Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Հայ ազգագրության ակունքները հասնում են հնագույն ժամանակներ։ Հայկական լեռնաշխարհի վաղնջական բնակչության տնտեսության, կենցաղի, հավատալիքների վերաբերյալ սկզբնաղբյուրի նշանակություն ունեն հնագիտական պեղումներով ձեռք բերվող նյութերը: Ազգագրական բնույթի հարուստ նյութեր են պարունակում սեպագիր աղբյուրները՝ հատկապես Վանի թագավորության շրջանի բնակչության նիստուկացի, զբաղմունքների ու կրոնական պատկերացումների մասին: Ազգագրության համար չափազանց կարևոր են ժողովրդական բանահյուսության տվյալները, որտեղ արտացոլվել են ժողովրդի անցած ուղու գրեթե բոլոր բնագավառները։
Հայ պատմիչներից ազգագրական բնույթի ուշագրավ նյութեր են հաղորդում Ագաթանգեղոսը (V դ․), Փավստոս Բուզանդը (V դ․), Մովսես Խորենացին (V դ․), Ղազար Փարպեցին (V դ․), Հովհան Մանդակունին (V դ․), Մովսես Կաղանկատվացին (VII դ․), Հովհան Մամիկոնյանը (VII-VIII դդ․), Արիստակես Լաստիվերցին (XI դ․), Թովմա Արծրունին (IX-X դդ․), Կիրակոս Գանձակեցին (XIII դ․), Ստեփանոս Օրբելյանը (XIII-XIV դդ․), Առաքել Դավրիժեցին (XVI-XVII դդ․), Զաքարիա Քանաքեռցին (XVII դ․) և շատ ուրիշներ։ Հարևան ու այլ երկրների ժողովուրդների կենցաղի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Հեթում Պատմիչը (XIII-XIV դդ․), Աբրահամ Կրետացին (XVII-XVIII դդ․) և այլք։
Որպես գիտություն՝ ազգագրությունը ձևավորվում է XIX դ. սկզբից մինչև XX դ. սկզբներն ընկած ժամանակահատվածում: Մինչև XIX դ. կեսերը հիմնականում նյութեր են գրանցվել, իսկ արդեն 1870-80-ական թվականներին առաջացել է հավաքված նյութերի վերլուծության և մասնագիտական հարցարաններ ունենալու խնդիրը:
Հատկանշական է հատկապես Մխիթարյան միաբանության գիտնական հայրերի ավանդը նաև այս բնագավառում: Ականավոր հայագետ Ղուկաս Ինճիճյանը «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835 թ․) երկասիրության մեջ ներկայացնում է հայոց միջնադարյան պետական-նախարարական իրավական նորմերը, պալատական բարքերն ու սովորույթները, ռազմարվեստը։ Նա ուշագրավ տեղեկություններ է թողել նաև հայոց ամուսնական սովորույթների, կենցաղի, բարքերի, հուղարկավորման ծեսերի և այլնի վերաբերյալ, անդրադարձել է զբաղմունքներին, ճարտարապետությանն ու երաժշտությանը, հեթանոսության ու քրիստոնեության առնչություններին, հոգևորականների նիստուկացին, տարազներին և ծեսերին։
Մինաս Բժշկյանը նյութեր է հավաքել հայ և այլ ժողովուրդների կենցաղի ու մշակույթի վերաբերյալ։ Հատկանշական է նրա «Ճեմարան գիտելեաց» (1815 թ․) ծավալուն դասագիրք-աշխատությունը, որտեղ շարադրված է հունա-հռոմեական դիցաբանությունը, տարբեր ժողովուրդների քաղաքակրթական առանձնահատկությունները, ինչպես նաև՝ «Պատմութիւն Պոնտոսի» (1819 թ․) և «Ճանապարհորդութիւն ի Լեհաստան» (1830 թ․) աշխատությունները, որոնցում հեղինակը ներկայացնում է հայոց և հարևան ժողովուրդների ազգագրական պատկերը։
Զգալի է Խաչատուր Աբովյանի վաստակը ազգագրության բնագավառում: 1840 թ. «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի և հատկապես նրանց հարսանեկան սովորույթների մասին» գերմաներեն գրված ծավալուն հոդվածում նա ներկայացնում է քաղաքի եվրոպականացման գործընթացը և հայոց դերն այդ ասպարեզում։ Զուտ ազգագրական բնույթի ուսումնասիրություն է նրա «Գյուղական տների կառուցվածքը» (1834, գերմաներեն) հոդվածը: «Քրդեր և եզդիներ» (1845, գերմաներեն) աշխատությունը նվիրված է նրանց սովորույթներին, կրոնի կենցաղային-ծիսական դրսևորումներին ևն: Ազգագրական և բանահյուսական անսպառ աղբյուր է նրա հայտնի «Վերք Հայաստանի» (1841) աշխատությունը:
