2017թ. հուլիսի 3-ին կյանքից հեռացավ բանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալվարդ Սարուխանի Ղազիյանը:
Ա. Ղազիյանը (Ղազարյան) ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 13-ին Հայկական ԽՍՀ Իջևանի շրջանի Սարիգյուղում` Ղարաբաղից այստեղ տեղափոխված ընտանիքում: 1933թ. Ղազարյանները տեղափոխվել են Գանձակ (Կիրովաբադ): 1937 թ. նա ընդունվել և 1947թ. մեդալով ավարտել է քաղաքի №10 հայկական միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի “Հայ բանասիրություն” բաժինը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով 1960 թ.` Ալթայի երկրամասի աքսորավայրից (1949-1956 թթ.) վերադառնալուց հետո:
1961 թ. հոկտեմբերին Ա. Ղազիյանն ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ժողովրդական բանահյուսության բաժինը, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ (2000-2009թթ.՝ բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ):
Ժողովրդագիտական իր գործունեությունը Ա. Ղազիյանը սկսել է նշանավոր բանագետ Արտաշես Նազինյանի ղեկավարությամբ: 1971թ. Ա. Ղազիյանը պաշտպանել է “Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր” թեմայով թեկնածուական ատենախոսությունը` նվիրված հայոց երգային բանահյուսության՝ այդ տեսակի ժանրային առանձնահատկություններին, գաղափարական բովանդակությանն ու գեղարվեստաարտահայտչական միջոցների համալիր ուսումնասիրությանը (համահավաք բնագրերի հետ տպագրվել է 1989 թ.):
1983թ. “Հայ ազգագրություն և բանահյուսություն” մատենաշարով (հ. 15, “Արցախ”) լույս է տեսել Ա. Ղազիյանի՝ Արցախից 1970-ական թվականներին գրի առած հեքիաթների, զրույցների, մանրապատում-զվարճախոսությունների, ավանդությունների, երգերի, մականունների, ասութաբանական բանահյուսության նմուշները, նրա կազմած հայ մշակույթի նշանավոր երախտավոր Գ. Սրվանձտյանի երկերի առաջին հատորը:
Հայ բանահյուսական մշակույթի գրառման և արժևորման ոլորտում կարևոր երևույթ է Ա. Ղազիյանի և Ս. Վարդանյանի հավաքած, կազմած և հրատարակած “Բաքվի հայոց բանահյուսությունը” ժողովածուն (2004 թ.): Այս աշխատության շնորհիվ բաքվահայերի բանավոր ավանդությունն առաջին անգամ դրվել է գիտական շրջանառության մեջ` հնարավորություն ընձեռելով մեզանում եղած բանահյուսական նյութն ամբողջացնելու, զուգադրելու, նորագույն խնդիրներ առաջ քաշելու և հետազոտելու ուղղությամբ:
Ժողովրդին իր ակունքներին վերադարձնելու առումով ցուցանշական են Ա. Ղազիյանի “Պ. Սևակի “Անլռելի զանգակատան” բանահյուսական հենքը” (1973), “Ղարաբաղի զվարճախոս Պըլ-Պուղին” (1978), “Հայ ժողովրդական սնահավատական զրույցների դասակարգման հարցի շուրջ” (1983), “Устное народно-поэтическое творчество” (1990), “Сасна црер. армянский героический эпос” (1976), “Гардманк. историко-этнографический очерк” (1992), “Հնագույն մի սովորության արձագանքները հայ բանահյուսության մեջ” (1977), “Ականատեսը Վան քաղաքի քսանամյա անցքերի մասին 1877-1897 թթ.” (1990), “Административный передел внутренних границ Закавказья” (2000), “Ազատագրական պայքարի արտացոլումն արցախահայոց բանահյուսության մեջ” (1995) և այլ հոդվածներ ու հրապարակումներ:
Այս ամենով հանդերձ՝ բանագետ Ա. Ղազիյանի ուշադրության կենտրոնում էին նաև Հայաստանի ռազմավարության տնտեսական խնդիրներն ու գիտական ժառանգության պատմագիտական մեծ արժեք ներկայացնող կարևոր ձեռագրերը, որոնց տպագրությունն ամփոփված է Ա. Ղազիյանի և Ա. Քալանթարյանի կազմած թիվ 1 և 2 “Վավերագրերում” (1999, 2001):
