«Բնական բուսական ռեսուրսների օգտագործումը Սյունիքում. ավանդույթները, ժամանակակից միտումները և հեռանկարները»

 

Դաշտային աշխատանքների ընթացքում շարունակել ենք նյութեր գրանցել վայրի բույսերի հավաքման, պահպանման, օգտագործման զանազան ձևերի (որպես սնունդ, ըմպելիք, բուժամիջոց, կոսմետիկ միջոց, ներկանյութ, անասնակեր և այլն), բույսերի վաճառքի, բույսերով փոխանակում կատարելու և հարակից այլ հարցերի վերաբերյալ: Հընթացս աշխատանքների՝ գրանցվել են նաև բուսական և կենդանական աշխարհին մասին հավատալիքներ։ Հիմք ընդունելով մեր թեմատիկ խմբի դաշտային աշխատանքների ընթացքում հավաքած նյութերը և դրանց վերլուծության արդյունքները՝ ուրվագծվում են վայրի բույսերի օգտագործմանն առնչվող հետևյալ թեմաները․ ջերմային մշակմամբ ուտեստներ, հում ուտելի բույսեր, թթուներ, ծիսական ուտեստներ, վայրի մրգերից պատրաստվող չրեր, ալկոհոլային ըմպելիքներ, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, հատապտուղներից և մրգերից պատրաստվող քաղցրեղեն, համեմունքներ, վայրի պահեստավորման ավանդական և ժամանակակից մեթոդներ, մակարդ և խմորիչ ստանալու ավանդական եղանակներ։ Գիտարշավների ընթացքում հավաքված շուրջ չորս հարյուր բուսական նմուշները պիտակավորվել, մշակվել, ուսումնասիրվել և նույնականացվել են, որից հետո պատրաստվել են հերբարիումներ՝ «բույսերի արխիվի» համար։ Հավաքված բույսերի նմուշները բաժանվել են երկու խմբի՝ ամբողջական բույսեր, որոնցից հնարավոր է լիարժեք հերբարիումներ սարքել, և բույսերի կտորներ կամ ոչ ամբողջական բույսեր, որոնք պիտակավորվում և փաթեթավորվում են որպես արտեֆակտներ՝ հետագա պահպանության համար։ Հաշվետու տարվա ընթացքում հավաքված բուսաբանական նյութը գրեթե ամբողջությամբ նույնականացվել է տեսակների մակարդակով՝ 99 տեսակ, որոնք պատկանում են 71 ցեղին և 35 ընտանիքին։ Նույնականացված բույսերի մի մասը նախկինում հայտնի չէր որպես օգտագործելի տեսակներ։ Որոշ տեսակներ հայտնաբերվել են իրենց աճման համար նախկինում անհայտ վայրերում կամ ֆլորիստիկ շրջաններում։ Նույնականացված տեսակների մեծամասնությունը պատկաում է Apiaceae (11 տեսակ 9 ցեղից), Asteraceae (24 տեսակ 13 ցեղից) և Lamiaceae (16 տեսակ 8 ցեղից) ընտանիքներին։ Ամենահաճախ հավաքվող տեսակներն են․ «зверобой» կամ մըշըհամուկ՝ Hypericum perforatum, սևախոտ՝ Origanum vulgare, ճըռճըռոկ՝ Stellaria media, մարիամախոտ՝ Teucrium polium։ Գլխավորապես «Ժենգյալով հաց» ուտեստի միջուկի պատրաստման համար հավաքվող հիմնական տեսակներն են կյարմանձուկը՝ Anthriscus cerefolium, ճըռճըռոկը՝ Stellaria media, և խազազը՝ Allium paradoxum։

Հետազոտություններին տարբեր տևողությամբ մասնակցել և կամ մասնակցում են Հասմիկ Աբրահամյանը, Նինա Ստեփանյան-Ղանդիլյանը, Անուշ Ներսեսյանը, Անի Սարատիկյանը, Ռուզաննա Ծատուրյանը, Հասմիկ Կնյազյանը և Ռաֆիկ Գաբրիելյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական նախագիծ 20TTSH-053 

 

Նախագծի կատարման տևողությունը՝ երեք տարի՝ հոկտեմբեր 2020 թ. – սեպտեմբեր 2023 թ.:

Հետազոտության ղեկավար՝ Ռոման Հովսեփյան