Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Մահազդ․ Ալվարդ Սարուխանի Ղազիյան

Մահազդ․ Ալվարդ Սարուխանի Ղազիյան

14-02-2017 13:41

2017թ. հուլիսի 3-ին կյանքից հեռացավ բանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալվարդ Սարուխանի Ղազիյանը:

Ա. Ղազիյանը (Ղազարյան) ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 13-ին Հայկական ԽՍՀ Իջևանի շրջանի Սարիգյուղում` Ղարաբաղից այստեղ տեղափոխված ընտանիքում: 1933թ. Ղազարյանները տեղափոխվել են Գանձակ (Կիրովաբադ): 1937 թ. նա ընդունվել և 1947թ. մեդալով ավարտել է քաղաքի №10 հայկական միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի “Հայ բանասիրություն” բաժինը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով 1960 թ.` Ալթայի երկրամասի աքսորավայրից (1949-1956 թթ.) վերադառնալուց հետո:

1961 թ. հոկտեմբերին Ա. Ղազիյանն ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ժողովրդական բանահյուսության բաժինը, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ (2000-2009թթ.՝ բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ):

Ժողովրդագիտական իր գործունեությունը Ա. Ղազիյանը սկսել է նշանավոր բանագետ Արտաշես Նազինյանի ղեկավարությամբ: 1971թ. Ա. Ղազիյանը պաշտպանել է “Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր” թեմայով թեկնածուական ատենախոսությունը` նվիրված հայոց երգային բանահյուսության՝ այդ տեսակի ժանրային առանձնահատկություններին, գաղափարական բովանդակությանն ու գեղարվեստաարտահայտչական միջոցների համալիր ուսումնասիրությանը (համահավաք բնագրերի հետ տպագրվել է 1989 թ.):

1983թ. “Հայ ազգագրություն և բանահյուսություն” մատենաշարով (հ. 15, “Արցախ”) լույս է տեսել Ա. Ղազիյանի՝ Արցախից 1970-ական թվականներին գրի առած հեքիաթների, զրույցների, մանրապատում-զվարճախոսությունների, ավանդությունների, երգերի, մականունների, ասութաբանական բանահյուսության նմուշները, նրա կազմած հայ մշակույթի նշանավոր երախտավոր Գ. Սրվանձտյանի երկերի առաջին հատորը:

Հայ բանահյուսական մշակույթի գրառման և արժևորման ոլորտում կարևոր երևույթ է Ա. Ղազիյանի և Ս. Վարդանյանի հավաքած, կազմած և հրատարակած “Բաքվի հայոց բանահյուսությունը” ժողովածուն (2004 թ.): Այս աշխատության շնորհիվ բաքվահայերի բանավոր ավանդությունն առաջին անգամ դրվել է գիտական շրջանառության մեջ` հնարավորություն ընձեռելով մեզանում եղած բանահյուսական նյութն ամբողջացնելու, զուգադրելու, նորագույն խնդիրներ առաջ քաշելու և հետազոտելու ուղղությամբ:

Ժողովրդին  իր ակունքներին վերադարձնելու առումով ցուցանշական են Ա. Ղազիյանի “Պ. Սևակի “Անլռելի զանգակատան” բանահյուսական հենքը” (1973),  “Ղարաբաղի զվարճախոս Պըլ-Պուղին” (1978), “Հայ ժողովրդական  սնահավատական  զրույցների դասակարգման հարցի շուրջ” (1983), “Устное народно-поэтическое творчество” (1990), “Сасна црер. армянский героический эпос” (1976), “Гардманк. историко-этнографический очерк” (1992), “Հնագույն մի սովորության արձագանքները հայ բանահյուսության մեջ” (1977), “Ականատեսը Վան քաղաքի քսանամյա անցքերի մասին 1877-1897 թթ.” (1990), “Административный передел внутренних границ Закавказья” (2000), “Ազատագրական պայքարի արտացոլումն արցախահայոց բանահյուսության մեջ” (1995) և այլ հոդվածներ ու հրապարակումներ:  

Այս ամենով հանդերձ՝ բանագետ Ա. Ղազիյանի ուշադրության կենտրոնում էին նաև Հայաստանի ռազմավարության տնտեսական խնդիրներն ու գիտական ժառանգության պատմագիտական մեծ արժեք ներկայացնող կարևոր ձեռագրերը, որոնց տպագրությունն ամփոփված է Ա. Ղազիյանի և Ա. Քալանթարյանի կազմած թիվ 1 և 2 “Վավերագրերում” (1999, 2001):

Ա. Ղազիյանի աշխատությունների նշանակալից բաժինը վերաբերում է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությանն ու պատմությանը: Արցախյան ազատամարտի տարիներին նա լծվել է հարկադրական համրության մատնված արխիվային փաստաթղթերի հայտնաբերմանն ու լուսաբանմանը և գործնական աջակցությամբ օժանդակել է արցախահայությանը (Ս. Միրզոյան, Ա. Ղազիյան, “Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.” (2003): Մեր ժողովրդի պատմության դժվարին խնդիրներին առնչվող այդ կարևորագույն փաստաթղթերը Ա. Ղազիյանը տարիներ շարունակ պրպտել, ծանոթագրել և դարձրել է հասարակության սեփականությունը:

Ա. Ղազիյանը ընդգծված քաղաքացիական պարտքի գիտակցության տեր անձնավորություն էր, նրա համար առաջնայինը պետության, հասարակության, աշխատանքի շահն էր:  Բանագետը հեղինակել է յոթ տասնյակից ավելի գիտական, լրագրային հոդվածներ, գրախոսականներ, հրապարակումներ: Հատկապես ուշադրության են արժանի նշանավոր հայագետ-բանագետներին, հայազգի ռազմական անվանի գործիչներին նվիրված նրա հոդվածները (Գ. Սրվանձտյան, Ե. Լալայան, Խ. Դադյան, Քաջբերունի, Մ. Միանսարյան, Ա. Կիսիբեկյան, զորավարներ Մ. Լորիս-Մելիքյան, Հ. Լազարյան, Ա. Տեր-Ղուկասյան, ծովակալ Լ. Սերեբրյակով, Ս. Կուկունյան, գնդապետ Հ. Մազմանյան և այլք): Ուշագրավ է բազմավաստակ գիտնական-բանագետ Ս. Հարությունյանի կյանքին ու գործունեությանը նվիրված “Կենսամատենագիտությունը” (2003):

Ա. Ղազիյանը կատարել է նաև թարգմանական աշխատանքներ:  1989 թ. “Հայաստան” հրատարակչությունը լույս է ընծայել ռուսերենից նրա թարգմանած “Աֆորիզմներ” ծավալուն ժողովածուն, 1998թ.` Լ. Մելիք-Շահնազարյանի “Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ” աշխատության հայերեն թարգմանությունը, որը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առաջին փորձն էր գրքի հեղինակի կողմից:

2012թ. Մոսկվայի «Наука» հրատարակչությունը “Ժողովուրդներ և մշակույթներ” մատենաշարով լույս է ընծայել «Армяне» (Հայեր) ժողովածուն (648 էջ), որտեղ հայ ժողովրդական հեքիաթների, ծիսական, ինչպես նաև ռազմի ու զինվորի երգերի մասին վերլուծությունները պատկանում են Ա. Ղազիյանի գրչին:

2015թ. Ա. Ղազիյանը հրատարակել է «Արևմտահայոց պայքարի Արցախի զավակները» աշխատությունը, որը նվիրված է 19-րդ դարի վերջին տասնամյակներում, բալկանյան ժողովուրդների օրինակով, Արևմտյան Հայաստանում ծավալված ազատագրական պայքարին գործուն մասնակցություն ունեցած, Արցախ աշխարհում ծնված ու կրթություն ստացած անհատներին:

1966թ. ի վեր Ա. Ղազիյանն իր հայրենի եզերքի անվանի բանահավաքներից էր: Նա Ղարաբաղից և հարակից շրջաններից գրի է առել արժեքավոր բանահյուսական հարուստ նյութեր:

Ա. Ղազիյանը 1994թ.-ից ԼՂՀ գրողների միության անդամ էր, 1988թ.-ից՝ “Արցախ” հայրենակցական միության անդամ:

Ա. Ղազիյանը լուրջ ներդրում ունի հայկական հեքիաթների գիտական հրատարակության և դրանց` ըստ միջազգային սյուժեների դասակարգման գործում: Նա կազմել և հրատարակել է “Հայ ժողովրդական հեքիաթներ” գիտական հրատարակության 13-րդ (Մուշ-Տարոն, 1985), 14-րդ (Վան-Վասպուրական, 1999) և 16-րդ (Վան-Վասպուրական, 2009) հատորները` օժտված համապատասխան գիտական ծանոթագրություններով:

Ճանաչված բանագետի, իր հայրենիքի և ժողովրդի վաղվա օրով մտահոգ ազնիվ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների, գործընկերների և ճանաչողների սրտերում:

 

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Տեսնել ավելին
Լույս է տեսել «ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ» մատենաշարի տասներորդ հատորը

Լույս է տեսել «ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ» մատենաշարի տասներորդ հատորը

11-01-2017 16:45

Լույս է տեսել անվանի վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի կազմած և ցարդ անտիպ «ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ» մատենաշարի հերթական՝ տասներորդ հատորը (խմբագրությամբ՝ պատմ. գիտ. թեկնածուներ Գագիկ Սարգսյանի և Արսեն Հարությունյանի, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, 212 էջ, 200 լուսանկար): Այն ամփոփում է ՀՀ Շիրակի մարզի պատմաճարտարապետական հուշարձաններից ընդօրինակված 190 արձանագրություն, որոնցից ավելի քան 80-ն առաջին անգամ է հրատարակվում: Հատորը համալրվել է բազմաթիվ նորահայտ արձանագրություններով, վիմագրերի ժամանակագրական աղյուսակով և անվանացանկերով:

Տեսնել ավելին
«Մշակութային մարդաբանությունը Լեհաստանում. պատմությունն ու ներկան»

«Մշակութային մարդաբանությունը Լեհաստանում. պատմությունն ու ներկան»

20-11-2016 10:02

Դասախոսությունը նվիրված է լինելու մշակութային մարդաբանության ձևավորմանը Լեհաստանում, դրա զարգացմանն ու հիմնարար միտումներին:

Մշակութային մարդաբանությունն այն հումանիտար գիտություններից է, որ ուսումնասիրում է մարդուն և մշակույթը, ինչպես նաև դրանց փոխհարաբերությունները: Դասախոսության հիմնական նպատակը լինելու է բացահայտել այդ գիտակարգի զարգացման հիմնական ճանապարհները Լեհաստանում, ինչպես նաև ցույց տալ դրա փոխհարաբերությունը համաշխարհային մարդաբանության հետ: Կներկայացվեն մարդաբանության զարգացման երեք էտապներ: Առաջին՝ Լուսավորության ժամանակաշրջանի և ոչ եվրոպական մշակույթների ազդեցությունը Լեհաստանում մշակութային մարդաբանության գիտակարգի ձևավորման վրա, վերջինիս ճակատագիրը Լեհաստանի սոցիալաիստական ժամանակահատվածում, ինչպես նաև մարդաբանությունը ժամանակակից Լեհաստանում: Հիմնական ուշադրությունը կհատկացվի Լեհաստանում ժամանակակից մարդաբանական հետազոտությունների վրա, որոնք կարող են ցուցիչներ լինել այս գիտակարգի ինքնության զարգացման համար: Մշակութային մարդաբանության ձևավորման վրա ազդել է ոչ միայն իր սեփական պատմությունը, այլև՝ ինչպես է այն բարձրաձայնում տարբեր խնդիրների մասին, ինչ տեսություններ է ներկայացնում հասարակական զարգացման համար և ինչ ինստիտուցիոնալ կապեր է հաստատում այլ հումանիտար գիտակարգերի հետ: Հատկապես հետաքրքիր է դրա ազդեցությունը Լեհաստանում ձևավորված մարդաբանության ավանդույթի և կոսմոպոլիտ մշակույթի հետ համաձայնության կազմակերպման տեսանկյունից:

Ադամ Պոմիեչինսկի – դոկտոր պրոֆեսոր, աշխատում է Պոզնանի Ադամ Միցկիևիչի անվան էթնոլոգիայի և մշակութային մարդաբանության ինստիտուտում: Հանդիսանում է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի էթնոլոգիական գիտությունների կոմիտեի անդամ: Հիմնական հետաքրքրություններն են ժամանակակից մարդաբանությունը, ժամանակակից սոցիալական շարժումները, ինչպես նաև քաղաքային մարդաբանությունը:

Polska antropologia kulturowa: historia i współczesność Wykład poświęcony będzie antropologii kulturowej ukształtowanej w polskim kontekście narodowym. Antropologia kulturowa jest jedną z nauk o kulturze i o człowieku. Zasadniczym celem wykładu będzie przedstawienie rozwoju tej dyscypliny w Polsce oraz jej związków z antropologią światową. Omówione zostaną trzy etapy rozwoju badań antropologicznych: od oświeceniowych fascynacji polską kulturą ludową i kulturami pozaeuropejskimi zapowiadającymi powstanie nowej dyscypliny na ziemiach polskich, po losy antropologii kulturowej w czasach komunistycznych oraz czasy współczesne. W procesie kształtowania się antropologii kulturowej w Polsce szczególna uwaga poświęcona zostanie współczesnym kierunkom badań, które mogą zostać uznane za ważne dla tożsamości tej dyscypliny. O jej obecnym kształcie decyduje nie tylko jej historia, ale także podejmowana przez nią problematyka, teoria społeczna rozwijana przez poszczególnych badaczy i ośrodki etnologiczne, zaplecze instytucjonalne, relacje z innymi naukami społecznymi i humanistycznymi oraz znaczenie społeczne. Tak zarysowana problematyka wpisuje się w ogólną dyskusję nad narodowymi tradycjami antropologicznymi oraz kosmopolitycznymi uwarunkowaniami tej dyscypliny.

Adam Pomieciński – profesor nadzwyczajny, doktor habilitowany, pracuje w Instytucie Etnologii i Antropologii Kulturowej Uniwersytetu im. Adama Mickiewicza w Poznaniu. Jest członkiem Komitetu Nauk Etnologicznych Polskiej Akademii Nauk. Interesuje się antropologią współczesności, antropologią ruchów społecznych i etnologią miasta.

Տեսնել ավելին
«Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», հեղ․ Թամար Հայրապետյան

«Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», հեղ․ Թամար Հայրապետյան

16-11-2016 16:52

Լույս է տեսել ինստիտուտի աշխատակից Թամար Հայրապետյանի հեղինակած «Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ» մենագրությունը: Աշխատանքը առկա է ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
«Աշխատանքային միգրացիայի սոցիալ-մշակույթային հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»

«Աշխատանքային միգրացիայի սոցիալ-մշակույթային հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»

10-11-2016 14:48

2016 թ․ նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:

Օրակարգ

Գալստյան Միհրան Վարդգեսի «Աշխատանքային միգրացիայի սոցիալ-մշակույթային հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը՝

Է.00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցմամբ:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
«Հիվանդության և բուժման առասպելույթը հայկական հեքիաթներում»

«Հիվանդության և բուժման առասպելույթը հայկական հեքիաթներում»

16-10-2016 16:55

Հրատարակվել է ինստիտուտի աշխատակից Եվա Զաքարյանի «Հիվանդության և բուժման առասպելույթը հայկական հեքիաթներում» մենագրությունը: Աշխատանքը առկա է ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
«Մշակույթի հանրային ընկալումներն արդի Հայաստանում»

«Մշակույթի հանրային ընկալումներն արդի Հայաստանում»

06-10-2016 14:47

2016 թ․ հոկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:

Օրակարգ

Թորոսյան Մելինե Գագիկի «Մշակույթի հանրային ընկալումներն արդի Հայաստանում» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը՝

Թ.00.06 – «Մշակութաբանություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:

Մասնագիտական խորհուրդ

Ատենախոսության սեղմագիրը կցված է

Տեսնել ավելին
«Քեսապ (պատմա-ազգագրական ուսումնասիրություն)»

«Քեսապ (պատմա-ազգագրական ուսումնասիրություն)»

27-09-2016 11:00

2016 թ․ սեպտեմբերի 27-ին ժամը 1400-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:

Օրակարգ

Հակոբ Մարտայի Չոլաքյանի «Քեսապ (պատմա-ազգագրական ուսումնասիրություն)» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցմամբ, Է.00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
«ԿԱՆԱՅՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՓԱՐԻԶ) ԵՎ ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԵՐԵՎԱՆ)

«ԿԱՆԱՅՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՓԱՐԻԶ) ԵՎ ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԵՐԵՎԱՆ)

17-09-2016 14:02

«ԿԱՆԱՅՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՓԱՐԻԶ) ԵՎ ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԵՐԵՎԱՆ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, 17-19 սեպտեմբեր, 2016 թ.

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ԳԵՆԴԵՐԱՑՎԱԾ ՏՐԱՎՄԱՅԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Միջազգային գիտաժողովը նպատակ ունի միավորելու պատմագրական և համեմատական ցեղասպանագիտության տարբեր գիտակարգերով զբաղվող գիտնականների, ակտիվիստների և մասնագետների: Գիտաժողովը հիմնվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված թիվ 260 (III) բանաձևի վրա:

Ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղային կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

  1. այդ խմբի անդամների սպանությունը,
  2. այդ խմբի անդամներին լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
  3. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա՝ լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոնչացմանը, այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին:
  4. Գիտաժողովը ուշադրության է հրավիրում գիտնականների, որոնք ուսումնասիրում են անհատի գենդերային խնդիրները, ցեղասպանության քաղաքական ու սոցիալական հետևանքները և ցեղասպանության ստվերի ներքո մեծացած սերնդի փորձառությունները: Քննարկվելիք առանցքային գաղափարներն են՝
  5. տրավմա, հիշողություն և ոգեկոչում, ավանդույթների վերաիմաստավորում, հետբախումնային ազգայնականություն և ցեղասպանության գործիքայնացում գենդերային տեսանկյունից, ցեղասպանության մեկնաբանում միջազգային իրավունքում: Ֆեմինիստ մտածողները և ակտիվիստները, պատմաբանները, սոցիոլոգները, մարդաբանները, հոգեբանները, հոգեբույժները, իրավաբանները կներկայացնեն իրենց փորձը և ուսումնասիրությունները:

Դիմումների թեմաները սահմանափակ չեն, բայց հիմնականում պետք է վերաբերեն Հայոց ցեղասպանությանը, Հոլոքոստին, Կամբոջիայում, Բոսնիայում, Ռուանդայում, Լիբերիայում, Կոնգոյի Ազատ Պետությունում (Congo Free State) տեղի ունեցած ցեղասպանություններին, Նամբիայի հերերոների, Ամերիկա և Ավստրալիա մայրցամաքների գաղութացման հետևանքով տեղի ունեցած կոտորածներին:

Չնայած գիտաժողովը վերաբերում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ցեղասպանություններին, ընթացիք կոտորածների վերաբերյալ դիմումները ևս կդիտարկվեն:

Զեկույցները պետք է վերաբերեն հետևյալ թեմաներին, ընդունվում են նաև այլ առաջարկություններ

 

Ինչպես են գենդերը և սեռական հարաբերությունների մասին պատկերացումները դառնում ցեղասպանության գործիք

- Ցեղասպանության ֆեմինիստական վերաիմաստավորումը

- Ցեղասպանության «queer» վերաիմաստավորումը

- Գենդերային և սեռական բռնությունները ցեղասպանության ժամանակ

- Ցեղասպանությունների ժամանակ տեղի ունեցած սեռական բռնություններից հետո անհատի ինտեգրումը

- Սեռական բռնությունների հետևանքով ծնված երեխաներ

 

Ցեղասպանության պատմության և գենդերոմշակութային փորձի վերաշարադրում

- Լեզու, վերբալ հիշողություն, օրորոցային երգեր, մանկական ոտանավորներ

- Ընտանեկան հմտություններ. տուն, խոհարարություն, տոնակատարություններ, մարմին և ծես

- Գիրը որպես կանանց ինքնադրսևորման միջոց

- Ցեղասպանության ճանաչում և զոհերի վիճակագրություն

- Արդյոք ցեղասպանությունը երբևէ՞ վերջ կունենա

- Գաղութացման ժամանակ տեղաբնիկ ցեղերի, Կոնգոյի Ազատ Պետության, Ավստրալիայի, Իսպանական ինկվիզիցիայի մոռացված և մերժված կոտորածների գենդերային մեկնաբանությունները

 

Ցեղասպանության հետևանքները

- Զոհերի միջսերնդային տրավմա

- Միջսերնդային մեղքի զգացումը ոճրագործների ժառանգների մոտ

- Հիշողության մշակույթի և հաշտեցման վայրի հիմնում

- Տեղեկատվությունը և կրթությունը որպես ցեղասպանությունների կանխարգելման գործիք. կանանց տեղը պատմական նարատիվներում

- Տրավմատիկ հիշողության և գոյատևման ռազմավարությունը գենդերային ինքնության վերահաստատման գործընթացում

