
Գիտական այս ուղղվածությամբ արված են մասնակի հետազոտություններ, որոնք պարզապես նախանշում են «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի որոշ մոտիվների համեմատությունն այլ ժողովուրդների վեպերում առկա մոտիվների, այդ թվում`«Աստվածաշնչում» հանդիպող ակնհայտ զուգահեռների հետ: Այս քննություններն արված են հնդեվրոպական համեմատական առասպելաբանության և պատմա-համեմատական տեսությունների շրջանակում (տե՛ս Մանուկ Աբեղյան, Կարապետ Մելիք-Օհանջանյան, Սարգիս Հարությունյան և այլք), համեմատության շրջանակ ներառված սահմանափակ քանակի մոտիվները դիտարկվում էին մեծ մասամբ առասպելական-դիցաբանական և պատմական հիմքով: Հայտնի տեսությունների և մերօրյա բանագիտական տեսությունների համադրումով ներկա աշխատանքում վիպական մոտիվները քննարկվում են նախորդող հետազոտումներից տարբեր դիտանկյունով: «Սասնա ծռերի» մոտիվների ամբողջական համալիրի քննության այս նոր դիտանկյունը որքանո՞վ է շահեկան, ցույց կտա ավարտուն աշխատանքը:
Ներկա աշխատանքը վիպագիտական իմ հետաքրքրությունների շրջանակում նոր չէ.«Սասնա ծռերի»Գ և Դ ժողովածուների ընդգրկած անտիպ պատումների հիման վրա արդեն իսկ կազմված է մոտիվների համացույց (Արուսյակ Սահակյան), Դ հատորի Առաջաբանում տրված է որոշ խմբի մոտիվների համառոտ քննությունը (Արուսյակ Սահակյան): Տարբեր արխիվներում պահվող անտիպ նոր պատումների հետագա ժողովածուները (հատոր Ե, Զ, Է, կազմող` Արուսյակ Սահակյան) ունեն մոտիվների նույնանման համացույց, և հատորների առաջաբաններում մոտիվների խմբերը քննվում են նոր ելակետով: Մոտիվների համալիրի ամբողջական և ըստ ամենայնի ընդգրկուն քանակը կարող է ապահովել մոտիվների համեմատական ուսումնասիրության բազմակողմանի հնարավորություններ: Այս առումով` ներկա աշխատանքը պիտի որ լրացնի հայ վիպագիտության մեծ բացը:
Հայոց միակ բանավոր վեպի`«Սասնա ծռերի» մոտիվների ուսումնասիրությունը ստեղծում է հնարավորություններ նաև պատմագրության միջոցով հասած հայոց մյուս վեպերի հետ համեմատական նոր ուսումնասիրության, ինչպես նաև այլ ժողովուրդների բանավոր վեպերի հետ համեմատական ուսումնասիրությունների համար, հնարավոր է` բոլորովին նոր դիտանկյունով:
Մոտիվն, ընդհանրապես, և կայուն մոտիվը, հատկապես, վեպում հանդես է գալիս իբրև բովանդակային միավոր. որպես այդպիսին` մեծապես կապված է վիպական կառուցվածքի հետ: Այս իմաստով` մոտիվը, փաստորեն, գործում է կառուցվածքի պահանջով, և տարբեր ժանրերում հանդես եկող ամենատարածված մոտիվներն իսկ (առասպել, պատմական և տեղագրական ավանդություն, հեքիաթ, վիպերգ, բանաձևային ժանրեր, անգամ քնարական ժանրեր) մտնում են վեպ, դառնում են միջադեպի հենասյուն և վեպի ամբողջական հյուսվածքում գործում են միայն վեպի ժանրային պահանջմունքի համեմատ: Ժանրային կառուցվածքային այս ելակետը թույլ է տալիս մոտիվների համեմատական քննություն վիպական այլ ժանրերի ներսում: Մոտիվների քննական համալիրով և ժանրային կառուցվածքի հիմքով վեպի և վիպական այլ ժանրերի համեմատական ուսումնասիրությունը նույնպես հայ բանագիտության բացերից է: