Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր ինստիտուտի Վաղ հնագիտության բաժինը։
33 տարի առաջ՝ 1991թ․ հոկտեմբերի 5-ին, Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանում (ՀՊԹ), կայացել էր «Մովսես Խորենացին և հայ հնագիտությունը» խորագիրը կրող գիտաժողով և ցուցահանդես՝ նվիրված Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության 1500-ամյակին։ Այդ ընթացքում նկարահանվել է նաև «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը վավերագրական ֆիլմը»։
Ֆիլմի դիտմանը ներկա էին ՀԱԻ աշխատակիցներ, հյուրեր։ Ֆիլմի համահեղինակ, հնագետ, պ․ գ․ թ․, ՀԱԻ ավագ գիտաշխատող Սիմոն Հմայակյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը։
Մոտ 1 ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմում ներկայացված էր հիշյալ ցուցահանդեսի ու գիտաժողովի կազմակերպման և իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությունը՝ հնագույն շրջանից մինչև 5-րդ դար։ Վավերագրական ֆիլմում նկարահանվել էին ժամանակի հայտնի գիտնականներ, դասախոսներ՝ Գագիկ Սարգսյանը, Գևորգ Տիրացյանը, Լևոն Շահինյանը, հայ և օտարերկրացի այլ հայագետներ։
Ցուցադրության ավարտին տեղի ունեցավ քննարկում։