Ethnology

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեության առաջին տարիներից սկսած` հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել ազգագրության ոլորտում, հատկապես հայոց նյութական և հոգևոր մշակույթի, պատմազգագրական առանձին շրջանների, ազգագրության տեսական ու մեթոդաբանական հիմնախնդիրների ուղղությամբ: Հայ ազգագրական գիտության կայացման ու միջազգային գիտական հանրության կողմից ճանաչման գործում մեծ նպաստ ունեցան Դ. Վարդումյանը, Վ. Բդոյանը, Է. Կարապետյանը, Կ. Մելիք-Փաշայանը, Ա. Օդաբաշյանը: 1950-ական թվականներից Դաշտային հետազոտությունների շնորհիվ հիմնավորապես ուսումնասիրվեցին հայոց տնտեսական զբաղմունքները, կենցաղն ու սովորույթները: Հետազոտվեցին և հրատարակվեցին հայ ժողովրդի տնտեսական կենցաղին, նյութական ու հոգևոր մշակույթի ազգագրական դրսևորումներին, ավանդական և ժամանակակից հասարակական հարաբերություններին, ժողովրդական փոխադրամիջոցներին, հավատալիքներին, ծեսերին ու պաշտամունքին վերաբերվող տասնյակ ուսումնասիրություններ (Կ. Սեղբոսյան, Լ. Պետրոսյան, Յու. Մկրտումյան, Է. Պետրոսյան, Ժ. Խաչատրյան, Ռ. Վարդանյան, Հ. Խառատյան, Զ. Խառատյան, Ս. Հոբոսյան, Հ. Սարգսյան, Ս. Պողոսյան, Ա. Ստեփանյան, Հ. Մարության, Ա. Թադևոսյան, Մ. Գաբրիելյան,Ա.Դաբաղյան, Ն. Մարգարյան, և ուրիշներ): Դրանցից հատկանշելի են Վ. Բդոյանի «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972 թ.), Յու. Մկրտումյանի «Անասնապահության եղանակները Արևելյան Հայաստանում» (1974 թ.) ուսումնասիրությունները: Առանձին հետազոտությունների նյութ են դարձել նաև ժողովրդական տոները, հավատալիքները, ժամանցը, պարարվեստն ու թատերական ներկայացումները: Այս բնագավառներն իրենց արտացոլումն են գտել ազգագրագետ-բանագետ Սրբ. Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» (երկու հատոր, 1958, 1972 թթ., ռուսերեն), «Հայկական հինավուրց պարեր» (1983 թ., ռուսերեն), Կ. Մելիք-Փաշայանի «Անահիտ դիցուհու պաշտամունքը» (1963 թ.), Ա. Օդաբաշյանի «Ամանորը հայ ժողովրդական տոնացույցում (1978 թ.), Վ. Բդոյանի «Հայ ժողովրդական խաղեր» (երեք հատոր, 1963–1983 թթ.) արժեքավոր մենագրություններում և գրքերում: Հայ ազգագրության կարևոր ձեռքբերումներից մեկը պետք է համարել «Աշխարհի ժողովուրդները» մատենաշարով «Կովկասի ժողովուրդներ» երկհատորյակում հայերին վերաբերող հատվածի շարադրումը ռուսերենով, որը հայոց նյութական ու հոգևոր մշակույթի յուրօրինակ հանրագիտարան էր և համապատասխանում էր ժամանակի գիտության պահանջներին: Հայաստանի անկախության հռչակումից հետո էական փոփոխությունների ենթարկվեց նաև ազգագրական հետազոտությունների ուղղվածությունը, սկսեցին կիրառվել նոր հետազոտական մոտեցումներ ու մեթոդներ: Բացի ավանդական մշակութային համալիրների ուսումնասիրությունից, հայ ազգագրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին նոր հետազոտական թեմաներ` հասարակական-մշակութային փոխակերպումների և դրանց դրսևորումների (աղքատության, ունեցվածքային բևեռացում, բնակչության արտագաղթ) մարդաբանություն, պատերազմի և էթնիկական հակամարտությունների մարդաբանություն, քաղաքական մարդաբանություն և այլն: Հայ ազգագրագետների ուշադրության կենտրոնում են նաև գիտության պատմության, տեսության ու մեթոդաբանության հարցերը: Վերջին տարիների ամենալուրջ հաջողությունը, որն ամբողջացնում է ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից հայ ազգագրության վերջին ձեռքբերումները, «Հայեր» հատորի հրատարակությունն է ռուսերենով (Մոսկվա, 2012 թ.), որը գիտական բարձր մակարդակով ներկայացնում է հայոց մշակութային ժառանգության բոլոր հիմնական ոլորտներն ու կարևոր քայլ է հայոց մշակութային ժառանգության հանրայնացման և միջազգայնացման ճանապարհին:

Արդիականության ազգաբանության ոլորտում հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել հայ մշակույթի և ինքնության վերլուծության ուղղությամբ: Հայոց մշակույթի համապարփակ ներկայացման նշանակալի հետազոտություններից մեկը պետք է համարել Լ. Աբրահամյանի և Ն. Սուիզի խմբագրությամբ ԱՄՆ-ում հրատարակված «Հայկական ժողովրդական արվեստը, մշակույթն ու ինքնությունը» գիրքը (2001 թ., անգլերեն), ինչպես նաև Լ. Աբրահամյանի` ԱՄՆ-ում լույս տեսած «Հայոց ինքնությունը փոփոխվող աշխարհում» (2006 թ., անգլերեն) մենագրությունը: Արդիականության ազգաբանության ուսումնասիրությունների ոլորտում ակնառու նվաճումներից է «Հիշողության ազգագրություն» մատենաշարի հիմնումը և երեք մենագրությունների հրատարակումը (Հ. Մարության): Կիրառական ազգագրության ուղղությամբ ընթացող ամենամյա դաշտային աշխատանքների շնորհիվ հայաստանյան ընթերցողների լայն շրջանակների դատին են ներկայացված մի քանի մենագրություններ, որտեղ ներկայացվում է հայ ավանդական տոնական և հարսանեկան ծիսակարգերը, քննվում են դրանց արդիականացման հնարավորություններն ու սահմանափակումները (Հ. Խառատյան, Գ. Շագոյան և ուրիշներ):

Նշանակալից ուսումնասիրություններ են կատարվել «էթնոսոցիալական և մշակութային գործընթացները Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի իրականացման ընթացքում: Մասնավորապես միգրացիոն գործընթացներին, աշխատանքային զբաղվածությանը, պրոֆեսիոնալ մշակույթին, ընտանեկան հարաբերություններին, տոնածիսական համակարգին առնչվող հիմնահարցերի գիտական նկարագրության և վերլուծության ուղղությամբ (Լ. Վարդանյան, Ս. Մկրտչյան, Մ. Գալստյան): Ազգագրության բնագավառում կատարած ուսումնասիրություններն իրենց արտացոլումն են գտել ինստիտուտի կողմից 26 հատորով հրատարակված «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարում և բազմաթիվ մենագրություններում:

 

There is currently no content classified with this term.

Staff

Gohar Stepanyan Գիտաշխատող
Subscribe to RSS - Ethnology