Ազգագրական գիտության բուն հիմքերը դրվեցին XIX դ. կեսերին, որի դրոշակակիրը դարձավ Գարեգին Սրվանձտյանցը: Նա, Մկրտիչ Խրիմյանի (Հայոց Հայրիկի) հետ համագործակցելու և հոգևորականի իր կոչման բերումով, տասնամյակներ ի վեր շրջեց հատկապես Արևմտյան Հայաստանում ու ստեղծեց արժեքավոր մենագրություններ: Հատկապես նշանավոր են «Մանանա» (1876), «Թորոս աղբար» (1879-1884), «Համով-հոտով» (1884) աշխատությունները և բազմաթիվ հոդվածներ ժամանակի մամուլում, որտեղ ներկայացված է ժողովրդական մշակույթը։
Նշանակալից է Ղևոնդ Ալիշանի պատկառելի ներդրումը հայ պատմագիտության, ըստ այդմ՝ նաև ազգագրության բնագավառում, հիմնականում գրավոր աղբյուրների հիմամբ։ Նրա «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց» (1895) երկասիրությունը հայոց հեթանոսական պատկերացումների մի շտեմարան է, իսկ Մեծ Հայքի մի քանի գավառներին և Կիլիկյան Հայաստանին նվիրված պատմամշակութային մենագրությունները այսօր էլ մնում են չգերազանցված։ Ազգագրական մեծ արժեք ունի նաև Ղևոնդ Ալիշանի «Հայբուսակ» աշխատությունը, որտեղ Հայկական լեռնաշխարհի բուսական աշխարհի վերաբերյալ նյութերի մի մասը կարևոր աղբյուր է էթնոբուսաբանական և էթնոլեզվաբանական ուսումնասիրությունների համար:
Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսուցչապետ Գրիգոր Խալաթյանը 1887 թ. հրատարակեց 500 հարցից բաղկացած «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» առաջին ուղեցույց ծրագիր-հարցարանը։
Հայ ազգագրական գիտության ձևավորման բնագավառում կարևոր ներդրում ունեցավ XIX դ. խոշորագույն հայ մտավորականներից մեկը` Մկրտիչ էմինը, որը XX դ. սկզբին հիմնեց «էմինեան ազգագրական ժողովածու» հանդեսը: 1896 թ. հայ ազգագրական գիտության հիմնադիր Երվանդ Լալայանը հրատարակեց «Ազգագրական հանդես» հույժ մասնագիտական պարբերականը (Շուշի-Թիֆլիս, 1895/96-1916 թթ․):
«Ազգագրական հանդեսը» հրատարակվում էր որոշակի համակարգով, ամեն մի գիրքը հիմնականում բաղկացած էր Հայաստանի որևէ գավառ կամ Կովկասի հայաբնակ շրջան ներկայացնող ստվարածավալ ու համակողմանի նկարագրությունից: Հատկանշական է, որ Երվանդ Լալայանը 20 տարվա ընթացքում 26 հատորում ընդգրկեց պատմական Հայաստանի գրեթե բոլոր գավառները։ Դեռևս 1907 թ. նա բարձրացրեց նաև «Հայոց ազգագրական թանգարան» ստեղծելու հարցը, ինչին ի պատասխան Ամենայն հայոց Մկրտիչ կաթողիկոսը Սանկտ Պետերբուրգի հայոց եկեղեցական խորհրդին պատվիրում է հինգ տարով և ամիսը 100 ռուբլով նրան նպաստ տալ՝ հնագիտական և ազգագրական հետազոտություններ կատարելու և Մայր Աթոռի թանգարանի համար նյութեր հավաքելու համար։
Հայ ազգագրությունը խորհրդային կարգերի հաստատման շրջանում
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, 1920-40-ական թվականներին, ազգագրական գործն ամբողջությամբ կենտրոնացվեց 1921 թ. հոկտեմբերին Երևանում հիմնադրված Հայաստանի կենտրոնական մշակութային-պատմական թանգարանում, ուր հենց սկզբից բացվեց նաև ազգագրության բաժին: Նոր թանգարանն ուներ հնագիտական և ազգագրական բաժիններ, այն համալրվում է նաև էջմիածնի ու Նոր Նախիջևանի թանգարանների նյութերով: 1921-1922 թթ. Երվանդ Լալայանը Հայաստանի կառավարության միջնորդությամբ և օժանդակությամբ Թիֆլիսից Երևան տեղափոխեց «Կովկասի հայոց ազգագրական ընկերության» թանգարանն իր ամբողջ գույքով ու կայքով, ինչպես նաև շուրջ 20 հազար գրքով գրադարանը։ 1922 թ. Երվանդ Լալայանը դառնում է թանգարանի տնօրեն, հետագայում` ազգագրության բաժնի վարիչ: 1928 թ. նրան փոխարինում է Ստեփան Լիսիցյանը (մինչև 1946 թ. վերջերը), այնուհետև` Վարդ Բդոյանը (մինչև 1960-ական թվականների սկիզբ)։
Հայ ազգագրության զարգացման համար անգնահատելի ներդրում էր Ստեփան Լիսիցյանի կազմած «Ազգագրական հարցարանը» (1946 թ․), որը հսկայական տեսական ու գործնական նշանակություն ունեցավ որպես մեթոդական կարևոր ձեռնարկ: 1920-30-ական թվականների աշխատանքների հանրագումարը եղավ հայոց նախախորհրդային ազգագրությանը նվիրված Ստեփան Լիսիցյանի «Очерки этнографии дореволюционной Армении» (1955 թ․) աշխատությունը, որը հայ ժողովրդի էթնոմշակութային ամբողջական պատկերը տալու առաջին փորձն էր: Նա նաև 1931-1946 թթ. անասելի ծանր պայմաններում ազգագական բարձրարժեք նյութեր է հավաքել Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Ջավախքում և այլ գավառներում։
Նշանակալից է Խաչիկ Սամուելյանի դերը հայ ազգագրական գիտության բնագավառում: Նա կարևոր դեր է ունեցել Հայոց ազգագրական ընկերության ստեղծման գործում, եղել «Ազգագրական հանդեսի» խմբագրական մասնաժողովի անդամ: Հատկապես կարևոր նշանակություն ունեն հանդեսում նրա հրատարակած «Արյան վրեժ և փրկանք» (1903 թ․), «Հայոց հին իրավունքը և նրա հետազոտության մեթոդը» (1904 թ․), «Առևանգմամբ և գնմամբ ամուսնություն» (1904 թ.) և «Հայ ընտանեկան պաշտամունք» (1906 թ․) հոդվածները։ «Հին Հայաստանի կուլտուրան» (1931-1941 թթ․) եռահատոր աշխատության մեջ նա առաջինն է բնութագրում հայոց նյութական և հոգևոր մշակույթների տևական զարգացման փուլերը: Նրան հաջողվեց լուծել մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ավանդական գերդաստանին, ընտանիքին, ժողովրդական տոներին և մշակույթի այլ բնագավառներին:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ազգագրության խմբի ստեղծումը
ԳԱ համակարգում ազգագրության բաժին ստեղծվում է միայն 1953 թ., երբ Պատմության ինստիտուտի տնօրեն Սուրեն Երեմյանի՝ նույն թվականի ապրիլի 25-ի հրամանով, Պատմական թանգարանի՝ ԳԱ ցանցից դուրս գալու կապակցությամբ, թանգարանի ազգագրական սեկտորի չորս աշխատակիցներ (պ.գ.թ. Էմմա Կարապետյան, բ.գ.թ. Ամինե Ավդալ, Դերենիկ Վարդումյան և Վարդան Թեմուրճյան) փոխադրվեցին Պատմության ինստիտուտ: ԳԱ պատմության ինստիտուտի ազգագրության խումբը 1953-1955 թթ. ղեկավարել է Էմմա Կարապետյանը, 1955-1959 թթ.` Դերենիկ Վարդումյանը։
Խորհրդային ազգագրագետների առջև խնդիր էր դրված գիտարշավների միջոցով ձեռք բերել «սոցիալիստական շինարարության շնորհիվ» գյուղացիների կենցաղում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախնական դաշտային նյութեր: Ուշագրավ է 1959 թ. մարտի 18-ին պատմության ինստիտուտի ազգագրության խմբի նիստը, որտեղ քննարկվեց ՍՄԿՊ 21-րդ արտահերթ համագումարի որոշումների լույսի ներքո ազգագրության խմբի յոթնամյակի համար նախատեսվող թեմատիկան վերանայելու հարցը։
Ելնելով ՍՄԿՊ 21-րդ համագումարի որոշումներից՝ որոշվեց վերանայել ազգագրության խմբի թեմատիկան, որպեսզի այն անմիջականորեն բխի պարտիայի կողմից սովետական գիտնականների առջև դրված հերթական խնդիրներից: Այս առնչությամբ յոթնամյա թեմատիկ պլանի մեջ կատարվեցին հետևյալ փոփոխությունները.
Այդ տարիներին թեմաներ էին կատարվում նաև պատվերով։ Այսպես՝ Մոսկվայի Ազգագրության ինստիտուտի պատվերով և Հայկական ԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրինության հանձնարարությամբ, 1951 թ. Էմմա Կարապետյանը կատարում է «Հայաստանի բանվորների կենցաղը մինչև ռևոլյուցիան և սովետական ժամանակաշրջանում», իսկ 1954 թ. Դերենիկ Վարդումյանի հետ`«Հայաստանի կոլտնտեսային գյուղացիների ընտանիքը և ընտանեկան կենցաղը» թեմաները։
Խորհրդային տարիներին նկատելի է դառնում ազգագրության մի նոր, տարբերակիչ կողմը նախորդ շրջանից։ Հաշվի առնելով, որ անցյալում ժողովրդի առօրյա կյանքից վերապրուկային ազգագրական նյութեր էին հավաքվում հիմնականում նախնադարյան-տոհմային կարգերի բնույթը պարզելու համար, առաջին պլան է մղվում այդ նյութերի հիման վրա ժողովուրդների մշակույթի և կենցաղի արդի վիճակը հիմնավորապես ուսումնասիրելու և նոր պայմաններում կատարված փոփոխություններն ու զարգացման հեռանկարները պարզելու խնդիրը: Այս ամենից ելնելով՝ սովետահայ ազգագրագետներն իրենց ուսումնասիրության հիմնական դիտակետ էին դարձրել կոլտնտեսային գյուղացիությանն ու բանվոր դասակարգին` շարունակելով աշխատանքը նաև ավանդական ազգագրության բնագավառում: Տարիների ընթացքում մշակվում են Հայաստանի կոլտնտեսային գյուղացիության, բանվոր դասակարգի արդի կենցաղին ու կուլտուրային նվիրված թեմաներ, հրապարակ է գալիս Դերենիկ Վարդումյանի «Լոռեցիների նոր կենցաղը» աշխատությունը (1956 թ․):
Այդ աշխատանքները նպատակ ունեին նաև ամբողջացնելու Մոսկվայում հրատարակվող «Народы мира» մատենաշարի «Народы Кавказа» հատորի «Армяне» բաժինը:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ստեղծումը և գործունեությունը
1959 թ. պատմության ինստիտուտից, իրենց հաստիքներով, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ փոխադրվեցին Բաբկեն Առաքելյանը, Սեդրակ Բարխուդարյանը, Հարություն Մարտիրոսյանը, Սանդրո Սարդարյանը, Մարգարիտ Իսրայելյանը, Նիկոլայ Հարությունյանը, Գրիգոր Կարախանյանը, Գևորգ Տիրացյանը, Զոհրաբ Ղասաբյանը, Հայկ Ազիզյանը, Դերենիկ Վարդումյանը, Ամինե Ավդալը, Վարդան Թեմուրճյանը, Էմմա Կարապետյանը, Աստղիկ Օդաբաշյանը։ 1959 թ. հոկտեմբերին Պետական պատմական թանգարանից Հնագիտության և ազգագրության ինստիտուտ է տեղափոխվում նաև Վարդ Բդոյանը։ 1974 թ. ԳԱ Արվեստի ինստիտուտից Հնագիտության և ազգագրության ինստիտուտ տեղափոխվեցին նաև Սրբուհի Լիսիցյանը և Ժենյա Խաչատրյանը։
Այս շրջանում աստիճանաբար ուրվագծվում է հայ ազգագրագետների թեմատիկ նախասիրությունների շրջանակը: Նրանք մասնագիտանում են առանձին խնդիրների հետազոտման մեջ՝ այն դարձնելով տևական բազմակողմանի քննության առարկա: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մինչ այդ համեմատաբար նվազ ուշադրություն էր դարձվել հայ ժողովրդի տնտեսական զբաղմունքների ու նյութական մշակույթի ազգագրական հետազոտությանը, ուժերը հիմնականում կենտրոնացվեցին դրանց շուրջը՝ պատշաճ տեղ հատկացնելով նաև մյուս բնագավառներին։
1965 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում բացվեց հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության ամբիոն, որտեղ դասավանդվում էր շուրջ տասը ազգագրական առարկա՝ նոր հեռանկարներ բացելով Հայաստանում գիտական կադրեր պատրաստելու և գիտության այս ճյուղի զարգացման համար։
Հայկական ԽՍՀ ԳԱ նախագահության 1970 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ Հնագիտության և ազգագրության ինտիտուտի ազգագրության բաժնի կարևորագույն խնդիրներից մեկը սահմանվեց Կովկասի պատմազգագրական ատլասի «Հայկական ԽՍՀ» բաժնի կազմումը։ Ատլասի չորս բաժինները (երկրագործություն, անասնապահություն, բնակավայր-բնակարան, տարազ-զարդարանք) պլանավորված ժամկետում (1969-1973 թթ․) ավարտելու համար որոշվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
երկրագործական մշակույթ (համակարգող՝ Վարդ Բդոյան),
անասնապահական մշակույթ (համակարգող՝ Յուրի Մկրտումյան),
բնակավայր-բնակարան (համակարգող՝ Դերենիկ Վարդումյան),
տարազ-զարդարանք (համակարգող՝ Էմմա Կարապետյան):
Առանձին գիտաշխատողների գիտական թեմաները կարող էին փոխվել միութենական վերադաս կազմակերպությունների որոշումների համաձայն: Այսպես, 1956 թ. ԽՍՀՄ ԳԱ կոորդինացիոն խորհրդի ազգագրական սեկցիան նպատակահարմար համարեց մի շարք թեմաներ կատարել կոորդինացված ձևով, որպեսզի հնարավոր լինի կազմել ԽՍՀՄ ժողովուրդների կուլտուրայի առանձին բնագավառների ատլասները: Ելնելով վերոհիշյալից՝ որոշվեց համապատասխան փոփոխություններ մտցնել ազգագրական խմբի 1957 թ. թեմատիկ պլաններում.
1960-90-ական թվականներին բաժնում հանգամանորեն հետազոտվել են հայոց հիմնական պատմամշակութային մարզերը, զբաղմունքները, երկրագործական, անասնապահական, հոգևոր մշակույթները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում հրատարակվել են Դերենիկ Վարդումյանի «Լոռեցիների նոր կենցաղը» (1956 թ․), Վարդան Թեմուրճյանի «Գամիրքի հայերը» (1970 թ․) աշխատությունները, ինչպես նաև Վարդ Բդոյանի «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972 թ․) հիմնարար աշխատությունը՝ հայկական երկրագործական գործիքների և դրանց զարգացման ընթացքի վերաբերյալ: Յուրի Մկրտումյանի «Формы скотоводства в восточной Армении (вторая половина XIX-начало XX в.)» (1974 թ․) գիրքը համապարփակ ձևով ներկայացնում է անասնապահության բոլոր ձևերը։ Հրատարակվել են նաև մի շարք այլ աշխատություններ։
Ազգագրության ավանդութային թեմաները, որպիսիք են հայ ընտանեկան համայնքը և ազգակցական հարաբերությունները, ինչպես նաև գյուղական համայնքը, նույնպես արժանացել են պատշաճ ուշադրության։
Հանգամանորեն հետազոտվել են նաև փոխադրամիջոցները, արհեստներն ու տնայնագործությունը, ինչպես նաև նյութական մշակույթը` բնակարանը, տարազն ու ուտեստը։ Այդ խնդիրներին անդրադարձող կարևոր աշխատություններից են Լևոն Պետրոսյանի «Հայ ժողովրդական փոխադրամիջոցներ. հետիոտն և գրաստային փոխադրամիջոցներ (պատմա-ազգագրական ուսումնասիրություն)» (1974 թ․), Կառլեն Սեղբոսյանի «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները լենինականցիների կենցաղում (պատմա-ազգագրական ուսումնասիրություն)» (1974 թ․), Արմենուհի Ստեփանյանի «Հայ ժողովրդական տարազի զարդանախշերը (ծիսային, գունային և նշանային համակարգերը)» (2007 թ․) գրքերը։
Հետազոտության նյութ են դարձել նաև հայ հեթանոսական կրոնին, ժողովրդական տոներին ու հավատալիքներին, ժողովրդական ժամանցին, պարարվեստին ու թատերական ներկայացումներին առնչվող գիտական կարևորություն ունեցող մի շարք հարցեր։
Թեմատիկ ուսումնասիրություններին զուգընթաց, հրատարակվել են նաև առանձին պատմազգագրական մարզեր ներկայացնող համապարփակ աշխատություններ։ Արժանի են հիշատակման Ստեփան Լիսիցյանի «Լեռնային Ղարաբաղի հայերը» (1981 թ․), Գևորգ Հալաջյանի «Դերսիմի հայերի ազգագրությունը» (1973 թ․), Սերինե Ավագյանի «Արճակ» (1978 թ․), Գևորգ Գևորգյանի «Ղզլար» (1980 թ․) աշխատությունները։
Պատշաճ տեղ է հատկացվել հայ ազգագրության տեսության, պատմության և ազգագրական ժառանգության ուսումնասիրության հարցերին, վերահրատարակվել են երախտավորների երկերը, կազմվել են վաստակաշատ գիտնականներ Ստեփան Լիսիցյանի, էմմա Կարապետյանի, Սերիկ Դավթյանի, Արտաշես Նազինյանի, Զավեն Խառատյանի կենսամատենագիտությունները։
Ժողովրդական մշակույթի գանձերը համակողմանիորեն և պարբերաբար լայն հասարակայնությանը գիտականորեն ներկայացնելու համար կարևոր քայլ էր 1970 թ. «Հայ ազգագրություն և բանահյուսություն. նյութեր և ուսումնասիրություններ» ժողովրդագիտական մատենաշարի հրատարակությունը, որով ըստ էության վերականգնվեցին Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդէսի» ավանդույթները։ Մինչ օրս լույս է տեսել մատենաշարի 26 պրակ:
Ազգագրության բաժնի աշխատակիցները գործուն մասնակցություն են ունեցել նաև Հայկական խորհրդային հանրագիտարանի աշխատանքներին՝ որպես բառահոդվածների հեղինակներ և ճյուղային խմբագիրներ (Դերենիկ Վարդումյան, Լևոն Պետրոսյան)։ 2012 թ. Մոսկվայում հրատարակվեց ազգագրության բաժնի կազմած «Народы и культуры» մատենաշարի «Армяне» ծավալուն հատորը, որի հեղինակները եղել են ինչպես Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, այնպես էլ ՀՀ այլ գիտական հաստատությունների և բուհերի շուրջ 40 գիտաշխատողներ:
Հարկ է նշել, որ ազգագրորեն հետազոտվել են նաև Հայաստանում բնակվող այլազգիները (ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, եզդի-քրդեր)։
Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև սփյուռքի հայաբնակ վայրերի համատարած հետազոտության հիմամբ կազմվել է «Հայ պատմազգագրական ատլասի» չորս պրակ (թեմաները՝ երկրագործական մշակույթ, անասնապահական մշակույթ, բնակավայր-բնակարան, տարազ-զարդարանք)՝ ըստ Հայաստանի պատմազգագրական մարզերի և էթնիկ խմբերի։
Բաժնի ուսումնասիրության ոլորտները