախկին վայրերում ապրած հայերի, թուրքերի, քրդերի, ասորիների, հույների մշակութային առանձնահատկություններին վերաբերող նյու­թերը։

1960-80-ական թվականներին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետները ամենամյա գիտարշավներ են իրա­կանացրել ՀՀ և հարակից հայաբնակ տարածքներում, ինչը նույնպես արխիվը հարստացրել է գրանցված բազմաբնույթ տվյալներով, շուրջ 50 հազար լուսանկարներով և ժողովրդական բնակարանների ու գյուղական մշակույթի այլ տարրերի՝ շուրջ 500 չափագրություններով։

Ազգագրության արխիվում են պահվում նաև XIX դ. վերջի հայտնի լուսանկարիչ Դմիտրի Երմակովի մոտ 2 500 հնատիպ (դագեռոտիպ) լուսանկարները՝ կա­տարված Ռուսական և Օսմանյան կայսրության, ինչպես նաև Իրանի տարածքներում։ Արխիվում առկա է XIX դ. վերջի-XX դ. ռուսական և եվրոպական քարտեզների ֆոնդ։

Ազգագրության արխիվում են պահպանվում ազգագրագետներ Վարդ Բդոյանի, Ասյա Օդաբաշյանի, Դերենիկ Վարդումյանի, Յուրի Մկրտումյանի անձնական արխիվները, որոնք վերաբերում են հայ ժողովրդի տնտեսական զբաղմունքներին, կենցաղին, հավատալիքներին, տոներին և այլն:

Բանահյուսության արխիվ. Բանահյուսության արխիվի նյութերը դասակարգված են ըստ 229 բանա­հավաքների։ Արխիվում կա 20 առանձին ֆոնդ, որոնցից յուրաքանչյուրի ծավալը կազմում է շուրջ 10 հազար մեքենագիր էջ։ Դրանցից ամենահին նյութերը գրանցվել են XIX դ. երկրորդ կեսին՝ 1860-ական թվականներին։ Արխիվում պահվում են Հայաստանի Հանրապետությունում և հարակից երկրների տարածքներում գրանցված հայերեն հեքիաթների և այլ ժանրերի արձակ, չափածո և բանահյուսական տասնյակ հազարավոր նմուշների բարբառային տարբերակներ, «Սասնա ծռեր» էպոսի 100-ից ավելի պատումներ։ Նշված նյութերը չափազանց կարևոր են ոչ միայն հայ ժողովրդի, այլև Կովկասի և Առաջավոր Ասիայի ժողովուրդների բանավոր ստեղծագործության ուսում­նասիրության առումով։

Հատկապես կարևոր են Ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերից գրառված նյութերը, որոնք այլևս անհնար է վերականգնել այլ աղբյուրներից։ Կան նաև թրքախոս և քրդախոս հայերից հավաքված նյութեր։ Բանահյուսական նյութերը, որպես կանոն, գրանցված են բարբառներով, ինչը դրանք դարձնում է կարևոր սկզբնաղ­բյուր նաև հնդեվրոպական լեզվաբանության ուսումնասիրության համար։

Բանահյուսական նյութերից հատկապես արժեքավոր են Գարեգին Սրվանձտյանցի,  Տիգրան Նավասարդյանի, Գեղամ Թարվերդյանի, Շահեն Կուժիկյանի, Գևորգ Շերենցի, Արտաշես Նազինյանի և այլոց արխիվները։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվը պարունակում է ժողովրդական երգերի, պարեղանակների, զանազան նվագների, ժողովրդական պատարագի և այլ նոտաների հավաքածուներ, դաշտային աշխատանքների ձայնագրություններ, այդ թվում՝ բանասացների բնագիր պատումներ, ազգագրական նյութեր (1959-2000-ական թվականներ)։ Արխիվը ներառում է նաև մեծածավալ պատկերագրական ֆոնդեր: Պահպանվում են մոտ 130 հազար լուսանկար ու նեգատիվ, չափագրություններ, մոտ մեկ միլիոն մեքենագիր էջ և այլ նյութեր՝ գրեթե բոլորը թղթե հիմքով։ Արխիվը պարունակում է տարբեր ժամանակաշրջաններում կազմված քարտեզներ և դրանց պատճենները (XX-XXI դդ․), տոհմածառեր, մեծադիր թղթապանակներ՝ պլաններով և գծագրերով, այդ թվում՝ շենքերի պատկերներով։

Արխիվում կան առանձին ֆոնդեր, որոնցից է նաև «Տան սուրբ ձեռագրեր» թվայնացված հավաքածուն, որն ընդգրկում է ինստիտուտի աշխատակիցների՝ 2019 թ. սկսած դաշտային աշխատանքների արդյունքում անհատների սեփականություն և պաշտամունքի առարկա հանդիսացող հին ձեռագրերը։


ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԿԱՄԵՐԱԼ ՄՇԱԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վերականգնման և կամերալ մշակման լաբորատորիան ստեղծվել է 2007 թ.՝ նախկին վերականգնման և ֆոտոլաբորատորիաների հիման վրա։ Լաբորատորիայի կազմում ընդգրկված են խեցեղենի, ոսկրե իրերի, ապակու և մետաղի վերականգնողներ Լիլիթ Մանուկյանը (խմբի ղեկավար), Արևիկ Ավետիսյանը, Տիգրան Իսահակյանը, Դավիթ Բարոյանը, Լիլիթ Վարդանյանը, գրչանկարողներ Նարինե Մխիթարյանը, Անի Սահակյանը, լուսանկարիչ Վռամ Հակոբյանը: Տարբեր տարիներին լաբորատորիայում աշխատել են խեցեղենի վերականգնողներ Արմինե Սամսոնյանը, Տաթևիկ Հարությունյանը, Սեդա Գասպարյանը։      

Լաբորատորիայի աշխատակիցները նյութերի՝ կամերալ պայմաններում վերականգ­նողական աշխատանքներից բացի, մասնակցում են նաև դաշտային հետազոտական ծրագրերի։ Ներ­կայումս լաբորատորիայի աշխատակիցները վերականգնում, չափագրում և լուսանկարում են ինչպես վերջին, այնպես էլ նախկին պեղումներից հայտնաբերված նյութերը։ Լաբորատորիայի ուժերով վերականգնվել, մշակվել, չափագրվել և լուսանկարվել են այնպիսի հուշարձանների նյութեր, ինչպիսիք են  վաղ երկրագործական բնակատեղերը և բնակեցված քարայրները (Առատաշեն, Ակնաշեն, Մասիս բլուր, Գոդեձոր, Արենի, Գետահովիտ), վաղ բրոնզի դարի բնակատեղերն ու դամբարա­նա­դաշտերը (Ագարակ, Գեղարոտ, Ծաղկասար, Կառնուտ, Ոսկե բլուր, Ավան, Թալին, Շահումյան, Դաշտ), միջին բրոնզ-երկաթի դարերի բազմաթիվ դամբարանադաշտերը (Թեղուտի հանքավայրի իրացման տարածքի հուշարձաններ, Սիսիան  1, Սիսիան 2, Արուճ, Քարաշամբ, Լոռի բերդ, Լեռնակերտ, Ջրառատ), Վանի թագավորության շրջանի հուշարձանները (Գետափ, Սոլակ, Արամուս), Հին և միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքներն ու բնակատեղերը (Երվանդաշատ, Արտաշատ, Դվին, Դաշտադեմ, Վեդիի հեղեղված անտիկ բնակատեղ,  Բերդ ամրոց) և բազմաթիվ այլ հուշարձաններ։

 


ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համակարգչային մշակման լաբորատորիան ստեղծվել է 1994 թ.: Հիմնական գործառույթը եղել է դաշտային հետազոտությունների ընթացքում ձեռք բերված նյութերի համակարգչային մշակումը, ինստիտուտի հնագիտական արշավախմբերի տարեկան հաշվետվությունների մաս կազմող իլյուստրացիաների մշակումն ու համակարգումը, ինստիտուտի հրատարակությունների տեքստերի համակարգչային շարվածքն ու մակետավորումը։ Նորաբաց լաբորատորիան մինչև 1998 թ. ղեկավարել է Անահիտ Սարգսյանը, համակարգչային շարվածքը և հրատարակչական նախապատրաստական աշխատանքները կատարել են ինժեներ-օպերատորներ Սուսաննա Սարգսյանը, Տիգրանուհի Լևոնյանը, Նաիրա Հարությունյանը, Լեյլա Եփրեմյանը: 1998-2018 թթ. լաբորատորիան ղեկավարել է Սեդրակ Հակոբյանը: 2007 թ. լաբորատորիայում սկսեց աշխատել նաև Անահիտ Գալստյանը։

Գործունեության 25 տարիների ընթացքում համակարգչային մշակման լաբորատորիայում են կատարվել ինստիտուտի աշխատակիցների մենագրությունների և գիտական հոդվածների,  ինստիտուտի հրատարակած գրքերի, գիտաժողովների նյութերի ժողովածուների, բրոշյուրների համակարգչային շարվածքն ու մակետավորումը, հրատարակության նախապատրաստման աշխատանքները: Հրատարակության են պատրաստվել հնագիտական և ազգագրական բոլոր նշանակալի մատենաշարերը՝ «Հայաստանի հնագիտական հուշարձանները», «Հնագիտական պեղումները Հայաստանում», «Հին Հայաստանի մշակույթը», «Հայաստանի հնագույն մշակույթը», «Հայ ազգագրություն և բանահյուսություն» և այլն։ Հրատարակության է նախապատրաստվել նաև 500-ից ավել հոդված: Կատարվել է նաև ինստիտուտի արխիվի մոտ 200 և լուսանկարների շուրջ 50 ֆոնդերի, հնագիտական և ազգագրական 3 հազարից ավելի գրքերի թվայնացում ու մշակում, որոնց արդյունքում ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան, որը գիտաշխատողների համար մատչելի է դարձնում մասնագիտական գրականության օգտագործումը:

Ներկայումս Համակարգչային մշակման լաբորատորիան ինստիտուտի Գիտա­կազ­մակերպչական խմբի կազմում է, որի նպատակը հրատարակչական գործունեությամբ ինստիտուտի գիտական արտադրանքի հանրա­հռչակումն է: