«Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, թաքնվելով հակաթուրքական «հայրենասիրության» քողի տակ, սոցիալական ցանցերում օրերս տարածած հրապարակումներով փորձում է վարկաբեկել Հայաստանի վաստակաշատ և հեղինակավոր երկու ազգագրագետների՝ Հրանուշ Խառատյանի և Հարություն Մարությանի գիտական վարկը և մարդկային արժանապատվությունը: Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության մեջ ծանրակշիռ ավանդ ունեցող գիտնականներ են՝ հայոց ավանդական մշակույթի բազմաթիվ ոլորտների ուսումնասիրությանը նվիրված հարյուրավոր գիտական հոդվածներով և տասնյակ մենագրություններով, որոնց կշիռն ավելին է, քան մալյանների՝ կեղծիք սփռող աղբյուրներից համալրվող նետտո և բրուտտո քաշը։ Նշված գիտնականները նաև ունեն հրատարակած արժեքավոր աշխատություններ Արցախի հայ բնակչության, հայոց Ցեղասպանության, հայկական համայնքների, առաջին հանրապետության, խորհրդային շրջանի և հայոց պատմության այլ կարևոր դրվագների մասին։ Նրանք բազմիցս աշխարհի տարբեր գիտական ամբիոններից ներկայացրել են հայ ժողովրդի շահերը և ճանաչելի դարձրել միջազգային լայն հանրության առջև հայոց պատմության և մշակույթի կարևոր փաստեր ու դրվագներ:
Խստորեն դատապարտում ենք մեր գործընկերների հասցեին Նարեկ Մալյանի հնչեցրած ֆաշիստական բովանդակության հայտարարություններն ու նրանց ընտանիքների անդամների հետ ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչև մահվան սպառնալիք պարունակող բովանդակությամբ կոչերը և հրավիրում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների ուշադրությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Միևնույն ժամանակ Հայաստանի գիտական և ակադեմիական հանրությանը կոչ ենք անում դատապարտելու վաստակաշատ գիտնականների վրա ծայրահեղական ուժերի կողմից բռնություն կիրառելու այս կոչերը:
Մարդկային համակեցությունը միշտ ունեցել է և ունի արատավոր շեղումներ՝ «մատնիչների» և զրպարտիչների ցանցեր, դավադրագիտության տեսաբաններ ու մոլագարներ, ծայրահեղական և պսևդոհայրենասիրական խմբակներ, որոնց միջոցով բազմիցս փորձել են հալածել գիտնականներին, հանրային ուղղամիտ կեցվածքն ու այլակարծությունը: Հանրային կեցության այս թարախապալարները եղել են և մնալու են ազգագրագետների ուսումնասիրության առարկա: Ազգագրությունը մարդկային մտքի և դրա կարևորագույն արդյունքի՝ մշակույթի, շարունակական ապագաղութացման գործընթաց է։ Եվ դրանից սպասվող անհանգստությունն է, որ ցնցումների մեջ է գցել մերօրյա պսևդոհայրենասերներին:
Չէինք անդրադառնա խնդրին, եթե մալյանների արտահայտությունները չդառնային բացահայտ սպառնալիքներ, մարդկանց ֆիզիկական ոչնչացման կոչեր, որոնք այլևս դուրս են հանրային խոսք լինելուց և պարունակում են քրեական հանցանքի բացահայտ տարրեր։
Միաժամանակ, փաստում ենք, որ այո, նաև՝ մեր՝ գիտնականներիս ջանքերով է հնարավոր դարձել բռնապետությունների կազմաքանդումը, տեռորի պատմության լուսաբանումը, ցեղասպանության մարդկային պատմությունների բարձրաձայնումը, փախստական, հալածված խմբերի, աղքատների ձայների հանրայնացումը, ինչպես նաև մալյանների համար քաղաքացիական ազատությունները հնարավոր դարձնելն ու պահպանելը։
Այս նամակը դիտարկում ենք ոչ միայն որպես Հրանուշ Խառատյանին, Հարություն Մարությանին պաշտպանելու գործընկերային դիրքորոշում, այլև ազատ միտք ունենալու, գիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին ահազանգ, ինչի արժանապատիվ իրականացման իրավունքը մեզանից յուրաքանչյուրին տրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։
ՀՀ ԳԱԱ Հնագիության և ազգագրության ինստիտուտի գիտական անձնակազմ
12 մայիս 2020թ.