Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Վաղ հնագիտության բաժին

Վաղ հնագիտության բաժին

Վաղ հնագիտության բաժին

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Զբաղվել վաղ հնագիտության հարցերով, որոնք համաշխարհային հնագիտության տե­­սան­կյունից վերաբերում են մարդագոյացման, առաջին արտադրող տնտեսություն վա­րող և բարդվածությամբ բնորոշվող հասարակարգերի ձևավորման ու զարգացման շր­ջան­ներին:
  2. Դարաշրջանների տեսանկյունից` զբաղվել քարի դարից մինչև միջին երկաթի դարն (ներառյալ) ըն­կած փուլերով, ժամանակագրական տեսանկյունից՝ մոտ 2 մլն տարի մեզանից առաջ - մին­չև մ.թ.ա. I հազ. կեսն ընկած ժամանակահատվածով:
  3. Զարգացնել վաղ հնագիտությունը Հայաստանում (աշխարհագրական շրջանների և ժա­­մա­նակագրական փուլերի հավասարազոր հետազոտություն, պեղումների արդ­յունք­ների ժա­մանակին հրապարակում, ժամանակակից մեթոդների կա­նոնավոր կի­րա­ռում, ՀՀ թանգարանների հետ կապի ապահովում, ար­տա­սահմանյան գիտակրթական և հրատարակչական հաստա­տու­թյուն­ների հետ կա­պե­րի զար­գացում, համապատասխան խնդիրների օբյեկտիվ ներ­կա­յացում տեղական և մի­ջազ­­գա­յին գիտաժողովներում և հրապարակումներում)՝ նպաս­տելով համապատասխան կադ­րե­րի ներհոսքին և բնականոն սերն­դա­փո­խու­թյա­նը:
  4. Ստորաբաժանումն իր աշխատանքներն իրականացնում է հետևյալ գործունեության ձևերով՝ դաշտային, կամերալ, լաբորատոր, թանգարանային, ար­խի­վա­յին/գրադարանային, գրասենյակային:
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (մե­նա­գրու­թյուն­ներ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կի­­րա­ռե­լով ժամանակակից մեթոդներ և լաբորատոր անալիզներ, մասնակցած և կազ­մա­կեր­պած միջոցառումներով (գիտաժողովներ, սե­մի­նար­ներ ևն), դաշտային և լաբո­րատոր ար­դ­յու­նա­վետ աշխատանքով, միջազգային կապերի արդ­յու­նա­վետու­թյամբ (օտարերկ­րյա ռեսուրսների ներ­­գրավում, լաբորատորիաների հասանելիություն, մի­ջազգային գի­տա­ժողովների մաս­նակ­ցություն), կադրային ներհոսքով, ատենա­խո­սու­­թյունների պաշ­տ­­­պա­նու­թյամբ, մասնագիտական կարծիքների տրամադրմամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Ներածություն

Հայաստանի հնագույն անցյալի ուսումնասիրությունը հարուստ պատմություն ունի՝ սկզբնավորվելով դեռևս XIX դարում:  1870-ական թվականներին Ալեքսանդր Երիցյանը պեղումներ է իրականացրել Ակներում, Ֆրիդրիխ Բայեռնը՝ Ռեդկին Լագերում, 1887 թվականին Ժակ դը Մորգանը՝ Դեբեդի ավազանում։ Այս ուսումնասիրությունները հիմք դրեցին Հայաստանում դաշտային հնագիտական ուսումնասիրություններին։

Խորհրդային կարգերի հաստատումով՝ 1920-ականներին նոր դարաշրջան սկսվեց հայկական հնագիտության համար: Ստեղծվեցին կարևոր գիտական հաստատություններ երկրի հնությունները պետական մակարդակով պահպանելու և ուսումնասիրելու համար: Դրանք էին Երևանի պետական համալսարանը (1919 թ), Պատմության պետական թանգարանը (1920 թ․), ինչպես նաև Հուշարձանների պահպանության կոմիտեն (1923 թ․)։ 1943 թվականին հիմնադրվեց Հայկական ԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտը, իսկ 1959 թվականին՝ Հայկական ԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։

Հիմնադրումից հետո Հնագիտության և ազգագրության ինստիտուտը դարձավ Հայաստանի հնագույն անցյալի ուսումնասիրության կենտրոնական և առաջատար հաստատությունը։ Հիմնադրման առաջին իսկ տարում վաստակաշատ հնագետ Հարություն Մարտիրոսյանի ղեկավարությամբ ձևավորվեց նաև Վաղ հնագիտության բաժինը (Վաղ հնագիտության սեկտոր), որի առաջին աշխատակիցներն էին հնագետներ Սանդրո Սարդարյանը, Նիկոլայ Հարությունյանը, Զոհրաբ Ղասաբյանը, Ստեփան Եսայանը, Էմմա Խանզադյանը:

