
Հայ հեքիաթագիտության մեջ մինչ օրս չարծածված այս թեման նախորդ՝ 2011-2015 թթ գիտահետազոտական աշխատանքի ժամանակահատվածում ուսումնասիրվել է ըստ Հայաստանի տարբեր պատմաազգագրական տարածաշրջանների (Վասպուրական, Լոռի, Տավուշ) հեքիաթների: Հետազոտության արդյունքների հիման վրա գրվել են մի շարք հոդվածներ և տպագրվել գիտական հրատարակություններում:
Հեքիաթագիտական այս կարևոր բնագավառի ուսումնասիրությունն ամբողջացնելու համար նախատեսվում է առաջիկա ժամանակահատվածում ընդլայնել նախորդ թեմայի սահմանները համահայկական հեքիաթային կայուն բանաձևային տեսակներն առանձնացնել ըստ իրենց կատարած գործառույթների, համակարգել, կազմել համապատասխան աղյուսակներ և հայկական բանաձևերի ուղեցույց, որը ոչ միայն կներկայացնի հայկական հեքիաթների կառուցվածքի բանաձևերը, այլև կնպաստի հեքիաթագետների ուսումնասիրություններին: Յուրաքանչյուր գործառույթ ներկայացնող հիմնական բանաձևի տակ կընդգրկվեն Հայաստանի բոլոր տարածաշրջանների հեքիաթներում առկա նմանատիպ բանաձևի տարբերակները, որոնց զուգահեռ կներկայացվեն հարևան ժողովուրդների հեքիաթների նմանատիպ գործառույթով բանաձևերը:
Ուսումնասիրությունը հնարավորություն կտա ավելի հանգամանորեն հետազոտելու հայ ժողովրդական հեքիաթների սյուժեներն ու մոտիվները, դիտարկելու հեքիաթների կառուցվածքային խնդիրները, բացահայտելու հնագույն առասպելաբանական և ծիսահավատալիքային ատաղձի առկայությունն ու դրանք մեկնաբանել ժամանակակից մոտեցումներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեքիաթային կայուն բանաձևերի տեսակներն ու գործառույթները բազմազան են, հարկ կլինի առանձին-առանձին անդրադառնալ բանաձևերի յուրաքանչյուր տեսակի ծագումնաբանության, ձևավորման և կիրառման խնդիրներին, որոնք կներկայացվեն գիտական հոդվածների սահմաններում:
Հետազոտությունը բաղկացած կլինի տեսական ուսումնասիրությունից և հեքիաթային բանաձևերի ուղեցույցից, որի ծավալը կախված կլինի ընդգրկված նյութերում առկա բանաձևերի քանակից: