Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կիրառական մարդաբանության խումբ

Կիրառական մարդաբանության խումբ

Կիրառական մարդաբանության խումբ

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Զբաղվել հայոց արդի պատմության և մշակույթի հարցերով (հասարակական հա­րա­­բերություններ, միջէթնիկ կոնֆլիկտ, քաղաքական բռնաճնշումներ ևն)՝ օգ­տա­գոր­­ծելով սո­ցիալ-մարդաբանական և պատմագիտական գործիքակազմ:
  2. Ժամանակաշրջանի տեսանկյունից՝ զբաղվել XX-XXI դդ.:
  3. Զարգացնել կիրառական մարդաբանությունը Հայաստանում՝ նպաստելով համա­պա­տաս­խան կադրերի ներհոսքին և բնականոն սերնդափոխությանը:
  4. Ստորաբաժանումն իր աշխատանքներն իրականացնում է հետևյալ գործունեության ձևերով՝ դաշտային, արխիվային/գրադարանային:
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (մե­նա­գրու­թյուն­ներ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կի­­րառելով ժամանակակից մեթոդներ և լաբորատոր անալիզներ, մասնակցած և կազ­­մակերպած միջոցառումներով (գիտաժողովներ, սե­մի­նար­ներ ևն), դաշտային և լաբորատոր ար­դյու­նա­վետ աշխատանքով, միջազգային կապերի արդյունավե­տու­թյամբ (օտարերկրյա ռեսուրսների ներ­­գրավում, լաբորատորիաների հա­սա­նե­լիու­թյուն, մի­ջազգային գիտաժողովների մաս­նակ­ցություն), կադրային ներհոսքով, ատե­նա­­խո­սու­թյուն­ների պաշտ­պա­նու­թյամբ, մասնագիտական կարծիքների տրա­մադրմամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Ներածություն

Ստորաբաժանումն իր ներկայիս անվանումը ստացել է 2023 թվականին: Մինչ այդ այն կոչվել է «Կիրառական ազգագրության խումբ»: Ստորաբաժանումը ձևավորվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Հայաստանի ընթացիկ հասարակական-մշակութային զարգացումները, նպաստել հայ ժողովրդի ազգային մշակութային արժեքների ժառանգորդման և սերնդային փոխանցման ընթացքին, դրա նկատմամբ ՀՀ պետական քաղաքականության ձևավորմանը և ներդրմանը: Խնդիրը դիտարկվում էր ուղղահայաց՝ անցյալից ներկա, և հորիզոնական՝ տարածքային սկզբունքով: Նպատակը ձևավորվել էր՝ հաշվի առնելով XX դարի երեք կարևոր իրողություններ, որոնք արհեստական խզում  էին առաջացրել ազգային արժեքների բնականոն զարգացման ընթացքի մեջ:

Առաջինը Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն էր, որի հետևանքով մի կողմից իրենց հայրենիքում կենդանի մնացած հայերի մեծ մասը իսլամացել/քրդացել/թրքացել/արաբացել էր և օտարվել հայկական հասարակական և մշակու-թային կյանքից, մյուս կողմից՝ բռնի տեղահանվել և/կամ փախել էին իրենց հայրենիքից ու, ցրվելով աշխարհով մեկ, զրկվել էին դարերով իրենց մշակութային արարումը սնած տեղանքից, հետևաբար նաև՝ մշակութային անցյալի ժառանգորդման հնարավորությունից: 

Երկրորդը Արևելյան Հայաստանում տեղի ունեցած բոլշևիկյան հեղաշրջումն էր, որի հետևանքով խորհրդայնացած Հայաստանում ներդրվում էին ընդհանուր խորհրդային ինքնության ձևավորմանն ուղղված  կենցաղային, հասարակական և հանրային մշակութային արժեքներ: Խնդիրն այն չէր՝ լա՞վն էին դրանք, թե՞ վատը: Խնդիրն այն էր, որ դրանց ներդրումն ուղեկցվում էր ազգային արժեքներից հրաժարումով:

Երրորդը ԽՍՀՄ փլուզման ընթացքում և Հայաստանի անկախացումից հետո շարունակվող՝ 1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանից մեծ թվով փախստականների մուտքն էր Հայաստան: Խորհրդային շրջանում այս մարդիկ վերապրել էին մշակութային ինքնության պահպանման և զարգացման, մշակութային կորուստների և ձեռքբերումների իրենց ուղին: Փախուստից հետո նրանք կորցրել էին Ադրբեջանի մասը հանդիսացող հայրենիքում իրենց հավաքական կեցությունը, հետևաբար նաև իրենց առանձնահատուկ ինքնությունը սնող տարածքը՝ ցրվելով Հայաստանի տարբեր շրջաններում:

«Կիրառական ազգագրության» աշխատանքային սկզբունքը խարսխվում էր

  • վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովրդի և Հայաստանի ընթացիկ  մշակութային զարգացումների և մշակութային ձևավորումների հետազոտության,
  • Հայաստանի մշակութային քաղաքականության հետազոտության,
  • Հայաստանի մշակութային քաղաքականությանն անհրաժեշտ գիտելիքի շտեմարանների կազմման,
  • Հայաստանի մշակութային ընդհանրության և առանձին խմբերի մշակութային առանձնահատկությունների պաշտպանության ու զարգացման համար անհրաժեշտ գիտելիքների շտեմարանների կազմման,
  • հետազոտողների կողմից կառավարման մարմիններին ու հանրությանը մատչելի նյութեր մատակարարելու և դրանք հրապարակային ներկայացնելու վրա:

Այդ նպատակներով, օրինակ, հետազոտվեցին և հրատարակվեցին մի շարք գրքեր, որոնց թվում՝ «Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» (2010), «Հայոց ավանդական տոնական ուտեստը» (2011), «Յոթ օր, յոթ գիշեր». հայոց հարսանիքի համապատկեր» (2011), «Традиционные праздники у армян» (2012), «Նոր տարուց Վերջին զանգ. տոնական պրակտիկաներ, հիշողություն և վերակազմում» (2020) գրքերը, բազմաթիվ վերլուծական, բայց հատկապես հանրամատչելի հոդվածներ: 

Իր նպատակային խնդիրների համակողմանի վերլուծության համար խումբը փորձում է դրանք դիտարկել երկրի/երկրների էթնոմշակութային քաղաքականությունների և ընդհանուր գործընթացների համատեքստում, այդ թվում՝ ա) իշխանությունների կողմից հասարակական էթնոմշակութային կյանքին ազդելու, ինքնություն/ինքնություններ ձևավորելու կիրառական քաղաքականության՝ մշակութային արժեքների ներդրման և արգելման, խրախուսանքի և պատժի, ընդհանուր և մասնավոր հիշողությունների ձևավորման, բ) հասարակություններում զուգահեռաբար ընթացքող ընդունման-մերժման, խմբերի անցյալի վերաբերյալ սեփական իմացությունների և պատկերացումների, սեփական ինքնության ներքին ընկալումների, դրանք շարունակելու ձգտումների և «մենք»-ի շարունակականության հիման վրա: Կիրառական ազգագրության խմբի համար որպես հետազոտությունների աղբյուր ծառայում են անցյալի գրավոր տեղեկությունները, կրթության և պաշտոնական հրապարակախոսության միջոցով իրականացվող քաղաքականությունը, էթնիկ ինքնություների և հասարակական մշակույթի մասին խմբերի պատկերացումների գրավոր և բանավոր հաղորդումները, մեծ ծավալով՝ հիշողություններն անցյալի մասին և ներկայի ընթացիկ կյանքի վերաբերյալ խմբի աշխատակիցների դաշտային դիտարկումներն ու գրանցած պատմությունները:

2009-2019 թվականների ընթացքում խմբում աշխատել են Զարուհի Համբարձումյանը, Շուշանիկ Սարատիկյանը, Վահե Բոյաջյանը, Տիգրան Սարգսյանը, Նելլի Մանուչարյանը և Հրանուշ Խառատյանը: 2018 թվականից նրանց միացել է նաև Լուսինե Խառատյանը:

Ինստիտուտի 4 աշխատակիցներ՝ Գայանե Շագոյանը, Գոհար Ստեփանյանը, Ռուզան Ծատուրյանը և Արսեն Հակոբյանը հաճախ են համագործակցում Կիրառական ազգագրության խմբի հետ թե՛ վերլուծական, թե՛ դաշտային ու արխիվային նյութահավաքաչական աշխատանքներում:  Խմբում իր «Իրանական Ադրբեջանի բնակչության ինքնության զարգացումները XIX-XX դդ.» թեմայով  թեկնածուական ատենախոսությունն ավարտել և 2015 թվականին պաշտպանել է Գևորգ Ավետիքյանը: Իրենց թեկնածուական ատենախոսական աշխատանքներն են պատրաստում Նելլի Մանուչարյանը՝ «Խորհրդային ինքնություն ձևավորման գործընթացները Հայաստանում 1920-1950 թթ.» թեմայով,  և Խորեն Գրիգորյանը՝ «Լիբանանի Այնճար գյուղի հայ բնակչության ինքնության ձևափոխումները» թեմայով։

Ստեղծման օրվանից խումբը ղեկավարել և ղեկավարում է պ.գ.թ. Հրանուշ Խառատյանը:

Խմբի ջանքերով 2017 թվականին մեկնարկել է ինստիտուտի բանավոր պատմության կենտրոնը, կայացել է առաջին դասընթացը՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած «Հիշողության հետազոտությունների ներածություն» թեմայով: Անհատական, սոցիալական, կոլեկտիվ հիշողությունը՝ թե՛ որպես հետազոտության աղբյուր, թե՛ որպես քաղաքականության թիրախ, թե՛ որպես հասարակական և անհատական ինքնության ձևավորման/պահպանության գործոն, խմբի բոլոր հետազոտվող թեմաների կարևոր բաղկացուցիչն է:

Խմբի աշխատակիցների հետազոտությունների աշխարհագրությունը, Հայաստանից զատ, տարածվում է Ադրբեջան, Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն:

 

Հիշողությունը որպես հետազոտությունների և վերլուծությունների աղբյուր

Հասարակությունների, ժողովուրդների, մարդկանց խմբերի ներքին և արտաքին հարաբերությունները հաճախ հասկանալի են դառնում ոչ միայն պատմության դասագրքերի միջոցով անցյալի իմացության, այլև այդ անցյալի վերաբերյալ մարդկանց հիշողության միջոցով: Պատմության դասագրքերը նախ միայն մասամբ են ներկայացնում մեր «այսօրը» ձևավորած անցյալը, մյուս կողմից հենց իրենք են ձևավորում կոլեկտիվ իմացությունն ու ազդում արդի աշխարհայացքների վրա: Բայց դրանից անդին և դեռ ավելին՝ ասդին առկա է մարդու/մարդկանց անհատական, և հասարակությունների  բանավոր սոցիալական հիշողությունը. դրա հիմնական աղբյուրը՝ ընտանեկան հիշողությունը կարող է նաև 2-3 սերնդի ընթացքում ձևափոխված լինել, բայց որը հաճախ, դուրս մնալով կառավարելի գիտելիքից,  ինքն է դառնում իմացության հենք: Մյուս կողմից պետությունները հաճախ իրենք են ձևավորում հասարակությունների սոցիալական հիշողությունը՝ կառավարելի դարձնելով այն: Օրինակ, XX դարի ընթացքում, առնվազն մինչև 1980-ական թվականները, ԽՍՀՄ և Թուրքիայի Հանրապետության իշխանություններն են որոշել, թե ինչ պիտի իմանան իրենց երկրների հասարակությունները Հայոց ցեղասպանության մասին: Իշխանություններին անհրաժեշտ հասարակական հիշողությունը ձևավորելու քաղաքականությունը սովորաբար ուղեկցվել է ոչ ցանկալի հիշողությունը լռեցնելու, բարձրաձայնելու դեպքում՝ պատժելու, և դեպքի, երևույթի մասին իրեն ցանկալի հիշողությունը տարածելու միջոցով: Այլ կերպ ասած՝ «հիշողությունը» հաճախ քաղաքական ազդեցության ենթակա կառավարելի գործընթաց է: Այս իմաստով բոլոր դարաշրջաններում ակտուալ է եղել և այսօր էլ ակտուալ է հիշողությունը/հիշողությունները հավաքել/գրանցելը, դրանց փոփոխությունները վերլուծելը, հասկանալը: Ուստի հետազոտական խմբի մշտական խնդիրների մեջ է եղել և շարունակում է մնալ այս կամ այն երևույթի, այդ թվում ցեղասպանության  մասին անհատների և ընտանիքների բանավոր պատմությունները՝ «հիշողությունը» հավաքելը ու դրանց ձևափոխությունները վերլուծելը:  Հետազոտողները ընտանիքիների սեփական փորձի գրանցման միջոցով վերլուծել են փակ հասարակություններում սերնդեսերունդ փոխանցվող հիշողության տարբեր՝ ակտիվ և պասիվ ձևեր, ժամանակի մեջ դրանց փոփոխությունները, հիշողության բնական և արհեստական ընտրությունը և դրանք պայմանավորող գործոնները:

Նյութեր են հավաքվել Հայաստանում, Թուրքիայում, հայկական սփյուռքում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Թուրքիայում հետազոտություններ են արվել Ստամբուլում և արևելյան գավառներում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում թե՛ իսլամացած, ալեվիացած, թե՛ քրիստոնյա մնացած հայերի, բայց նաև քրդերի, զազախոս ու քրմանջախոս ալեվիների միջավայրում: Նյութերը  և դրանց վերլուծությունները հրատարակվել են գրքերով, հոդվածներով ինչպես գիտական, այնպես էլ հանրամատչելի պարբերականներում, հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, լեհերեն լեզուներով (օրինակ՝ «Ու՞մ ներես, ի՞նչը ներես // Խոսելով միմյանց հետ. անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում և Թուրքիայում» (2010), «Մուշ, քաղցր Մուշ. քարտեզագրելով հուշեր Հայաստանից և Թուրքիայից» (2014), “Armenian-Turkish Relations: Historical and Political Context from an Armenian Perspective” (2016), “Politicized, Contested and Silenced Memories” (2016), “Speaking to One Another. Toolbox for Working on Reconciliation in Adult Education” (2016),  «Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն: Գաւառահայերը Թուրքիայի Հանրապետութիւնում 20-րդ դարի միջնադարում (2018) և այլն): 

Ցեղասպանության մասին սոցիալական և անհատական հիշողության վրա ազդելու  քաղաքականությունը ԽՍՀՄ-ում Խորհրդային Հայաստանի օրինակով առայժմ դիտարկվել է գլխավորապես ԽՍՀՄ քաղաքական բռնությունների համատեքստում («Նացիոնալիզմի» դիսկուրսը և Ցեղասպանության հիշողության թիրախավորումը քաղաքական բռնություններում» (2015), «Արևմտյան Հայաստանի հիշողությունը՝ որպես հայկական քաղաքական այլախոհության մեկնաբանություն ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներում» (2016) “Politicized, Contested and Silenced Memories” (2016), «Политика покорения памяти, или «приказано забыть», Превращение памяти в социальную и семейную «тайну» и оружие  против носителей памяти (на примере Геноцида армян» (2017), «Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի տարածքում մնացած հայերն ամենաքիչը գիտեին ցեղասպանության մասին»  (2018) և այլն:

Խնդիրը, սակայն, միայն տրավմատիկ հիշողությունը չէ: Խումբը փորձում է վերլուծել Հայաստանի հասարակության և հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարություն ունեցած երկրների՝ Թուրքիայի, XX դարի նորաստեղծ ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի պետական քաղաքականությունները հասարակական խմբերի ու ժողովուրդների ինքնությունների ձևավորման նկատմամբ և փոքրամասնությունների ինքնությունների պահպանության ձևերը:   

 

Ինքնության ձևավորման քաղաքականությունը և փոքրամասնությունների ինքնությունը 

Մեր հետազոտողնեը կարևորվում են խմբերի էթնիկական, ազգային և կրոնական ինքնությունները թե՛ պատմական, թե՛ քաղաքական ընթացիկ օրակարգերի հետևանքով դրանց վրա ազդելու քաղաքականության կտրվածքով: Այս հարցերի շուրջ նյութեր են հավաքվել և մասամբ հետազոտվել են թուրքական և թուրքա/ադրբեջանական ազգային և էթնիկական ինքնության կառուցման XX դարի ճարտարապետությունների մասին, ինչպես նաև այդ երկրներում ինքնությունների իրավական և գործնական արգելանքի ժամանակաշրջաններում այլ ժողովուրդների ինքնությունների դրսևորումների մասին, մասամբ՝ նաև ՀՀ փոքրամասնությունների մասին: Այս հարցերի շուրջ հրատարակվել են «Ուդիների կրօնը եւ Հաւատալիքները ԺԹ.-Ի  դարերում» (2010), «Ազգային փոքրամասնությունների միջազգային իրավունքի նորմերը (Հայաստանի Հանրապետության օրինակով)» (2011), «Եղիշե առաքեալի, Գրիգորիսի եւ Կովկասեան Աղուանքի քրիստոնեացման հարցի շուրջ» (2010), «Ադրբեջանցիները», «կովկասալեզուները» և  «իրանալեզուները». ինքնության զարգացումներն Ադրբեջանում» (2012), «Ադրբեջանի Հանրապետության ազգային քաղաքականությունը XX դարում և XXI դարի սկզբին», (2012), «Դերսիմի ալևիների ինքնության ճգնաժամը և ալևիացած հայերի ինքնության ներկայիս փնտրտուքը Դերսիմում» (2014), «Ինքնության որոնումը Դերսիմում» և «Դերսիմի ալևիացած հայերը» (2014), «Հայ-ալեւիական սոցիալ-կրոնական սինթեզը Դերսիմի ալեւիների ավանդազրոյցներում» (2014 թ), ««Ի» դարից միջնադար (Իսլամացված, իսլամացած, ալեվիացած, ծպտեալ հայերը Թուրքիայում)»  (2014),  «Dersim Kültür Havzası’nın Ermeni Nüfusu, Alevileşmiş Ermenileri ve Alevilerin Kimlik, Arayışında Ermenilik Faktörü» (2015), «Официальные этно-демографические показатели в Азербайджане в контексте поиска и кризиса идентичности азербайджанцев (2015), «Удины: крах всех усилий самосохранения» (2015), «Հայերի կարգավիճակը ժամանակակից Թուրքիայում. իսլամաց(ու)ած հայերը» (2015), «Էթնիկական օգնության» պատմա-քաղաքական պատճառաբանությունը (Շամախու Գարդման – Գեոկչայի գավառ – Իսմայիլիի շրջան) (2016), «Кавказско-албанский фактор в процессе формирования азербайджанской этнической идентичности» (2019), «Удины в восточно-христианском мире: динамика локализации, идентификации, самоидентификации удин-христиан» (2019 թ), «Սուննիզմի «թրքացումը» եւ թուրք-մահմեդական նացիոնալիզմը «թիւրքչուլուկի»՝ Թուրքիայի բնակչության էթնիկական ինքնութեան մահմեդականացման եւ թրքացման ճարտարապետութիւնում (2019) և այլն։

Ուշագրավ է, որ երբ բանավոր պատմությունների ձևով անձնական կենսագրական հիշողությունների նյութեր էին հավաքվում խորհրդային կյանքի անցյալի մասին՝ առանց թեմատիկ հարցադրման, պատմողների մեծ մասը խոսում էր գլխավորապես տրավմատիկ իրավիճակների մասին (տե՛ս «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում, Նյութերի ժողովածու (2019):

 

Փախստականություն, տրավմատիկ հիշողություն

Ինքնության, հիշողության և այլ խնդիրներից զատ խումբն աշխատել է նաև տարատեսակ բռնությունների զոհերի տրավմատիկ հիշողության, ինչպես նաև փախստականների խնդիրների հետազոտություններով (“Genocide and Collective Trauma”, 2016 թվական)։ Շատ նյութեր են գրանցվել Սումգայիթում, Բաքվում 1988, 1990 թվականների բռնությունների մասին: Ադրբեջանահայ փախստականների միջավայրում կատարված աշխատանքի արդյունքում ծնվեց 1988-1989 թվականների Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանության կազմակերպիչներից Գ. Օգանեզովի հետ հրատարակության պատրաստված և 1915 թվականին ռուսերեն լեզվով տպագրված գիրքը՝  «Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանությունը 1988-1989 թվականներին ականատեսների աչքերով» (2014 թվական)։ Այն ինքնապաշտպանության կազմակերպման և իրականացման շարադրանք է՝ աղբյուրների համադրումով (փաստաթղթեր, տուժածների ձայնագրված պատմությունների տեքստավորում, ժողովների և քննարկումների սղագրումների նյութեր, քաղաքային և զինվորական իշխանությունների հետ բանակցությունների սղագրումներ, լուսանկարներ և այլն):

Նյութեր են հավաքվել Հայաստանում ադրբեջանահայ փախստականների տեղավորման գործընթացների շուրջ, վերլուծության են ենթարկվել դրա նկատմամբ քաղաքականությունը, գործնական պրոբլեմները, հրատարակվել են հոդվածներ, կազմակերպվել են գիտաժողովներ, ինչպես նաև գործնական առաջարկներ են ներկայացվել ՀՀ կառավարման մարմիններին:

Տրավմատիկ անցյալի խնդիրների շրջանակներում խմբի անդամներից մեկը՝ Տիգրան Սարգսյանը, 3 տարի աշխատել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) Քրիստոնյա արևելքի հետազոտության կենտրոնի Հայագիտության բաժնի հետ «Հաբսբուրգյան Ավստրիայի հայ ռազմագերիները՝ 1915-1917 թթ.» թեմայի շրջանակներում։ Դաշտային և արխիվային աշխատանքների միջոցով հայտնաբերվել են այդ ռազմագերիների ժառանգները, գրանցվել են նրանց հիշողությունները՝ վերականգնելով սերնդային ընդհատված շղթան:

 

ԽՍՀՄ քաղաքական բռնություններ

Խումբը զբաղվել է նաև Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնությունների ընթացքի և զոհերի ճակատագրերի հետազոտություններով: Գրանցվել են 200-ից ավելի ընտանեկան պատմություններ, այդ թվում՝ Արցախում և ադրբեջանահայ փախստականների միջավայրում:  ՀՀ Ազգային արխիվում հետազոտվել է 1920-1953 թվականների ընթացքում աքսորված, ձերբակալված, ազատազրկման վայրերում պահված, դեպորտացված, գնդակահարության դատապարտված ավելի քան 40.000 մարդու անձնական գործ, վերլուծության են ենթարկվել տարբեր պատժամիջոցների դատապարտվածների, կանանց և տղամարդկանց նկատմամբ հարուցված քաղաքական մեղադրանքների օրինաչափություններն ու առանձնահատկությունները: Կազմվել է 1949 թվականին դեպորտացիայի ենթարկված 16.000 զոհերի համառոտ անվանական տեղեկատու, ինչպես նաև պատրաստվել է բռնությունների այլ տեսակների ենթարկվածների մասին ազգանունների այբբենական ցանկերով  տեղեկատուի 1-ին հատորը՝ ավելի քան 5000 մարդու մասին: Իրականացվել է «Չմատնող» և «Հայրենիքի թշնամու ընտանիքի անդամների (ЧСИР)» կանանց գործերի հետազոտում՝ ՀՀ Ազգային արխիվի 1.191 ֆոնդում առկա բռնադատվածների գործերի հիման վրա: Հրատարակվել է 1 կոլեկտիվ մենագրություն՝ «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա» (2015), մի շարք հոդվածներ («Реабилитационный ли закон РА «О репрессированных лицах» и кто такие репрессированные в Армении» (2016), «Компания этнической депортации армян в 1949 г. и подконтингент «турки» в спецпереселнцах «с Черноморского побережья»»  (2018) և այլն):

ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի մասին աշխատանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել 2017 թվականին: Այս շրջանակներում է իրականացվել նաև «1949 հայերի բռնաքսորի կամպանիան և դրա արտացոլումը պատմական հիշողությունում» (15РГ-27)  հայ-ռուսական 1916-1917 թվականների ծրագիրը: Աշխատանքն արվել է ՀՀ Ազգային արխիվում, Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ակադեմիայի արխիվում, ՌԴ պետական արխիվում (ГАРФ): Հայաստանի արխիվից պատճենահանվել, տեքստի են վերածվել և հրատարակության են պատրաստվել Ներսիկ Ստեփանյանի, Սահակ Տեր-Գաբրիելյանի, Եղիշե Չարենցի, Ամատուն Վարդապետյանի, Սերիկ Դավթյանի գործերը (550 էջ), Հայաստանի Կոմկուսի ակտիվի 1936 թվականի հունիսի 12-ի նիստի արձանագրությունը (120 էջ): Վրաստանի Ներքին գործերի նախարարության ակադեմիայի արխիվում թվայնացվել և Հայաստան են բերվել բռնությունների ենթարկված 3 անձանց գործերը, որից մեկը պատրաստվում է հրատարակության, ինչպես նաև Անդրֆեդերացիայի Կենտկոմի Բյուրոյի 1936 թվականի հունիսի 6-ի 2 նիստերի արձանագրությունները: Երկուսն էլ տեքստ են դարձվել, գրվել են ծանոթագրությունները և նախաբանը (140 էջ): ՌԴ պետական արխիվում պատճենահանվել և Հայաստան է բերվել բռնությունների ընթացքում Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովի դատական գործը (600 էջ)։ Փաստաթուղթը տեքստի է վերածվել, պատրաստվում է հրատարակության: Նույն ՌԴ պետական արխիվից պատճենահանվել և Հայաստան են բերվել ստալինիզմի շրջանի բռնությունների հետ կապված շուրջ 20 փաստաթուղթ՝ 243 էջ ծավալով (հրամաններ, որոշումներ, Հայստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի Պետական անվտանգության կոմիտեների և Ներքին գործերի նախարարությունների մինիստրների հաշվետվություններ և այլն): Տեքստավորման և ստուգման աշխատանքներն իրականացնում են Զ. Համբարձումյանը, Շ. Սարատիկյանը: Կազմվել և կայքում տեղադրվել է 1949 թվականի հունիսի 14-ին Հայաստանից աքսորի ենթարկված անձանց տվյալների շտեմարանը։

Խմբի աշխատանքների մեջ զգալի ծավալ են կազմում խորհրդային անցյալի մասին հետազոտությունները: Դրանք իրականացվում են թե՛ դիտարկումների, թե՛ բանավոր պատմությունների գրանցման, թե՛ արխիվային փաստաթղթերի, թե՛ գրականության նյութերի, թե՛ հուշագրությունների նյութերի համադրմամբ և վերլուծությամբ: Խորհրդային կյանքի մասին հիշողությունների գրանցումն իրականացվում է բոլոր թեմատիկ դաշտային աշխատանքների ընթացքում, ինչպես նաև հատուկ այդ թեմայով կազմակերպվում են դաշտային հետազոտություններ, գրվում են թեկնածուական ատենախոսություններ: Գիտական խմբագրմամբ և ծանոթագրություններով հրատարակվում են հուշագրություններ: Իրականացվում է նաև Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության հետազոտություն, որի մասին հայերեն և անգլերեն հրատարակվել է 1 գիրք՝ «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» (2019 թ):

Կիրառական ազգագրության խմբի գործնական աշխատանքներից են նաև ՀՀ կրթական քաղաքականության հետազոտությունը, մասնավորապես՝ ՀՀ հանրակրթական դպրոցների Հայոց պատմության և Հայ գրականության դասագրքերի վերլուծությունը և ավագ դպրոցներում այդ առարկաների դասավանդման հետազոտությունը՝ որպես անկախ Հայաստանի հիշողության քաղաքականության դրսևորումներից մեկը:

Հետազոտությունները և վերլուծությունները, որպես հոդվածներ, մենագրություններ և ժողովածուներ, հրապարակվում են գիտական պարբերականներում: Փորձագիտական տեղեկություններ և առաջարկություններ են տրամադրվում ՀՀ կառավարման մարմիններին:

 

Համագործակցություն  և մասնակցություն գիտաժողովներին

Խումբը հիմնականում համագործակցում է ինստիտուտի ազգագրական հետազոտություններով զբաղվող բաժինների հետ: Սակայն, թեմաների առանձնահատկություններով պայմանավորված, աշխատանքներ են տարվել ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան այլ վերլուծական կենտրոնների հետ: Մասնավորապես՝ ցեղասպանության և սոցիալական հիշողության թեմաներով համագործակցել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի՝  Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հետ, իսկ Խորհրդային Հայաստանի ստալինյան բռնաճնշումների թեմայով՝ Նովոսիբիրսկի ազգային հետազոտական պետական համալսարանի և Ալթայի երկրամասի Բառնաուլի մանկավարժական համալսարանի մարդաբանության ամբիոնի հետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի և Ֆրայբուրգի համալսարանի առաջատար մասնագետ Պավել Պոլյանի հետ, ՌԴ Մեմորիալ հասարակական կազմակերպության հետ: Տրավմատիկ հիշողության թեմայով աշխատանքներ են իրականացվել Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) Քրիստոնյա արևելքի հետազոտության կենտրոնի Հայագիտության բաժնի հետ: Հայ-վրացական համագործակցության ռազմավարությունը թեմայով՝ գիտնականների և ուսանողների մասնակցությամբ, աշխատանքներ են արվել Թբիլիսիի պետական համալսարանի մարդաբանության ամբիոնի հետ։ ԽՍՀՄ քաղաքական բռնությունների թեմայով Հայաստանում լուրջ գործընկեր է եղել Կապանի երկրագիտական թանգարանը և հատկապես տնօրեն Գրիշա Սմբատյանը:

2009 թվականից սկսած՝ խմբի աշխատակիցները զեկուցումներով մասնակցել են բազմաթիվ միջազգային, հանրապետական և ինստիտուտային գիտաժողովների: Արտասահմանյան միջազգային գիտաժողովների են մասնակցել  տասնյակ երկրներում (ՌԴ, Գերմանիա, Ֆրանսիա, Թուրքիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Վրաստան, Լիբանան, Հնդկաստան, Լեհաստան, Բելգիա  և այլն):

Խումբը կազմակերպել է երեք միջազգային և մեկ հանրապետական գիտաժողով, որից 2-ը՝ Երևանում («Համաձայնության հեռակնարներ. տեսություն և պրակտիկա», 27 նոյեմբերի, 2010 (մասնակցել են Հայաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Կիպրոսի, ԱՄՆ-ի հետազոտողներ), և «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» (նվիրված ԽՍՀՄ քաղաքական բռնություններին, մասնավորապես 1937 «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին), 25-26 հոկտեմբերի,  2017) (մասնակցել են Հայաստանի, ՌԴ-ի, Վրաստանի, Գերմանիայի հետազոտողներ): Նովոսիբիրսկի համալսարանի հետ իրականացվել է «Армянская депортационная компания 1949 г. и ее отражение в исторической памяти», 11 սեպտեմբերի, 2016 թվական) գիտաժողովը: «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» գիտաժողովը տեղի է ունեցել 2018 թվականին Երևանում:

 

Դաշտային աշխատանքներ, ցուցահանդեսներ, նյութերի և վերլուծությունների հանրայնացում, ուսուցում

Իր աշխատանքային գործունեության ընթացքում խումբն ամեն տարի թեմատիկ դաշտային աշխատանքներ է իրականացրել և նյութեր հավաքել Հայաստանում, 3 անգամ՝ Արցախում, 3 անգամ՝ Թուրքիայում (Ստամբուլում, Թունջելի/Դերսիմում,  Մուշում, Ադիամանում, Հաթայում՝ Մուսա լեռան գյուղերում), 3 անգամ՝ Իրանում (գլխավորապես Բալուչեսթան նահանգի Սարհադի մարզում, Աֆղանստանի Նիմրուզ և Հելմանդ նահանգների՝ Իրանի Բալուչեսթան նահանգին հարակից տարածքներում բնակվող բալուչների շրջանում, ինչպես նաև Թեհրանում և Թավրիզում), 1 անգամ՝ ԱՄՆ-ում (Ֆիլադելֆիայում և Վաշինգտոնում), 1 անգամ՝ Լիբանանում (Անճարում և Բեյրութում), 1 անգամ՝ ՌԴ-ում (Ալթայի երկրամասում), մեկ անգամ՝ Լեհաստանում (Սեյնի և Կրակով քաղաքներում), 1 անգամ՝ Ֆրանսիայում (Մարսելում): Հայաստանում դաշտային աշխատանքների գլխավոր թեմաները եղել են արևմտահայ փախստականների երրորդ-չորրորդ սերնդի՝ ցեղասպանության մասին հիշողությունները, Հայաստանի անցյալի և ներկայի տոնածիսական կյանքը, կրոնական պրակտիկաները, փախստականների սոցիալ-տնտեսական և մշակութային ինտեգրացիան, Ադրբեջանից փախստական ուդիների ինքնությունը, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների մասին հիշողությունները, իսկ 2018 թվականին Գեղարքունիքի և Շիրակի մարզերում աշխատել են սոցիալական և կրոնական խմբային ինքնության թեմաներով (ադրբեջանահայ փախստականներ, մշեցիներ, բայազետցիներ, առաքելականներ, կաթոլիկներ,  աթեիստներ):

Խմբի հետազոտական թեմաներով կազմակերպվել է 3 ցուցահանդես․

  1. Ցեղասպանության մասին հիշողությունների ցուցահանդես Երևանումում 2010 թվականին. այն «աշխատել է»՝ ցուցադրվելով նաև Վրաստանում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Թուրքիայում։
  • «Մուշ, քաղցր Մուշ. քարտեզագրելով հուշեր Հայաստանից և Թուրքիայից» գրքի շնորհանդես և լուսանկարների ցուցահանդես Երևանում, Սարգիս Մուրադյան պատկերասրահում 2015 թվականին։
  • Հակախորհրդայինները․ Ստալինյան շրջանի քաղաքական բռնությունները Խորհրդային Հայաստանում, ԽՍՀՄ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցի կապակցությամբ կազմա-կերպված ցուցահանդես 2017 թվականին։

Խմբի անդամները մասնակցել են մեծ ծավալի եթերային հաղորդումների, առցանց քննարկումների, հարցազրույցների, հեղինակել են հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, հետազոտությունների արդյունքներով երկարաժամկետ ռադիոհաղորդումների շարք է սկսվել Հանրային ռադիոյով:

2017 թվականի  հունիսի 14-ին, Հիշատակի և տոների մասին ՀՀ օրենքի Հոդված 101 –ով ընդունված «Բռնադատվածների հիշատակի օր»-ը կազմակերպվել է «Հիշենք ԽՍՀՄ քաղաքական բռնությունների անմեղ զոհերին» միջոցառումը, որի ընթացքում տեղի է ունեցել Խորհրդային Հայաստանից 1949 թվականին դեպորտացված քաղաքացիների տվյալների շտեմարանի ներկայացումը և դրանից օգտվելու հնարավորությունները: Այնուհետև ամեն տարի հունիսի 14-ին կազմակերպվում է ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի արարողություն: Խումբը մեծաքանակ նամակներ է ստանում ԽՍՀՄ քաղաքական բռնությունների մասին հարցերով, մասնավորապես՝ մարդիկ հետաքրքրվում են իրենց բռնադատված հարազատների գործերով: Պատասխանելով այդ նամակներին՝ խումբը պատրաստվում է իր ձեռքի տակ առկա բոլոր նյութերից համառոտ տեղեկություններ տեղադրել հատուկ այդ նպատակով ստեղծվելիք կայքում:

Խումբը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը թեմատիկ աշխատանքներում: Սովորաբար երիտասարդների համար նախապես կազմակերպվում է կարճաժամկետ ուսուցում:  Մինչ օրս կազմակերպել է 5 ամառային դպրոց՝  ցեղասպանության հիշողություն, ստալինյան բռնաճնշումների մասին աղբյուրները և նյութերի հետ աշխատելու մեթոդները, արխիվային փաստաթղթերի հետ աշխատանքի ուսուցում, բանավոր պատմության հավաքման մեթոդաբանություն, տեքստերի շարադրման ուսուցում թեմաներով:

Այս ուսուցումն անցած երիտասարդներից շատերը մասնակցել են դաշտային և արխիվային նյութերի հավաքմանը, հոդվածներ են գրել, ելույթներ են ունեցել գիտաժողովններին և մշտապես համագործակցում են խմբի անդամների հետ:

 

 

(c) 2020 Muzex - All rights reserved.