Ինստիտուտի հիմնադրման առաջին իսկ տարում բաժնի, Ռուսաստանի պետական Էրմիտաժի և Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի համատեղ արշավախմբերը  պեղումներ իրականացեցին Կարմիր բլուրում (Բորիս Պիոտրովսկի, Հարություն Մարտիրոսյան) և Արին բերդում (Կոստանդին Հովհաննիսյան): Ինստիտուտի արշավախումբը պեղումներ իրականացրեց նաև Շենգավիթում (Սանդրո Սարդարյան):

 

Բաժնի ուսումնասիրության ոլորտները և ուղղությունները

Վաղ հնագիտության բաժնի ուսումնասիրությունների նպատակը հնագույն Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի վերականգնումն է՝ ժողովրդագրական, ժամանակագրական և պարբերացման, քաղաքի և կոմպլեքս հասարակությունների ձևավորման, հայ ժողովրդի կազմավորման և այլ խնդիրների քննարկման համատեքստում։ Ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են․

  • Տարածաշրջանի բնակեցման սկզբնափուլերի ուսումնասիրություն (հին քարի դար)
  • Վաղ երկրագործական մշակույթների ուսումնասիրություն (նոր քարի և պղնձի-քարի դարեր)
  • Կոմպլեքսային հասարակութունների ուսումնասիրություն (վաղ բրոնզի դար)
  • Վաղ պետական կազմավորումների ուսումնասիրություն (միջին բրոնզի և վաղ երկաթի դարեր)
  • Վանի թագավորության ուսումնասիրություն (զարգացած երկաթի շրջան):

Այս հետազոտական ուղղություններից յուրաքանչյուրն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում մարդու առաջացման և գործունեության դինամիկայի ու առանձնահատկությունների մասին պատկերացում կազմելու համար։ Համակարգված և միջմասնագիտական հետազոտությունների, ինչպես նաև աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ բաժինը նպատակ ունի բացահայտել հնագույն Հայաստանի ժողովրդագրական պատկերը, հասարակական կազմակերպման և քաղաքաշինության գործընթացները։ Այս ուսումնասիրությունները կարևոր են ոչ միայն հին Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի մասին պատկերացում կազմելու, այլ նաև ընդհանուր Մերձավոր Արևելքի քաղաքակրթական զարգացումները խորապես հասկանալու համար։ Բաժնի գործունեությունը մեծապես նպաստում է Հայաստանի դերի և նշանակության գիտակցմանը մարդկային քաղաքակրթության վաղ փուլերի զարգացման համատեքստում։

 

Բաժնի իրականացրած ուսումնասիրությունները

Վերջին 60 տարիների ընթացքում վաղ հնագիտության բաժինը սեփական ուժերով և միջազգային համագործակցությունների շրջանակում հսկայական աշխատանք է կատարել Հայաստանի հնագույն անցյալի փաստագրման և ուսումնասիրության բնագավառում։ Ուսումնասիրվել են հարյուրավոր բնակավայրեր, դամբարանադաշտեր, պաշտամունքային համալիրներ, կոթողներ և առանձին գտածոներ։ Նման ուսումնասիրությունների թիրախ են եղել Արարատյան դաշտը (Հարություն Մարտիրոսյան, Էմմա Խանզադյան, Ռաֆիկ Թորոսյան, Գրիգոր Արեշյան, Ռուբեն Բադալյան, Պավել Ավետիսյան), Տավուշը (Ստեփան Եսայան, Լևոն Աղիկյան), Լոռին (Սեդա Դևեջյան, Արամ Գևորգյան), Շիրակը (Ռուբեն Բադալյան), Սևանի ավազանը (Գեդեոն Միքայելյան, Աշոտ Փիլիպոսյան, Լևոն Պետրոսյան, Սիմոն Հմայակյան, Նորա Ենգիբարյան, Արսեն Բոբոխյան), Վայոց Ձորը (Բորիս Գասպարյան), Սյունիքը (Օնիկ Խնկիկյան, Պավել Ավետիսյան, Բորիս Գասպարյան), Արագածոտնը (Պավել Ավետիսյան, Հայկ Ավետիսյան, Ռուբեն Բադալյան, Գարեգին Թումանյան, Հակոբ Սիմոնյան, Բորիս Գասպարյան, Արթուր Պետրոսյան), Կոտայքը և Հրազդան գետի հովիտը (Վահան Հովհաննիսյան, Լեոնիդ Բիյագով, Բորիս Գասպարյան, Արթուր Պետրոսյան) և այլն։

Հայաստանի բնակեցման սկզբնափուլերի (հին քարի դարի) ուսումնասիրության տեսանկյունից հատկապես նշանավոր են Նոր-Գեղի 1-ի (Բորիս Գասպարյան, Դանիել Ադլեր), Դալարիկ 1-ի (Բորիս Գասպարյան, Ֆիլ Գլաուբերմեն), Հովք 1-ի (Բորիս Գասպարյան, Ռոն Փինհասի), Կալավան 1-ի (Բորիս Գասպարյան, Մանթոյա Սիրիլ), Աղիտուի (Բորիս Գասպարյան, Էնդրյու Կանդել), Երևան 1-ի և Լուսակերտ 1-ի (Բենիկ Երիցյան, Բորիս Գասպարյան, Դանիել Ադլեր) պեղումները։

Հայաստանի վաղ երկրագործական մշակույթների (նոր քարի և պղնձի-քարի դարեր) ուսումնասիրության տեսանկյունից առանցքային են Թեղուտի (Ռաֆիկ Թորոսյան), Ակնաշենի (Ռուբեն Բադալյան, Քրիստին Շատենյե), Առատաշենի (Ռուբեն Բադալյան, Պիեր Լոմբարդ, Քրիստին Շատենյե), Մասիս բլուրի (Գրիգոր Արեշյան, Պավել Ավետիսյան, Քրիստինե Մարտիրոսյան-Օլշանսկի), Գոդեձորի (Պավել Ավետիսյան, Քրիստին Շատենյե), Լեռնագոգի (Արթուր Պետրոսյան, Մակոտո Արիմուրա), Արենի 1-ի Բորիս Գասպարյան, Քիթ Վիլկինսոն), Գետահովիտ 1-ի (Իրենա Քլանթարյան), Տիրինկատարի (Արսեն Բոբոխյան) պեղումները։

Հայաստանի կոմպլեքսային հասարակութունների (վաղ բրոնզի դար) ուսումնասիրության տեսանկյունից նշանավոր են Շենգավիթի (Սանդրո Սարդարյան, Հակոբ Սիմոնյան, Մայքլ Ռոթման), Թեղուտի (Ռաֆիկ Թորոսյան), Մեծամորի (Էմմա Խանզադյան), Էլառի (Էմմա Խանզադյան), Մոխրաբլուրի (Գրիգոր Արեշյան), Կառնուտի (Ռուբեն Բադալյան), Գեղարոտի (Ռուբեն Բադալյան), Ոսկեբլուրի (Ռուբեն Բադալյան) պեղումները։

Վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջանի (միջին բրոնզի և վաղ երկաթի դարեր) ուսումնասիրության տեսանկյունից նշանավոր են Լոռի-Բերդի (Սեդա Դևեջյան), Լճաշենի (Լևոն Պետրոսյան), Ներքին Գետաշենի (Աշոտ Փիլիպոսյան), Քարաշամբի (Էմմա Խանզադյան, Արամ Գևորգյան, Վահան Հովհաննիսյան, Ֆիրդուս Մուրադյան,Պավել Ավետիսյան), Վերին Նավերի (Հակոբ Սիմոնյան) պեղումները։

Վանի թագավորության և զարգացած երկաթի շրջանի ուսումնասիրության տեսանկյունից նշանավոր են Արգիշտիխինիլիի (Հարություն Մարտիրոսյան, Սիմոն Հմայակյան), Օշականի (Ստեփան Եսայան), Արամուսի (Հայկ Ավետիսյան, Մայքլ Հերլես), Արագածի (Հայկ Ավետիսյան), Դովրիի (Սիմոն Հմայակյան), Նոր Արմավիրի (Սիմոն Հմայակյան, Նվարդ Տիրացյան) պեղումները։

Ուսումնասիրությունների ընդհանուր համատեքստում ուսումնասիրվել են նաև առանձին երևույթներ, ինչպիսիք են Հայաստանի ժայռապատկերները (Հարություն Մարտիրոսյան, Աննա Խեչոյան), վիշապաքարերը (Արսեն Բոբոխյան), օդապարուկները (Իրենա Քալանթարյան, Մարիամ Շախմուրադյան):

 

