Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Նորահայտ հնավայրի պեղումներ Վեդիի մերձակայքում

Նորահայտ հնավայրի պեղումներ Վեդիի մերձակայքում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Գաբրիելյանի ղեկավարությամբ վերջերս հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մերձակայքում գտնվող նորահայտ հնավայրում։ Հուշարձանը գտնվում է Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում՝ Վեդիից մոտ 3 կմ դեպի արևելք։ Պեղումների վերջին օրը հնարավորություն ունեցանք այցելելու պեղավայր և ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Արմինե Գաբրիելյանի խոսքով՝ տվյալ տարածքում առաջին հետախուզական շրջայցն իրականացվել է 2022 թվականի մայիսին՝ Վեդիի բնակիչներից մեկի ուղեկցությամբ, որը հետազոտողներին տեղեկացրել էր այստեղ առկա կարասային թաղումների մասին։ «Հուշարձանի երկու բլուրների վրա արդեն իսկ նկատելի էին գանձագողերի կողմից կատարված փոսորակները, որոնք պահպանվում են մինչ օրս», – նշում է հնագետը։ Հետախուզական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ երկու բլուրների վրա առկա են շինությունների հետքեր, իսկ մակերևույթին մեծ քանակությամբ հանդիպում են անտիկ ժամանակաշրջանի գունազարդ խեցեղենի բեկորներ։ 2026 թվականի մայիս–հունիս ամիսներին իրականացված կարճաժամկետ պեղումների շրջանակում բացվել է 14×10 մ չափերով հետախուզահոր։ Արդյունքում բացահայտվել են 1,30–1,50 մ լայնությամբ երկճակատ պատեր՝ միջնամասում ավելի մանր քարերի լիցքով։ Դրանք, երկրի կողմերի նկատմամբ ունենալով աննշան շեղումներ, հիմնականում կողմնորոշված են հյուսիս–հարավ և արևելք–արևմուտք ուղղություններով։ Բացված կառույցի ներսում հայտնաբերվել և պեղվել է նույն ժամանակաշրջանին պատկանող քարարկղային մանկական թաղում։ Հետաքրքիր գտածոների շարքում առանձնանում են նաև մի քանի սրբատաշ քարեր՝ ծիծեռնակապոչ միացումների հետքերով։ Դրանք, սակայն, հայտնաբերվել են երկրորդային օգտագործման մեջ և ներառված են եղել դամբարանային կառույցի կազմում։ Արմինե Գաբրիելյանը հավելում է. «2026 թվականի պեղումները որոշ չափով կրում են նաև փրկարարական բնույթ։ Մեր նպատակն է հնարավորինս ամբողջական կերպով բացահայտել հնավայրի հնագիտական և մշակութային համատեքստը, քանի որ այն օրեցօր վնասվում է տարածքում գանձագողերի կողմից իրականացվող ապօրինի փորվածքների հետևանքով»։ Արշավախմբի ճարտարապետն է Հայկ Կյուրեղյանը, իսկ աշխատանքներին ներգրավված են նաև Վեդի քաղաքի բնակիչներ։ Հետազոտողները նախատեսում են առաջիկայում շարունակել պեղումները՝ ընդարձակելով պեղավայրի սահմանները և խորացնելով նորահայտ հնավայրի ուսումնասիրությունը։

2026-06-15

Հունիսի 12-ին մեկնարկեց «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով երկօրյա գիտաժողովը

Հունիսի 12-ին մեկնարկեց «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով երկօրյա գիտաժողովը

Հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում մեկնարկեց «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվող «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» նպատակային ծրագրի շրջանակում։ Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ տարբեր գիտական հաստատությունների և Երևանում գործող բուհերի ներկայացուցիչներ։ Զեկույցները նվիրված էին հայկական ավանդական տոնացույցին, տոնահանդեսային մշակույթի պատմական և արդի դրսևորումներին, ինչպես նաև տոնի՝ որպես էթնիկական, կրոնական, սոցիալական, քաղաքացիական և քաղաքական ինքնության արտահայտման միջոցի ուսումնասիրությանը։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել տոնական օրացույցի, հիշողության քաղաքականության, ոչ նյութական մշակութային ժառանգության, տոնի փառատոնացման, դրա՝ որպես հանրային միջոցառման կիրառության, թվային միջավայրում վերափոխումների և ստեղծարար արդյունաբերության հետ առնչվող հիմնախնդիրներին։ Գիտաժողովի առաջին օրը կայացավ երեք նիստ, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվեց հինգական զեկույց՝ շուրջ 20 րոպե տևողությամբ։ Նիստերի ավարտին տեղի ունեցան հարցուպատասխաններ և քննարկումներ։ Մասնակիցներին ողջունեց, գիտաժողովի կարևորությունը շեշտեց և բարի ընթացք մաղթեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀԱԻ Կիրառական մարդաբանության խմբի ղեկավար Հրանուշ Խառատյանը՝ ընդգծելով գիտաժողովի արդիականությունը և նշելով, որ դրա անմիջական շարունակությունը լինելու է նույն դահլիճում անցկացվելիք երկօրյա աշխատաժողովը։ Առաջին նիստը՝ «Տոնը և տոնահանդեսը հայ մատենագրության մեջ» խորագրով, վարեց ազգագրագետ, պ.գ.դ. Հարություն Մարությանը։ Ընդմիջումից հետո տեղի ունեցավ երկրորդ նիստը՝ «Տոնի մշակութային տեքստը 19-րդ դարի ժողովրդական ավանդույթում» թեմայով, որը վարեց Ռուզաննա Ծատուրյանը։ Երրորդ նիստը՝ «Խորհրդային տոնի «մուտքը». նոր մշակութաստեղծ տեքստեր Խորհրդային Հայաստանում և հայկական սփյուռքում» թեմայով, վարեց ԵՊՀ դասախոս, ՀԱԻ գիտաշխատող Հայկուհի Մուրադյանը։ Նա նաև ներկայացրեց «Խորհրդային տոնական մշակույթի ինստիտուցիոնալացումը և պերֆորմատիվ դրսևորումները մշակույթի տներում (Խորհրդային Հայաստան, 1950–1980-ական թթ.)» զեկույցը։ Գիտաժողովի երկրորդ օրը նախատեսված է անցկացնել ևս չորս նիստ։ Գիտաժողովի ավարտից հետո՝ հունիսի 14–15-ին, նույն վայրում կանցկացվի աշխատաժողով, որը ևս կազմակերպվում է «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» նպատակային ծրագրի շրջանակում։

2026-06-12

Վիշապաքարերը կենդանանում են նոր սերնդի համար. մեկնարկել է «Վիշապների պահապանները» կրթական արշա

Վիշապաքարերը կենդանանում են նոր սերնդի համար. մեկնարկել է «Վիշապների պահապանները» կրթական արշա

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ), «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ն և «ՕնՕֆֆ» անիմացիոն ստուդիան սկսել են իրականացնել «Վիշապների պահապանները» կրթական-մշակութային նախագծի մարզային հանդիպումների շարքը։ Մայիսի 27-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիսավոր պրեմիերայից հետո, նախագծի գիտական և ստեղծագործական թիմն արդեն իսկ հասցրել է հյուրընկալվել Արմավիր, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ և Աբովյան համայնքներում։    Ո՞րն է ինստիտուտի դերը. Որպես ոլորտի առաջատար գիտական կենտրոն՝ ՀԱԻ-ն ապահովում է նախագծի բովանդակային հենքն ու գիտական ճշգրտությունը։ Մեր մասնագետների խորհրդատվությամբ վիշապաքարերի մասին գիտական տեղեկատվությունը համապատասխանեցվել է վերջին հնագիտական պեղումների տվյալներին: Ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի կողմից իրականացվող ինտերակտիվ զրույցները պատանիներին զինում են հնագիտական գիտելիքներով՝ նրանց վերածելով մեր ժառանգության տեղեկացված պահապանների։    Ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր հանդիպմանը. «Վիշապն ու Վահագնը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի ցուցադրություն (հիմնված Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի վրա)։  Գիտական ինտերակտիվ զրույց վիշապաքարերի գաղտնիքների ու վերջին պեղումների մասին՝ Արսեն Բոբոխյանի հետ։  «Տիեզերք» բենդի կողմից նախագծի համար հեղինակած հատուկ նոր երգի շնորհանդես։  Կրթական նվեր. Յուրաքանչյուր պատանի հանդիպման ժամանակ կստանա նախագծի հատուկ ինտերակտիվ գրքույկը։  Առաջիկա կանգառների ժամանակացույցը. Հունիսի 11 – Աշտարակ և Ապարան Հունիսի 16 – Սևան և Գավառ Հունիսի 18 – Էջմիածին    Հատուկ մրցանակ՝ ակտիվ պատանիներին. Մարզային հանդիպումների ավարտից հետո սոցիալական հարթակներում կմեկնարկեն ինտերակտիվ 3 թվային քվեստներ։ Լավագույն արդյունք գրանցած հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու բացառիկ մեկօրյա գիտարշավի դեպի իրական վիշապաքարեր՝ հնագետների ուղեկցությամբ։    Մուտքն ազատ է, սակայն տեղերի սահմանափակության պատճառով նախնական գրանցումը պարտադիր է։ Գրանցման հղում https://docs.google.com/.../1FAIpQLSetH5yfAOjdXK.../viewform    Նախագիծն իրականացվում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի  և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նախագծի շրջանակոմ ցուցադրվող ֆիլմի ստեղծմանը աջակցել է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամը։

2026-06-11

Տեղի ունեցավ «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։

Տեղի ունեցավ «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։

Հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում տեղի ունեցավ «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։ Արուճ գյուղի ամրոցում հնագիտական պեղումներն իրականացվել են հայ-իտալական արշավախմբի կողմից, որոնց արդյունքներով էլ լույս է տեսել այս կարևոր աշխատությունը։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, ԻՍՄԵՕ-ի նախագահ Վալերիո Ռոսսին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հնագետներ, պատմաբաններ, արշավախմբի անդամներ և հյուրեր։ Բացման խոսքով հանդես եկավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից իրականացված ուսումնասիրություններն ու պեղումները, ինչպես նաև դրանց արդյունքներն ամփոփող աշխատության հրատարակությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին։ Աշխատության նշանակությունը և հնագիտության ոլորտում հայ-իտալական համագործակցությունը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ իտալացի հնագետները հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում Դվինում՝ հնագետ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, ինչպես նաև այլ հնավայրերում։ Հայ-իտալական հնագիտական արշավախմբի գործունեության կարևորությանն ու հրատարակված գրքի արժեքին անդրադարձավ նաև ԻՍՄԵՕ-ի նախագահ Վալերիո Ռոսսին։ Իրենց աշխատանքը ներկայացրին գրքի համահեղինակները՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար, Արուճի հնագիտական արշավախմբի համաղեկավար Աստղիկ Բաբաջանյանը և ԻՍՄԵՕ-ի փոխնախագահ, Արուճի հնագիտական արշավախմբի համաղեկավար, AICS գործակալության Արուճի ծրագրի պատասխանատու Սերջիո Ֆերդինանդին։ Արուճի միջնադարյան պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտական նոր հատորը ներկայացնում է հայ-իտալական հնագիտական համագործակցության չորս տարիների արդյունքները և առաջարկում հնավայրի համապարփակ վերագնահատում՝ որպես միջնադարյան Հայաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոն։ Ուսումնասիրության առանցքում միջնադարյան ամրոցն է, որը ներկայացվում է Արուճի ավելի լայն կառուցապատված և մշակութային լանդշաֆտի համատեքստում։ Հեղինակները վերակառուցում են դրա ճարտարապետական հորինվածքը, ֆունկցիոնալ տարածքները, ինչպես նաև բնակեցման, վերօգտագործման և փոխակերպման երկարատև հաջորդականությունները՝ միջնադարից մինչև վաղ նոր շրջան։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արուճը, համատեղելով կրոնական և աշխարհիկ իշխանության կենտրոնների գործառույթները և ունենալով զարգացած ամրաշինական ու ենթակառուցվածքային համակարգ, ոչ միայն բնակավայր կամ ճանապարհային հանգրվան էր, այլև միջնադարյան կյանքի բազմաֆունկցիոնալ և աշխույժ կենտրոն։ Գրքի երկրորդ բաժինը նվիրված է մշակութային ժառանգության դերին՝ որպես գյուղական կայուն զարգացման կարևոր շարժիչ ուժի։ Այն ներկայացնում է Արուճի պահպանության, վերականգնման և արժևորման ընթացիկ ծրագրերը՝ նպատակ ունենալով հնագիտական հետազոտությունները ներառել ժառանգության կառավարման և էկո-հնագիտական պուրակի զարգացման գործընթացներում։

2026-06-01

Բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

Բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և վաղ քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում մայիսի 29-ին բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Ցուցադրության շրջանակում ներկայացվել են Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված բացառիկ գտածոները, կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, գիտական վերականգնման ընթացքը, ինչպես նաև նորագույն հետազոտական մեթոդների կիրառմամբ ստացված արդյունքները։

2026-05-29

Կայացավ «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը

Կայացավ «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը

Մայիսի 22-ին Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում կայացավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, բ. գ. դ. Արմեն Շ. Սարգսյանի «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, շամուտցիներ, Արմեն Շ. Սարգսյանի հարազատները, ՀԱԻ աշխատակիցներ և այլ հյուրեր։ Ներկաներին ողջունեց Դավիթ Մաթևոսյանը՝ «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ի տնօրենը, կարևորելով Արմեն Շ. Սարգսյանի աշխատության արժեքն ու նշանակությունը։ Գրքի վերաբերյալ գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀԱԻ աշխատակից, պ. գ. դ. Հակոբ Չոլաքյանը։ Հեղինակը խոսեց գրքի ստեղծման պատմության, շուրջ կեսդարյա աշխատանքի արդյունքների և ուսումնասիրությունների ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։ Գրքի կարևորությունն ընդգծեցին և այն բարձր գնահատանքի արժանացրին նաև մյուս ելույթ ունեցողները։ Ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հեղինակին և քննարկելու աշխատության տարբեր թեմաներ։ «Շամուտ» գիրքը նվիրված է Գուգարաց աշխարհի Լոռու մարզի Շամուտ գյուղին և նրա 163-ամյա պատմությանը։ Այն նախատեսված է ոչ միայն շամուտցիների, այլև բանագետների, ազգագրագետների, լեզվաբանների, մշակութաբանների և այլ մասնագետների համար։ Գիրքը նվիրված է անցած-գնացած, բայց իրենց բարի գործերով սերունդների հիշողության մեջ հավերժացած շամուտցիներին։ Որպես բնաբան ընտրված է Հրանտ Մաթևոսյան-ի խոսքը․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրված է մարդու և անասունի արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես։ Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։ Շնորհանդեսի ավարտին հեղինակը ներկաներին նվիրեց գիրքը՝ իր մակագրությամբ։

2026-05-23