Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական խումբը ստեղծվել է 2016 թվականին՝ ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։ Սկսած 2005 թվականից՝ ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը (ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Համլետ Պետրոսյան) Արցախի իշխանությունների հրավերով հնագիտական հետազոտություններ էր իրականացնում Արցախում (Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ, Դադիվանք)։ Հետազոտական խումբը ստեղծվեց՝ նկատի ունենալով արշավախմբի արդեն կատարած աշխատանքը և Արցախի հնագիտական հետազոտությունն ինստիտուտի ծրագրերի մեջ ներառելու անհրաժեշտությունը։
Խմբի հիմնական նպատակն է Արցախի հնագիտական մշակույթի հետազոտությունն ու հանրահռչակումը։ Խմբի ղեկավարն է պ.գ.դ., պրոֆ. Համլետ Պետրոսյանը, անդամներն են պ.գ.թ., գիտաշխատող Տատյանա Վարդանեսովան, պ.գ.թ., գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը, պ.գ.թ., գիտաշխատող Նժդեհ Երանյանը, պ.գ.թ., կրտսեր գիտաշխատող Ռուբեն Հովսեփյանը, կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ Համազասպ Աբրահամյանը։
Դաշտային հետազոտական աշխատանքները (2004-2020 թվականներ)
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը, հիմնական պեղավայր ունենալով Արցախի Տիգրանակերտը, հնագիտական պեղումներ է իրականացրել նաև Արցախի մի շարք այլ հնավայրերում (Շուշի, Հանդաբերդի վանք, Դադիվանք, Գյավուր կալա, Նոր Մարաղայի ամրոց, Մարտակերտի անտիկ կարասային և վաղքրիստոնեական թաղումներ, Ամարասի վանք, Դադիվանք, Վաճառի սուրբ Ստեփանոս վանք, Բերդաշենի հուշարձաններ և այլն)։ Հնագիտական պեղումներից զատ վավերացվել են Արցախի տարածքի անշարժ ժառանգությունը՝ հնավայրեր, վանքեր, եկեղեցիներ և մատուռներ, մարդակերպ, անտիկ, վաղքրիստոնեական կոթողներ, խաչքարեր ու տապանաքարեր, իսլամական հուշարձաններ, մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել Արցախում ընթացող այլ պեղումներին։
Արցախի Տիգրանակերտի պեղումները եղել են Արցախի հանրապետության տարածքի ամենաընդարձակ և երկարատև հնագիտական ծրագիրը։ Արշավախումբը 2005 թվականին վավերացրել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի մնացորդները և 2006 թվականից սկսած՝ ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացրել դրա տարածքում: Հուշարձանը գտնվում է ԼՂՀ Ասկերանի շրջանում, Խաչենագետի աջ ափին: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավարևելյան ներքնալանջի վրա և այդ լանջին կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների (Շահբուլաղ) հարևանությամբ: Պեղումներով բացվել են քաղաքի անտիկ ամրացված թաղամասի միջնաբերդի վերին հատվածը, միջնաբերդը թաղամասից բաժանող 83 մ երկարություն ունեցող պարիսպ-հենապատը, նույն թաղամասի հարավային պարիսպների մոտ 450 մ ձգվող ժայռափոր հիմքերը, հյուսիսային պարիսպների մինչև 5 մ բարձրություն ունեցող և մոտ 350 մ ձգվող հատվածը, հարավարևելյան պարսպի մոտ 40 մ հատվածը, անտիկ առաջին և երկրորդ թաղամասերը, ժայռափոր հնձանը, Արքայական աղբյուրներին կից ջրավազանը, Կենտրոնական թաղամասի վաղքրիստոնեական հրապարակը` զույգ եկեղեցիներով, արևելյան միակ մուտք ունեցող մասունքարանով, խաչակիր մոնումենտալ կոթողի մնացորդներով և վաղքրիստոնեական տապանաբակով հանդերձ: Մասնակիորեն պեղվել են անտիկ կարասային դամբարանադաշտերից մեկը (Արևելյան դամբարանադաշտ), մոտ 5 կմ երկարություն ունեցող ջրանցքը, վաղքրիստոնեական ժայառափոր-պաշտամունքային համալիրը, XIX դարում կառուցված Փոստային կայանի մնացորդները, Ցիցսարի վաղքրիստոնեական մասունքարանը և եկեղեցին։ Տիգրանակերտի շրջակայքում պեղվել են նոր Մարաղայի անտիկ ամրոցը, Գյավուր կալայի եկեղեցին, Նոր Կարմիրավանի դամբարանները, Մարտակերտի, Ղազանչիի, Նոր Մարաղայի կարասային թաղումները և այլ հուշարձաններ։
Շուշիի 2004-2005 թվականների հետազոտությամբ կազմվել է քաղաքի և շրջակայքի հնագիտական հուշարձանների ցուցակն ու քարտեզը (այն ընդգրկում է մոտ 200 հնագիտական հուշարձան՝ մինչև XVIII դարը ներառյալ), այդ թվում՝ հինքարեդարյան 1 կայան, բրոնզի և երկաթի դարերի 1 կիկլոպյան ամրոց, 5 դամբարանադաշտեր, 2 անտիկ և 2 վաղքրիստոնեական դամբարանադաշտեր, 6 միջնադարյան գյուղատեղիներ, մոտ 4 տասնյակ խաչքարեր։ Շուշիի և շրջակայքի հնագիտական պեղումներով հետազոտվել են սարահարթի մ.թ.ա. II-I հազարամյակի 2 դամբարաններ, Կարկառ ամրոցը, Շոշվա Սղնախը, հին և նոր գերեզմանոցները։
Դադիվանքում պեղվել են սուրբ Դադիին վերագրվող գերեզմանը (2007 թ.) և փոքր գմբեթավոր եկեղեցու ջրահեռացման համակարգը (2017 թ.)։
Ամարասի վանքում 2014 թվականին իրականացվել է Սուրբ Գրիգորիսի մատուռի հետազոտությունը։ Պեղումներն արվել են ներկա եկեղեցու արևելյան բակում՝ արևելյան պատին դրսից կից առանձնացված հատվածում: Հիմնական նպատակն է եղել ստուգել այն վարկածը, ըստ որի՝ ներկա եկեղեցին իր արևելյան պատով կտրել և 2 մասի է բաժանել մատուռը՝ դրսում թողնելով նրա ենթադրյալ արևելյան մուտքը: Պեղումները երևան բերեցին սրբատաշ քարաբեկորներով շարված արևելյան մուտքի մնացորդները․ բացօթյա նախամուտքը, շքամուտքի խարիսխները, որմնախարիսխը, դեպի կիսագետնափոր սրահն իջնող աստիճանները: Պեղումները միանշանակ հաստատեցին, որ Գրիգորիսի դամբարանի նախնական կառույցն իրոք ունեցել է արևելյան մուտք, ինչը հնարավորություն ընձեռեց ավելի ընդարձակ համատեքստում քննել Տիգրանակերտի արևելյան մուտքով մասունքարանը, ինչպես նաև նախանշել Արցախի նման կառույցների հետագա հնագիտական և ընդհանուր մշակութային հետազոտության խնդիրները:
Վաճառի Սուրբ Ստեփանոս վանքի 2017 թվականի պեղումներով հետազոտվել են Սուրբ Ստեփանոսի արևելյան մուտքով դամբարանը և վաղքրիստոնեական խաչակիր կոթողի մանրամասները (V-VI դդ․), մասունքարանի վրա հետագայում կառուցված երկխորան մատուռը, մատուռին կից գավիթը, կառույցների շրջակայքը (XII-XVII դդ․)։
Բերդաշենի 2019 թվականի պեղումների ընթացքում ուսումնասիրվել են Բերդի ստորոտի մի հատվածը և Պիծի նահատակ մատուռը։ Պեղումների արդյունքում բացվել են բեկորատվող քարից կավաշաղախով շարված պատերով, անկանոն հատկագծումով, կիսագետնափոր բնակելի-տնտեսական 3 համալիրների առանձին մասերը: Յուրաքանչյուր համալիրի պարտադիր մաս է կազմում թոնիրը: Նյութերը հիմնականում XI-XIII դարերին են պատկանում. դրանց մեջ կան դրոշմազարդ կարասի, կաղապարանախշ և ջնարակապատ խեցանոթների մասեր, ապակե ապարանջանների բեկորներ, պղնձե մետաղադրամ: Նմանատիպ հնագիտական նյութերը, որպես կանոն, քաղաքային մշակույթի բաղկացուցիչներ են և ցուցում են բնակավայրի ներգրավվածությունը տարածաշրջանի տնտեսամշակութային զարգացումներին, ինչը բնորոշ է առևտրական ճանապարհների վրա գտնվող գյուղաքաղաքներին:
Պիծի նահատակ մատուռի պեղումներով բացվել է կառույցի նախնական հարթակը, հետազոտվել են դրա վրա հետագայում կառուցված շինության պատերի մեջ ներառված և շրջակայքում գտնվող վաղքրիստոնեական կոթողները, XII-XIII դարերի խաչքարերը և XVI-XVIII դարերի տապանաքարերը։
Խմբի կողմից Արցախի հնագիտական հուշարձանների ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են հայերեն և օտարալեզու մի շարք մենագրություններով, 100 և ավելի հոդվածներով, ներկայացվել են միջազգային գիտաժողովներին։
Խմբի աշխատակիցների ուսումնասիրության ոլորտները