Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Խորհրդային Հայաստանում ԳԱ կազմավորումից ի վեր՝ հայ բանահյուսական մշակույթի հիմնական հետազոտությունները մինչև 1960 թ. ընթացել են Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ բանահյուսության բաժնում, որի ղեկավարը եղել է նշանավոր բանագետ-գրականագետ, այն ժամանակ՝ բ.գ.թ. Արամ Ղանալանյանը: 1960 թ. մարտի 3-ից բաժինը տեղափոխվել է նորաբաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ կազմելով նրա երեք հիմնական ուղղություններից մեկը՝ հնագիտության և ազգագրության հետ մեկտեղ: Քանի որ Արամ Ղանալանյանը (1967-ից՝ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1977-ից՝ Հայկական ԽՍՀ ակադեմիկոս) մնացել է Գրականության ինստիտուտում, տեղափոխված բաժինը ղեկավարել է բ.գ.թ. Արտաշես Նազինյանը (1924-1999 թթ.): Բաժնի կազմում ընդգրկված է եղել հայ ժողովրդական պարերի և թատերական ներկայացումների խումբը (ղեկավար` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյան, անդամներ` պ.գ.թ. Ժենյա Խաչատրյան, արվեստագիտության դոկտոր Էմմա Պետրոսյան): Այս բաժինը կոչվում էր «Հայ ժողովրդական բանահյուսության բաժին». դրա հիման վրա են ձևավորվել ներկայումս ինստիտուտում գործող երկու բանահյուսական բաժինները՝ Բանահյուսության տեսության և պատմության բաժինը (նախկինում՝ Բանահյուսական սկզբնաղբյուրների վավերագրման բաժին) և Հայ բանահյուսության տեքստաբանության բաժինը։
Բանահյուսական սկզբնաղբյուրների վավերագրման աշխատանքները
1971 թ. նորագույն մեթոդներով՝ բանահյուսական արխիվային նյութերի գիտական ֆոնդավորման, մշակման և վավերագրման նպատակով ձևավորվեց աշխատանքային խումբ, որի հիման վրա ստեղծվեց Բանահյուսական սկզբնաղբյուրների վավերագրման բաժինը։ Այս բաժինը հիմնադրել և ղեկավարել է բ.գ.դ. Սարգիս Հարությունյանը, ով մինչ այդ եղել է կրտսեր գիտաշխատող Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1959-1960 թթ.), այնուհետև՝ կրտսեր (1960-1962 թթ.) և ավագ (1962-1972 թթ.) գիտաշխատող Հնագիտության և ազգագրության ինստիտուտի դեռևս «միացյալ» բանահյուսական բաժնում՝ Արտաշես Նազինյանի ղեկավարությամբ։ Սարգիս Հարությունյանի հիմնադրած Բանահյուսական սկզբնաղբյուրների վավերագրման բաժնի աշխատակիցներ են դառնում բ.գ.թ. Ռոզա Գրիգորյանը (հետագայում` բ.գ.դ.), բ.գ.թ. Վերժինե Սվազլյանը (հետագայում` բ.գ.դ.), Սվետլանա Վարդանյանը (հետագայում` բ.գ.թ.) և բ.գ.թ. Արուսյակ (Վեներա) Սահակյանը: 1972-1973 թթ. բաժինը համալրվում է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի նորավարտ՝ բանահյուսությունից ավարտական թեզ պաշտպանած երիտասարդ կադրերով, որոնցից էին՝ Էսթեր Խեմչյանը (հետագայում` բ.գ.թ.), Ռաիսա Խաչատրյանը, Ժաննա Խուրշուդյանը և Հրաչյա Վարդանյանը, ավելի ուշ երիտասարդական խմբին միացել է Հովհաննես Թաքուկյանը:
Բանահյուսական սկզբնաղբյուրների վավերագրման և ֆոնդավորման աշխատանքներին սկզբնական փուլում մասնակցել են բանահյուսական 2 բաժինների գրեթե բոլոր գիտաշխատողները, բանահավաքները և լաբորանտները: Բանահյուսական նյութերի գիտական մշակման և քարտավորման աշխատանքն ընթացել է երեք փուլով:
Առաջին փուլում կուտակված բանահյուսական նյութերը ֆոնդավորվել և էջադրվել են, ինչից հետո բանահյուսական արխիվը ստացել է հետևյալ պատկերը.
FA (Երվանդ Լալայանի ֆոնդ), բաղկացած է 7 մասից`FAI – FAVII,
FBI (Տիգրան Նավասարդյանի ֆոնդ), հետագայում հանձնվել է Հայկական ԽՍՀ պետական արխիվին),
FF (Խառը ֆոնդ), բաղկացած է 13 մասից FFI-FFXIII, որից մշակվել է միայն 10 մաս. ֆոնդի յուրաքանչյուր մասում ընդգրկված է 9999 էջ (օրինակ` FFI: 0.001-9.999):
Երկրորդ փուլում նյութերը մշակվել են ըստ Իսիդոր Լևինի կազմած բանահյուսական նյութերի մշակման համակարգի (Армянская система): Արխիվային բանահյուսական յուրաքանչյուր միավորի համար լրացվել է քարտ, որի մեջ ընդգրկված լատինատառ կետերի դիմաց գրվել է ֆոնդը, էջը, նյութի հերթական համարը, նյութի ծագման և գրառման վայրը, գրառման տարեթիվը, գրառողը (սեռը և տարիքային խումբը), բանասացը (սեռը և տարիքային խումբը), ժանրի թվային արժեքը, սկզբնաղբյուրի ձևը՝ ձեռագիր, մեքենագիր կամ տպագիր լինելը, ևն:
Երրորդ փուլում լրացված քարտերն ուղարկվել են հանրապետական հաշվողական կենտրոն, որտեղ մշակվել են համակարգչային քանակական վերլուծության մեթոդներով, իսկ նորերս թվայնացվել են ինստիտուտի գիտաշխատողների հավաքագրած բանահյուսական ձայնագրությունները (Սարգիս Հարությունյան, Էսթեր Խեմչյան):
Արխիվային նյութերը մշակվել են ըստ իմաստային և առարկայական խմբերի։ Մշակման վերջնական արդյունքն ամփոփված է մեկ մեծածավալ մատյանում, որը պահվում է Բանահյուսության տեսության և պատմության բաժնում:
Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացրել է հետևյալ կազմով աշխատանքային խումբը` Ալվարդ Ղազիյան (համակարգող), Էսթեր Խեմչյան, Ռաիսա Խաչատրյան, Թամար Գևորգյան, Վերա Ավագյան, իսկ երրորդ փուլի աշխատանքներն իրականացրել են Ռաիսա Խաչատրյանը, Էսթեր Խեմչյանը և Հովհաննես Թաքուկյանը։
Երկրորդ փուլի աշխատանքներին զուգահեռ՝ ընթացել է հայ ժողովրդական 16.000 երգ-խաղիկների մոտիվային համաբարբառի քարտարանի կազմման աշխատանքը (գիտական ղեկավարներ` բ.գ.դ. Իդիդոր Լևին, բ.գ.դ. Սարգիս Հարությունյան): Աշխատանքային խմբի մաս են կազմել Ռոզա Գրիգորյանը, Վերժինե Սվազլյանը, Արուսյակ Սահակյանը, Սվետլանա Վարդանյանը, Հրաչյա Վարդանյանը, Ժաննա Խուրշուդյանը: Երգ-խաղիկների մոտիվային համաբարբառի հիման վրա կազմվել է մինչև 5 տարբերակ ունեցող երգերի համահավաք ժողովածու:
2000-ականներից մինչև այսօր
Բանահյուսական սկզբնաղբյուրների վավերագրման բաժինն իր հիմնական խնդիրն իրագործելուց հետո 1991 թվականին վերանվանվել է Բանահյուսության տեսության և պատմության բաժին։ Մինչև 2018 թվականն այն ղեկավարել է ականավոր բանագետ-արևելագետ, Հնագիտության և ազգագրության ինտիտուտի գլխավոր գիտաշխատող (1994 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000 թ.), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2009 թ.) Սարգիս Հարությունյանը։ 2023 թ. ստորաբաժանումը վերանվանվել է Բանագիտության բաժին, որը ղեկավարում է պ.գ.թ. Տորք Դալալյանը:
Բաժնի հիմնական ուղղություններն են՝
Բանահավաքչական աշխատանքներ
