Նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ գիտաժողով՝ նվիրված վիմագրագետ, հուշարձանագետ Սուրեն Սաղումյանի 90 ամյակին։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ թ․, դոցենտ Արսեն Բոբոխյանը, պ․գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը և ՀԱԻ Վիմագրության բաժնի վարիչ, պ․ գ․ թ․ Արսեն Հարությունյանը, ովքեր բարձր գնահատեցին Ս․ Սաղումյանի դերը հայոց պատմության, հնագիտության, առավելապես վիմագրության և հուշարձանների պահպանության գործում։
Սուրեն Տիգրանի՝ այդպես սիրով ու մտերմաբար են ընկերները, մտերիմները, աշխատանքային ընկերները դիմել նրան։ Ս. Սաղումյանը ծնվել է 1934 թ․ Տավուշի մարզի Թովուզ գյուղում: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և մինչև կյանքի վերջին օրերը նվիրվել հուշարձանների ուսումնասիրման ու պահպանության հայրենանվեր գործին:
Գիտաժողովը կայացավ 2 նիստով։ Առաջին նիստը վարեց Արսեն Հարությունյանը։
«Նորահայտ քարագործ վարպետների անուններ Սուրեն Սաղումյանի արխիվից» խորագրով հետաքրքրիր բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ թ․, ՀԱԻ գիտաշխատող Գագիկ Սարգսյանը։ Ներկայացրեց մի շարք անուններ, որոնք փորագրված են տարբեր վիմագրերում։ Ծնունդով աշտարակեցի, պ․ գ․ դ․ Գարեգին Թումանյանն անդրադարձավ Ս․ Սաղումյանի հեղինակած «Աշտարակ» աշխատությանը։ «Սուրեն Սաղումյանի վիմագրական վաստակը» զեկույցով ներկայացավ Արսեն Հարությունյանը։ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, բ․ գ․ թ․ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց «Ազատ գյուղի տեղորոշումն ըստ վիմագրերի» զեկույցը։ Յուրահատուկ զեկույցով ներկայացավ Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը։ «Մարդկության պատմության գոյության բոլոր այն հետքերը, որոնք 100 և ավելի տարիներ գտնվել են ջրի հատակին, համարվում են ջրասույզ հուշարձաններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրանք դասում է «Ջրասույզ մշակութային ժառանգության» ցանկում»։ Իր «Ջրասույզ հուշարձանների պահպանության և վերականգնման միջազգային փորձն ու դրա կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում» զեկույցում տեղեկացրեց Ա․ մարտիկյանը, ով նաև ներկայացրեց այդ բնագավառում միջազգային փորձը։ Ճարտարապետ, ՀԱԻ աշխատակից Լիլիթ Տեր-Մինասյանի զեկույցը՝ «Եռաչափ վերականգնումները որպես հուշարձանների պահպանության վիրտուալ գործիք», նվիրված էր ժամանակակից գիտության խնդիրներին։
Երկրորդ նիստը վարեց ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Դիաննա Միրիջանյանը։ Երկրոդ նիստի ընթացքում ներկայացվեցին ևս վեց զեկույց: Պ․ գ․ դ․, պրոֆեսոր, ԵՊՀ և ՀԱԻ աշխատակից Համլետ Պետրոսյանի «Գիրը և պատկերը․ Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման արձանագրության և գմբեթի քանդակային հորինվածքի համադիր քննության փորձ» զեկույցը նվիրված էր Արցախին։ Ելույթ ունեցան նաև Դավիթ Վարդազարյանը՝ «Դարանիի սեպագիր արձանագրության վերծանման մի քանի փորձերի համեմատական քննություն և վերականգնման հեռանկարներ», Մերի Սաֆարյանը՝ «Հերմոնի վանքի հետախուզական պեղումների արդյունքներն ու նորահայտ վիմագրերը», Սաթիկ Խուրշուդյանը՝ «Վիմագրական ուսումնասիրություններ Գորիսի շրջանի Վաղատուր, Քարաշեն և Քարահունջ գյուղերում», Սուսաննա Ադամյանը՝ «Արիստակես եպիսկոպոս Սեդրակյան․ կյանքն ու գործունեությունը» և Մարիամ Հերգնյան՝ «Վանդալիզմի հոգեբանական հիմքերն ու առանձնահատկությունները» զեկույցներով։