ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՍԱՐԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԸ

 

Հայաստանի բարձր լեռներում մինչ օրս պահպանվել են յուրահատուկ հուշարձաններ, որոնց ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապաքար»:

Ինչպես խաչքարերն, այնպես էլ վիշապաքարերը հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում: Նրանց տարածման կենտրոններն են Արագած և Գեղամա լեռները: Այսօր հայտնի է այս հուշարձանների մոտ 150 օրինակ:

Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են մոխրագույն քարից՝ անդեզիտից կամ բազալտից, և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք խմբի`

 1. ձկնակերպ (քանդակված ձկան տեսքով),

2. ցլակերպ (քառակող, դիմային հատվածում ցլի գլխի և վար ընկած ոտքերի պատկերով),

3. ձկնացլակերպ (կրում են նախորդ երկուսի հատկանիշները):

Վիշապաքարերը լայնորեն կիրառվել են բրոնզի դարում և մասնավորապես Ք.ա. 2-րդ հազարամյակում, սակայն չի բացառվում, որ նրանց արմատները գնում են ավելի վաղ ժամանակաշրջաններ:

Վիշապաքարերը գտնվում են իրենց սկզբնական տեղում` ծովի մակերևույթից մինչև 3000 մ բարձրության վրա, կանգնած և/կամ ընկած վիճակում: Հնում նրանք հիմնականում կանգնած են եղել: Վիշապաքարերի մեծ մասն ի հայտ է գալիս խմբերով, քչերը` մեկուսի, ջրով հարուստ հարթ հրապարակներում, կլոր քարաշար հարթակների մեջ, իսկ շրջակայքում առկա են դամբարաններ, ժայռապատկերներ, աշտարակաձև կառույցներ: 

 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Արարարտ-Էսքիջյան թանգարան, Լոս Անջելես

ԱրխեոԱրթ և Լաբ ՀԿ, Հայաստան

«Վիշապ» ծրագիր, Հայաստան-Իտալիա

 

 

 

Նկ. 1. Վիշապաքարերի տարածույթը և քանակը

 

 

Նկ. 2. Վիշապների տիպերը

 

 

ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՍԱՐԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԸ

 

Անվանումը – Արշալույս 5

Տիպը – Ցլակերպ (դիմային հատվածում՝ հինգ գլխանի մորթազերծ ցլի պատկեր է)

Նյութը – Բաց մոխրագույն բազալտ

Պահպանվածությունը – Բավարար (հայտնաբերման պահին բաժանված էր մի քանի հատվածի)

Չափսը – 245x83x25 սմ

Սկզբնավայրը – Արշալույս գյուղի սար, Գեղամա լեռներ

Բարձրությունը ծովի մակարդակից – 2670 մ

Համատեքստը – Հարթակ-կրոմլեխի մեջ, դեպի որն արևմուտքից ընթանում է մոտ 220 մ  ճանապարհ: Շրջակայքում կան այլ կրոմլեխներ, քարաշարեր և չորս այլ վիշապաքարեր

Հայտնաբերման պատմությունը – 2011 թ. տեղի վրանաբնակները հողի մակերեսին նկատելով քարի վերնամասը՝ փորում են նրա շուրջ, քարն էլ հանում մեծ մեքենայով, որի ընթացքում այն կոտրվում է մի քանի մասի: «Վիշապ» ծրագրի արշավախումբը հայտնաբերել է կոթողը 16.08.2018 թ.:

                                                          

 

Նկ. 3. Արշալույս 5-ը հայտնաբերման պահին. 2018 թ.

 

 

Նկ. 4. Արշալույս 5-ի գծանկարը