Հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 13։00-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի կունենա Հին Հայաստանի հնագիտության բաժին հերթական բանախոսությունը` «Արտաշատի տարածքում հայտնաբերված նոր մոնումենտալ հուշարձանը և նրա մշակութային ու քաղաքական արժևորումը (նախնական դիտարկումներ)։» թեմայով։
Բանախոս՝ Մկրտիչ Զարդարյան, պ. գ. թ.
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում է մասնակցելու 6-րդ էպոսագիտական միջազգային գիտաժողովին՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրության 150-ամյակին։ Նոր ժամանակների հայ բանագիտության և ազգագրության հիմնադիր Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը ավելի քան 150 տարի առաջ՝ 1873 թ. Մշո Առնիստ գյուղում վիպասաց Տարոնցի Կրպոյից գրառում է «Սասնա ծռեր» էպոսի առաջին տարբերակը, որը հրատարակում է մեկ տարի անց՝ 1874 թ. Կ․Պոլսում՝ «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» գրքում։ Այդպիսով, 150 տարի առաջ սկիզբ է դրվում հայ ժողովրդական դիցավեպի գիտական ուսումնասիրությանը։
Երևան - Թալին
11-12 հոկտեմբերի, 2024 թ․
Գիտաժողովի նպատակն է՝ հետևյալ թեմաների գիտական ուսումնասիրությունն ու հանրահռչակումը․
Էպոսի բանագիտական, մշակութաբանական և պատմահամեմատական ուսումնասիրություն,
Էպոսի և բանահյուսական այլ ժանրերի փոխազդեցություն և փոխներթափանցում,
Էպոսի ստեղծման ու տարածման միջավայրը,
Էպոսի բանավոր տարբերակների հայտնաբերումն ու գրառումը, դրանց ուսումնասիրության նոր մեթոդները,
Գարեգին Սրվանձտյանցի և այլ վիպահավաքների ժառանգության ուսումնասիրություն,
Էպոսի և գեղարվեստական գրականության փոխառնչություններ,
Էպոսի և արվեստի տարբեր ճյուղերի փոխառնչություններ,
Էպոսի ազդեցությունը հանրային կյանքի վրա անցյալում և այսօր։
Ընդունվում են գիտական նորույթ և հստակ գիտական մեթոդաբանություն ունեցող հայտեր։ Զեկուցման հիմնադրույթները երկու լեզվով, յուրաքանչյուրը՝ 300-500 բառ, անհրաժեշտ է ուղարկել epic.conference2024@gmail.com էլ․հասցեին մինչև 2024 թ․ հուլիսի 15-ը։ Ընտրված զեկուցումների հիման վրա գրված հոդվածները կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ գիտաժողովից հետո։ Արտերկրի մասնակիցների ճանապարհածախսը հոգում է գործուղող կողմը։
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Հայտերի ուղարկում՝ մինչև 2024 թ․ հուլիսի 15։
Կազմկոմիտեի կողմից դիտարկում և պատասխան՝ 2024 թ․ օգոստոսի 1։
Գիտաժողովի ծրագրի ուղարկում մասնակիցներին՝ 2024 թ․ սեպտեմբերի 30։
ԱՄՓՈՓԱԳՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ծավալը` 300-500 բառ, լեզուն՝ հայերեն և անգլերեն, տառատեսակը` Sylfaen, հիմնաբառերը` 7-10, էջերի չափը` բոլոր կողմերից 2,5սմ, տառաչափը` 12, միջտողային բացատ` 1,5 սմ։
Ամփոփման սկզբում` էջի կենտրոնում գրել զեկուցման վերնագիրը` գլխատառերով, էջի աջ հատվածում նշել հեղինակի անուն, հայրանուն, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատավայրը, պաշտոնը, էլ.հասցեն և հեռախոսի համարը։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Արսեն Բոբոխյան - պ.գ.թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն
Տորք Դալալյան - բ.գ.թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, Բանագիտության բաժնի վարիչ
Ազատ Եղիազարյան - բ.գ.դ․, պրոֆ․, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
Հայկ Համբարձումյան - բ.գ.թ․, դոց․, Մատենադարան - Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հրատարակչության տնօրեն, ավագ գիտաշխատող
Արմեն Պետրոսյան - բ.գ.դ․, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Բանագիտության բաժնի գլխավոր գիտաշխատող
Պիտեր Քաուի - պրոֆ․, Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես (UCLA)
Գիտաժողովի քարտուղար՝ Մարի Հովհաննիսյան
ՀԱԻ ԵԳԽ սեմինարների շրջանակում պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանը անդրադարձ կկատարի կուր-արաքսյան միջերկրայքի բրոնզեդարյան անվավոր փոխադրամիջոցները և դրանց պատմահնագիտական համատեքստին։
Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի վերջերից Կուր-արաքսյան միջերկրայքում հատկանշական գույքի ուղեկցությամբ թաղումներում պեղումներով փաստվում են անվավոր փոխադրամիջոցներ: Միջին բրոնզի դարերում կիրառության մեջ են եղել քառանիվ և երկանիվ հոծ անիվներով սայլերը՝ լծված խոշոր եղջերավոր անասուններով, իսկ ուշ բրոնզի դարում ի հայտ են գալիս նաև ճաղավոր անիվներով, ձիերով լծված կառքերը:
Հետազոտվող տարածքում անվավոր փոխադրամիջոցներ պարունակող դամբանները ներկայացված են ավելի քան 5 տասնյակ օրինակներով: Միջին և ուշբրոնզեդարյան հնահասարակություններում անվավոր փոխադրամիջոցի ուղեկցությամբ կատարված թաղումները նույնանում են համայնքների առանձնաշնորհյալների հետ: Փոխադրամիջոցների տարաձևությունները պայմանավորված պետք է լինեին համայնքների առաջնորդների ձեռքում կուտակված ռեսուրսներով և տարածաշրջանի քաղաքական և առևտրա-տնտեսական հարաբերություններում վերջիններիս գրաված դիրքով և թաղման ծեսերի առանձնահատկություններով:
ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ
հրավիրում է մասնակցելու «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄԸ» թեմայով միջազգային սեմինար-քննարկմանը
17 սեպտեմբերի, 2020 թ., Երևանի ժամանակով ժ. 12:00
Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:
Մասնակիցներ՝
Երևան – սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակիցներ, Պավել Ավետիսյան, Արմեն Ոսկանյան, Վարդան Սահակյան ,
Ալմաթի - Արամ Նավասարդյան,
Բեյրութ -Անդրանիկ Դաքեսյան, Փոլ Հայդոստյան,
Բեռլին - Հայկ Մարտիրոսյան,
Կիև - Ելենա Օգանեսյան,
Մարսել -Պատրիկ Տոնապետյան,
Պոզնան - Գոռ Մարտիրոսյան,
Պրահա -Արմինե Սաղաթելյան,
Վլադիկավկազ - Սամվել Մելիքսետյան,
Փարիզ -Ռենե Լևոնյան:
Սեմինար-քննարկման ընդհանուր ակնարկ
Ներկայումս հայկական սփյուռքը կրում է արմատական փոփոխություններ, որոնք ազդում են ողջ ազգի կենսագործունեության տարբեր կողմերի վրա: Այս համատեքստում սփյուռքում ընթացող փոփոխությունները կրում են ավելի խորքային բնույթ, քանզի հայ ազգի գոյակցության պայմանները տարբեր միջավայրերում բավականին բազմազան են և առաջացնում են բազմաթիվ մարտահրավերներ` էթնիկության վերարտադրման և ինքնության պահպանման ճանապարհին: Սեմինար-քննարկման մասնակիցներին ներկայացվել է «Հայկական սփյուռքի ներուժի ուսումնասիրման և քարտեզագրման մոդելի մշակումը» ծրագրի բովանդակությունը, որի դրույթների քննարկումը նախատեսվում է հեռասեմինարի աշխատանքի ընթացքում:
Քննարկվող թեմաների շրջանակներ
Սփյուռքի ներուժի մոդելավորման խնդիրները
Սփյուռքի ներուժի բացահայտման, ուսումնասիրության մեթոդաբանությունը
Ծրագրի իրականացման հեռանկարները
Դրված թեմայի շուրջ քննարկման կամ արձագանքի համար յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 5-10 րոպե:
Հեռահաղորդակցման անհրաժեշտ հղումը կտրամադրվի սեպտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով մինչև ժ.18:00:
Հետադարձ կապ՝ karapetyan.ruben.s@gmail.com; info.diasporastudies@gmail.com;
հեռ. +374 098 540 355