Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Հայաստանի հնագույն անցյալի ուսումնասիրությունը հարուստ պատմություն ունի՝ սկզբնավորվելով դեռևս XIX դ.: 1870-ական թվականներին Ալեքսանդր Երիցյանը պեղումներ է իրականացրել Ակներում, Ֆրիդրիխ Բայեռնը՝ Ռեդկին լագերում, 1887 թ. Ժակ դը Մորգանը՝ Դեբեդի ավազանում։ Այս ուսումնասիրությունները հիմք դրեցին Հայաստանում դաշտային հնագիտական ուսումնասիրություններին։
Խորհրդային կարգերի հաստատումով՝ 1920-ական թվականներին, նոր դարաշրջան սկսվեց հայկական հնագիտության համար: Ստեղծվեցին կարևոր գիտական հաստատություններ երկրի հնությունները պետական մակարդակով պահպանելու և ուսումնասիրելու համար: Դրանք էին Երևանի պետական համալսարանը (1919 թ.), Պատմության պետական թանգարանը (1920 թ․), ինչպես նաև Հուշարձանների պահպանության կոմիտեն (1923 թ․)։ 1943 թ. հիմնադրվեց Հայկական ԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտը, իսկ 1959 թ.՝ Հայկական ԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։
Հիմնադրումից հետո Հնագիտության և ազգագրության ինստիտուտը դարձավ Հայաստանի հնագույն անցյալի ուսումնասիրության կենտրոնական և առաջատար հաստատությունը։ Վաստակաշատ հնագետ Հարություն Մարտիրոսյանի ղեկավարությամբ հիմնադրման առաջին իսկ տարում ինստիտուտում ձևավորվեց նաև Վաղ հնագիտության բաժինը (Վաղ հնագիտության սեկտոր), որի առաջին աշխատակիցներն էին հնագետներ Սանդրո Սարդարյանը, Նիկոլայ Հարությունյանը, Զոհրաբ Ղասաբյանը, Ստեփան Եսայանը, Էմմա Խանզադյանը:
Ինստիտուտի հիմնադրման առաջին իսկ տարում բաժնի, Ռուսաստանի պետական Էրմիտաժի և Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի համատեղ արշավախմբերը պեղումներ իրականացրեցին Կարմիր բլուրում (Բորիս Պիոտրովսկի, Հարություն Մարտիրոսյան) և Արին բերդում (Կոստանդին Հովհաննիսյան): Ինստիտուտի արշավախումբը պեղումներ իրականացրեց նաև Շենգավիթում (Սանդրո Սարդարյան):
Բաժնի ուսումնասիրության ոլորտները և ուղղությունները
Վաղ հնագիտության բաժնի ուսումնասիրությունների նպատակը հնագույն Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի վերականգնումն է՝ ժողովրդագրական, ժամանակագրական և պարբերացման, քաղաքի և կոմպլեքս հասարակությունների ձևավորման, հայ ժողովրդի կազմավորման և այլ խնդիրների քննարկման համատեքստում։ Ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են․
Այս հետազոտական ուղղություններից յուրաքանչյուրն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում մարդու առաջացման և գործունեության դինամիկայի ու առանձնահատկությունների մասին պատկերացում կազմելու համար։ Համակարգված և միջմասնագիտական հետազոտությունների, ինչպես նաև աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ բաժինը նպատակ ունի բացահայտելու հնագույն Հայաստանի ժողովրդագրական պատկերը, հասարակական կազմակերպման և քաղաքաշինության գործընթացները։ Այս ուսումնասիրությունները կարևոր են ոչ միայն հին Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի մասին պատկերացում կազմելու, այլև Մերձավոր Արևելքի քաղաքակրթական զարգացումները խորապես հասկանալու համար։ Բաժնի գործունեությունը մեծապես նպաստում է Հայաստանի դերի և նշանակության կարևորմանը քաղաքակրթության զարգացման վաղ փուլերում։
Բաժնի իրականացրած ուսումնասիրությունները
Վաղ հնագիտության բաժինը սեփական ուժերով և միջազգային համագործակցության շրջանակում հսկայական աշխատանք է կատարել Հայաստանի հնագույն անցյալի փաստագրման և ուսումնասիրության բնագավառում։ Ուսումնասիրվել են հարյուրավոր բնակավայրեր, դամբարանադաշտեր, պաշտամունքային համալիրներ, կոթողներ և առանձին գտածոներ։ Նման ուսումնասիրությունների թիրախ են եղել Արարատյան դաշտը (Հարություն Մարտիրոսյան, Էմմա Խանզադյան, Ռաֆիկ Թորոսյան, Գրիգոր Արեշյան, Ռուբեն Բադալյան, Պավել Ավետիսյան), Տավուշը (Ստեփան Եսայան, Լևոն Աղիկյան), Լոռին (Սեդա Դևեջյան, Արամ Գևորգյան), Շիրակը (Ռուբեն Բադալյան), Սևանի ավազանը (Գեդեոն Միքայելյան, Աշոտ Փիլիպոսյան, Լևոն Պետրոսյան, Սիմոն Հմայակյան, Նորա Ենգիբարյան, Արսեն Բոբոխյան), Վայոց ձորը (Բորիս Գասպարյան), Սյունիքը (Օնիկ Խնկիկյան, Պավել Ավետիսյան, Բորիս Գասպարյան), Արագածոտնը (Պավել Ավետիսյան, Հայկ Ավետիսյան, Ռուբեն Բադալյան, Գարեգին Թումանյան, Հակոբ Սիմոնյան, Բորիս Գասպարյան, Արթուր Պետրոսյան), Կոտայքը և Հրազդան գետի հովիտը (Վահան Հովհաննիսյան, Լեոնիդ Բիյագով, Բորիս Գասպարյան, Արթուր Պետրոսյան) և այլն։
Հայաստանի բնակեցման սկզբնափուլերի (հին քարի դարի) ուսումնասիրության տեսանկյունից հատկապես նշանավոր են Նոր-Գեղի 1-ի (Բորիս Գասպարյան, Դանիել Ադլեր), Դալարիկ 1-ի (Բորիս Գասպարյան, Ֆիլ Գլաուբերմեն), Հովք 1-ի (Բորիս Գասպարյան, Ռոն Փինհասի), Կալավան 1-ի (Բորիս Գասպարյան, Մանթոյա Սիրիլ), Աղիտուի (Բորիս Գասպարյան, Էնդրյու Կանդել), Երևան 1-ի և Լուսակերտ 1-ի (Բենիկ Երիցյան, Բորիս Գասպարյան, Դանիել Ադլեր) պեղումները։
Հայաստանի վաղ երկրագործական մշակույթների (նոր քարի և պղնձի-քարի դարեր) ուսումնասիրության տեսանկյունից առանցքային են Թեղուտի (Ռաֆիկ Թորոսյան), Ակնաշենի (Ռուբեն Բադալյան, Քրիստին Շատենյե), Առատաշենի (Ռուբեն Բադալյան, Պիեր Լոմբարդ, Քրիստին Շատենյե), Մասիս բլուրի (Գրիգոր Արեշյան, Պավել Ավետիսյան, Քրիստինե Մարտիրոսյան-Օլշանսկի), Գոդեձորի (Պավել Ավետիսյան, Քրիստին Շատենյե), Լեռնագոգի (Արթուր Պետրոսյան, Մակոտո Արիմուրա), Արենի 1-ի (Բորիս Գասպարյան, Քիթ Վիլկինսոն), Գետահովիտ 1-ի (Իրենա Քլանթարյան), Տիրինկատարի (Արսեն Բոբոխյան) պեղումները։
Հայաստանի կոմպլեքսային հասարակությունների (վաղ բրոնզի դար) ուսումնասիրության տեսանկյունից նշանավոր են Շենգավիթի (Սանդրո Սարդարյան, Հակոբ Սիմոնյան, Մայքլ Ռոթման), Թեղուտի (Ռաֆիկ Թորոսյան), Մեծամորի (Էմմա Խանզադյան), Էլառի (Էմմա Խանզադյան), Մոխրաբլուրի (Գրիգոր Արեշյան), Կառնուտի (Ռուբեն Բադալյան), Գեղարոտի (Ռուբեն Բադալյան), Ոսկեբլուրի (Ռուբեն Բադալյան) պեղումները։
Վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջանի (միջին բրոնզի և վաղ երկաթի դարեր) ուսումնասիրության տեսանկյունից նշանավոր են Լոռի բերդի (Սեդա Դևեջյան), Լճաշենի (Լևոն Պետրոսյան), Ներքին Գետաշենի (Աշոտ Փիլիպոսյան), Քարաշամբի (Էմմա Խանզադյան, Արամ Գևորգյան, Վահան Հովհաննիսյան, Ֆիրդուս Մուրադյան, Պավել Ավետիսյան), Վերին Նավերի (Հակոբ Սիմոնյան) պեղումները։
Վանի թագավորության և զարգացած երկաթի շրջանի ուսումնասիրության տեսանկյունից նշանավոր են Արգիշտիխինիլիի (Հարություն Մարտիրոսյան, Սիմոն Հմայակյան), Օշականի (Ստեփան Եսայան), Արամուսի (Հայկ Ավետիսյան, Մայքլ Հերլես), Արագածի (Հայկ Ավետիսյան), Դովրիի (Սիմոն Հմայակյան), Նոր Արմավիրի (Սիմոն Հմայակյան, Նվարդ Տիրացյան) պեղումները։
Ուսումնասիրությունների ընդհանուր համատեքստում ուսումնասիրվել են նաև առանձին երևույթներ, ինչպիսիք են Հայաստանի ժայռապատկերները (Հարություն Մարտիրոսյան, Աննա Խեչոյան), վիշապաքարերը (Արսեն Բոբոխյան), օդապարուկները (Իրենա Քալանթարյան, Մարիամ Շախմուրադյան):
Միջազգային համագործակցություն
Վաղ հնագիտության բաժինը համագործակցում է տասնյակ երկրների գիտական կենտրոնների հետ, որոնց թվում են Քորնելի համալսարանի Մարդաբանության ֆակուլտետը, Կենտրոնական Ֆլորիդայի, Հյուսիսային Կարոլինայի, Կալիֆորնիայի Լոս Անջելեսի, Կոննետիկուտի, Չիկագոյի, Նյու Յորքի, Վարշավայի, Լիոն-2, Սորբոնի, Թյուբինգենի, Մյունխենի, Հալեի, Բեռլինի Բաց, Վենետիկի Կա Ֆոսկարի, Հայֆայի, Տոկաիի, Ադելաիդայի, Ինսբրուկի համալսարանները, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության, Հնամարդաբանության իտալական, Պրահայի հնագիտության, Մանհայմի Հնաչափության, Մաքս Պլանկ ինստիտուտները, Հռոմի Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիան, Քորքի համալսարանական քոլեջը և այլն։ Արտերկրի տարբեր գիտական կենտրոնների հետ իրականացվող դաշտային հետազոտական ծրագրերի շրջանակներում տարեկան կազմավորվում են տասնյակ հնագիտական արշավախմբեր։
Բաժինն ակտիվորեն համագործակցում է նաև լաբորատոր հետազոտություններ կատարող գիտական հաստատությունների հետ, որոնց շրջանակներում մեծ քանակությամբ հնամարդաբանական, հնակենդանաբանական, հնաբուսաբանական նյութերի, հողի, ինչպես նաև քարե, մետաղական, կավե գտածոների անալիզներ են իրականացվում։
Բաժնի կազմակերպած գիտական միջոցառումները
Գիտաժողովների, աշխատաժողովների և գիտական սեմինարների կազմակերպումը բաժնի գործունեության կարևոր մասն է, քանի որ դրանց ընթացքում պարբերաբար ամփոփվում են իրականացված ուսումնասիրությունները և նոր հարցադրումներ առաջադրվում ապագա հետազոտությունների համար։
Բաժինը կազմակերպել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովներ, որոնց թվում հատկապես պետք է նշել 1982 թ. Երևանում կայացած «Մշակութային առաջընթացը բրոնզի և երկաթի դարերում» գիտաժողովը, որին մասնակցում էին խորհրդային հանրապետություններից ժամանած մասնագետներ, ինչպես նաև բաժնի մասնակցությամբ ինստիտուտում երկու տարին մեկ կազմակերպվող «Հայաստանի Հանրապետությունում հնագիտական դաշտային հետազոտությունների արդյունքները» խորագրով հանրապետական գիտական նստաշրջանները, որտեղ ամփոփվում էին նախորդ տարիներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։
Հետխորհրդային շրջանում հատկապես նշանակալից են 2009 և 2019 թթ. բաժնի անմիջական ջանքերով կազմակերպված «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովները, որոնք աննախադեպ էին Հայաստանից և արտերկրից (Վրաստան, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իռլանդիա, Անգլիա, ԱՄՆ, Իսրայել և այլն) ժամանած հնագետների մասնակցությամբ։ Միջազգային գիտաժողովներից զատ բաժնի կողմից պարբերաբար կազմակերպվում են նաև «Հին Հայաստանի մշակույթը», «Հնագույն Հայաստանի մշակույթը» խորագրով նստաշրջաններ, որտեղ ավանդաբար քննարկվում են նախորդ տարիներին իրականացված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքները։
Բաժնում հաճախ կազմակերպվում են թեմատիկ և մեթոդաբանական բնույթի սեմինարներ՝ մասնագիտական գիտելիքների խորացման ու նորարարական մեթոդների կիրառումը խթանելու նպատակով։
Բաժնի գիտական հրատարակությունները
Բաժնի հետազոտական աշխատանքների և կազմակերպած գիտաժողովների արդյունքում հարյուրավոր ուսումնասիրություններ են տպագրվել Հայաստանում և արտերկրում։ Դրանց զգալի մասը հրատարակվել է ինստիտուտի մատենաշարերում, ինչպիսիք են «Հայաստանի հնագիտական հուշարձանները», «Հնագիտական պեղումները Հայաստանում», «Հին Հայաստանի մշակույթը», «Հնագույն Հայաստանի մշակույթը», ինչպես նաև «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Արամազդ» (անգլերեն), «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ», «Բանբեր հայագիտության», «Հայագիտության հարցեր», «Բազմավեպ» և մի շարք այլ պարբերականներում։ Խորհրդային շրջանում բաժնի իրականացրած ուսումնասիրությունների զգալի մասը լույս է տեսել «Археологические открытия» հայտնի մատենաշարում, ինչպես նաև «Советская археология», «Древний Восток» հնագիտական պարբերականներում: Հետխորհրդային շրջանում գերակշռում են բաժնի աշխատակիցների և արտասահմանյան գործընկերների հետ միջազգային գրախոսվող և բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Nature, Journal of Archaeological Science, Studi Micenei ed Egeo-Anatolici, Anatolian Studies, American Journal of Archaeology, Quaternary International, Paléorient, Antiquity, Archäologische Mitteilungen aus Iran und Turan և այլն) հրատարակված ուսումնասիրությունները։ Համատեղ նախագծերից շատերը հրատարակվել են նաև որպես մենագրություններ։
Բաժնի ուսումնասիրության ոլորտները