Միջազգային համագործակցությունը

Վաղ հնագիտության բաժնի գործունեության կարևորագույն մասն է միջազգային համագործակցությունը։ Ներկա դրությամբ բաժինը համագործակցում է տասնյակ երկր­­նե­րի գիտական կենտրոնների հետ, որոնց թվում են Քորնելի համալսարանի Մարդաբանության ֆակուլ­տետը, Կենտրոնական Ֆլորի­դա­յի համալսարանը, Հյուսիսային Կարո­լի­նայի համալսարանը, Կա­լի­ֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանը, Կոննետիկուտի համալսարանը, Չիկագոյի հա­մալ­սարանը, Նյու Յորքի  հա­մալ­­սա­րանը, Լիոն-2 համալսարանը, Սորբոնի համալսարանը, Թյուբինգենի համալ­սարանը, Մյունխենի համալսարանը, Բեռլինի Բաց համալսարանը, Մանհայ­մի Հնա­­­չա­փու­թ­­յան ինստիտուտը, Մաքս Պլանկ ինստիտուտը, Հալեի համալ­սա­րանը, Հռոմի Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության մի­­ջազ­­գային ասոցիացիան, Վենետիկի Կա ֆոսկարի համալսարանը, Հնա­մար­դաբանության իտալական ինստիտուտը, Քորքի համալսա­րա­նական քոլեջը, Հայ­ֆայի համալսարանը, Տոկաիի համալսարանը, Ադե­լաի­դայի համալսարանը, Վարշավայի համալսարանը, Պրա­հայի հնագիտության ինստի­տուտը, Ինս­բրուկի համալսարանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտը և այլն։ Արտերկրի տարբեր գիտական կենտրոնների հետ իրականացվող դաշտային հետազոտական ծրագրերի շրջանակներում տարեկան կազմավորվում են տասնյակ հնագիտական արշավախմբեր։

Բաժինը ակտիվորեն համագործակցում է նաև լաբորատոր հետազոտություններ կատարող գիտական հաս­տա­տութ­յունների հետ, որոնց շրջանակներում մեծ քանակությամբ հնամարդաբանական, հնակենդանաբանական, հնաբուսաբանական նյութերի, հողի, ինչպես նաև քարե, մետաղական, կավե գտածոների անալիզներ են իրականացվում։

 

Բաժնի կազմակերպած գիտական միջոցառումները

Գիտաժողովների, աշխատաժողովների և գիտական սեմինարների կազմակերպումը բաժնի գործունեության կարևոր մասն է, քանի որ դրանց ընթացքում պարբերաբար ամփոփվում են իրականացված ուսումնասիրությունները և նոր հարցադրումներ առաջադրվում ապագա հետազոտությունների համար։

Իր գործունեության ընթացքում բաժինը կազմակերպել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովներ, որոնց թվում հատկապես պետք է նշել 1982 թվականին Երևանում կայացած «Մշակութային առաջընթացը բրոնզի և երկաթի դարերում» գիտաժողովը, որին մասնակցում էին տարբեր խորհրդային հանրապետություններից ժամանած մասնակիցներ, ինչպես նաև բաժնի մասնակցությամբ ինստիտուտում երկու տարին մեկ կազմակերպվող «Հայաստանի Հանրապետությունում հնագիտական դաշտային հետազոտությունների արդյունքները» խորագրով հանրապետական գիտական նստաշրջանները, որտեղ ամփոփվում էին նախորդ տարիներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։

Հետխորհրդային շրջանում հատկապես նշանակալից են 2009 և 2019 թվականներին բաժնի անմիջական ջանքերով կազմակերպված «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովները, որոնք աննախադեպ էին իրենց ծավալով՝ հյուրընկալելով բազմաթիվ հնագետների Հայաստանից և արտերկրից (Վրաստան, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իռլանդիա, Անգլիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսրայել և այլն)։ Միջազգային գիտաժողովներից զատ բաժնի կողմից պարբերաբար կազմակերպվում են նաև «Հին Հայաստանի մշակույթը», «Հնագույն Հայաստանի մշակույթը» խորագրով նստաշրջաններ, որտեղ ավանդաբար քննարկվում են նախորդ տարիներին իրականացված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքները։

Բաժնում հաճախ կազմակերպվում են թեմատիկ և մեթոդաբանական բնույթի սեմինարներ՝ մասնագիտական գիտելիքների խորացման և նորարարական մեթոդների կիրառումը խթանելու նպատակով։

 

