Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

«Կարլ-Գուստավ Յունգ – 150» . աշխատաժողով-դասախոսություններ

«Կարլ-Գուստավ Յունգ – 150» . աշխատաժողով-դասախոսություններ

02-06-2025 10:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Համայնքային հետազոտությունների գ/հ խմբի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Կարլ-Գուստավ Յունգ – 150» խորագրով աշխատաժողով-դասախոսություններ, որոնք տեղի կունենան ս.թ. հունիսի 2-8-ը, ժամը՝ 10:00-ին, Իջևանում:

2025 թ. լրանում է շվեյցարացի մեծ փիլիսոփա, հոգեբան և մշակութաբան Կ. Գ. Յունգի 150-ամյակը, որը լայնորեն նշվում է աշխարհի մի շարք ինստիտուտների կողմից։ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Համայնքային ուսումնասիրությունների գ/հ խումբն իր հետազոտություններում կիրառում է Յունգի տեսական և մեթոդաբանական բազմաթիվ սկզբունքներ, մասնավորապես, նրա բացահայտումները կրոնի հոգեբանության և մարդկային ստեղծագործական կարողության ոլորտներում։ Մեծ գիտնականի հոբելյանին ներկայացվելու են դասախոսություններ նվիրված Յունգի և նրա կարկառուն աշակերտների մշակութաբանական աշխատություններին, դրանց առնչվող հայագիտական նյութերին, յունգյան մեթոդներով կատարված հետազոտություններին, այդ թվում՝ քառակողմ կոթողներին, թաղման ծեսին, տեսիլներին և երազներին։

Բանախոսներն են Լիլիթ Սիմոնյանը, պ.գ.թ., Հայկ Հակոբյանը, պ.գ.թ. և Կարեն Հովհաննիսյանը, պ.գ.թ., թիմ, որն ավելի քան 15 տարի զբաղվում է ժողովրդական քրիստոեության, պաշտամունքային ձեռագրերի, սրբավայրերի, ուխտագնացությունների, առասպելների և խորհրդանշանների, նվիրական գրաֆիտիների և այլ թեմաներով։ Դասախոսությունների շարքը չի սահմանափակվելու հունիսի 2-8-ին ներկայացված քննարկումներով, այլ կարող է համալրվել յունգյան մեթոդները կիրառող այլ մասնագետների ելույթներով, իսկ հոբելյանի բուն օրը՝ հուլիսի 26-ին տեղի կունենա առցանց ինտերակտիվ միջոցառում՝ Հայաստանի և արտերկրի այն գիտնականների մասնակցությամբ, ովքեր ևս կիրառում են Յունգի մոտեցումները և արժևորում են նրա ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ՝ հոգեթերապիայի, արվեստի և արվեստաբանության, գրականության և գրականագիտության, կրթության, կրոնագիտության և այլ ոլորտներում։

 

Տեսնել ավելին
Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողով

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողով

03-05-2025 11:00

  Հրավիրում ենք բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու  Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովին։

  Գիտաժողովը կկայանա  2025 թվականի մայիսի 3-ին և 4-ին (մեկնարկը՝ ժամը 11.00-ին), զուգակցված՝ առցանց-առկա ձևաչափով։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի  ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով՝ https://gsu.am/hy/electroniapplication/

Զեկուցումները ներկայացնել  էլեկտրոնային տարբերակով մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը՝ ուղարկելով ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝  info@gsu.am, infogsu@mail.ru

  Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։

  Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների. ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, էկոլոգիական, գյուղատնտեսական, պատմական, տնտեսական, փիլիսոփայական, բանասիրական, իրավաբանական, մանկավարժական, հոգեբանական, քաղաքական գիտություններ, սոցիոլոգիա, աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։

     Զեկուցումներին ներկայացվող  պահանջներն են.

  1. Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, համակարգչային շարվածքով, B 5 չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։
  2. Վերևում նշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգման կոդը (ՀՏԴ, UDC, УДК, տե՛ս http://www.udcsummary.info/php/index.php?tag=1&lang=hy հղումը), այնուհետև հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract),  որտեղ պետք է հակիրճ ներկայացվեն ուսումնասիրության առարկան, մեթոդները, հեղինակ(ներ)ի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։
  3. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ) և նշել 5-6 բանալի բառեր։
  4. Բաց թողնելով երկու տող՝ անհրաժեշտ է շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով։ Մեջբերումները կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
  5. Բնագրին հաջորդում է «Օգտագործված աղբյուրների ցանկ»-ը:
  6. Բնագրի վերջին էջում հեղինակը գրում է՝ «Բնագրի նյութը նախկինում չի հրատարակվել», որին հաջորդում են հեղինակի ստորագրությունը (բոլոր համահեղինակների ստորագրությունները) և ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդին ներկայացման օրը, ամիսը, տարին։
  7. Ներկայացվող զեկուցումները պետք է ունենան հստակ տրամաբանական կառուցվածք՝

 ա) ներածություն, որում հիմնավորվում է ուսումնասիրման առարկայի արդիականությունը,  ներկայացվում են հետազոտության հիմնական նպատակը,  տեսական և գործնական հիմքերը, առաջադրվող վարկածը,

         բ) հիմնական մաս, որում վերլուծվում են հետազոտության թեմայով նախկինում կատարված գիտական հրապարակումները, արդի մոտեցումները, հեղինակ(ներ)ի կատարած ուսումնասիրությունը, տեսակետները,

         գ) ամփոփիչ մաս, որը բովանդակում է հետազոտության արդյունքները՝ եզրահանգումները, տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկությունները, գիտական նորույթ պարունակող խնդրի լուծումը, հաստատված վարկածը, կանխատեսումները։

  1. Զեկուցման վերջում 10,5 pt տառաչափով անհրաժեշտ է գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոն­­ը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը՝ 150-250 բառ, և բանալի բառերը։
  2. Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 10,5 pt տառաչափով։
  3. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:

ԳՊՀ գիտաժողովի ծրագրում կներառվեն պահանջներին համապատասխանող զեկուցումները: Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ԳՊՀ գիտական պարբերականի հերթական համարում՝ էլեկտրոնային տարբերակով։

   Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374-60-46-03-02, -60-46-04-03 կամ գրել ԳՊՀ էլեկտրոնային փոստին info@gsu.am, infogsu@mail.ru։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓ

  • Ազգանուն, անուն, հայրանուն,

 

  • Գիտական աստիճան

 

  • Գիտական կոչում

 

  • Աշխատանքի վայրը

 

  • Պաշտոնը

 

  • Զեկուցման վերնագիրը

 

  • Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը

 

  • Էլեկտրոնային փոստի հասցեն

 

  • Հեռախոսահամարը

 

 

Տեսնել ավելին
ՀԱԻ-ում տեղի կունենա «Ապաբնակեցումը և մշակութային լանդշաֆտի կերպափոխումները կուր-արաքսյան մշակույթի կազմալուծման փուլում» խորագրով աշխատաժողով

ՀԱԻ-ում տեղի կունենա «Ապաբնակեցումը և մշակութային լանդշաֆտի կերպափոխումները կուր-արաքսյան մշակույթի կազմալուծման փուլում» խորագրով աշխատաժողով

30-03-2025 12:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Վաղ հնագիտության բաժնի և Քարաշամբի դամբարանադաշտի և նորակառույցների ուսումնասիրության գ/հ խմբի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 30-ին, ժամը՝ 12:00-ին տեղի կունենա «Ապաբնակեցումը և մշակութային լանդշաֆտի կերպափոխումները կուր-արաքսյան մշակույթի կազմալուծման փուլում» թեմայով աշխատաժողով: 

Անցյալ դարի 70-ական թվականներից, Վրաստանի տարածքում անսովոր մեծությամբ և կառուցվածքով Ցնորիի, մարտկոպյան, բեդենյան դամբանաբլուրների պեղումներից հետո, տիրապետող դարձավ այն տեսակետը, թե Ք․ա. III հազ. երկրորդ կեսը բնորոշվում է կուր-արաքսյան մշակույթի համա­տա­րած փլուզման և, այսպես կոչված, վաղ կուրգանների տարածման համապատկերով։ Հիշյալ տեսլականը ձևավորվեց «կուր-արաքսյան ընդհանրության»` Կուր գետից հյուսիս ընկած տարածքներում նկատված փոփոխություն­ների հիման վրա: Ռադիածխածնային թվագրությունների համատեքստում՝ կուր-արաքսյան և հետկուրարաքսյան համալիրների հիմնական պարամետրերի և գույքի կազմի վերջին տարիների ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս պնդելու, որ կուր-արաքսյան մշակույթի կազմալուծումը, նոր մշակույթների արմատավորումը տեղի է ունեցել աստիճանաբար՝ ժամանակագրական և տարածական խիստ որոշակի դրսևորումներով։ Այդ մշակույթի միջուկային գոտում կուր-արաքսյան մշակութային լանդշաֆտի տրանսֆորմացման վաղագույն դրսևորումներն արձանագրվում են Կուրի ավազանում։ Ք․ա. XXVI դ․ սկիզբ  - XXV դ․ առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Կուրի ավազանը բնորոշվում է նոր իրողությունների արմատավորման և կուր-արաքսյան մշակույթի և նորագոյացումների սերտաճման համապատկերով։ Ք․ա․ XXV- XXIV դարերից տարածաշրջանը ներկայանում է բացառապես վաղ դամբանաբլուրների մշակույթին բնորոշ համալիրներով (Թռեղքի ավագ խմբի, Մարտկոպյան,  Ալազանի-բեդենյան դամբանաբլուրներ)։ Այս գործընթացներն ակնհայտ են նաև Արաքսի ավազանում, ինչի վերլուծությանն է նվիրված հրավիրվող աշխատաժողովը:

