«Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը». գիտաժողով
2023թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի Կլոր դահլիճում տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը» թեմայով գիտա-գործնական աշխատաժողով: Աշխատաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության խումբը: Սա ըստ էության շարունակությունն էր 1988-ին սկսված ադրբեջանահայ փախստականների ուսումնասիրությունների հնգամյա ամփոփումների: Նախորդը տեղի էր ունեցել նույն դահլիճում 2018 թ. նոյեմբերի 24-ին «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» թեմայով:
Գիտա-աշխատաժողովին մասնակցում էին փախստականների միջավայրում պարբերաբար հետազոտություններ իրականացնող գիտնականներ, ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողներ, փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ:
Աշխատաժողովին փախստականների տարբեր խնդիրները ելույթներով ներկայացրին 14 հետազոտողներ՝ 16 խորագրերով: Դրանք բաժանված էին երեք հիմնական հարցադրումների.
- Ադրբեջանում 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարասկզբին փախստականություն ծնող պատճառներին: Ադրբեջանական հայրենիքը կայացնելու և ադրբեջանական էթնաինքնության դժվար գործընթացը, որի հիմքերից մեկն ակնհայտ իրենց պատմական հայրենիքում գոյատևող ժողովուրդների՝ հայերի, ուդիների, լեզգիալեզու և իրանալեզու այլ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականությունն ու այլատյացությունն է, ինչը նաև տարածվում է վերջին երկու հարյուրամյակում Ադրբեջանում հաստատված փոքրամասնությունների՝ ռուսների, ասորիների, հույների նկատմամբ: Իրենց էթնիկական ինքնությունների պաշտպանությանն ուղղված փոքրամասնությունների քայլերը, իրավական քննարկումների փոխարեն, բախվել և բախվում են իշխանությունների պատժիչ գործողություններին և խրախուսվող հանրային ռասիզմին: Քողարկված կամ ագրեսիվ ռասիզմի հետևանքով փոքրամասնությունների էթնիկական միավորները հարկադրված են ասիմիլացվել ադրբեջանական էթնիկական զանգվածում, կորցնելով սեփական ինքնությունը, կամ՝ ենթարկվել դեպորտացիայի, արտագաղթել Ադրբեջանից, այլապես նրանք կենթարկվեն ագրեսիվ տեղահանության, ինչպես տեղի ունեցավ Արցախի դեպքում:
- Գիտաժողով-աշխատաժողովի երկրորդ մասում քննարկվեցին Հայաստանում հաստատված փախստականների սոցիալ մշակութային ինտեգրացիայի խնդիրները Ըստ վերլուծաբանների Ադրբեջանից փախստականները, ովքեր դեռևս 15 տարի առաջ դիմում էին միջազգային կառույցներին՝ պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալու համար և Հայաստանի կառավարությունից օժանդակություն էին խնդրում փորձելու բանակցել այդ կառույցների հետ՝ պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալու իրենց ցանկության շուրջ, 2020 և 2023 թթ. պատերազմներից հետո գտնում են, որ ոչ մի մարդասիրական կառույց մտադիր չէ օգնել իրենց այդ հարցում: Միաժամանակ գտնում են, որ Ադրբեջանում խրախուսվող հայատյացությունը, որևէ դիմադրության չհանդիպելով միջազգային կառույցների կողմից, այնպիսի ծավալների է հասել, որ էթնիկական հայի գոյությունն այդ երկրում տեսանելի ապագայում անհնար է: Նրանք ընտրել են Հայաստանում ինտեգրվելու հեռանկարը: Վերլուծաբանները գիտաժողովին ներկայացրին այդ փախստականների ինտեգրացիայի ընթացքը: Մի շարք բնակավայրերի օրինակով նրանք ներկայացրին ադրբեջանահայերի մշակութային ինքնության պահպանության և այդ ինքնության փոշիացման պայմանները: Ըստ հետազոտությունների, ինքնությունը հնարավոր է լինում պահպանել գլխավորապես այն բնակավայրերում, որտեղ հաստատվել են հիմնականում ելքի նույն բնակավայրից փախածները:
- Երրորդ մասն ամբողջովին նվիրված էր 2020թ. և 2023թ. պատերազմի հետևանքով փախստական դարձած արցախահայության խնդիրներին:
Գիտաժողով-աշխատաժողովի մասնակիցները վերջում ներկայացրին փախստական արցախահայերի պատկերացումներն իրենց ապագայի նկատմամբ: Ըստ այդ տեսլականի`
-Արցախի հայ բնակչությունը դարերի ընթացքում հաճախ է ենթարկվել փախուստների,
-Արցախի փախստական հայերի մեծ մասը որպես կանոն փախուստի վայրերում ապրել են կոնկրետ տարածքներում՝ պահպանելով իրենց մշակութային ինքնությունը,
- Արցախի փախստական հայերի մեծ մասը թեկուզ տասնամյակներ անց կարողացել են վերադառնալ իրենց լքված հայրենիք և վերակառուցել Արցախի հայության կյանքը հայրենիքում,
- 2020 և 2023 թթ. պատերազմների հետևանքով Արցախի փախստական հայերը կրկին վերադառնալու են հայրենիք,
- Ներկա պահին նրանք փորձելու են Հայաստանի հանրապետության տարածքում պահել իրենց արցախյան պատմա-մշակութային ինքնությունը և ապրել որպես միասնական մշակութային միավոր,
- Արցախի փախստական հայությունը, տեսնելով, թե ինչպես է փոշիացվել և փոշիացվում Հայաստանի տարբեր տարածքներում բնակվող ադրբեջանահայերի մշակութային ինքնությունը, սպասում են, որ Հայաստանի կառավարությունը պայմաններ կստեղծի իրենց հավաքական բնակության համար՝ մինչև իրենք կարողանան հայրենիք վերադառնալ:
գիտաժողովի ծրագիրը՝ այստեղ