Բաժնի գիտական հրատարակությունները

Բաժնի կողմից իրականացված հետազոտական աշխատանքների և կազմակերպված գիտաժողովների արդյունքում հարյուրավոր հետազոտություններ են տպագրվել Հայաստանում և արտերկրում։ Դրանց զգալի մասը հրատարակվել են ինստիտուտի մատենաշարերում, ինչպիսիք են «Հայաստանի հնագիտական հուշարձանները», «Հնագիտական պեղումները Հայաստանում», «Հին Հայաստանի մշակույթը», «Հնագույն Հայաստանի մշակույթը», ինչպես նաև տեղական «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Արամազդ» (անգլերեն լեզվով), «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ», «Բանբեր հայագիտության», «Հայագիտության հարցեր», «Բազմավեպ» և մի շարք այլ պարբերականներում։ Խորհրդային շրջանում բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների զգալի մասը լույս է տեսել «Археологические открытия» հայտնի մատենաշարում, ինչպես նաև «Советская археология», «Древний Восток» հնագիտական պարբերականներում, մինչդեռ հետխորհրդային շրջանում գերակշռում են բաժնի աշխատակիցների և արտասահմանյան գործընկերների հետ միջազգային գրախոսվող և բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Nature, Journal of Archaeological Science, Studi Micenei ed Egeo-Anatolici, Anatolian Studies, American Journal of Archaeology, Quaternary International, Paléorient, Antiquity, Archäologische Mitteilungen aus Iran und Turan և այլն) հրատարակված ուսումնասիրությունները։  Համատեղ նախագծերից շատերն արդեն հրատարակվել են որպես մենագրություններ։

 

Բաժնի ներկայիս ուսումնասիրության ոլորտները

Բաժնի ներկայիս ուսումնասիրության ոլորտներն ընդգրկում են

  • Հայաստանի վաղ երկրագործական մշակույթը, օբսիդիանի ինդուստրիան  (կատարող՝ պ.գ.դ., բաժնի վարիչ Ռուբեն Բադալյան)
  • Հայաստանի քարի դարի ժամանակագրությունը նորագույն հնագիտական հետազոտությունների լույսի ներքո (կատարող՝ գիտաշխատող Բորիս Գասպարյան)
  • Հայաստանի վաղ հոլոցենի հնագիտական մշակույթը (Ք.ա. XI-VII hազարամյակներ) (կատարող՝ գիտաշխատող Արթուր Պետրոսյան)
  • Շիրակի հին քարեդարյան կայանները (կատարող՝ կրտսեր գիտաշխատող Հայկ Հայդոսյան)
  • Հայաստանի պղնձեքարեդարյան մշակույթը, Գետահովիտ քարայրի պեղումներ և ուսումնասիրություն (կատարող՝ գիտաշխատող Իրեն Քալանթարյան)
  • Հայաստանի  նորքարեդարյան և պղնձեքարեդարյան խեցեղենը (Ակնաշենի և Առատաշենի տվյալների հիման վրա (կատարող՝ գիտաշխատող Արմինե Հարությունյան)
  • Արագածի ժայռապատկերները (կատարող՝ կրտսեր գիտաշխատող Աննա Խեչոյան)
  • Վիշապաքարերի հնագիտական հետազոտությունը (կատարող՝ պ․գ․թ․, առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյան)
  • Հնագույն Հայաստանի՝ կիմերական հատկանիշներով դամբանախմբերը (մ.թ.ա. VIII դ. վերջ – VII/VI դարեր)» (կատարող՝ պ․գ․դ․, ավագ գիտաշխատող Գարեգին Թումանյան)
  • Հայաստանի երկաթի դարի նյութական մշակույթի ուսումնասիրության հիմնախնդիրները (կատարող՝ պ․գ․թ․, ավագ գիտաշխատող Նորա Ենգիբարյան)
  • Հայաստանի երկաթի լայն տարածման ժամանակաշրջանի նյութական մշակույթը (կատարող՝ պ․գ․թ․, ավագ գիտաշխատող Լևոն Պետրոսյան)
  • Արգիշթիխինիլիի հյուսիսարևմտյան թաղամասերը և դամբարանադաշտը (կատարող՝ պ․գ․թ., ավագ գիտաշխատող Սիմոն Հմայակյան)
  • Վանի թագավորության մշակույթը (կատարող՝ պ․գ․դ․, առաջատար գիտաշխատող Երվանդ Գրեկյան)
  • Սևանի արևելյան շրջանների բրոնզ-երկաթեդարյան խեցեղենը (կատարող՝ կրտսեր գիտաշխատող Մարիամ Ամիրյան)
  • Շնողի ավազանը երկաթի դարում (կատարող՝ կրտսեր գիտաշխատող Անի Սարատիկյան)
  • Հայաստանի հնագույն ոսկրե գործիքները (կատարող՝ ավագ լաբորանտ Անի Ադիգյոզալյան)

 

(c) 2020 Muzex - All rights reserved.