 

Ցեղասպանությունը քաղաքական մտքում և իրավական համակարգում

- Ցեղասպանության ճանաչման և գենդերային ընկալումների հատման ասպեկտները և գրաքննության ու ժխտման քաղաքական գինը

- Ցեղասպանություն և միջազգային իրավունք. կանանց պահանջների և արդարադատության հասանելիությունը

- Ցեղասպանության փորձը որպես քաղաքական և ազգային պահանջ. գենդերի տեղը գործիքայնացված ավանդույթում

- Հետցեղասպանական ժամանակաշրջանում միջազգային մարդասիրական միջամտության գենդերային հարթությունը

- Գենդերային զգայական փոխհատուցումը

 

Չպատմված պատմություններ

- Մեծանալով ցեղասպանության ստվերում. չասվածի բազմաձևությունը

- Ընտանեկան գաղտնիքների բացահայտումը. երբ թաքնված ինքնությունը բացահայտվում է

- Երբ վերջին ականատեսը մահանում է. ընտանեկան հիշողության կառուցումը:

Գիտաժողովը կազմակերպել է Փարիզի «Կանայք պատերազմում» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է գենդերային և ռազմական բախումների ուսումնասիրությամբ: Գիտաժողովի ղեկավարը պատմաբան և սոցիոլոգ դոկտոր Կարոլ Մանն է, որը համագործակցում է Սարաևոյի (ղեկավար՝ Ներմինա Թրբոնյա) և Բեյրութի (ներկայացուցիչ՝ Եղիա Թաշճյան) մասնաճյուղերի հետ: Երևանի ներկայացուցիչներն են Նոնա Շահնազարյանը և Հասմիկ Գրիգորյանը:

2014-2018 թթ. «Կանայք պատերազմում» կազմակերպությունն անց է կացնում լայնածավալ միջազգային գիտաժողովներ` Առաջին համաշխարհային պատերազմում կանանց դերի վերաբերյալ: Գիտաժողովները տեղի են ունենում խորհրդանշական վայրերում` համագործակցելով տեղի համալսարանների հետ (Սարաևոյի համալսարան, Բեյրութի լիբանանա-ամերիկյան համալսարան): Գիտաժողովին հնարավոր կլինի հետևել առցանց:

ՀԱՅՏԻ ԴԻՄՈՒՄ

Հայտերը (անգլերեն կամ ֆրանսերեն) և սեղմ կենսագրությունները պետք է ուղարկել մինչև դեկտեմբերի 30-ը հետևյալ հասցեով` infoATwomeninwar.org

Խնդրում ենք Ձեր անունը գրել էլեկտրոնային նամակի «թեմա» բաժնում:

Հարցերի համար կարող եք գրել նույն հասցեով:

Բոլոր թեկնածուները կտեղեկացվեն մինչև փետրվարի 1-ը:

Զեկուցումները պետք է ուղարկվեն մինչև մարտի 1-ը: Ընտրված զեկույցները կհրատարակվեն գիտաժողովից անմիջապես հետո:

Տեսնել ավելին
«Բիայնիլի-Ուրարտու. պետություն և հասարակություն (պատմահնագիտական ուսումնասիրություն)»

«Բիայնիլի-Ուրարտու. պետություն և հասարակություն (պատմահնագիտական ուսումնասիրություն)»

14-07-2016 14:45

2016 թ․ հուլիսի 14-ին ժամը 14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:

Օրակարգ

ԳՐԵԿՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ «ԲԻԱՅՆԻԼԻ-ՈՒՐԱՐՏՈՒ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ (ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ)» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը Է. 00.03. «Հնագիտություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Հանրային տարածքների փոխակերպումները Երևանում

Հանրային տարածքների փոխակերպումները Երևանում

28-06-2016 11:00

Երք, 06/28/2016 - 14:00 - 15:30
2016 թ․ հունիսի 28-ին ժամը 14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:

Օրակարգ

Մարգարյան Լևոն Նիկոլի «Հանրային տարածքների փոխակերպումները Երևանում» Է00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
Գիտական խորհրդի նիստ

Գիտական խորհրդի նիստ

21-06-2016 09:34

2016թ. հունիսի 21-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ինստիտուտի գիտական խորհրդի նիստ:

Օրակարգ.  Ընթացիկ հարցեր

Տնօրինություն

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.