Բանահավաքչությունն իրականացվել է պարբերաբար կազմակերպված համալիր ու նպատակային գիտարշավների և անհատական գործուղումների միջոցով: ՀՀ տարբեր մարզերից (Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ, Արարատյան դաշտ, Լոռի, Արցախ, ևն) ու Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերից (Քեսաբ, Համշեն, սփյուռքահայ համայնքներ) գրառվել են բանահյուսական տարբեր ժանրերի մեծաքանակ նյութեր, որոնցով համալրվել է ինստիտուտի բանահյուսական արխիվը` նյութական կայուն բազա ծառայելով տարբեր բնույթի բանագիտական հետազոտությունների համար: Արդյունքների մեծ մասն առայժմ կենտրոնացված է ինստիտուտի բանահյուսական արխիվում և վերամշակված է 1970 թ. ի վեր էհմ-ի, իսկ հետագայում՝ արդի համակարգչային թվայնացման մեթոդներով: 2000-ականներից մինչև այսօր բաժնի գրեթե բոլոր գիտաշխատողները ներգրավված են եղել բանահավաքչական աշխատանքներում։
Բանահյուսական բնագրերի կազմում և հրատարակում
Այս աշխատանքը սկսվել է դեռևս Գրականության ինստիտուտում և հետագայում շարունակվել. կազմվել և հրատարակվել են Արամ Ղանալանյանի հայկական առած-ասացվածքների համահավաքը («Հայկական առածանի», 1951 թ.) և ավանդազրույցների համահավաքը («Ավանդապատում», 1969 թ.), Մանիկ Մկրտչյանի «Հայ ժողովրդական պանդխտության տաղերը» (1961 թ., 1979 թ.), ևն:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 1965 թվականին հրատարակվել է Սարգիս Հարությունյանի կազմած «Հայ ժողովրդական հանելուկների» գիտական համահավաք բնագիրը, իսկ 1989 թվականին՝ Ալվարդ Ղազիյանի «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգերի» համահավաքը:
1959 թ.-ից առ այսօր կազմվել և հրատարակվել է «Հայ ժողովրդական հեքիաթների» գիտական բազմահատորյակը` ակադեմիկոս Հովսեփ Օրբելու և Արտաշես Նազինյանի ընդհանուր խմբագրությամբ: Առ այսօր լույս է տեսել 18 հատոր, որոնցից 4 հատոր կազմել են բաժնի աշխատակիցներ Վերժինե Սվազլյանը (VI, XII, XV) և Ռոզա Գրիգորյանը (VIII):
1970 թ. կազմվել և հրատարակվել է Ռոզա Գրիգորյանի «Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգերի» գիտական համահավաքը, իսկ 1972-1986 թթ.` Գրիգոր Գրիգորյանի «Հայ ժողովրդական վիպերգերը և պատմական երգային բանահյուսությունը» խորագրով հնգահատոր ուսումնասիրությունն ու բնագրերը:
2006 թ. լույս են տեսել Սարգիս Հարությունյանի կազմած և խմբագրած «Հայ հմայական և ժողովրդական աղոթքների» գիտական համահավաք բնագրերը:
«Սասնա ծռերի» պատումների գրառում, հրատարակություն և ուսումնասիրություն
1950-1960-ական թթ. ի վեր սկսվում է նոր շարժում՝ հայ ժողովրդական դիցավեպի` «Սասնա ծռեր»-ի գրառման, հրատարակության և ուսումնասիրության ուղղությամբ: 1956 թ. լույս էր տեսել Հովսեփ Օրբելու «Հայկական հերոսական էպոսը» ուսումնասիրությունը, 1960 թ.` Գրիգոր Գրիգորյանի «Հայ ժողովրդական հերոսական էպոսը» մենագրությունը:
1970 թ. ինստիտուտում կազմվում է «Սասնա ծռեր»-ի նոր պատումների հայտնաբերման նպատակային արշավախումբ (ղեկավար` Սարգիս Հարությունյան), որը 3 տարիների ընթացքում (1970–1972 թթ.) Հայաստանի տարբեր շրջաններից գրառում է 80-ից ավելի նոր պատումներ, որոնց արժեքավոր մասը հրատարակվել է «Սասնա ծռեր»-ի 3-4-րդ հատորներում (հատոր Գ` 1979 թ. և հատոր Դ` 1999 թ., պատումների կազմումը և հրատարակումը՝ Սարգիս Հարությունյանի և Արուսյակ Սահակյանի): Անձնական նախաձեռնությամբ ժողովրդական դիցավեպի նոր պատումներ են հայտնաբերել և հրատարակել Գրիգոր և Վահագն Գրիգորյանները («Սասունցի Դավիթ», 1977 թ.): Ռոզա Գրիգորյանը 8 նոր պատումներ և նույնքան տարբերակներ է հավաքել ու հրատարակել (2000 թ.):
1975 թ. լույս է տեսել Արուսյակ Սահակյանի «Սասնա ծռերի» պատումների քննական համեմատություն» մենագրական հետազոտությունը, 1977 թ.` Սարգիս Հարությունյանի կազմած «Սասնա ծռեր»-ի տասը ընտիր պատումները` հետազոտությամբ հանդերձ:
Առասպելագիտություն
Մեզանում հայ առասպելաբանության և վիպական բանահյուսության գիտական լուրջ և հիմնարար ուսումնասիրության հիմքը նոր ժամանակներում դրել է Սարգիս Հարությունյանը (1981 թ.՝ «Վիշապամարտը Սասնա ծռերում», 1987 թ.՝ «Հայ հին վիպաշխարհը», 2000 թ.՝ «Հայ առասպելաբանություն»): Հետագայում այս ուղղությամբ հետազոտությունները խորացրել է Արմեն Պետրոսյանը (1997 թ.՝ «Արամի առասպելը» և «Հայկական էպոսի հնագույն ակունքները», 2002 թ.՝ «Հայկական էպոսը և առասպելաբանությունը»՝ ռուսերեն և անգլերեն, 2006 թ.՝ «Արամազդ. պաշտամունք, կերպար, նախատիպեր», 2015 թ.՝ «Հայոց նախապատմության հարցեր. առասպել, լեզու, պատմություն»՝ անգլերեն): Նա ակտիվորեն մասնակցել է «Սասնա ծռեր»-ին նվիրված միջազգային գիտաժողովների կազմակերպման և զեկուցումների խմբագրման աշխատանքերին (2003–2014 թթ.): Հայոց առաջին գրի առնված էպոսի՝ «Վիպասանք» դիցավեպի կերպարների առասպելագիտական քննությանը և հայ միջնադարյան գործիչների դիցաբանական կերպարների հետազոտմանը կարճ ուսումնասիրություններ է նվիրել Տորք Դալալյանը (2001 թ.՝ «Մեսրոպ Մաշտոցի գործունեության դիցաբանական հայեցակետերը, պաշտամունքը և սրբավայրերը», 2002 թ.՝ «Հայոց վիպական Սաթենիկ թագուհու կերպարի ծագումնաբանության շուրջ», 2008 թ.՝ «Վիպասանք էպոսի առաջին ճյուղը և ամպրոպային դյուցազնատոհմի ծագումը»)։ 2012 թ. լույս է տեսել Լուսինե Ղռեջյանի «Երկվորյակների առասպելը և դրա տարբեր դրսևորումները հայ վիպական ավանդության համակարգում» գրքույկը։
Հայ բանագիտության պատմության ուսումնասիրություն
Բաժնի հիմնադրման հենց սկզբից լույս են տեսել հայ բանագիտության պատմությանը նվիրված ուսումնասիրություններ, ինչպես՝ Սարգիս Հարությունյանի «Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը» (1970 թ.), Վերժինե Սվազլյանի «Սարգիս Հայկունի» (1973 թ.), Սվետլանա Վարդանյանի «Տիգրան Նավասարդյանի ներդրումը հայ բանագիտության մեջ» (1991 թ.) ռուսերեն մենագրությունը և նույն հեղինակի «Մ.Միանսարյանցի կյանքը և գործը» (2004 թ.):
2010 թ. լույս է տեսել Սարգիս Հարությունյանի «Բանագիտական ակնարկներ» ուսումնական ձեռնարկը` նվիրված հայ բանագիտության պատմությանն ու տեսությանը:
Բանահյուսական առանձին ժանրերի ուսումնասիրություն
Սկսած 1960-ականներից՝ տարբեր տարիներին հրատարակվել են առանձին ուսումնասիրություններ` նվիրված հայ բանահյուսության զանազան ժանրերին և առանձին խնդիրների հետազոտությանը, ինչպես՝ Սարգիս Հարությունյանի «Հայ ժողովրդական հանելուկները» (1960 թ.), «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» (1975 թ.)։
2008 թ. լույս է տեսել Երազիկ Հարությունյանի «Հայ ժողովրդական սգո երգերը» ուսումնասիրությունը, 2009 թ.՝ Նվարդ Վարդանյանի «Հայոց իրապատում հեքիաթը. ժանրային-տիպաբանական քննություն», 2010 թ.՝ Ռաիսա Խաչատրյանի «Հայ ժողովրդական երգերի պոետիկան» մենագրությունները:
Բանահյուսական ժողովածուների հրատարակում
1970 թ. հիմք է դրվում «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (ՀԱԲ) գիտական մատենաշարին, որը մեծ դեր է կատարում բանագիտական և ազգագրական նյութերի համակարգված հրատարակության և ուսումնասիրության գործում: Աշխատանքները կատարվում են բանահյուսական զույգ բաժինների ակտիվ մասնակցությամբ: Առանձին ուղղություն են կազմում հայ ազգագրական առանձին շրջաններից գրառած բանահյուսական նյութերի տեղական ժողովածուները` ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով հանդերձ (Խաչիկ Փորքշեյան, «Նոր Նախիջևանի հայ ժողովրդական բանահյուսությունը» (ՀԱԲ 2, 1971 թ.), Բենսե, «Հարք (Մշո Բուլանըխ)» (ՀԱԲ 3, 1972 թ.), Սերինե Ավագյան, «Արճակ» (ՀԱԲ 8, 1978 թ.), Աաստղիկ Նազարյան, «Էջմիածնի և Աշտարակի բանահյուսությունից» (ՀԱԲ 9, 1978 թ.), Գևորգ Գևորգյան, «Ղզլար» (ՀԱԲ 10, 1980 թ.), Գեդեոն Միքայելյան, «Նոր Բայազետ» (ՀԱԲ 11, 1980 թ.), Ռոզա Գրիգորյան, «Գեղարքունիք» (ՀԱԲ 14, 1983 թ.), Ալվարդ Ղազիյան, «Արցախ» (ՀԱԲ 15, 1983 թ.), Վերժինե Սվազլյան, «Մուսա-լեռ» (ՀԱԲ 16, 1984 թ.), Ռաիսա Խաչատրյան, «Թալին» (ՀԱԲ 19, 1999 թ.), Թամար Գևորգյան, «Լոռի» (ՀԱԲ 20, 1999 թ.), Էսթեր Խեմչյան, «Տավուշ» (ՀԱԲ 21, 2000 թ.), Էսթեր Խեմչյան, «Իջևան (Ձորոփոր)» (ՀԱԲ 25, 2008 թ.):
Մատենաշարերից զատ, առանձին գրքերով հրատարակվել են՝ Վերժինե Սվազլյան, «Կիլիկիա. Արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994 թ.), և «Պոլսահայոց բանահյուսությունը» (2000 թ.), Ալվարդ Ղազիյան, Սվետլանա Վարդանյան, «Բաքվի հայոց բանահյուսությունը» (2004 թ.), Հովհաննես Հովսեփյան, «Ղարադաղի հայերը, բանահյուսություն» (2009 թ.), Սերգեյ Վարդանյան, «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» (2009 թ.)։
Նորերս՝ 2013 թ., Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ լույս են տեսել «Կարս. հայոց բանահյուսական մշակույթը» աշխատությունը՝ իրագործված հեղինակային խմբի կողմից՝ Սարգիս Հարությունյան (խմբի ղեկավար), Սվետլանա Վարդանյան, Էսթեր Խեմչյան, Լուսինե Ղռեջյան, Մարինե Խեմչյան: Իսկ 2015 թ. լույս է տեսել «Մոկս. հայոց բանահյուսական մշակույթը» աշխատությունը՝ դարձյալ հեղինակային խմբի կողմից՝ Սարգիս Հարությունյան, Էսթեր Խեմչյան, Մարինե Խեմչյան, Աննա Պողոսյան:
Բանահյուսության և գեղարվեստական գրականության փոխառնչությունների ուսումնասիրություն
Բանահյուսության ու գեղարվեստական գրականության փոխառնչությունների ուսումնասիրության հարցն առաջադրվել և հետազոտվել է տակավին 1930-ականներից Արամ Ղանալանյանի կողմից («Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1938 թ.), «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1940 թ.), «Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1955 թ.), «Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963 թ.), «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1964 թ.): 1954 թ. Արտաշես Նազինյանը հրատարակում է «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» մենագրությունը: 2011 թ. լույս է տեսել բաժնի աշխատակից Արմեն Շ. Սարգսյանի «Պարույր Սևակը և ժողովրդական բանահյուսությունը» մենագրությունը:
Բաժնի ներկայիս ուսումնասիրության ոլորտները
Բաժնի ներկայիս ուսումնասիրության ոլորտներն ընդգրկում են