Մայիսի 22-ին Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում կայացավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, բ. գ. դ. Արմեն Շ. Սարգսյանի «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, շամուտցիներ, Արմեն Շ. Սարգսյանի հարազատները, ՀԱԻ աշխատակիցներ և այլ հյուրեր։ Ներկաներին ողջունեց Դավիթ Մաթևոսյանը՝ «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ի տնօրենը, կարևորելով Արմեն Շ. Սարգսյանի աշխատության արժեքն ու նշանակությունը։ Գրքի վերաբերյալ գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀԱԻ աշխատակից, պ. գ. դ. Հակոբ Չոլաքյանը։ Հեղինակը խոսեց գրքի ստեղծման պատմության, շուրջ կեսդարյա աշխատանքի արդյունքների և ուսումնասիրությունների ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։ Գրքի կարևորությունն ընդգծեցին և այն բարձր գնահատանքի արժանացրին նաև մյուս ելույթ ունեցողները։ Ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հեղինակին և քննարկելու աշխատության տարբեր թեմաներ։ «Շամուտ» գիրքը նվիրված է Գուգարաց աշխարհի Լոռու մարզի Շամուտ գյուղին և նրա 163-ամյա պատմությանը։ Այն նախատեսված է ոչ միայն շամուտցիների, այլև բանագետների, ազգագրագետների, լեզվաբանների, մշակութաբանների և այլ մասնագետների համար։ Գիրքը նվիրված է անցած-գնացած, բայց իրենց բարի գործերով սերունդների հիշողության մեջ հավերժացած շամուտցիներին։ Որպես բնաբան ընտրված է Հրանտ Մաթևոսյան-ի խոսքը․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրված է մարդու և անասունի արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես։ Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։ Շնորհանդեսի ավարտին հեղինակը ներկաներին նվիրեց գիրքը՝ իր մակագրությամբ։
2026-05-23
Մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում, «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում, տեղի ունեցավ «Տարածության և ժամանակի մասին պատկերացումները Հայաստանի ժայռապատկերներում» թեմայով բանախոսությունը։ Վերջերս լույս է տեսել պ. գ. թ. Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը, որին էլ նվիրված էր ՀԱԻ Բանագիտության բաժնի կազմակերպած հանդիպումը՝ գրքի հեղինակի ներկայացմամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ և թեմայով հետաքրքրվողներ։ Բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ կարևորելով Հայաստանի ժայռապատկերներին նվիրված աշխատության հրատարակությունն ու հեղինակի կատարած կարևոր և երկարամյա աշխատանքը։ Կ․ Թոխաթյանը ներկայացրեց մենագրությունից հատվածներ, անդրադարձավ Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում հանդիպող ժայռապատկերներին, որոնք ունեն հազարամյակների պատմություն։ Բանախոսության ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, ծավալվեց քննարկում։
2026-05-21
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում մայիսի 18-ին տեղի ունեցավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի հերթական սեմինարը։ «Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռի պեղումները և Արցախի վաղքրիստոնեական մասունքարանների համատեքստը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում գտնվող Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռի պեղումներն իրականացվել են ներկայիս եկեղեցու արևելյան բակում՝ արևելյան պատին դրսից կից առանձնացված 6×5 մ չափերի պեղահատվածում։ Հիմնական նպատակն էր ստուգել այն վարկածը, ըստ որի՝ ներկայիս եկեղեցին իր արևելյան պատով կտրել և երկու մասի է բաժանել մատուռը՝ դրսում թողնելով նրա ենթադրյալ արևելյան մուտքը։ Բանախոսը տեղեկացրեց, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են սրբատաշ քարերով կառուցված արևելյան մուտքի մնացորդները՝ բացօթյա նախամուտքը, շքամուտքի խարիսխները, որմնախարիսխը, ինչպես նաև դեպի կիսագետնափոր սրահն իջնող աստիճանները։ Պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ Գրիգորիսի դամբարանի նախնական կառույցն ունեցել է արևելյան մուտք, ինչը բացառիկ երևույթ է հայկական եկեղեցաշինության մեջ։ Բանախոսը նշեց նաև, որ Տիգրանակերտում երկար տարիներ իրականացված պեղումների ընթացքում այնտեղ հայտնաբերված վաղքրիստոնեական եկեղեցու տարածքում ևս բացվել է արևելյան մուտքով դամբարան։ Հ․ Պետրոսյանը բանախոսության ընթացքում անդրադարձավ նաև Վաչագան թագավորի գործունեությանը և մի շարք այլ հարցերի։ Սեմինարի ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, ծավալվեց մասնագիտական քննարկում։
2026-05-18
Սույն թվականի ապրիլի 9–11-ը Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը մասնակցել է Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի կազմակերպած 15-րդ միջազգային աշխատաժողովին (Անն Արբոր, ԱՄՆ)։ Վորքշոփի շրջանակում պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը ներկակացել է Հունաստանի հայերի ինքնության հարցերի շուրջ զեկուցմամբ։ Միջոցառումը համախմբել էր սփյուռքագիտության և հայագիտության ոլորտների առաջատար գիտնականների, տարբեր երկրներից ժամանած հետազոտողների` ձևավորելով բովանդակալից գիտական քննարկումների և փորձի փոխանակման միջավայր։
2026-05-06
Ապրիլի 23-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 111-ամյա տարելիցի նախօրեին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) «Արևմտահայոց բռնի թուրքախոսությունը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը (ըստ 1955-2025 թթ. իմ գրառած ու ձայնագրած նյութերի)» բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ դ․ Վերժինե Սվազլյանը։ Բանախոսությունը կազմակերպվել էր ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում։ Ներկա էին ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։ Ներկաներին ողջունեց և բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ նշելով, որ պատիվ ունեն հյուրընկալելու երկարամյա, նվիրյալ և վաստակաշատ գիտաշխատող Վերժինե Սվազլյանին, ում 90-ամյա տարեդարձը երկու տարի առաջ նշել են ինստիտուտում։ Նա հավելեց, որ ինստիտուտը մշտապես կապի մեջ է գիտնականի հետ, իսկ վերջինս յուրաքանչյուր այցի ընթացքում ինստիտուտ է բերում իր նոր հրատարակված գրքերից։ Իր օրինակով Վերժինե Սվազլյանը ցույց է տալիս, որ սիրելի գործին նվիրումով և հաճույքով մոտենալու դեպքում հնարավոր է կուտակել գիտական մեծ պաշար։ Ներկայումս նա արդեն շուրջ 900 էջ նյութ ունի իր հերթական գրքի համար։ Տ․ Դալալյանը կարևորեց հատկապես երիտասարդ սերնդի՝ ուսանողների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ նման գիտնականների հետ շփումն ու նրանց ճանաչումը կարող են ոգեշնչել և ստեղծագործական մղում հաղորդել։ Վ․ Սվազլյանն իր բանախոսությունը սկսեց՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության ձևավորման շրջանին և հետագա ժամանակներում Թուրքիայի կողմից վարվող հակահայ, ինչպես նաև այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականությանը։ Անդրադարձ կատարվեց նաև հայատառ, սակայն թուրքերեն ստեղծագործություններին, որոնք ձևավորվել են թուրքական տիրապետության պայմաններում: Բանախոսության երկրորդ հատվածում Վ․ Սվազլյանը ներկայացրեց իր կողմից ձայնագրված երգերը՝ օրորոցայիններ, ռազմի երգեր և այլ բանահյուսական նմուշներ, որոնք թուրքերեն կատարում են հայ երգասացները։ Բանախոսության ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, և ծավալվեց քննարկում։
2026-04-23
2026 թ․ ապրիլի 1-3-ը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում անցկացվեցին 2025 թվականին իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների հաշվետվությունների ներկայացումներ։ Երեք օրերի ընթացքում ներկայացվեցին ընդհանուր առմամբ 36 հաշվետվություն, որոնք ընդգրկում էին ՀՀ տարբեր մարզերում և Երևանում իրականացված գիտական աշխատանքները։ Հաշվետվություններին ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ և հյուրեր։ Ապրիլի 3-ին ներկայացվեց 12 հաշվետվություն։ Նիստը վարում էր ՀԱԻ ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանը, ով հանդես եկավ նաև առանձին զեկուցմամբ։ Նա ներկայացրեց Արուճի ամրոց-դղյակում իրականացված 2025 թ․ ուսումնասիրման և պեղումների արդյունքները։ Նշված հուշարձանը գործածվել է մ․ թ․ մոտ 5-րդ դարերից մինչև 13–14-րդ դարերը, ինչպես նաև 20-րդ դարում։ Աշխատանքներն իրականացվել են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում։ Պ.գ.թ., ՀԱԻ ավագ գիտաշխատող, հնագետ Սիմոն Հմայակյանը անդրադարձավ Արմավիրի մարզում գտնվող պատմական Արգիշտիխինիլի հնավայրում, ինչպես նաև համանուն քաղաքի դամբարանադաշտում և գյուղական բնակավայրում իրականացված հնագիտական պեղումներին։ Պ.գ.թ, հնագետ Իննեսա Կարապետյան-ը ներկայացրեց 2025 թ․ Արմավիրի մարզում գտնվող Հին Արմավիր քաղաքամայրում իրականացված հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները։ Սյուզաննա Մուրադյանի հաշվետվությունը վերաբերում էր Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ հնավայրում իրականացված աշխատանքներին։ Պատմական Արտաշատ մայրաքաղաքում և Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մերձակայքում գտնվող «Կլոր բլուր» հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը ներկայացրեց այս երկու հնավայրերի վերաբերյալ հետաքրքիր տվյալներ։ Պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը տեղեկություններ ներկայացրեց պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում, ինչպես նաև Դվինի մերձակայքում գտնվող Տիկնունի հնավայրում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների վերաբերյալ։ 2025 թ․ հետախուզական հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել նաև Երևանի Կոնդ թաղամասում, որտեղ, ըստ որոշ տվյալների, ենթադրվում էր ուրարտական շրջանի ամրոցի հետքերի առկայությունը։ Աշխատանքներն իրականացրել են Համլետ Պետրոսյան-ը և հնագետ Համազասպ Աբրահամյանը։ Հնագետ Գագիկ Սարգսյանի հաշվետվությունը վերաբերում էր Սյունիքի մարզի երկու հնավայրերին՝ Սյունյաց մայրաքաղաք Կապանին և Վանանդաբերդին։
2026-04-06