Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Քարաշամբի դամբանադաշտի և նորակառույցների ուսումնասիրության խումբ

Քարաշամբի դամբանադաշտի և նորակառույցների ուսումնասիրության խումբ

Քարաշամբի դամբանադաշտի և նորակառույցների ուսումնասիրության խումբ

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Զբաղվել Հայաստանի հնագիտության բոլոր շրջանների հարցերով՝ փրկարարական հնա­գիտ­ական հետախուզություն և պեղումներ իրականացնելու միջոցով, որպես կեն­տ­րո­­նական ուսումնասիրության օբյեկտ ունենալով Քարաշամբի դամբա­նա­դաշ­տը:
  2. Դարաշրջանների տեսանկյունից՝ զբաղվել վաղ քարի դարից մինչ միջնա­դա­րի վերջն ընկած շրջափուլերով, ժամանակագրական տեսանկյունից՝ մոտ 2 մլն տա­րի մե­զանից առաջ - մինչ մ.թ. XVIII դ. ընկած ժամանակահատվածով:
  3. Արագ արձագանքել կառուցապատման տարածքներում գտնվող հուշարձանների ուսում­­նա­սիրմանը և մասնագիտական կարծիք ապահովել ԿԳՄՍ նախարարության ու այլ շահագրգիռ կազմակերպությունների համապատասխան գրություններին:
  4. Ստորաբաժանումն իր աշխատանքներն իրականացնում է հետևյալ գործունեության ձևերով՝ դաշտային, կամերալ, արխիվային/գրա­դարա­նա­յին/մա­տե­նա­գրա­կան:
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (մե­նա­գրու­թյուն­ներ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կի­­­րառելով ժամանակակից մեթոդներ և լաբորատոր անալիզներ, մասնակցած և կազ­­մակերպած միջոցառումներով (գիտաժողովներ, սե­մի­նար­ներ ևն), դաշտային և լաբո­րատոր ար­դյու­նա­վետ աշխատանքով, միջազգային կապերի արդյունա­վե­տու­թյամբ (օտարերկրյա ռեսուրսների ներ­­գրավում, լաբորատորիաների հա­սա­նե­լի­ու­թյուն, մի­ջազգային գիտաժողովների մաս­նակ­ցություն), կադրային ներհոսքով, ատե­նա­­­խո­սու­թյունների պաշտ­պա­նու­թյամբ, մասնագիտական կարծիքների տրա­մա­դրմամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Ներածություն

Հանրապետության տարածքի վտանգված հուշարձանների ուսումնասիրության և փրկարարական պեղումների կազմակերպման ոլորտում աննախադեպ քայլ էր  1986 թվականին ինստիտուտի կազմում Նորակառույցների հնագիտության բաժնի ստեղծումը։ Բաժնի աշխատակիցների ուժերով կանխվեցին հանրապետության տարածքում շինարարական, ճանապարհաշինարարական, մելիորատիվ և այլ աշխատանքների ընթացքում բացված հուշարձանների հետագա ավերումը, կազմակերպվեց դրանց համակողմանի ուսումնասիրությունը, վավերագրվեցին և չափագրվեցին բազմաթիվ հնագիտական օբյեկտներ։ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության օժանդակությամբ, տնտեսվարող սուբյեկտների հատկացված ֆինանսական միջոցներով պեղվեցին տասնյակ հուշարձաններ, դրանց զգալի մասը փրկվեց ոչնչացումից, պահպանական գոտիներով ընդգրկվեցին պահպանության ենթակա հուշարձանների ցանկերում։ Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման ծրագրի իրացման ժամանակ, բաժնի ուժերով անչափ կարևոր պեղումներ կատարվեցին կառուցապատման համար նախատեսված տարածքներում։ Նորակառույցների բաժնի հնարավորություններն ուղղվել են նաև վերականգնվող հուշարձանների պեղումները կազմակերպելուն։ Մինչև 1993 թվականը բաժնի ուժերով պեղվել է շուրջ 40 հուշարձան։ Պեղումներ են կատարվել Արագածոտնում (Վերին Նավեր, Աշտարակ, Ապարան, Քուչակ, Թալին),  Կոտայքում (Քարաշամբ, Ջրվեժ), Շիրակում (Հին Շիրակավան, Հոռոմ, Սարապատ, Հողմիկ, Ջրաձոր), Գեղարքունիքում (Լճաշեն, Ն․ Գետաշեն, Գավառ, Հացառատ), Լոռիում (Աքոռի, Ծաղկաշատ), Տավուշում (Բերդ), Վայքում (Եղեգնաձոր, Ելփին, Եղեգիս, Մոզ), Սյունիքում (Հարժիս, Տեղ, Սիսիան) և բազմաթիվ այլ հուշարձաններում։

 

Նորակառույցների հնագիտության խմբի կազմավորումը և գործունեությունը

Ֆինանսական միջոցների կտրուկ սահմանափակման հետևանքով բաժնի աշխատանքները 1993 թվականից դադարեցվեցին։ Հողաշինական աշխատանքների, հողահատկացումների, հուշարձանների վերականգնման ծրագրերի ծավալների աճը նկատի ունենալով՝ 2007 թվականին կազմավորվեց Նորակառույցների գիտահետազոտական խումբը։ Գիտահետազոտական այս ստորաբաժանումը գործունեության առաջին տարիներին ուներ երեք աշխատակից՝ գիտաշխատող Ֆիրդուս Մուրադյանը, կրտսեր գիտաշխատողներ Աննա Խեչոյանը և Ինեսսա Հովսեփյանը։ Հետագայում, վտանգված և վերականգնվող հուշարձանների ծավալների ընդլայնմանը զուգընթաց, նորաստեղծ ստորաբաժանման կազմը համալրվեց փորձառու, հնագիտական արշավախմբեր ղեկավարող առաջատար գիտաշխատողներով և նորավարտ հնագետներով։ Խմբի կազմում ընդգրկվեցին պ․գ․թ․ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը (Երվանդաշատի պեղումները շարունակելու համար), համատեղությամբ՝ պ․գ․դ․ Իգիթ Ղարիբյանը (Բջնու ամրոցի վերականգնման ծրագրով պեղումները կազմակերպելու համար,),  պ․գ․դ․ Հայկ Ավետիսյանը (Արամուսի պեղումները շարունակելու համար), պ․գ․թ․ Հայկ Հակոբյանը (Հողմիկի պեղումները շարունակելու համար)։ Խմբի կազմում ընդգրկվեցին նաև երիտասարդ կադրեր՝ կրտ․ գիտաշխատողներ Մարգար Հմայակյանը, Արմինե Գաբրիելյանը, շրջանավարտներ Արա Պետրոսյանը, Կարեն Ազատյանը, Լևոն Աղիկյանը, Լուսինե Մարգարյանը, Հայկ Հայդոսյանը։ Ինստիտուտի դաշտային հետազոտական աշխատանքների պահանջները նկատի ունենալով՝ 2016 թվականին խմբի երիտասարդ աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվեցին վաղ հնագիտության բաժին։ Վերջիններիս փոխարինեցին վերականգնվող հուշարձանների պեղումների զգալի փորձ ունեցող կրտսեր գիտաշխատողներ Արման Նալբանդյանը, Հարություն Բադալյանը, Տիգրան Ալեքսանյանը։ Հայաստանում «անապատի օդապարուկներ» անունով հայտնի հուշարձանների փաստագրումից հետո, վերջիններիս ուսումնասիրության, պետական ցանկերում ընդգրկելու համար անհրաժեշտ աշխատանքներ կատարելու նպատակով ստորաբաժանման կարևոր խնդիրներից մեկը դարձավ  նորահայտ հնագիտական օբյեկտների ուսումնասիրությունը և քարտեզագրումը։ Այդ աշխատանքնրին լծվեցին խմբի նոր աշխատակիցներ Մարիամ Շախմուրադյանը և Բեն Վարդանյանը։

 

Խմբի գործունեության հիմնական արդյունքները

Ստեղծման առաջին իսկ տարվանից մինչ 2019 թվականը, խմբի աշխատանքների շնորհիվ, ինստիտուտը կարողացավ արագ արձագանքել հողահատկացումների, ճանապարհաշինարարական կամ այլ աշխատանքներին, կազմակերպել դիպվածով բացված կամ վտանգված հնավայրերի պեղումները։ Կարևոր խնդիր էր նաև վերականգնվող հուշարձանների պեղումները, հողահատկացումների պարագայում հնագիտական փորձաքննությունը, որը նորաստեղծ խմբի հիմնական անելիքներից մեկը դարձավ։ Մինչ օրս խմբի ուժերով պեղվել է շուրջ 30 հուշարձան (ցանկը ստորև):

Ինչպես Նորակառույցների բաժնի, այնպես էլ Նորակառույցների հնագիտության խմբի ուժերով կատարված պեղումների շնորհիվ հիմնովին թարմացվեց տարածաշրջանի հնագիտական ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը։ Բաժնի և խմբի պեղումներով հայտնաբերված նյութերն ու նոր տվյալներն առանցքային դեր ունեցան (և ներկայումս էլ ունեն ) բրոնզ-երկաթի դարերի հնագիտական մշակույթների հիմնական պարամետրերի հստակեցման, ժամանակագրական սանդղակի ձևավորման, Հնագույն և Հին Հայաստանի սոցիալ-մշակութային միջավայրի բնութագրության համար։ Անտիկ շրջանի, հելլենիստական հուշարձանների պեղումները թույլ տվեցին հասկանալ այդ ժամանակաշրջանի բնակավայրերի կառուցապատման առանձնահատկություները, ստանալ տնտեսության, առևտրի, մշակութային կապերի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխանները։ Վանական համալիրների, եկեղեցիների վերականգնման ծրագրերով պեղումները ոչ միայն հարստացրեցին միջնադարյան Հայաստանի պատմության և մշակույթի մասին եղած պատկերացումները, այլև նպաստեցին հուշարձանների վերականգնման աշխատանքների ճիշտ կազմակերպմանը։

 

Նորակառույցների հնագիտության խմբի պեղած հուշարձանների ցանկ

  1. Օշականի (Դիդի կոնդ) դամբարաններ
  2. Երվանդաշատ մայրաքաղաք
  3. Հողմիկի անտիկ բնակատեղ
  4. Արամուսի ուրարտական ամրոց
  5. Ծաղկալանջի դամբարանադաշտ
  6. Մերձավանի դամբարանադաշտ
  7. Արագածի դամբարանադաշտ
  8. Մեծամոր քաղաքի դամբարանադաշտ
  9. Կաթնաղբյուրի հնավայր
  10. Դավթաշենի հնավայր
  11. Ավանի վաղ բրոնզեդարյան դամբարաններ
  12. Բջնիի բրոնզեդարյան դամբարաններ
  13. Ակնալճի բրոնզեդարյան դամբարաններ
  14. Վեդու գետի հունի մեջ բացված բնակատեղ
  15. Արտաշավանի «Փոշտի դար» հնավայր
  16. Նորատուսի եկեղեցի
  17. Ծովասարի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  18. Արզնու ասորական եկեղեցի
  19. Ծովազարդ գյուղի եկեղեցի
  20. Բջնիի ամրոց
  21. Բեխի կամ Տանձափարախի անապատ
  22. Մեղրու Սբ․ Հովհաննես եկեղեցի
  23. Սրաշենի Սբ․ Հռիփսիմե եկեղեցի
  24. Քեթիի եկեղեցի
  25. Անգեղակոթի Սբ․Վարդան մատուռ
  26. Չափնիի ձիթհան
  27. Շահումյանի իրացման գոտու հուշարձաններ
  28. Արցախի ազատագրված տարածքների ամրոցների ուսումնասիրություն
  29. Արագածավանի «օդապարուկների» համալիր
  30. Լեռնակերտի ամրոցներ և դամբարանադաշտ
  31. Զանգեզուրի հանքավայրի տարածքի հուշարձաններ
  32. Թալինի դամբարանադաշտ

 