 

Տեսնել ավելին
Արմինե Տիգրանյանի «Մշակութային ժառանգության պահպանությունը. Տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Արմինե Տիգրանյանի «Մշակութային ժառանգության պահպանությունը. Տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

20-03-2025 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007  մասնագիտական խորհրդի ս.թ. մարտի 20-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Արմինե Տիգրանյանի «Մշակութային ժառանգության պահպանությունը. Տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

 

Գիտական ղեկավար՝ պ. գ. դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյան                                                                                  Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ., դոցենտ Թ. Հայրապետյան, պ.գ.թ., դոցենտ Ա. Հակոբյան                      Առաջատար կազմակերպություն՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

 

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել մշակութային ժառանգության պահպանության տեսական մոտեցումները, միջազգային փորձը (ժառանգության պահպանությանը միտված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, կանոնակարգերը, ոլորտի միջազգային կառույցների ընդհանուր քաղաքականությունը, բանաձևերը, որոշումները և այլն ), որպեսզի վեր հանվի Արցախի մշակութային ժառանգության պահպանության արդի խնդիրները և գտնվի ժառանգության հնարավոր պաշտպանության մեխանիզմները:

Տեսնել ավելին
ՀԱԻ_ում տեղի կունենա «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողով

ՀԱԻ_ում տեղի կունենա «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողով

17-03-2025 15:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գ/հ խմբի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 17-ին, ժամը 15:00-ին կկազմակերպվի  «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողով:

Հետազոտությունը նվիրված է հնագիտական պեղումների ընթացքում կիրառվող հնամարդաբանական նյութերի հետազոտության կենսահնագիտական մեթոդներին։ Կենսահնագիտությունը նոր զարգացող գիտաճյուղ է և սկիզբ է առել նախորդ դարի 70-ական թթ-ին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործվել է բրիտանացի հնագետ Գ. Քլարկի կողմից 1972 թ.-ին՝ վերաբերելով հնավայրերից հայտնաբերված կենդանական ոսկորների ուսումնասիրությանը։ Կենսահնագիտություն եզրույթը վերաիմաստավորվեց 1977 թ.-ին ամերիկացի հնամարդաբան Ջ. Բուիկստրայի կողմից։ Այն ներկայացվեց որպես հնագիտական ​​հուշարձաններից հայտնաբերված մարդկային մնացորդների գիտական ​​ուսումնասիրությամբ զբաղվող գիտակարգ, որը այլ երկրներում հայտնի էր ոսկրահնագիտություն կամ հնաոսկրաբանություն անվամբ։ Կենսահնագիտական հետազոտությունների իրականացման համատեքստում վերակազմվում է ոչ թե հնահանրության էթնիկական պատմությունը, այլ` կենսակերպը. գիտակարգը աշխատում է ոչ միայն կմախքի չափագրական, այլև հիմնականում սեռատարիքային և հնաախտաբանական հատկանիշների հետ, հիմքում ունենալով ֆիզիոլոգիական սթրեսի տեսությունը: Այն մեկնաբանվում է ինչպես պատմամշակութային, այնպես էլ հնաէկոլոգիական տեղեկատվության դաշտում: Իրականացված աշխատանքը վերաբերում է Սևանի ավազանի երկաթեդարյան դամբարանային համալիրներից հավաքագրված հնամարդաբանական նյութերի վերլուծությանը՝ կիրառելով կենսահնագիտական ուսումնասիրույան մեթոդները՝ վեր հանելով տվյալ ժամանակաշրջանի հասարակության կենսակերպը։

Տեսնել ավելին
«Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան / տեսթան» խորագրով բանախոսություն

«Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան / տեսթան» խորագրով բանախոսություն

20-02-2025 16:00
Փետրվարի 20-ին, ժամը 16.00 – 18.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան / տեսթան» խորագրով բանախոսությունը, որը կվարի բ.գ.դ. Յակոբ Չոլաքեանը:
Տեսնել ավելին
Խորեն Գրիգորյանի «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Խորեն Գրիգորյանի «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

18-02-2025 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. փետրվարի 18-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Խորեն Գրիգորյանի «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Գիտական ղեկավար՝ պ. գ. թ. Հ. Խառատյան

Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ. Հ. Չոլաքյան, պ.գ.թ. Լ. Տանաջյան

Առաջատար կազմակերպություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Սույն ատենախոսական աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ի թիվս այլ հայկական խմբային ինքնությունների ձևավորումների քննության փորձերի, Լիբանանի Այնճար գյուղի հայ բնակչության պատմական և ընթացիկ լոկալ ինքնության զարգացումների, փոխակերպումների և դրանց եզրութաբանական ձևակերպումների վելուծության բացակայությամբ: Ատենախությունում քննարկող թեմայի մասնավոր ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ Այնճարի բնակչության անցյալի ընդհանրության մասին գիտելիքի և ինքնության վրա ազդեցության, գաղթի, նոր վայրում հաստատման, քաղաքական և սոցիալական առաջնորդների՝  խմբի ինքության կառուցման գործընթացում ներդրված ջանքերի և առհասարակ ինքնության էվոլուցիոն և կառուցաբանական (կոնստրուկցիոնիստական) ջանքերի արդյունքները:

Տեսնել ավելին
Բանախոսություն ««Աստուած ինքզինք համար կ'ընտրէ ողջակէզի գառը». Զոհաբերվող կենդանու ընտրությունը օսերի ժամանակակից արարողակարգում և պատումային ավանդույթում» թեմայով

Բանախոսություն ««Աստուած ինքզինք համար կ'ընտրէ ողջակէզի գառը». Զոհաբերվող կենդանու ընտրությունը օսերի ժամանակակից արարողակարգում և պատումային ավանդույթում» թեմայով

11-02-2025 17:00

Փետրվարի 11-ին, ժամը 17:00-ին Հնագիտության և ազագագրության ինստիտուտում տեղի կունենա ««Աստուած ինքզինք համար կ'ընտրէ ողջակէզի գառը». Զոհաբերվող կենդանու ընտրությունը օսերի ժամանակակից արարողակարգում և պատումային ավանդույթում» («Бог усмотрит себе агнца»: выбор жертвенного животного в современном обрядовом обиходе и нарративной традиции осетин) խորագրով բանախոսությունը, որը կվարի Սերգեյ Շտիրկովը:

Տեսնել ավելին
«Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով սեմինար-քննարկում

«Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով սեմինար-քննարկում

10-02-2025 16:00

Ազգագրական քննարկումների շրջանակում՝ ս․թ․ փետրվարի 10-ին, ժամը՝ 16:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով սեմինար-քննարկմանը: Բանախոսությամբ հանդես կգա ազգագրագետ, մագիստրոս Վահե Քոթանյանը:

Տեսնել ավելին
««Գծագրում տեղում». հետազոտական մեթոդաբանության ազդեցությունը մեկնողական նախագծման վրա՝ Վեդի գետի հովտի օրինակով» խորագրով դասախոսություն

««Գծագրում տեղում». հետազոտական մեթոդաբանության ազդեցությունը մեկնողական նախագծման վրա՝ Վեդի գետի հովտի օրինակով» խորագրով դասախոսություն

03-02-2025 15:00

Սիրով տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին, ժամը՝ 15:00-ին, Հնագիտության և ազգագրություն ինստիտուտը կհյուրընկալի Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարին, ով հանդես կգա ««Գծագրում տեղում». հետազոտական մեթոդաբանության ազդեցությունը մեկնողական նախագծման վրա՝ Վեդի գետի հովտի օրինակով» խորագրով դասախոսությամբ:

Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը ճարտարապետ է, Հոնկոնգի համալսարանի ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր: Նրա հետազոտական աշխատանաքները կենտրոնացած են հնագիտության և ճարտարապետության խնդիրների վրա:

Իր ելույթում  Օթենին-Ժիրարը կխոսի Հայաստանում Վեդի գետի հովտի նախագծման  պլանավորման ընթացիկ ռազմավարության մասին,  ինչը ներառում է նաև Արարատյան դաշտի հարավարևելյան հնագիտական ​​ծրագրի (APSAP) հետ համատեղ նախագիծը:

Հետազոտական ծրագրի նպատակն է զարգացնել հայկական ավանդական գլխատների ունեցած ներուժը՝ լույս սփռելով Վեդի գետի հովտում կլիմայի արագ փոփոխության պայմաններում ջերմային և բնապահպանական տեսանկյունից դրանց օգտագործման խնդրի վրա։

Տեսնել ավելին
Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել է Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել է Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

31-01-2025 13:36

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել է Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում (https://7mostendangered.eu/sites/arakelots-monastery-and-settlement-armenia/

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025 թվականի կարճ ցանկում։

Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը, ով, ի թիվս այլ կազմակերպությունների, համագործակցել է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացման նախադրյալների ապահովում։

 

Տեսնել ավելին