Հայաստանյան ուխտավայրերի էթնոմշակութային առանձնահատկությունները

 

Ուխտավայրերի խնդիրը հայագիտության մեջ բարձրացվել է դեռևս 19-րդ դ. վերջին: Մի շարք հետազոտողներ (Գ. Սրվանձտյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Լեո, Գ. Շերենց, Ե. Լալայան, Ա. Ալպոյաճյան և այլն) դիտարկել են հայկական ուխտավայրեր, նկարագրել են դրանց շինությունները, շրջակա միջավայրը և աշխարհագրական դիրքը, նշել են ուխտագնացության ժամկետները և նպատակները, առանձին դեպքերում ընդգծել դրանց տեղական կամ համազգային նշանակությունը, կապը սրբերի պաշտամունքի հետ և այլն: Խորհրդային շրջանում սրբավայրերի ուսումնասիրությունը սահմանափակվել է դրանց պատմական և գեղագիտական արժեքի վերհանումով, իսկ կրոնական և հասարակական դերն անտեսվել է գաղափարախոսական պատճառներով: Առ այսօր մշակութային կարևոր այդ երևույթը շարունակվում է ուսումնասիրվել` հիմնականում իր կրողից, ուխտավորից, անջատ, իբրև ճարտարապետական կոթողների համահավաք, ազգային արժեք կամ պատմական հնավայր: Ուխտավայրերի ուսումնասիրության հանդեպ դիրքորոշման որոշ փոփոխություն գրանցվել է միայն եզակի դեպքերում, որոնցից կարևորագույնը Մ. արք. Աշճյանի կողմից կազմակերպված երկու գիտաժողովների` («Թուխ Մանուկ» և «Սրբեր և սրբավայրեր») արդյունքների հրատարակումն էր: Լինելով առաջին փորձը, այս գիտաժողովները բարձրացրեցին ուխտավայրի համալիր հետազոտության խնդիրը, երբ այն միաժամանակ դիտվում է իբրև կոթող և կենդանի պաշտամունքի առարկա, իբրև ժողովրդի ստեղծագոր-ծության խթան և խորհրդանշական ընկալումների հանգույց: Նույնիսկ այս դեպքում, սակայն, տակավին դուրս էին մնում խնդրի հասարակական, հոգեբանական, ավանդապաշտական, մշակութային երևույթի դինամիկայի, պահպանվածության, էթնիկական բնութագրերի մի շարք կողմեր: Ուխտագնացության և ժողովրդական տոնական շրջանների հետ դրանց կապի սոցիոլոգիական և կրոնագիտական հարցեր վերջին տարիներին քննարկվել են Ս. Մկրտչյանի, Հ. Աբրահամյանի, մասամբ` Յու. Անտոնյանի ատենախոսական աշխատանքներում: Լ. Սիմոնյանը առանձին ուխտավայրերի խորհրդանշական ընկալման, դրանց հետ կապված ծիսական գործողությունների խորհրդանշական բնույթի և պատմա¬կան ակունքների, ինչպես նաև բանահյուսական տեքստերի և ուխտագնացության հետ կապված հարցեր է բարձրացրել իր հոդվածներում:

2013 թ. իրականացված դաշտային աշխատանքների ընթացքում բացահայտվել են բազմաթիվ օրինակներ, երբ գյուղական բնակչության շրջանում ոչ միայն աճել է հին սրբավայրերի հանդեպ հետաքրքրությունը, այլև աննախադեպ մեծացել է ինքնուրույն վերանորոգման, նոր սրբավայրերի հիմնադրման, փլատակ եկեղեցիների պատմական անցյալի վերաբերյալ պրպտումների քանակը, որոնց շնորհիվ նոր թափ են ստացել նաև ժողովրդական արհեստները: Այսօր անհրաժեշտություն է առաջացել դրանց համալիր հետազոտության, պաշտամունքի բնույթի պահպանվածության և փոփոխությունների, ավանդույթի և արդիականության, սոցիալական խմբերի ներգրավվածության, խորհրդա¬նշական տարրերի գերակայության, սրբության հայտնության ձևերի, գեղագիտական մոտեցումների և այլ տեսակետներից: Առանձին տարաբնույթ ուխտավայրերը (սկսած պաշտվող ծառից կամ աղբյուրից մինչև վանքային համալիր) անհրաժեշտ է նկարագրել կենդանի պաշտամունքի տեսանկյունից, ընդգրկելով կրողների ընկալումները, ծիսական վարքը և վերապրումները:

Հետազոտությունը իրար կկապի սրբավայրի բնութագրերը և ժողովրդի կողմից դրա կիրառությունը (այդ թվում` ուխտայցելությունը, ծիսական վարքը և խնամքը)   որպես սրբազան օբյեկտ և համապատասխան խորհրդանշական ընկալումն ու ստեղծագործությունը (երազներ, տեսիլքներ, սրբազանության վերապրում, առասպելական զրույցներ, հրաշքների նկարագրություններ, սրբերի կերպարանքի նկարագրու-թյուններ, երգեր և գործիքային մեղեդիներ, ժողովրդական կերպարվեստ): Այդ ուսումնասիրման մեջ առանձին նշանակություն կունենան հետևյալ նոր շեշտադրումները.

ա. առանձին ուխտավայրերի այցելության տոմարական շրջանները, շաբաթվա օրերը կամ կոնկրետ ժամկետները,

բ. ուխտավայրերի այցելության և դրանց հետ կապված ծիսական վարքի արդիական տարրերը,

գ. սրբավայրերի անվանակոչությունը,  տարբերությունը` գրավոր աղբյուրներից հայտնի անվանումների և ժողովրդական անունների միջև և նորահայտ անունների հիմնավորումը, այլ վայրերում (մասնավորապես` Արևմտյան Հայաստանում կամ կորուսյալ պատմա¬կան տարածքներում) գտնվող սրբավայրերի անունների տեղափոխությունը նոր օբյեկտների վրա,

դ. նոր սրբությունների հայտնաբերումը կամ հիմնումը և դրանց պաշտամունքը,

ե. էթնիկական սահմանափակում ունեցող կամ չունեցող ուխտավայրերի բացահայտումը (ուխտավայրեր, որոնք հավասարապես այցելում են տարբեր էթնիկական խմբեր, նաև երբեմնի այլէթնիկ խմբի հիմնադրած կամ կրոնական այլ ուղղությունների տարրեր պարունակող սրբավայրերի պաշտամունք),

զ. հին սրբավայրերի նորովի օգտագործում (օրինակ, խաչքարի հիմքի օգտագործումը որպես սուրբ ջրավազան կամ ՙծակ քար՚, հեթանոսական սրբավայրի պաշտամունք),

է. բժշկության զարգացման հետևանքով որոշ հին սրբավայրերի գործառույթի փոփո¬խու¬թյունը:

Հետազոտությունը կատարվելու է միջճյուղային դաշտում, ֆենոմենոլոգիական-հերմենևտիկ և պատմա-համեմատական միասնական մեթոդներով, մեկ ընդհանուր հարցաթերթիկի կիրառությամբ, որն ընդգրկելու է միաժամանակ տեղավայրի, կոթողի կամ առարկայի, պաշտվող անձի (օր. սրբի կամ հերոսի), բուն ուխտագնացության, դրա մարդկային կազմի, հատուկ անձանց (օր. խնամողի կամ «տիրոջ»), ուխտագնացության ընթացքում կատարվող գործողությունների, ուխտավայրի և ուխտագնացության հետ կապված հավատալիքների, զրույցների, երազների, ուխտավայրին նվիրված կամ ուխտագնացության ժամանակ կատարվող երգերի, պարերի, արտասանվող աղոթքների, ծիսական բանաձևերի վերաբերյալ հարցեր:

Նախատեսվում է նաև հավաքագրված նյութի վերլուծությունը` բուն քրիստոնեական դավանաբանության և նախաքրիստոնեական տարրերի և միախառնված մշակութային համալիրների վերհանման համար: Առանձին հարցադրում կլինի հնավայր-ուխտավայր կերպարանափոխությունը, այսինքն, հին օբյեկտի նորօրյա պաշտամունքային կիրառությունը:

Ուսումնասիրության այս (ինդուկտիվ) ճանապարհը թույլ կտա ի մի բերել արդի շրջանում առկա ամբողջ տեղեկույթը, խուսափել երևակայական անալոգիաներից և տեղեկատվական բացերի անհիմն լրացումներից և կառաջադրի փաստերի վրա հիմնված վարկածներ` մեթաֆիզիկական տեսությունների փոխարեն, հետագայում հիմք հանդիսանալով ՀՀ տարածքում ուխտավայրերի և դրանց հետ կապված կենդանի մշակույթի վերաբերյալ համապարփակ և հնարավորինս օբյեկտիվ տեսության մշակման համար:

Աշխատանքի արդյունքները կբացահայտեն սոցիալ-հոգեբանական նոր դաշտ, որը վերաբերում է առաջին հերթին ավանդույթի պահպանմանը և փոխանցմանը, փոփոխության դինամիկային: Հետազոտությունը կտրամադրի մեծ նյութ` հնագիտական, ազգագրական, մշակութաբանական և բանագիտական հետագա ուսումնասիրությունների համար: Հավաքված տվյալները թույլ կտան ավելի խոր կերպով անդրադառնալ կրոնի և ոգեղենության խնդիրների լուծմանը հայագիտության մեջ, փաստագրական նյութ տրամադրելով հատկապես ժողովրդական քրիստոնեության և նախա-քրիստոնեական կրոնական տարրերի ներհյուսման, դրանց պատմամշակութային և հոգեբանական հիմքերի հիմնավորման համար: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում խնդիրների այս համալիրը էթնոհոգեբանության և ազգային ինքնագիտակցության ուսումնասիրության համար, մասնավորապես` հավատքի և սրբազանության ընկալման, դրանց առարկայական և հոգեբանական արտացոլումների էթնիկ առանձնահատկությունների առումով:

Այս արդյունքները կարող են օգտագործվել ինչպես կրթական, գաղափարախոսական, ճանաչողական-լուսավորչական և կազմակերպչական, այնպես էլ բուն գիտական նպատակներով:  

 

Լիլիթ Սիմոնյան