Քարաշամբի դամբարանադաշտի ուսումնասիրությունը

ՀՀ տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի 2008 թվականի հուլիսի 14-ի N 10-1942 հանձնարարականի համաձայն ինստիտուտի արշավա­խումբը պեղումներ սկսեց դամբարանադաշտի տարածքում՝ հնավայրի ուսումնասիրության ծրագիր կազմելու համար անհրաժեշտ տվյալներ ունենալու նպատակով։ Հուշարձանի հետագա պահպանության խնդիրները և պեղման ենթակա թաղման կառույցների խտությունն ու գրաված տարածքը նկատի ունենալով՝ ինստիտուտը ներկայացրեց Քարաշամբի դամբարանադաշտի պեղումների և ուսում­նա­սի­րության ծրագիր, որը հաստատվեց ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով։ Այդ թվականից խումբը կատարում է «Քարաշամբի դամբարանադաշտի պեղումներ և ուսումնասիրություն» ծրագրով նախատեսված հետազոտությունները։

Ծրագրի կազմում ընդգրկված են պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը (խմբի ղեկավար), գիտաշխատող, հնագետ Վարդուհի Մելիքյանը և գիտաշխատող, ճարտարապետ Արտակ Հախվերդյանը (խմբի անդամներ):

Խմբի աշխատանքներին 2009-2016 թվականներին ընթացքում մասնակցել են Պավել Ավետիսյանը (արշավախմբի ղեկավար), Վարդուհի Մելիքյանը (պեղումների պատասխանատու), Արտակ Հախվերդյանը (ճարտարապետ), Տաթևիկ Հարությունյանը (հնագետ, 2009, 2011-2016 թթ․)։ Նկատի ունենալով պեղումների աննախադեպ ծավալները՝ տարբեր տարիներին արշավախմբի կազմում պեղումներին մասնակցել են Արթուր Պետրոսյանը (հնագետ, 2009-2010 թվականներ), Լևոն Պետրոսյանը (հնագետ, 2010 թ․), Նորա Ենգիբարյանը (հնագետ, 2011-2012 թթ․), Դավիթ Բարոյանը (պրեպարատոր, վերականգնող, 2014-2016 թթ․), Իրենա Քալանթարյանը (հնագետ, 2010 թ․)։

Դամբարանադաշտը գտնվում է Հրազ­­­դանի կիրճի առափնյա հողատարածքների վրա կառուցված Քարաշամբի ամառանոցների թաղամասում։ Հնավայրի պահպանված հատվածը այժմ զբաղեցնում է 3,5 հա մակերես, որը նախկինում ավելի մեծ ընդգրկում ունեցող (ըստ տարբեր տվյալների՝ 70 - 100 հա) դամբարանադաշտի մի փոքրիկ մասն է կազմում: Հնագիտական ընդարձակ համալիրի մաս կազմող դամբարանադաշտից հյուսիս ընկած հրվանդանի վրա պահպանվել են նաև ամրոց - բնակատեղիի պարսպապատերն ու մշակութային շերտերը:

Քարաշամբի դամբարանադաշտում առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 1966 թվականին Լևոն Կարապետյանի կողմից: Երևանի քաղաքային խորհրդի կողմից հնավայրի տարածքի մի զգալի հատված այգեգործական ընկերություններին հատկացնելու որոշումից հե­տո, XX դարի 80 - ական թվականներին լայնածավալ պեղումներ են իրականացվել դամբարանադաշտի տարածքում: Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության հնագիտական արշավախումբը (ղեկ.՝ Ֆիրդուս Մուրադյան) 1981-1983 թվականներին պեղումներ է իրականացրել Քարաշամբի դամբարանադաշտի հարավային հատվածում:

1982-1984 թվականներին Հայկական ԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը (ղեկ.՝ Էմմա Խանզադյան, Արամ Գևորգյան, աշխատանքներին մասնակցել է նաև Վասիլ Զինջիրջյանը) լայնածավալ հնագիտական աշխատանքներ է իրականացրել դամբարանադաշտի տարբեր հատվածներում և հուշարձանից հյուսիս ընկած հրվանդանի վրա պահպանված ամրոց-բնակատեղիի տարածքում:

Արզնի - Քարաշամբ ավտոխճուղու վերակառուցման աշխատանքների իրականացման շրջանակներում, Հայկական ԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Նորակառույցների հնագիտության բաժնի և «Էրեբունի» թանգարանի միացյալ արշավախումբը (ղեկ.՝ Վահան Հովհաննիսյան) 1987 թվականին պեղումներ է կատարել Քարաշամբի դամբարանադաշտի հյուսիսային հատվածում: Ավտոխճուղու աջ հատվածում պեղվել է այժմ բոլորին հայտնի Քարաշամբի «Մեծ դամբանաբլուր»-ը:

1960-80 – ական թվականների հնագիտական աշխատանքների արդյունքում Քարաշամբի դամբարանադաշտում ընդհանուր առմամբ պեղվել է միջին բրոնզ – վաղ երկաթի դարաշրջաններին վերագրվող 1070-ից ավել դամբարան, որոնք վկայում են, որ դամբարանադաշտը գոյատևել է մ.թ.ա. III հազարամյակի վերջին քառորդից մինչև մ.թ.ա. I հազարամյակի սկիզբը:

Հուշարձանից հայտ­նա­բեր­ված նյութերն ու տվյալները գալիս են հաստատելու, որ այն անփոխարինելի դեր ունի Հայկական լեռնաշխարհի մինչպատմական շրջանի մասին եղած պատկե­րա­ցում­ները թարմացնելու և տարա­ծա­շր­ջանում ընթացած պատմամշակութային գործընթացները նորովի մեկնա­բա­նելու առումներով: Ի մասնավորի`

  1. Քարաշամբի պեղումներով առաջին անգամ փաստարկվեց և հիմնավորվեց, որ Հայկական լեռնաշ­խարհի հյուսիսարևելյան շրջաններում վաղ պետական կազմավորումները հանդես են գալիս մ.թ.ա III հազարամյակի վերջին քառորդից (մ.թ.ա. XXIII/XXII դդ․): Դրա լավագույն ապացույցները վկայված են Քարաշամբի մեծ դամբանաբլուրի նյու­թե­րով (ոսկուց և արծաթից պատրաստված սպասքի նմուշներ, զարդեր, իշխանության խորհրդանշաններ և այլն): Ավելին, Քարաշամբի արծաթյա գավաթի վրա եղած պատկերադրվագները բացառիկ տվյալներ են տալիս արքայական խնջույքի, արքայի ղեկավարությամբ ճակատամարտի, հաղթահանդես կազմա­կերպելու, այդ ժամա­նակահատվածում ընդունված պատկերացումների և պալատա­կան կենցաղի այլ մանրամասների մասին:
  2. Մինչ Քարաշամբի պեղումները, ընդունված էր այն տեսակետը, որ Կուր և Արաքս գետերի ավազաններում տարածված Առաջավոր Ասիայի միջինբրոնզեդարյան երևելի հնագիտական մշակույթներից մեկը, որ հայտնի է թրիալեթյան կամ թռեղք-վանաձորյան մշակույթ անվանումով, ձևավորվել է մոտավորապես մ.թ.ա. XX դարում, ժամանակակից Վրաստանի տարածքում, այնուհետև` մ.թ.ա. XVII-XVI դարերումտարածվել է դեպի Հայաստան: Քարաշամբի մեծդամ­բանաբլուրը և պեղված մյուս միջինբրոնզեդարյան դամբարանները ցույց տվեցին, որ հիշյալ մշակույթի ամենավա­ղագույն դրսևորումներն ունենք այստեղ, որոնք թվագրվում են մ.թ.ա. XXII-XXI դարերով: Այս փաստագրումներն հիմք դարձան շտկելու, ինչպես հիշյալ մշակույթի ձևավորման ժամանակի, այնպես էլ ելակետային տարածքների մասին եղած նախկին պատկերացումները:
  3. Քարաշամբում պեղված դամբարանների բացարձակ մեծամասնությունը վերաբերում է ուշ բրոնզի դարին (մ.թ.ա. XV-XII դդ․): Հայտնաբերված հսկայածավալ նյութերը գործնականում դարձան այն հիմքը, որը հնարավորություն ընձեռեց հստակեցնելու ուշ բրոնզի դարի պարբերացման հիմնախնդիրը ողջ Այսրկովկասի համար:

«Քարաշամբի դամբարանադաշտի պեղումներ և ուսումնասիրություն» ծրագրի իրականացման շրջանակներում,  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Քարաշամբի դամբարանադաշտի ուսումնասիրության գիտահետազոտական խումբը 2009 թվականին վերսկսեց հնավայրի դամբարանների համատարած պեղման աշխատանքները: Թաղման կառույցների խտությունը նկատի ունենալով, ծրագրով նախատեսվեց դամբարանադաշտի տարածքը  բաժանել 20x20 մ մակերեսով քառակուսիների և հնավայրը պեղել ըստ քառակուսիների՝ ներառելով քառակուսիների ողջ մակերեսը և ոչ թե միայն դամբարանները։

Ծրագրով նախատեսված է, որ ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվեն երկու գրքերով: Առանձին հրատարակվելու է «Քարաշամբ» բազմահատորանոց երկլեզու (հայերեն, անգլերեն) կատալոգը:

Պեղումներին մասնակցած ուսանողների համար Քարաշամբից հայտնա­բերված նյութերի ու տվյալների հիման վրա մշակվում են հատուկ թեմաներ՝ կուրսային և ավարտական աշխատանքներ գրելու նպատակով:

Պեղումների արդյունքները ներկայացվել են հանրապետական, միջազգային գիտական նստաշրջաններին, լուսաբանվել և հանրահռչակվել լրատվամիջոց­ներով:

2008-2013 թվականների դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքում դամբարանադաշտի տարածքում քարահողային լիցքից մաքրվել և բացվել է 11400 քառ. մ ավելի մակերես, որտեղ արձանագրվել է 776, իսկ 2009-2016 թվականներին՝ պեղվել միջին բրոնզ – ուշ երկաթի դարաշրջաններին վերագրվող 554 դամբարան: Նկատի ունենալով պեղված նյութերի քանակը, դաշտային հետազոտական աշխատանքները 2016 թվականին ժամանակավորապես դադարեցվել են։ Ներկայումս աշխատանքները տարվում են պեղված նյութերի վերականգնման և կամերալ մշակման, հետազոտությունների արդյունքների հրատարակման ուղղությամբ։

Դաշտային աշխատանքների արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութը վերականգնվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի լաբորատորիայում: Խեցեղեն իրերը մաքրել և վերականգնել են Լիլիթ Մանուկյանը, Արևիկ Ավետիսյանը, Դավիթ Բարոյանը, Տաթևիկ Հարությունյանը, մետաղյա իրերը՝ Արմեն Գևորգյանը, Աննա Շչերբակովան, Մանվել Ղալաչյանը: Հնագիտական իրերը գրչանկարել է Արտակ Հախվերդյանը, լուսանկարել՝ Վռամ Հակոբյանը:

Ծրագրի իրականացման շրջանակներում հաստատվել է համագործակցության լայն շրջանակ ինչպես հայաստանյան այնպես էլ արտերկրյա տարբեր գիտական հաստատությունների և մասնագետների հետ՝  Լևոն Եպիսկոպոսյան, Աշոտ Մարգարյան (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Հաննա Չազին (ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի մարդաբանության ամբիոն, դոցենտ, հնակենդանաբան), Մարտին Հերնանդեզ (ԱՄՆ-ի Կոթսենի հնագիտության ինստիտուտ, կենսահնագետ), Դանիայի Լունդբեկ հիմնադրամի Գեոգենետիկայի կենտրոն, Հարվարդի համալսարանի Մարդկային էվոլյուցիոն կենսաբանության բաժին, Վիեննայի համալսարանի Էվոլյուցիոն մարդաբանության բաժին: Համագործակցության արդյունքներից շատերը ամփոփվել են տարբեր ամսագրերում լույս տեսած գիտական հոդվածների տեսքով:

 

 

 

 

(c) 2020 Muzex - All rights reserved.