Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Առաքելոց վանական համալիրը եւ գյուղատեղին (Հայաստան) Եվրոպայի 7 ամենից վտանգված ժառանգության վայրերի  2025 թ. ցանկում է

Առաքելոց վանական համալիրը եւ գյուղատեղին (Հայաստան) Եվրոպայի 7 ամենից վտանգված ժառանգության վայրերի 2025 թ. ցանկում է

18-03-2025 21:35

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը եւ
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը այսօր հրապարակել են 2025 թ. Եվրոպայի 7 ամենից
վտանգված հուշարձանների ու ժառանգության վայրեր ցանկը։ 2013-ին՝ մեկնարկից ի վեր «7
ամենավտանգված» ծրագիրը գործում է որպես քաղաքացիական հասարակության առանցքային
նախաձեռնություն, որի նպատակը Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությունն է,
փորձագիտական գիտելիքի մեկտեղումն ու առաջմղումը, անցանկալի զարգացումների կանխումը, պետական
եւ մասնավոր աջակցության ապահովումը՝ ներառյալ ֆինանսական աջակցությունը։
Ցանկում ընդգրկված վայրերից յուրաքանչյուրն արժանանում է «ԵՆԲ ժառանգության դրամաշնորհի»՝ 10,000
եվրոյի չափով. այն ուղղվելու համաձայնեցված այնպիսի գործողությունների, որոնք կարող են նպաստել
վտանգված այս վայրերի պահպանությանը։
2025-ի Եվրոպայի ամենից վտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.
o Առաքելոց վանական համալիր եւ գյուղատեղի, ՀԱՅԱՍՏԱՆ
o Նիբորգ ամրոց, ԴԱՆԻԱ
o Մոնեմվասիայի ամրոց, ՀՈՒՆԱՍՏԱՆ
o Օռլայի Մեծ սինագոգ, ԼԵՀԱՍՏԱՆ
o Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, ՍԵՐԲԻԱ
o Վալհալլա լողասրահ, Գյոթեբորգ, ՇՎԵԴԻԱ
o Վիկտորյա Թաուերի այգիներ, Լոնդոն, ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ժառանգության վայրերը հայտարարվեցին առցանց միջոցառման ժամանակ, որը վարում էին «Եվրոպա
Նոստրայի» փոխնախագահ Գի Կլաուսը եւ ԵՆԲ ինստիտուտի ղեկավար ու տնօրեն Շիվա Դուստդարը՝
մասնակցությամբ ԵՄ սերունդների համերաշխության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի հարցերով
հանձնակատար Գլեն Միկալեֆի: Առցանց միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին նաեւ ընտրված
վայրերի առաջադրողները, ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից եւ նրա սահմաններից անդին:
Այս տարվա ցանկում մշակութային եւ բնական ժառանգության երեք վայրեր են՝ Նիբորգ ու Մոնեմվասիայի
ամրոցները, ինչպես եւ Լոնդոնի Վիկտորյա Թաուերի այգիները, որոնք վտանգված են ինվազիվ շինարարության
ու կառուցապատման անընդունելի նախագծերի պատճառով։ Մոդեռնիստական եւս երկու կառույց՝ Գլխավոր
շտաբի համալիրը Բելգրադում եւ Վալհալլա լողասրահը Գյոթեբորգում ոչնչացման անմիջական վտանգի տակ
են։ Կրոնական ժառանգության երկու վայր՝ Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին եւ Օռլայի Մեծ
սինագոգը վտանգված են համապատասխանաբար լքված լինելու կամ ֆինանսավորման բացակայության
պատճառով:
Ընտրությունը կատարվել է ելնելով 7 վայրերից յուրաքանչյուրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելու
ու մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքից, նաեւ իրական այն վտանգից, որին այն առերեսվում է
այսօր։ Հաշվի է առնվել տեղական համայնքների ներգրավվածության ու այս վայրերը պահպանելու

ուղղությամբ պետական եւ մասնավոր շահառուների հանձնառության աստիճանը: Ոչ պակաս կարեւոր է եղել
տեղում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը խթանելու ժառանգության այս վայրերի ներուժը:
«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների եւ
ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի Խորհրդատվական խմբի
կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ
հաստատել են «Եվրոպա Նոստրայի» եւ Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:
«Եվրոպա Նոստրան» եւ ԵՆԲ ինստիտուտը ներկայացնող փորձագիտական թիմերը՝ 7 ընտրված վայրերն
առաջադրած կազմակերպությունների, անհատների ու այլ գործընկերների հետ միասին այժմ լրացուցիչ
տեղեկություններ են հավաքելու ու հանդիպելու շահագրգիռ կողմերի հետ։ Նրանք գնահատելու են
ժառանգության վայրերը եւ պատրաստելու տեխնիկական զեկույց, որը հստակ քայլերի առաջարկներ
կպարունակի։

 

Առաքելոց վանական համալիր եւ գյուղատեղի, Հայաստան
Թաքնված Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի գողտրիկ անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու
գյուղատեղին միջնադարի կրոնական ու աշխարհիկ ժառանգության յուրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ
գյուղից երկու կիլոմետր դեպի արեւմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգվող այս հուշարձան խումբը 13-րդ դարի
մշակութային եւ տնտեսական կյանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական
սահմանակցությունը եւս մեկ փաստարկ է համալիրի պատմական, նաեւ աշխարհաքաղաքական
կարեւորության օգտին։
Բոլորված տպավորիչ պարսպով ու աշտարակներով՝ համալիրի զարդը գլխավոր եկեղեցին է,
ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթավոր դահլիճ ու կից գավիթ՝ հայկական ավանդական
«հազարաշեն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մեջ ու հավատարիմ հայ
առաքելական ավանդույթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր. Հայկական
մետաքսի ճանապարհի վրա առեւտրային երբեմնի աշխույժ այս կենտրոնի խոսուն վկաներ են
քարավանատունը, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:
Որպես վանական կալվածք ազատված լինելով հարկերից՝ կրոնականի ու աշխարհիկի համակեցության այս
օրինակը բարեկեցություն, ինչպես եւ հայ-վրացական մշակութային փոխազդեցության ուշագրավ մի
ժառանգություն է կերտել Զաքարյանների եւ մոնղոլական տիրապետության տարիներին։ Չնայած պատմական
իր նշանակությանը, բնակավայրը լքված է 17-րդ դարից. այն նաեւ պատշաճ ուսումնասիրված չէ։
Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող
կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու
երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար։

Մարդկային գործոնը եւս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք։
Ավելին, չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության
պահպանության միջեւ հավասարակշռված ընտրություն է ենթադրում։
Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում
առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի ուսումնասիրությունների
կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը: Առաջադրմանը աջակցում են ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Աճարկուտի համայնքապետարանը,
«Կապույտ վահան Հայաստանը» եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը։ Տեղանքի
պահպանության, հետազոտության ու կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է
ցուցաբերելու Կրեմսի շարունակական կրթության համալսարանը (Ավստրիա)։
Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու գյուղատեղիի ամբողջական հետազոտություն,
տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաեւ կայուն էկոտուրիզմի զարգացում,
մասնակցությամբ տեղական շահառուների՝ ներառյալ ակադեմիական հաստատությունների ու
հասարակական կազմակերպությունների։ Ծրագրի մաս կազմող կրթական նախաձեռնությունները եւ
զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն շաղկապել տեղի բնակչությունն ու
միջնադարյան այս գանձերը՝ հպարտության ու գնահատանքի զգացում ձեւավորելով տարածաշրջանի
մշակութային ինքնության նկատմամբ։
«7 ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարյան
նշանակալի մի հուշարձանախումբ է, որում արտացոլված է դարաշրջանի մշակութային երկակիությունն ու
խաղաղ գոյակցությունը: Այդուհանդերձ, անկայունությունը համալիրի շուրջ, պայմանավորված
աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ բնապահպանական խնդիրներով, անհապաղ միջամտություն է
պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող է
հաշտեցման, տարածաշրջանային կայունության եւ կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգությունը
խաղաղության եւ առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։

Տեսնել ավելին
ՀԱԻ_ում տեղի կունենա «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողով

ՀԱԻ_ում տեղի կունենա «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողով

17-03-2025 15:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գ/հ խմբի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 17-ին, ժամը 15:00-ին կկազմակերպվի  «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողով:

Հետազոտությունը նվիրված է հնագիտական պեղումների ընթացքում կիրառվող հնամարդաբանական նյութերի հետազոտության կենսահնագիտական մեթոդներին։ Կենսահնագիտությունը նոր զարգացող գիտաճյուղ է և սկիզբ է առել նախորդ դարի 70-ական թթ-ին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործվել է բրիտանացի հնագետ Գ. Քլարկի կողմից 1972 թ.-ին՝ վերաբերելով հնավայրերից հայտնաբերված կենդանական ոսկորների ուսումնասիրությանը։ Կենսահնագիտություն եզրույթը վերաիմաստավորվեց 1977 թ.-ին ամերիկացի հնամարդաբան Ջ. Բուիկստրայի կողմից։ Այն ներկայացվեց որպես հնագիտական ​​հուշարձաններից հայտնաբերված մարդկային մնացորդների գիտական ​​ուսումնասիրությամբ զբաղվող գիտակարգ, որը այլ երկրներում հայտնի էր ոսկրահնագիտություն կամ հնաոսկրաբանություն անվամբ։ Կենսահնագիտական հետազոտությունների իրականացման համատեքստում վերակազմվում է ոչ թե հնահանրության էթնիկական պատմությունը, այլ` կենսակերպը. գիտակարգը աշխատում է ոչ միայն կմախքի չափագրական, այլև հիմնականում սեռատարիքային և հնաախտաբանական հատկանիշների հետ, հիմքում ունենալով ֆիզիոլոգիական սթրեսի տեսությունը: Այն մեկնաբանվում է ինչպես պատմամշակութային, այնպես էլ հնաէկոլոգիական տեղեկատվության դաշտում: Իրականացված աշխատանքը վերաբերում է Սևանի ավազանի երկաթեդարյան դամբարանային համալիրներից հավաքագրված հնամարդաբանական նյութերի վերլուծությանը՝ կիրառելով կենսահնագիտական ուսումնասիրույան մեթոդները՝ վեր հանելով տվյալ ժամանակաշրջանի հասարակության կենսակերպը։

Տեսնել ավելին
«Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան / տեսթան» խորագրով բանախոսություն

«Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան / տեսթան» խորագրով բանախոսություն

20-02-2025 16:00
Փետրվարի 20-ին, ժամը 16.00 – 18.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան / տեսթան» խորագրով բանախոսությունը, որը կվարի բ.գ.դ. Յակոբ Չոլաքեանը:
Տեսնել ավելին
Խորեն Գրիգորյանի «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Խորեն Գրիգորյանի «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

18-02-2025 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. փետրվարի 18-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Խորեն Գրիգորյանի «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Գիտական ղեկավար՝ պ. գ. թ. Հ. Խառատյան

Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ. Հ. Չոլաքյան, պ.գ.թ. Լ. Տանաջյան

Առաջատար կազմակերպություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Սույն ատենախոսական աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ի թիվս այլ հայկական խմբային ինքնությունների ձևավորումների քննության փորձերի, Լիբանանի Այնճար գյուղի հայ բնակչության պատմական և ընթացիկ լոկալ ինքնության զարգացումների, փոխակերպումների և դրանց եզրութաբանական ձևակերպումների վելուծության բացակայությամբ: Ատենախությունում քննարկող թեմայի մասնավոր ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ Այնճարի բնակչության անցյալի ընդհանրության մասին գիտելիքի և ինքնության վրա ազդեցության, գաղթի, նոր վայրում հաստատման, քաղաքական և սոցիալական առաջնորդների՝  խմբի ինքության կառուցման գործընթացում ներդրված ջանքերի և առհասարակ ինքնության էվոլուցիոն և կառուցաբանական (կոնստրուկցիոնիստական) ջանքերի արդյունքները:

Տեսնել ավելին
Բանախոսություն ««Աստուած ինքզինք համար կ'ընտրէ ողջակէզի գառը». Զոհաբերվող կենդանու ընտրությունը օսերի ժամանակակից արարողակարգում և պատումային ավանդույթում» թեմայով

Բանախոսություն ««Աստուած ինքզինք համար կ'ընտրէ ողջակէզի գառը». Զոհաբերվող կենդանու ընտրությունը օսերի ժամանակակից արարողակարգում և պատումային ավանդույթում» թեմայով

11-02-2025 17:00

Փետրվարի 11-ին, ժամը 17:00-ին Հնագիտության և ազագագրության ինստիտուտում տեղի կունենա ««Աստուած ինքզինք համար կ'ընտրէ ողջակէզի գառը». Զոհաբերվող կենդանու ընտրությունը օսերի ժամանակակից արարողակարգում և պատումային ավանդույթում» («Бог усмотрит себе агнца»: выбор жертвенного животного в современном обрядовом обиходе и нарративной традиции осетин) խորագրով բանախոսությունը, որը կվարի Սերգեյ Շտիրկովը:

Տեսնել ավելին
«Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով սեմինար-քննարկում

«Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով սեմինար-քննարկում

10-02-2025 16:00

Ազգագրական քննարկումների շրջանակում՝ ս․թ․ փետրվարի 10-ին, ժամը՝ 16:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով սեմինար-քննարկմանը: Բանախոսությամբ հանդես կգա ազգագրագետ, մագիստրոս Վահե Քոթանյանը:

Տեսնել ավելին
««Գծագրում տեղում». հետազոտական մեթոդաբանության ազդեցությունը մեկնողական նախագծման վրա՝ Վեդի գետի հովտի օրինակով» խորագրով դասախոսություն

««Գծագրում տեղում». հետազոտական մեթոդաբանության ազդեցությունը մեկնողական նախագծման վրա՝ Վեդի գետի հովտի օրինակով» խորագրով դասախոսություն

03-02-2025 15:00

Սիրով տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին, ժամը՝ 15:00-ին, Հնագիտության և ազգագրություն ինստիտուտը կհյուրընկալի Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարին, ով հանդես կգա ««Գծագրում տեղում». հետազոտական մեթոդաբանության ազդեցությունը մեկնողական նախագծման վրա՝ Վեդի գետի հովտի օրինակով» խորագրով դասախոսությամբ:

Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը ճարտարապետ է, Հոնկոնգի համալսարանի ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր: Նրա հետազոտական աշխատանաքները կենտրոնացած են հնագիտության և ճարտարապետության խնդիրների վրա:

Իր ելույթում  Օթենին-Ժիրարը կխոսի Հայաստանում Վեդի գետի հովտի նախագծման  պլանավորման ընթացիկ ռազմավարության մասին,  ինչը ներառում է նաև Արարատյան դաշտի հարավարևելյան հնագիտական ​​ծրագրի (APSAP) հետ համատեղ նախագիծը:

Հետազոտական ծրագրի նպատակն է զարգացնել հայկական ավանդական գլխատների ունեցած ներուժը՝ լույս սփռելով Վեդի գետի հովտում կլիմայի արագ փոփոխության պայմաններում ջերմային և բնապահպանական տեսանկյունից դրանց օգտագործման խնդրի վրա։

Տեսնել ավելին
Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել է Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել է Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

31-01-2025 13:36

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել է Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում (https://7mostendangered.eu/sites/arakelots-monastery-and-settlement-armenia/

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025 թվականի կարճ ցանկում։

Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը, ով, ի թիվս այլ կազմակերպությունների, համագործակցել է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացման նախադրյալների ապահովում։

 

Տեսնել ավելին
Բանախոսություն ««Մուտը» և դրա տնտեսական նշանակությունը» թեմայով

Բանախոսություն ««Մուտը» և դրա տնտեսական նշանակությունը» թեմայով

24-01-2025 15:00
Ս.թ. հունվարի 24-ին, ժամը15:00-ին ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա ազգագրության բաժնի սեմինարը։
Թեմա՝ ««Մուտը» և դրա տնտեսական նշանակությունը»
Զեկուցող՝ Ռաֆիկ Գաբրիելյան
 
Լոռվա Այգեհատ (Իգահատ) գյուղում մինչ այժմ պահպանվել ու օգտագործվում են քարափներով անցկացված ուղիններ, որոնց տեղացիները կոչում են «մուտ»։ Որոշ հատվածներում դրանք տարված են ուղղահայաց ժայռերի մեջ փորված տեղամասերով։ Մուտերը նախկինում շատ կարևոր նշանակություն են ունեցել, քանի որ ապահովել են կապը ձորում գտնվող Իգահատ գյուղի և մշակովի սարահարթերի միջև։
 
 
Տեսնել ավելին
Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

26-12-2024 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 26-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պ. Ս. Ավետիսյան

Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ. Ռուբեն Բադալյան

                                                    պ.գ.դ. Արտակ Գնունի

Առաջատար կազմակերպություն՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

 

Ներկայացվող ատենախոսության նպատակն է վերակազմել սինտաշտյան և պետրովսկյան հասարկություններում ռազմական գործերի դրսևորման մոդելները: Ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը թաղման 22 համալիրներն են (114 թաղում) և 23 բնակավայրերի պեղումների տվյալները: Աշխատության ժամանակագրական ընդգրկումն ըստ միջինացված սանդղակի մ.թ.ա. 21-18-րդ. դարերն է: Աշխատանքի տարածքային շրջանակը ներառում է Հարավային Ուրալի և Անդրուրալյան տափաստանային և անտառատափաստանային գոտիները, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ղազախստանի տափաստանները:

Տեսնել ավելին
«Արցախի անտիկ մշակույթը ադրբեջանական հնագիտական հետազոտություններում» և «Պատերազմը և թանգարանը․ Արցախի օկուպացված թանգարանները․ մշակութաբանական հետազոտություն» խորագրերով բանախոսություն

«Արցախի անտիկ մշակույթը ադրբեջանական հնագիտական հետազոտություններում» և «Պատերազմը և թանգարանը․ Արցախի օկուպացված թանգարանները․ մշակութաբանական հետազոտություն» խորագրերով բանախոսություն

23-12-2024 16:00
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը, որի ընթացքում կներկայացվեն երկու բանախոսություն.
 
Թեմա առաջին` «Արցախի անտիկ մշակույթը ադրբեջանական հնագիտական հետազոտություններում». բանախոս՝ պ.գ.թ. Արմինե Գաբրիելյան
Թեմա երկրորդ` «Պատերազմը և թանգարանը․ Արցախի օկուպացված թանգարանները․ մշակութաբանական հետազոտություն». բանախոս՝ պ.գ.թ. Հայկուհի Մուրադյան
Տեսնել ավելին