Ա. Ղազիյանի աշխատությունների նշանակալից բաժինը վերաբերում է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությանն ու պատմությանը: Արցախյան ազատամարտի տարիներին նա լծվել է հարկադրական համրության մատնված արխիվային փաստաթղթերի հայտնաբերմանն ու լուսաբանմանը և գործնական աջակցությամբ օժանդակել է արցախահայությանը (Ս. Միրզոյան, Ա. Ղազիյան, “Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.” (2003): Մեր ժողովրդի պատմության դժվարին խնդիրներին առնչվող այդ կարևորագույն փաստաթղթերը Ա. Ղազիյանը տարիներ շարունակ պրպտել, ծանոթագրել և դարձրել է հասարակության սեփականությունը:
Ա. Ղազիյանը ընդգծված քաղաքացիական պարտքի գիտակցության տեր անձնավորություն էր, նրա համար առաջնայինը պետության, հասարակության, աշխատանքի շահն էր: Բանագետը հեղինակել է յոթ տասնյակից ավելի գիտական, լրագրային հոդվածներ, գրախոսականներ, հրապարակումներ: Հատկապես ուշադրության են արժանի նշանավոր հայագետ-բանագետներին, հայազգի ռազմական անվանի գործիչներին նվիրված նրա հոդվածները (Գ. Սրվանձտյան, Ե. Լալայան, Խ. Դադյան, Քաջբերունի, Մ. Միանսարյան, Ա. Կիսիբեկյան, զորավարներ Մ. Լորիս-Մելիքյան, Հ. Լազարյան, Ա. Տեր-Ղուկասյան, ծովակալ Լ. Սերեբրյակով, Ս. Կուկունյան, գնդապետ Հ. Մազմանյան և այլք): Ուշագրավ է բազմավաստակ գիտնական-բանագետ Ս. Հարությունյանի կյանքին ու գործունեությանը նվիրված “Կենսամատենագիտությունը” (2003):
Ա. Ղազիյանը կատարել է նաև թարգմանական աշխատանքներ: 1989 թ. “Հայաստան” հրատարակչությունը լույս է ընծայել ռուսերենից նրա թարգմանած “Աֆորիզմներ” ծավալուն ժողովածուն, 1998թ.` Լ. Մելիք-Շահնազարյանի “Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ” աշխատության հայերեն թարգմանությունը, որը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առաջին փորձն էր գրքի հեղինակի կողմից:
2012թ. Մոսկվայի «Наука» հրատարակչությունը “Ժողովուրդներ և մշակույթներ” մատենաշարով լույս է ընծայել «Армяне» (Հայեր) ժողովածուն (648 էջ), որտեղ հայ ժողովրդական հեքիաթների, ծիսական, ինչպես նաև ռազմի ու զինվորի երգերի մասին վերլուծությունները պատկանում են Ա. Ղազիյանի գրչին:
2015թ. Ա. Ղազիյանը հրատարակել է «Արևմտահայոց պայքարի Արցախի զավակները» աշխատությունը, որը նվիրված է 19-րդ դարի վերջին տասնամյակներում, բալկանյան ժողովուրդների օրինակով, Արևմտյան Հայաստանում ծավալված ազատագրական պայքարին գործուն մասնակցություն ունեցած, Արցախ աշխարհում ծնված ու կրթություն ստացած անհատներին:
1966թ. ի վեր Ա. Ղազիյանն իր հայրենի եզերքի անվանի բանահավաքներից էր: Նա Ղարաբաղից և հարակից շրջաններից գրի է առել արժեքավոր բանահյուսական հարուստ նյութեր:
Ա. Ղազիյանը 1994թ.-ից ԼՂՀ գրողների միության անդամ էր, 1988թ.-ից՝ “Արցախ” հայրենակցական միության անդամ:
Ա. Ղազիյանը լուրջ ներդրում ունի հայկական հեքիաթների գիտական հրատարակության և դրանց` ըստ միջազգային սյուժեների դասակարգման գործում: Նա կազմել և հրատարակել է “Հայ ժողովրդական հեքիաթներ” գիտական հրատարակության 13-րդ (Մուշ-Տարոն, 1985), 14-րդ (Վան-Վասպուրական, 1999) և 16-րդ (Վան-Վասպուրական, 2009) հատորները` օժտված համապատասխան գիտական ծանոթագրություններով:
Ճանաչված բանագետի, իր հայրենիքի և ժողովրդի վաղվա օրով մտահոգ ազնիվ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների, գործընկերների և ճանաչողների սրտերում:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