Error message

  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 699 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 700 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 701 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 704 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 706 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 302 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 303 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 311 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 318 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 826 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 835 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_name(): Session name cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 838 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).

Հին առասպելները հայ վիպական ավանդության մեջ

Հայ վիպական բանահյուսությունը բավականաչափ մշակված է հայագիտության մեջ` կարելի է թվել Ղ.Ալիշանի, Հ.Գելցերի, Մ.Աբեղյանի, Ս.Հարությունյանի հիմնարար աշխատությունները: Մյուս կողմից, հին հայոց հոգևոր մշակույթի՝ կրոնի և կրոնական ու առասպելաբանական պատկերացումների ուսումնասիրությունները, հասկանալի պատճառներով, ԽՍՀՄ-ում հետ էին մնում հայագիտության մյուս ճյուղերի ուսումնասիրություններից: Ներկայումս, հաշվի առնելով համաշխարհային գիտության առաջընթացը, հնդեվրոպական և հինարևելյան կրոնների ու առասպելների վերաբերյալ գիտության զարգացումը և գիտելիքների աճը, հնարավոր է նոր որակի հասցնել հայագիտության այս ճյուղը:

Հայ վիպական բանահյուսությունը ներկայացված է մի շարք գրական հուշարձաններով` վկայված հայ հին հեղինակների գրքերում և բանավոր ավանդությունում՝ 1) ազգածին լեգենդներ («ազգածին առասպել»)` վկայված պատմահայր Մովսես Խորենացու գրքում և VII դարի հեղինակ Սեբեոսին վերագրված Անանուն հեղինակի` հայերի ծագման պատմության համառոտ շարադրանքում, 2) «Վիպասանք»` հին վիպաշարերը (մ. թ. ա. VI-I դդ.)` գրառված Խորենացու կողմից, 3) «Պարսից պատերազմ»` Արշակունյաց Հայաստանի (մ. թ. I-V դդ) վերջին շրջանի վիպական պատմությունները` ներկայացված Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Խորենացու, Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի գրքերում, 4) «Տարոնի պատերազմ»` Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» զգալի մասը կազմող՝ Տարոն գավառի վիպական պատմությունը, 5) «Սասնա Ծռեր»` արաբական կիրապետության և նրան հաջորդող ժամանակաշրջանի (VII-XIIIդդ.) հայ ժողովրդական  մեծ էպոսը` առաջին անգամ գրառված  XIX դարում, բայց հայտնի ըստ անուղղակի աղբյուրների XII դարից ի վեր :

Նախատեսվում են մի շարք ուսումնասիրություններ նվիրված հայոց ազգածին ավանդությանը: Կարելի է առանձնացնել այդ թեմայով աշխատությունների երկու դիտանկյուն` պատմական և առասպելաբանական: Առաջինը հետաքրքիր է հայոց ազգածագման խնդրի առնչությամբ, իսկ երկրորդը` հին հայոց կրոնական պատկերացումների և այլ ժողովուրդների առասպելների հետ ունեցած կապի համատեքստում: Ազգածին ավանդությունը, որպես հայոց ազգածագման վերաբերյալ ինքնուրույն աղբյուր, հատուկ կքննարկվի այդ թեմային նվիրված աշխատություններում: Համեմատական առասպելաբանության համատեքստում հետաքրքիր է Հայկի և Բելի հակադրության համեմատությունը այլ հնդեվրոպական ժողովուրդների որոշ առասպելների հետ, ուր աստծու կամ դրական հերոսի հակառակորդի անունը համադրելի է Բելի անվան հետ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ հերոսի նախատիպը պետք լինի արևմտասեմական ամպրոպի աստված Բաալը (Բահաղ): Սա ակնարկում է հնագույն հնդեվրոպական- արևմտասեմական կապերի գոյությունը, որոնք կարող են տեղայնացվել Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում և մերձակայքում: 

Մյուս էպիկական շարքերը ստեղծվել են ավելի ուշ ժամանակներում և նրանց հերոսները, բացի «Սասնա ծռերից» հաճախ պատմական կերպարներ են (օրինակ, «Վիպասանքում»՝ Արտաշես, Տիգրան, Արտավազդ): բայց և այնպես, այդ ստեղծագործություններում ևս առկա է հզոր առասպելաբանական շերտը (հմմտ. օրինա Արտավազդի՝ մասիսի վիհում փակված կերպարը), իսկ «Սասնա Ծռերում» որոշ հերոսներ ուղղակի ծագում են հին աստվածներից (օրինակ, Սանասարը և Դավիթը ամպրոպի աստծուց, Մհերը՝ Միհրից):

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հայոց բոլոր վեպերը կառուցվածքային առումով համապատասխանում են ազգածին ավանդությանը, որը կարող է դիտվել որպես հայոց առաջին վեպ (էպոս): Այդ բոլոր ստեղծագործությունները, ինչպես ազգածին ավանդությունը, ծագում են հնագույն տիեզերածին առասպելից և ներկայացնում են հայոց դիցածնության (թեոգոնիա) առասպելի հետագա ձևափոխությունները: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր վեպի առանձնահատկությունըների ուսումնասիրությունը հանգեցնում է նոր ու հետաքրքիր արդյունքների:

Հայ վիպական բանահյուսությունը, այսպես ասած, «կոդավորել» է հայոց պատմությունը վիպական ստեղծագործությունների միջոցով ըստ դարաշրջանների (ազգածին ավանդությունը՝ նախնական շրջան, «Վիպասանքը»՝ Երվանդյան և Արտաշիսյան արքայատոհմերի շրջան, «Պարսից պատերազմը» և «Տարոնի պատերազմը»՝ Արշակունյաց և հետարշակունյաց շրջաններ, «Սասնա ծռերը»՝ արաբական տիրապետության և հետագա դարաշրջանը):

Այսպիսով, հայ վիպական ավանդության ստեղծագործություններում արտոցոլվել են ժողովրդի պատմության որոշակի դարաշրջանները: Մյուս կողմից, բոլոր հին վեպերում առկա է առասպելաբանական նշանակալի տարրը՝ երկվորյակների առասպելույթը, ամպրոպի աստծու կռիվը իր հակառակորդ օձ-վիշապի դեմ, մեռնող և հարություն առնող հերոսի առասպելը և նրանց ձևափոխությունները: Ընդ որում, այդ հերոսները, բոլոր վիպական մեծ ստեղծագործություններում ի հայտ են գալիս նույն հերթականությամբ, օրինակ՝

Երկվորյակներ

Մեծ հերոս

Մեռնող և հառնող հերոս

Երվանդ և Երվազ

Արտաշես

Արտավազդ

Սանասար և Բաղդասար

Դավիթ

Փոքր Մհեր

Սա ցույց է տալիս, որ բոլոր հին վեպերը ստեղծվել են ըստ մեկ միասնական սխեմայի: Անունները փոխվում են, բայց հերոսների առասպելաբանական կերպարները՝ մնում նույնը: Ընդ որում, «Վիպասանքում», «Պարսից պատերազմում» և «Տարոնի պատերազմում» անունները, ինչպես ասվեց, պատմական են (արքաներ, թագուհիներ, զորավարներ): Վեպի խնդիրն է ցույց տալ դարաշրջանի պատմությունն ըստ արքետիպային հերոսների շարքերի:

Այս դրույթները հիմնավորվում են բոլոր վիպական ցիկլերի մանրամասն վերլուծությամբ:

 

Արմեն Պետրոսյան