Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ

Հնակենսաբանության[1] հետազոտության առարկան են անցյալ ժամանակաշրջանների մարդկանց  և մարդու գործունեությանը առնչված կենդանի օրգանիզմների մնացորդները և դրանց գործունեության արգասիքները։ Հնագիտության և կենսաբանության համադրման արդյունքում ձևավորված այս միջմասնագիտական ոլորտը համեմատաբար երիտասարդ գիտաճյուղ է, որով Հայաստանում սկսել են զբաղվել հիմնականում 1940-ական թթ.-ից, ինչը կապված է Հայաստանի տարածքում ակտիվ հնագիտական պեղումների սկզբի հետ։

Այս` սկզբնական շրջանում հնաբուսաբանական հետազոտություններով զբաղվել են բուսաբաններ և գյուղատնտեսության մասնագետներ Ս. Թամամշյանը, Մ.Գ. Թումանյանը, Վ.Ա. Պետրովը, Ա.Լ. Թախթաջյանը, Ս.Գ. Պողոսյանը, Ա.Մ. Վերմիշյանը, Մ.Մ. Յակուբցիները և Ֆ. Խ. Բախտեևը, որոնք աշխատել են հնագետ Բ.Բ. Պիոտրովսկու հետ և ուսումնասիրել են Կարմիր Բլուրի հնավայրից հայտնաբերված բուսական մնացորդները։ Հետագայում՝ 1959 թ.-ին ՀԱԻ հիմնադրումից հետո և մինչև ՀԿ խմբի ձևավորումը 2007 թ.-ին, ինստիտուտի տարբեր պեղումների ծրագրերի և աշխատակիցների հետ համագործակցության շրջանակներում հնաբուսաբանական հետազոտություններ կատարել են հիմնականում 1960-ական թթ.-ին՝ Վ.Հ. Գուլքանյանը, 1970-ականներից մինչև 1990-ականների վերջ՝ Պապին Ղանդիլյանը (Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ), որը նշանակալի ներդրում ունի այս շրջանի հնաբուսաբանական հետազոտություններում (1960-80-ական թթ.-ին որոշ դրվագային հնաբուսաբանական հետազոտություններ կատարվել են նաև Գ.Ն. Լիսիցինայի, Լ.Վ. Պրիշչեպենկոյի և Ա.Մ. Ներգուլի կողմից), 1990-ականների վերջից մինչև 2000-ականների սկզբները` հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ)։[2] Համակարգված և ընդգրկուն հնաբուսաբանական հետազոտությունների սկիզբը Հայաստանում կապվում է Ի.Գ. Գաբրիելյանի գիտական աշակերտ Ռ. Հովսեփյանի ՀԱԻ հնագետների հետ 2002 թ.-ից սկիզբ առած անհատական մակարդակով համագործակցության հետ, իսկ 2007 թ.-ից՝ ՀԱԻ-ում «Հնակենսաբանության խմբի» (ՀԿ) գործունեության հետ։

Մինչև ՀԿ խմբի ձևավորումը ինստիտուտի հնագետները հնակենդանաբանական նյութերը հետազոտելու նպատակով համագործակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մի շարք գիտաշխատողների հետ՝ Սոնյա Մեժլումյան, Նինա Մանասերյան, Անդրանիկ Գենջյան, Լաուրա Հարությունովա, Մարգարիտ Մարջանյան և այլոք։ Հայաստանի հնավայրերից հայտնաբերված հնակենդանաբանական նյութի ուսումնասիրության ոլորտում կարևոր դեր են ունեցել նաև հնակենդանաբաններ այլ երկրներից. Հանս-Պետեր Ուերպման (Տուբինգենի համալսարան, Գերմանիա), Ադրիան Բալաշեսկու (Ռումինիայի պատմության ազգային թանգարան), Գայ Բար-Օզ (Հայֆայի համալսարան, Իսրայել), Էմանուել Վիլա (Ֆրանսիա), Սիավաշ Սամեի (Կոնեկտիկուտի համալսարան, ԱՄՆ), Բելինդա Մոնահան (ԱՄՆ) և ուրիշներ:

Հնամարդաբանական հետազոտությունները Հայաստանում մինչև Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի (ՀԷԿ) ձևավորումը (տե՛ս Մարդաբանության լաբորատորիայի պատմությունը)

Էթնոկենսաբանությունը[3] ուսումնասիրում է մարդու և տարբեր կենդանի օրգանիզմների հարաբերությունները՝ հիմնականում վայրի բույսերի և կենդանիների մարդու կողմից օգտագործվելու տեսանկյունից։ Հայաստանում մարդու մշակույթի այս կողմի ուսումնասիրությանը նվիրված բազմաթիվ հետազոտություններ կան, սակայն, ի տարբերություն ՀԱԻ ՀԷԿ խմբում կատարվող հետազոտությունների, դրանք հաճախ արվել և արվում են առանց պատշաճ անդրադարձի այս միջմասնագիտական գիտաճյուղի կա՛մ ազգաբանական-մշակութային, կա՛մ բուսաբանական կողմին։

Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբը ինստիտուտի համեմատաբար երիտասարդ, սակավամարդ, սակայն արդյունավետ գործող գիտահետազոտական խմբերից է, որը ստեղծվել է 2007 թ.-ի փետրվարին։ Խմբի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ինստիտուտի տնօրեն (2006 թ.-ից) Պավել Ավետիսյանին և խմբի ներկա ղեկավար Ռոման Հովսեփյանին (2021 թ.-ից) և պայմանավորված էր հնագիտության ոլորտում բնագիտական հետազոտությունների կիրառման անհրաժեշտությամբ, ինստիտուտում միջազգային գիտական ծրագրերի և միջմասնագիտական հետազոտությունների իրականացման և համապատասխան աշխատախմբերի ձևավորման պահանջարկով։ Ստեղծման պահին և մինչև 2021 թ.-ի նոյեմբեր ամիսը խումբը գործել է «Հնակենսաբանության խումբ» անվան ներքո։

Ինչպեսև գիտության բոլոր ոլորտներում, այստեղ ևս խմբի գործունեությունը, հետազոտությունների ուղղությունները և արդյունքները անմիջականորեն կապված են այնտեղ աշխատող մասնագետների գործունեության հետ։ Խմբի առաջին աշխատակիցը եղել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ Ռոման Հովսեփյանը, որը դեռևս 2002 թ.-ից զբաղվում էր հնաբուսաբանական հետազոտություններով և մինչև ինստիտուտի աշխատակից դառնալը արդեն ընդգրկված էր ինստիտուտի տարբեր հնագիտական աշխատախմբերում։

Հնակենսաբանական հետազոտությունների ամենակարևոր ճյուղերից է հնամարդաբանությունը։ ՀԱԻ-ում 1970-2011 թթ.՝ մինչև Հնակենսաբանության խմբի ստեղծումը և վերջինիս գոյության սկզբի տարիներին զուգահեռ գործել է Մարդաբանության լաբորատորիան։ Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (ներառյալ՝ գիտության ոլորտի անբավարար ֆինանսավորումը և ինստիտուտում տարածքային խնդիրները) հնակենսաբանության և հնամարդաբանության  ոլորտներում մեկական մասնագետ է եղել, որի համար 2011 թ.-ին որոշում է կայացվում «Հնակենսաբանության խումբը» և «Մարդաբանության լաբորատորիան» միավորել: «Մարդաբանության լաբորատորիայի» բազմամյա աշխատակից ֆիզիկական մարդաբանության մասնագետ պատմական գիտությունների թեկնածու ավագ գիտաշխատող Անահիտ Խուդավերդյանը դառնում է ՀԿ խմբի աշխատակից։ 2015թ.-ից ՀԷԿ խմբի հիմնական աշխատակից է նաև կենսաբանական գիտությունների թեկնածու, հնակենդանաբան Նուշիկ Զարիկյանը։

ՀԷԿ խմբի հիմնական գործունեության ոլորտներն են եղել հնաբուսաբանությունը, հնամարդաբանությունը և հնակենդանաբանությունը։ 2013 թ.-ից Ռ. Հովսեփյանի գիտական գործունեության շրջանակների ընդլայնման արդյունքում խմբի հետազոտական ոլորտներին ավելանում է նաև էթնոբուսաբանությունը։ Խմբի հետազոտական ուղղությունների համալրման այդ հանգամանքը, ինչպես նաև հետագա զարգացման հեռանկարները հաշվի առնելով 2022 թ.-ի հունվարին ՀԱԻ գիտական խորհուրդը որոշում է կայացնում խումբը վերանվանել «Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ»։

Խմբի աշխատակիցները հնակենսաբանական հետազոտություններ են կատարել կամ կատարում Հայաստանի շուրջ վեց տասնյակ հնավայրերում, որի արդյունքում խումբը տիրապետում է հին քարեդարից միջնադարով թվագրվող հազարավոր յուրօրինակ հնակենսաբանական նյութերի։

  1. Հնամարդաբանական հետազոտությունների ենթարկվել են Լուսակերտ I, Երևան I, Արենի I, Լանջիկ, Քեթի, Կապս, Փիջուտ, Կալավան, Ձորիգեղ, Բարձրյալ, Բովեր, Լոռի Բերդ, Սև Բերդ, Քարաշամբ, Արագածավան, Բաղերի Չալա, Քուչակ, Թեղուտ, Քարակոտուկ, Բրագձոր, Զնգանեկ, Խառատանոց, Դուկանաձոր, Շեկ ախպիր, Լոմանց տակ, Մայիսյան, Լեռնակերտ, Ջրափի, Շիրակավան, Արջիս, Նոր Արմավիր, Դվին, Բենիամին, Մաստարա, Երվանդաշատ, Անուշավան, Հայկաձոր, Վարդաքար, Վարդբաղ, Ֆիրմի բաղեր, Բյուրակն, Հոռոմ, Զառնի էր, Հոր հոր, Հովհաննավանք, Ուշի, Գետափ, Անգեղակոթ, Միրաք և այլն հնավայրերից հայտնաբերված մարդկային ոսկրեր։ Արդյունքում՝ առկա են շուրջ մեկ հազար նմուշ հնամարդաբանական նյութեր՝ հնագիտական պեղումներից ստացված մարդկանց ոսկրերի ձևով։
  2. Հնաբուսաբանական հետազոտություններ կատարվել են շուրջ չորս տասնյակ՝ Նոր Գեղի-1, Լուսակերտ-1, Հովք-1, Կալավան-1,2, Քարին Տակ, Քմլո-1,2, Առատաշեն, Ակնաշեն, Մասիս Բլուր, Գետահովիտ-2, Արենի-1, Գոդեձոր, Գեղարոտ, Ծաղկասար, Կառնուտ, Ապարանի բերդ, Մարգահովիտ, Սոթք-2, Արագածի բերդ, Գեղաքար, Մեծ Սեպասար, Հաղարծին, Արտանիշ-9, Շենգավիթ, Աղավնատուն, Արտենի-1, Ներքին Նավեր, Կարմիր Սար, Սոթք-2, Ծաղկահովիտ, Մեծամոր, Շաղաթ-1,3, Սոթք-1,10, Նորաբակ-1, Ույծ, Երվանդաշատ, Ագարակ, Արտանիշ-23,29, Լեռնակերտ, Աշոտավան-1, Օձաբերդ, Տիգրանակերտ, Մաստարա-3, Արամուս հնավայրերում։ Արդյունքում՝ առկա են մի քանի տասնյակ հազար նմուշ հնաբուսաբանական նյութեր՝ մշակաբույսերի և վայրի բույսերի մնացորդներ, հիմնականում՝ ածխացած, դրոշմեր և այլն։
  3. Հնակենդանաբանական հետազոտությունների ենթարկվել են Արենի-1 քարանձավի, Գետահովիտ-2 քարանձավի, Աղիտու-3ի, Լոռի բերդի, Արագածավանի, Լեռնակերտի, Նոր Արմավիրի, Օձաբերդի, Դաշտադեմի, Արտանիշի, Սոտքի և Նորբակի պեղավայրերի, Մաստարայի, Արցախի՝ Նոր Կարմիրավանի, Էրեբունու և Կարմիր բլուրի հնավայրերից հայտնաբերված կենդանական մնացորդները։ Արդյունքում՝ առկա են մի քանի տասնյակ հազար միավոր հնակենդանաբանական նյութեր՝ հիմնականում կենդանիների ոսկրերի և փափկամարմինների խեցիների, նաև հոդվածոտանիների խիտինային մնացորդների ձևերով։
  4. Ի լրումն վերոնշյալ հնակենսաբանական հետազոտությունների, ՀԷԿ խմբի շրջանակներում կատարվել և կատարվում են էթնոբուսաբանական հետազոտություններ ՀՀ Սյունիքի մարզում և Հայաստանում ապրող եզդիների, քրդերի, մոլոկանների և հույների շրջանում։ Արդյունքում՝ վերջին շուրջ մեկ տասնամյակի ընթացքում հավաքվել են էթնոբուսաբանական նյութեր՝ հիմնականում թեմային առնչվող շուրջ հինգ հարյուր հարցազրույցներ՝ ձայնագրությունների կամ տեքստերի ձևով, ֆոտոներ, վիդեոներ և որոշ հերբարիումային նյութեր[4]։
 

[1] Հնակենսաբանական (archaeobiology, bioarchaeology, paleoethnobiology; археобиология, палеоетнобиология) հետազոտությունների արդյունքում ստացվում են տվյալներ

a) մարդու մնացորդների միջոցով (հնամարդաբանություն, physical anthropology)՝ անցյալ դարաշրջաններում ապրած մարդկանց ֆիզիկական վիճակի՝ ներառյալ հենաշարժիչ համակարգի վրա ազդած գործունեության և միջավայրային պայմանների,

b) բուսական մնացորդների միջոցով (հնաբուսաբանություն, archaeobotany)՝ սննդի, բուսաբուծության, բուսահավաքչության և շրջակայքի բուսականության,

c) կենդանականի (հիմնականում ոսկրերի) միջոցով (հնակենդանաբանություն, archaeozoology)՝ անասնապահության, որսի, սննդի մասին և այլն։

[2] Овсепян Р.А., Овсепян Г.В. 2009. Археоботанические исследования полевых культур в Армении. Известия Ереванского государственного аграрного университета. N4(28), с. 28-31.

[3] Էթնոկենսաբանությունը (ethnobiology, етнобиология) ուսումնասիրում է մեր ժամանակներում մարդկանց և կենդանի օրգանիզմների հարաբերությունների տարբեր խնդիրներ, ինչպես օրինակ՝ էթնոբուսաբանությունը (ethnobotany)՝ բուսահավաքչությունը և բույսերի օգտագործումը սննդային, խմիչքների պատրաստման, բուժական, շինանյութի, ներկի և այլ տեխնիկական նպատակներով, հավատալիքներում և ծեսերում, և այլն, հնակենդանաբանությունը (ethnozoology)՝ որսը, կենդանական ծագման նյութերի դեղային օգտագործումը, հավատալիքային պատկերացումները և այլն, էթնոսնկաբանությունը (ethnomycology)՝ սնկերի սննդային, բուժական և այլ օգտագործումները։

[4] Էթնոբուսաբանական հետազոտությունները կատարվել են հիմնականում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում։ Այդ հետազոտություններին առնչվող հերբարիումային նյութերը պահվում են հիմնականում Բուսաբանության ինստիտուտում։

«Հայաստանի պատմական լանդշաֆտների «հողի հիշողությունը» և «մշակութային հիշողությունը». բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների հողա-հնագիտական միջմասնագիտական հետազոտություն»

Աշխատակազմ

Անահիտ Խուդավերդյան Ավագ գիտաշխատող
Հասմիկ Սիմոնյան Գիտաշխատող
Նուշիկ Զարիկյան Գիտաշխատող
Ռոման Հովսեփյան Ավագ գիտաշխատող
Subscribe to RSS - Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