Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Հին Հայաստանի հնագիտության բաժնի անցած ուղին օրինաչափորեն արտացոլում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական և կազմակերպչական գործունեությունը։
Դեռևս 1960-ական թվականների վերջերին ինստիտուտը գտնվում էր Խ. Աբովյանի հրապարակի՝ «Պլանի գլխի» մոտակայքում գտնվող նախահեղափոխական Երևանի գիմնազիայի տնօրենի առանձնատանը։ Երբեմնի բնակելի այս շենքը, չնայած իր ճարտարապետական արժանիքներին, մակերեսի սղության պատճառով չէր համապատասխանում գիտական հիմնարկի պահանջներին։ Այդ էր պատճառներից մեկը, որ անտիկ և միջնադարյան հնագիտության մասնագետները գործում էին միացյալ բաժնի մի փոքր սենյակում, որը ղեկավարում էր Կարո Ղաֆադարյանը։ Նման արհեստական սիմբիոզի մյուս, ավելի կարևոր պատճառները ինստիտուտի անբավարար ֆինանսավորումն էր և դրանից բխող գիտական կադրերի զգալի պակասը։ Այդ իսկ պատճառով ուսումնասիրվող մի շարք անտիկ և այլ հուշարձանների պեղման աշխատանքներում ներգրավվում էին նաև ակադեմիայի այլ ինստիտուտների աշխատակիցներ (Սիմոն Կրկյաշարյան, Հրաչ Բարթիկյան, Մարգարիտ Իսրայելյան, Զոհրաբ Ղասաբյան և այլք)։
Չնայած վերոհիշյալ անբարենպաստ հանգամանքներին, բաժնի մասնագետների ջանքերով հաջողությամբ ընթանում էին Գառնիի և Արմավիրի համակարգված պեղումները (ղեկ.՝ Բաբկեն Առաքելյան), ուսումնասիրվում Հացավանի ամրոցը (ղեկ.՝ Գևորգ Տիրացյան), Ջրառատի, Աթարբեկյանի դամբարանադաշտերը (ղեկ.՝ Գևորգ Տիրացյան, Հարություն Մնացականյան) և այլ հուշարձաններ։ Բաժնի աշխատակիցներից Գևորգ Տիրացյանը տարիներ շարունակ մասնակցում էր նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Էրմիտաժի համատեղ ծրագրով ընթացող Կարմիր բլրի պեղումներին։
Բաժնի գործունեության սկզբնական փուլը
1971 թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտը տեղափոխվեց իր ներկայիս շենքը և, այլ բարեփոխումների հետ մեկտեղ, կանոնակարգվեց նաև նրա կառուցվածքը։ Ձևավորվեց Անտիկ Հայաստանի հնագիտության բաժինը (հետագայում՝ Հին Հայաստանի հնագիտության բաժին), որը ղեկավարեց ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, իսկ 1973 թ.՝ Գևորգ Տիրացյանը։ Բաժինը համալրվեց նոր աշխատակիցներով և նշանակալիորեն ընդլայնեց հետազոտական աշխատանքների շրջանակները։ 1986 թ. բաժնի վարիչի պաշտոնում Գևորգ Տիրացյանին փոխարինեց Ժորես Խաչատրյանը, իսկ 2005 թ.՝ Մկրտիչ Զարդարյանը։
Հին Հայաստանի հնագիտության բաժնի համար 1970-80-ական թվականները նշանավորվեցին մի շարք ակնառու ձեռքբերումներով, որոնք նախանշեցին նրա զարգացման հետագա ուղին։ Կազմակերպվեցին Հայաստանի և ողջ Անտիկ Արևելքի եզակի հուշարձաններից մեկի՝ մայրաքաղաք Արտաշատի սիստեմատիկ պեղումները (ղեկ.՝ Բաբկեն Առաքելյան (1970-1985 թթ․), Ժորես Խաչատրյան (1986-2015 թթ․), Մկրտիչ Զարդարյան (2016 թ․ մինչ օրս): Նոր թափ ստացան Գառնիի (ղեկ.՝ Ժորես Խաչատրյան) և Արմավիրի (ղեկ.՝ Գևորգ Տիրացյան (1973-1992 թթ․), Ինեսա Կարապետյան (1993 թ․ մինչ օրս) ուսումնասիրությունները, հնագիտական աշխատանքներ տարվեցին Կարճաղբյուրի, Թմբադիրի (ղեկ.՝ Ինեսա Կարապետյան), Ակունքի (ղեկ.՝ Ժորես Խաչատրյան, Մկրտիչ Զարդարյան, Հասմիկ Մանուկյան), Տաճարաբակի, Դիտակի անտիկ հուշարձաններում (ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով), սկսվեցին Շիրակավանի (ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով, Գրիգոր Կարախանյան) և մի շարք այլ բնակավայրերի պեղումները։ Դվինում, միջնադարյան քաղաքի մշակութային ժառանգության ծավալուն հետազոտությանը զուգահեռ, սկիզբ առավ հուշարձանի անտիկ շերտի նպատակային քննությունը (ղեկ.՝ Գայանե Քոչարյան)։ Նշանավոր անտիկ հուշարձանների շարունակական ուսումնասիրությանը զուգահեռ՝ բաժնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում էին նաև տարբեր նորակառույցների տարածքների փրկարարական պեղումներին (Անուշավան, Երերույք և այլն)։
Ակնառու է նաև բաժնի աշխատակիցների ակադեմիական հետազոտությունների ծավալը։ Հրատարակվել են Բաբկեն Առաքելյանի և Ժորես Խաչատրյանի Արտաշատի հետազոտման առաջին փուլին և քաղաքային դամբարանադաշտի պեղումներին նվիրված «Արտաշատ» գրքի երկու հատորները (1975 և 1981 թթ․), Բաբկեն Առաքելյանի «Ակնարկներ հին Հայաստանի արվեստի պատմության (1976 թ․), Գևորգ Տիրացյանի «Культура древней Армении: VI в. до н.э. - III в. н.э., по археологическим данным» (1988 թ․), Երվանդյան շրջանի նյութական ժառանգությանը և Դվինի անտիկ շերտի պեղումներին նվիրված «Հայաստանի նյութական մշակույթը մ.թ.ա. VI-IV դդ.» (2003 թ․) և «Դվին III. Դվինը անտիկ դարաշրջանում» (1991 թ․) աշխատությունները: Անտիկ հնագիտության կարևոր խնդիրները լուսաբանվել են Հայաստանում և արտերկրում հրատարակված բազմաթիվ հոդվածներով։
Նշանակալի է նաև բաժնի ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ աշխատակիցների ակտիվ մասնակցությունը հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովներին։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հին Հայաստանի հնագիտության բաժինը հանդես էր գալիս ոչ միայն որպես գիտական ֆորումների մասնակից, այլև որպես կազմակերպիչ։ Մասնավորապես, 1976 թ. բաժնի ողջ անձնակազմը ներգրավվեց Երևանում գումարված անտիկ մշակույթին նվիրված «Eirene» XIV միջազգային գիտաժողովի կազմակերպման գործին: 1980-1988 թթ. բաժնի աշխատակիցների ջանքերով Երևանում ընթացան արևելահելլենիստական մշակույթի խնդիրներին նվիրված երեք թեմատիկ սիմպոզիումներ, որոնց արդյունքում ձեռք բերված մի շարք ընդհանրական մոտեցումներ դարձան ուղեցույցային՝ անտիկ աշխարհի մշակութային, քաղաքական ու տնտեսական փոխգործակցության բարդ խնդիրների հետագա ուսումնասիրության գործում։
Բաժինը միջազգային գիտական համագործակցության ասպարեզում
1990-ական թվականներին երկրում ծավալված արմատական փոփոխությունները բացասաբար անդրադարձան նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտական աշխատանքների վրա։ Այդ տարիներին նշանակալիորեն նվազեց Հին Հայաստանի հնագիտության բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրվող հուշարձանների թիվը, կասեցվեցին Գառնիի ամրոցի տասնամյակներ շարունակ ընթացող պեղումները, կանգ առան Կարճաղբյուրում և մի շարք այլ հուշարձաններում տարվող աշխատանքները, իսկ Արմավիրի և Արտաշատի երբեմնի ծավալուն հետազոտությունները կատարվում էին զգալի ընդհատումներով: Սակայն, հենց այս ժամանակաշրջանից սկսած, ինստիտուտի տնօրեն Գևորգ Տիրացյանի ջանքերով, սկիզբ դրվեց ինստիտուտի, ինչպես նաև Հին Հայաստանի հնագիտության բաժնի միջազգային համագործակցության ծրագրերին։ Դրանցից առաջիններին՝ հայ-ամերիկյան «IPARC» (1990-95 թթ․, ղեկ.՝ Ռուբեն Բադալյան, Ֆիլիպ Քոլ) և «ArAGATS» (1995 թ. սկսած, ղեկ.՝ Ռուբեն Բադալյան, Ադամ Սմիթ) հնագիտական ծրագրերին բաժնից մասնակցեց Մկրտիչ Զարդարյանը։ Հայ-ֆրանսիական ծրագրի շրջանակներում ընթացող Ախթամիրի պեղումներին (1994-1995 թթ., ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան) անդամակցեց Ինեսա Կարապետյանը։ Բաժինը որոշակի ներդրում ունեցավ նաև Սևանի ավազանի ուրարտական հուշարձանների ուսումնասիրությունն իրականացնող հայ-իտալական արշավախմբի աշխատանքներում (ղեկ՝ Սիմոն Հմայակյան, Ռաֆայելե Բիշոնե)։ Հայ-ֆրանսիական հաջորդ հնագիտական ծրագիրն ուղղվեց Բենիամինի նշանակալի բնակավայրի հետազոտմանը (1999-2007 թթ․, ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով, Համազասպ Խաչատրյան, Ստեֆան Դեշամպ)։
2000-ական թվականներից ի վեր, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատանքներում նկատելի դրական շարժին զուգահեռ, հետզհետե կանոնավորվեցին նաև Հին Հայաստանի հնագիտության բաժնի հետազոտությունները։ Վերսկսվեցին Արտաշատի, Արմավիրի համակարգված պեղումները, նախաձեռնվեց Երվանդաշատ հնավայրի ուսումնասիրությունը (2005-2014 թթ․, ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով)։ Հայ-ֆրանսիական ծրագրի շրջանակներում պեղումներ կատարվեցին Էրեբունու քաղաքային տարածքում (2007-2009 թթ․, ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով, Ստեֆան Դեշամպ)։ Արարատյան դաշտի քաղաքների հետ մեկտեղ, սկիզբ դրվեց նաև պատմական Հայաստանի կարևորագույն նահանգներից մեկի՝ Սյունիքի անտիկ հուշարձանների ու մշակույթի նպատակային ուսումնասիրությանը։ Այն իրագործվեց հայ-ամերիկյան «Որոտան» (2005-2008 թթ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան, Սյուզան Էլքոք) և «Սյունիք» (2015 թ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան, Դենիել Պոթթս) միջազգային ծրագրերի, ինչպես նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջանքերով (2012-2017 թթ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան): Շուրջ 30 հուշարձանների (Շաղաթ 1, Շաղաթ 3, Բալակ, Ույծ, Աղիտու, Աշոտավան-Տոլորս և այլ) պեղումներին և հետախուզմանը զուգահեռ, աշխատանքներ տարվեցին Սյունիքի պատմական հաղորդացանցի բացահայտման ուղղությամբ (2010-2011 թթ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան)։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արտաշատի արշավախմբի կողմից անտիկ քաղաքի Գետամերձ թաղամասի սիստեմատիկ պեղումների հետ մեկտեղ (ղեկ.՝ Ժորես Խաչատրյան (2003-2015 թթ․), Մկրտիչ Զարդարյան (2016 թ․ սկսած մինչ օրս) նոր միջազգային ծրագրեր իրագործվեցին հուշարձանի ընդլայնված հետազոտման համար։ Հայ-լեհական «Փոքր Վեդի» ծրագրով (2016-2018 թթ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան, Օ. Կուբրակ) ուսումնասիրվեցին մայրաքաղաքի հյուսիսարևելյան արվարձանները՝ Տրայանոս կայսեր լայնածավալ արձանագրության հայտնաբերման գոտում։ 2018 թ. գործող հայ-գերմանական «Artaxata» ծրագրով (ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան, Ախիմ Լիխտենբերգեր) հետազոտվում են Արտաշատի 13-րդ բլուրը և քաղաքի դաշտավայրային թաղամասերը (Ստորին քաղաք)։
2009-2019 թթ. Հին Հայաստանի հնագիտության բաժինը մեծ ներդրում ունեցավ նաև Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտման գործում։ Քաղաքի պեղումներին մասնակցել է Ինեսա Կարապետյանը, ինչպես նաև Ժորես Խաչատրյանը, Հասմիկ Մարգարյանը, Լիլիթ Մինասյանը։ Այս աշխատանքներին զուգահեռ, 2008-2014 թթ., բաժնի աշխատակիցներ Ինեսա Կարապետյանն ու Հասմիկ Մարգարյանը անդամակցեցին նաև Վայոց ձորի Գետափ 1 բազմաշերտ (ուրարտական և անտիկ) ամրոցի պեղումներին։
Ծավալուն դաշտային աշխատանքներին համահունչ ընթացան նաև բաժնի աշխատակիցների ակադեմիական ուսումնասիրությունները, որոնցից շատերը հրատարակվեցին արտերկրի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի ու Ռուսաստանի հեղինակավոր մասնագիտական ամսագրերում ու ժողովածուներում։ Նույնքան լայն է նաև բաժնի մասնագետների՝ գիտաժողովներին մասնակցելու աշխարհագրությունը, որը ծավալվում է Արևելքից (Չինաստան, Հնդկաստան, Իրան) մինչև եվրոպական երկրներ, ԱՄՆ և Կանադա։
Ձևավորման սկզբից ևեթ բաժինը հանդես եկավ որպես անտիկ մշակույթի մասնագետների պատրաստման տարածաշրջանային դպրոց։ Բաբկեն Առաքելյանի և Գևորգ Տիրացյանի ջանքերով այստեղ իրենց գիտական մկրտությունը ստացավ հայ գիտնականների առնվազն երկու սերունդ։ Բաժնում իրենց տարաստիճան գիտական թեզերն են պատրաստել ինչպես ինստիտուտի բազմաթիվ աշխատակիցներ, այնպես էլ մասնագետներ Հայաստանի գիտությունների ակադեմիայի այլ հումանիտար ինստիտուտներից ու արտերկրի համապատասխան հաստատություններից։
Տասնամյակներ շարունակ Հին Հայաստանի հնագիտության բաժնի մասնագետները դասավանդում են Հայաստանի (Երևանի պետական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի Մանկավարժական և արվեստի ակադեմիաներ և այլն) և արտերկրի տարբեր բարձրագույն կրթական հաստատություններում: 1994-1995 թթ. Մկրտիչ Զարդարյանը դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ի Վելլեսլի քոլեջում և Հարվարդի Ռուսական հետազոտությունների կենտրոնում, իսկ 2004 թ., որպես հրավիրյալ պրոֆեսոր, դասավանդել է Չիկագոյի համալսարանում:
Հին Հայաստանի հնագիտության բաժինը, արդի հնագիտության հետազոտական միտումներին ու հնարավորություններին համահունչ և, պահպանելով իր հիմնադիրների ձևավորած բարի գիտական ավանդույթները, այսօր էլ շարունակում է անտիկ Հայաստանի մշակույթի և պատմության բազմակողմանի ուսումնասիրությունը։