ՀՀ ԳԱԱ ՀՆագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժինը Կիրառական մարդաբանության թեմատիկ խմբի հետ կազմակերպել են ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով, որը տեղի կունենա ինստիտուտի գրադարանում հունիսի 14-ին։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մասնակցում է Եվրոպական հնագիտության օրերին։ Այդ համատեքստում ներկայացվելու են բաց դասախոսություններ։
Առաջին դասախոսությունը կվարի ինստիտուտի գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․գ․թ․ Վիկտորյա Վասիլյանը։
Բովանդակությունը՝ Դասախոսությունը նվիրված է արհեստական բանականության կիրառմանը հնագիտական նյութի հանրահռչակման, վիրտուալ մշակութային տարածքի ստեղծման, թանգարանների կերպարանափոխության ոլորտներում, ինչպես նաև դրա կրթական և զբոսաշրջային նշանակությանը։ Անդրադարձ կկատարվի եռաչափ տեխնոլոգիաների կիրառմանը, և դրանց դերին արտեֆակտների և պատմական վայրերի համապարփակ թվային արխիվացման գործում:
Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի հերթական սեմինարը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունիսի 13-ին, ժամը 16։00-ին, ՀԱԻ ընթերցասրահում։
Թեման՝ «Հեռահար զոնդավորման (Remote sensing) մեթոդները հնագիտության մեջ»։
Ներկայացնող՝ Արտյոմ Անանյան։
ս.թ. հունիսի 11-ին, ժ. 14:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտի հայցորդ Կարեն Սամվելի Բայրամյանի «Աշխարհբեկ Քալանթարի հուշարձանապահպան գործունեությունը» խորագրով ատենախոսության պաշտպանությունը:
«Կ. Գ. Յունգ - 145» միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և ԳիՀԻ հայագետների և հոգեբանների միավորումը ս. թ. հուլիսի 2-ին, 3-ին, 9-ին, 10-ին և 11-ին անցկացնում է սեմինարների շարք:
Սեմինար․ «Աստվածաբանություն` հոգեբանների և հայագետների (ոչ աստվածաբանների) համար», բանախոս. Հայկ Հակոբյան
Հոգեբանությունը որպես մարդկային հոգու հետ գործ ունեցող գիտակարգ սերտորեն կապված է աստվածաբանության և կրոնագիտության հետ: Սակայն ինչպես ցանկացած գիտություն, հոգեբանությունը նույնպես կրոնական, աստվածաբանական երևույթները վերլուծում է իր դիրքերից: Կարիք կա միևնույն հարցերի շուրջ երկկողմանի մոտեցման՝ ավելի խորությամբ դրանք հասկանալու համար: «Աստվածաբանությունը հոգեբանների ու ոչ աստվածաբան հայագետների համար» սեմինարի նպատակը կլինի հոգեբանության քննության առարկա հանդիսացող կրոնական, աստվածաբանական դրևորում ունեցող երևույթների վերլուծությունն աստվածաբանության դիրքերից: Այս սեմինարի ընթացքում մենք փորձելու ենք տալ երազների ու ու տեսիլքների, հոգական այլ երևույթների աստվածաբանական, ուղղափառ ընկալումները, ինչպես նաև բացատրվելու են մասունքների, եկեղեցական գրքերի պաշտամունքի, ուխտագնացությունների եկեղեցական ընկալումները: Սեմինարի ընթացքում, վերոգրյալի աստվածաբանական քննության համատեքստում, քննվելու են նաև ավանդական եկեղեցիների դավանանքի առանձնահատկություները, հիմնական դոգմաները, որոնք, անշուշտ, սեմինարի ժամանակ քննվելիք թեմաների ակունքում են:
Սեմինարն առցանց է, կարող եք միանալ այս հղումով:
2019-2021 թթ. Գյուլբենկյան հիմնարկության կողմից տրված դրամաշնորհի շրջանակներում ՛՛Տան սուրբ՛՛ ձեռագրերի ուսումնասիրությունը կատարող թիմը հայտնաբերեց 1341 թվականին Տայքի՝ Բաբերդ՝ սբ. Հրեշտակապետաց վանքում արտագրված մի Ավետարան՝ առատ մանրանկարչությամբ, մեծ ու փոքր հիշատակարաններով:
Բանախոսության նպատակն է լինելու ներկայացնել մեր կողմից հայտնաբերված այս Ավետարանի շուրջ դիտարկումները, պատասխանել այն հարցին, թե արդյոք Ավետարանը հայ-քաղկեդոնիկ միջավայրի ծնունդ է, թե ոչ, ինչպես նաև շնորհիվ այս ձեռագրի փաստելը Տայքի՝ մասնավորապես հարավային Տայքի, դեռևս XIV դարում հայախոս ու հայագիր լինելու հանգամանքը։
Բանախոս՝ Հայկ Հակոբյան
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia-ի և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով՝ նվիրված Անիի պեղումների 120-ամյակին։
Զեկուցման թեմաները պետք է վերաբերեն Անիի պատմության, մշակույթի ուսումնասիրությանը և թանգարանացմանը, ընդգրկեն հետևյալ թեմաները կամ հարակից ոլորտները՝ պատմություն, հնագիտություն, վիմագրություն, ճարտարապետություն, թանգարանագիտություն, մշակութաբանություն, արվեստաբանություն։
Գիտաժողովը տեղի կունենա մայիսի 29-31-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և համառոտ ամփոփագիրը՝ մինչև 300 բառ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/x3VqhRsSBWcTd9WCA
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 1
Մասնակցության հաստատման վերջնաժամկետ՝ մայիսի 8
Ծրագրի հրապարակում՝ մայիսի 15
Հոդվածի տրամադրում՝ հունիսի 1
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «ՀԵՔԻԱԹԻ ԲԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՆՐԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՎՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» խորագրով գիտաժողով՝ նվիրված հայ բանագիտության երախտավոր ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏԻՉԻ ՆԱԶԻՆՅԱՆԻ ծննդյան 100-ամյակին:
Գիտաժողովը նպատակ ունի վեր հանելու հայոց բանահյուսական մշակույթում վերջին հարյուրամյակում տեղի ունեցած ժանրային խաչաձևումներն ու ժամանակի մեջ կրած փոխակերպումները:
Գիտաժողովը տեղի կունենա 2024 թ. մայիսի 24-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում:
Զեկուցումների հիմնադրույթներն ուղարկել մինչև 2024 թ. ապրիլի 15-ը, հետևյալ էլ. հասցեով՝ haiteqstabanutyun@gmail.com
Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև մայիսի 5-ը։ Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրատարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2025 թվականին:
Ամփոփագրի չափորոշիչներն են.
Զեկուցման ամփոփագրերը պետք է ունե-նան 300-350 բառ (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ GHEA Grapalat:
Ներկայացնել Word 2007 ծրագրով, թղթի չափը՝ A4, թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 2.00 սմ, տողերի միջակայքը՝ 1.5:
Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատավայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը: Հոդվածի վերնագիրը գրել մեծատառերով՝ կենտրոնում, ներքևում՝ հիմնաբառերը՝ 6-8 բառ, այնուհետև՝ ամփոփման տեքստը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +374 93 46 65 04 -Հասմիկ Գալստյան։
Մայիսի 23-ին, ժամը 16.00 - 18.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա հետևյալ բանախոսությունը.
«Քեսաբի բանակռվային պարերգերն ու խաղիկների շարքը», բանախոս՝ Հակոբ Չոլաքյան, բ.գ.դ.
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։
Մայիսի 21-ին, ժամը՝ 14։00-ին, տեղի կունենա Հին Հայաստանին հնագիտության բաժնի հերթական բանախոսությունը
Բանախոս՝ Հայկ Գյուլամիրյան
Թեմա՝ Հնագիտական հուշարձանի հանրայնացման կոնցեպտի շուրջ (Արտաշատի օրինակով)։
Ս.թ. մայիսի 20-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Արցախյան հնագիտական պեղումների նյութերը ռուսական և եվրոպական թանգարաններում:
Բանախոս՝ Նժդեհ Երանյան
Ս․թ․ մայիսի 16-ին, ժամը՝ 16.00, ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Ամրոց, թե՞ դղյակ. միջնադարյան ամրաշինական կառույցների համեմատական քննություն» խորագրով բանախոսությունը, որը կներկայացնի հնագետ, պ.գ.թ. Աստղիկ Բաբաջանյանը: