
Շիրակի մարզի Հառիճ գյուղի հարավային կողմում գտնվող Ք.ա. III-I հազարամյակներով թվագրվող բազմաշերտ ամրոցի և յուր դամբարանադաշտի օրգանական շարունակությունն են կազմում նույն հրվանդանի տարածքում տեղադրված վաղ միջնադարյան ամրոցը, լանջին բացված միջնադարյան շինությունները, գյուղի հարավային հատվածում վեր խոյացող Հառիճավանքը VII-XIII դարի կառույցներով (կենտրոնագմբեթ Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի, երկհարկ խորան-մատուռ, արևմտյան պատին կից XIX դ. երկհարկ սրահ-զանգակատուն, XIII դ. Վահրամ իշխանի կառուցած գմբեթավոր դահլիճի ձև ունեցող գավիթ, վանքի հարավարևմտյան կողմում` ձորակի եզրին, կառուցված մատուռ): Համալիրը զարդարում է Իվանե և Զաքարե Իշխանների կողմից 1201 թ. կառուցած Ս. Աստվածածին եկեղեցին, որի արևելյան ճակատի նրանց պատկերով բարձրաքանդակը պետք է համարել եղբայրների 25-ամյա ռազմական հաղթանակների խորհրդանիշը:
Նույն վանքի տարածքը 1980-1990-ական թվականներին հուշարձանների պահպանության և օգտագործման Գլխավոր վարչությունը վերականգման աշխատանքներ է իրականացրել: Աշխատանքներին զուգահեռ տարածքի տարբեր հատվածներում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից պեղումներ են իրականացվել մոտ 800 քառ. մետր տարածքում (արշավախմբի ղեկավար՝ պ.գ.թ. Ֆ. Բաբայան): Պեղումների շնորհիվ բացվել են բնակելի, տնտեսական, արտադրական նշանակություն ունեցող կառույցներ: Շինությունների հատակները բնական տուֆն է, ծածկերը հազարաշեն են, պատերը` քարակերտ, փայտե սյուները դրվել են քարե խարիսխների վրա, թոնիրները որոշ հատվածներում կավակերտ են: Արտադրական նշանակության խեցեղենի թրծման հնոցները փորված են ժայռի մեջ, իսկ շինարարական կիր ստանալու երկու կառույցները շարված են գետաքարերով:
Վանքի արևմտյան կողմում բացվել է չորս կամարային մույթերով ճգնավորների համար կառուցված ժայռափոր շինություն, որի տանիքը ծածկված էր կոպտատաշ քարերով և երկրորդական օգտագործման մարդակերպ, կենդանակերպ, ֆալոսաձև կուռքերով: Ժայռափոր կացարանում առկա էր ժայռի մեջ փորված քարե մահճակալ, քարե աստիճաններ և այլ մանրամասներ: Առանձնանում է ժայռի մեջ փորված կլոր կառույցը` տուֆե հատակով, մշակված գետաքարերի շարվածքով: Կենտրոնում փոսիկ է արված, երևում է սողնակի տեղը: Սույն շինությանը կից բացվել է 35 մ երկ. և 2 մ լայնքով քարակերտ պատ, որը ձգվում էր հարավից հյուսիս և մտնում XIX դ. կառուցած հացատան շինության տակ: Վերջինս Զաքարյան իշխանների կառուցած վանական համալիրը շրջափակող քարե պարսպի մի հատվածն է: Գավիթի բակում ժայռի մեջ փորված բրոնզեդարյան արտադրական, տնտեսական հորերը, զոհասեղանները և դրանց հետ կապված այլ մանրամասներն օգտագործվել են նաև միջնադարում, մյուս մասն էլ մնացել է եկեղեցիների հիմքերի տակ:
Պեղավայրում առանձնանում են ժամանակագրական հետևյալ փուլերը. մ.թ.ա. XII-I հազ., X-XIII դդ., XVI-XVIII դդ.: Միջնադարյան երկու շերտերից հայտնաբերված խեցեղեն անոթների եզակի օրինակները լրացնում են Սպիտակի, Լոռի Բերդի, Անիի նմանատի հավաքածուն և համադրվում են Վրաստանի, Գանձակի, Ղրիմի նյութերի հետ: Պեղումների արդյունքները հավաստում են, որ հեթանոսական մշակույթի հենքի վրա ստեղծվել է նորը` քրիստոնեականը, որը չի ձուլվել նախկինին, այլ վերջինիս շարունակությունը եղավ` ամփոփելով նախորդ շրջանում ձևավորված երկրի և երկնքի, արևի հավերժական ջերմության անընդհատ գոյության գաղափարը: Գաղափարները բախվեցին, սակայն չանհետացան, այլ պարզապես տեղավորվեցին մի նոր գաղափարախոսության մեջ, որը կոչվում է քրիստոնեություն: Այդ ամենը հստակ երևում է Հառիճավանքի հոգևոր կառույցների ճարտարապետական հնարանքների և հնագիտական նյութի լուսաբանման մանրամասներում:
պ.գ.թ. Ֆրինա Բաբայան