Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հնակենսաբանության և էթնոկենսաբանության խումբ

Հնակենսաբանության և էթնոկենսաբանության խումբ

Հնակենսաբանության և էթնոկենսաբանության խումբ

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Զբաղվել Հայաստանի բնակչության ֆի­զի­կա­կան մարդաբանական և բժշկակենսաբանական, նրա կողմից կենսածին ռեսուրսների հայթայթման (բուսա­հա­վաք­չու­թյուն, որ­սոր­դություն), օրգանական հումքի արտադրության (բուսաբուծություն, անաս­նա­բու­­ծու­թյուն) և օգտագործման (կենսապահովման մշակույթ, ժողովրդական բժշ­կու­թյուն ևն) հարցերով՝ կիրառելով միջմասնագիտական մեթոդներ։ Հետազո­տու­թյան հիմ­նա­կան նյու­թերն են` հնավայրերի մշակութային շերտերից հայտնաբերված օր­գա­նա­կան մնա­ցորդ­ները (մար­դու և կենդանիների ոսկրեր, խեցի, խիտին, բույ­սե­րի սերմեր, պտուղներ, բնա­փայտ, ծաղ­­կա­փոշի ևն) և մերօրյա մարդկանց կողմից օգ­տա­գործ­վող բույսերը, կեն­դանիները, սնկերը, քա­րա­քոս­ները և այլ կենդանի օր­գա­նիզմները, դրանցից վերա­մշա­կումով պատրաստված նյութերը (ուտեստ, դե­ղա­միջոց­ներ), դրանց օգտա­գործ­ման մշակույթի մասին տվյալներ տրամադրող գրա­ռումները, հար­­ցազրույցները, նկա­րահանումները ևն։
  2. Դարաշրջանների տեսանկյունից՝ զբաղվել հին քարի դա­րից մինչև մեր օրերը՝ մեզանից մոտ 2 մլն տարի առաջ – մինչ մ.թ. XXI դ. ընկած ժա­մա­նա­կա­հատ­վածով:
  3. Ստորաբաժանման նպատակն է՝ զարգացնել հնակենսաբանությունը և էթնոկենսա­բա­նությունը Հայաստանում՝ ապա­հո­վե­լով կատարվող հետազոտությունների հանրայ­նա­ցու­մը, համապատասխան կադ­րերի պատ­րաստումը և բնականոն սերնդա­փո­խու­թյու­նը:
  4. Ստորաբաժանումն իր աշխատանքներն իրականացնում է հետևյալ գործունեության ձևերով՝ դաշտային, կամերալ, արխիվային/գրադարանային:
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (հոդվածներ, մե­նա­գրու­թյուն­ներ, ժողովածուներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կի­­­րա­ռե­լով ժամանակակից մեթոդներ և լաբորատոր անալիզներ, մասնակցած և կազ­­­մա­կեր­պած միջոցառումներով (գիտաժողովներ, սե­մի­նար­ներ ևն), դաշտային և լա­բո­­­րատոր ար­դ­յու­նա­վետ աշխատանքով, միջազգային կապերի արդ­յունա­վետու­թյամբ (օտար­երկ­րյա ռեսուրսների ներ­­գրավում, լաբորատորիաների հասանելիություն, մի­ջազ­գային գի­տա­ժողովների մաս­նակ­ցություն), կադրային ներհոսքով, ատենա­խո­սու­թյունների պաշտ­­պա­նու­թյամբ, մասնագիտական կարծիքների տրամադրմամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Ներածություն

Հնակենսաբանության հետազոտության առարկան է անցյալ ժամանակաշրջանների մարդկանց և մարդու գործունեությանն առնչված կենդանի օրգանիզմների մնացորդներն ու դրանց գործունեության արգասիքները։ Հնակենսաբանական հետազոտությունների արդյունքում ստացվում են տվյալներ անցյալ դարաշրջաններում ապրած մարդկանց ֆիզիկական և ֆիզիոլոգիական վիճակների (ներառյալ հենաշարժիչ համակարգի վրա ազդած գործունեությունը և միջավայրային պայմանները), սննդի, բուսաբուծության, բուսահավաքչության և շրջակայքի բուսականության, անասնապահության, որսի և այլնի մասին։ Հնագիտության և կենսաբանության համադրման արդյունքում ձևավորված այս միջմասնագիտական ոլորտը համեմատաբար երիտասարդ գիտաճյուղ է, որով Հայաստանում սկսել են զբաղվել հիմնականում 1940-ական թվականներից սկսած, ինչը կապված է երկրի տարածքում իրականացվող ակտիվ հնագիտական աշխատանքների հետ։

Սկզբնական շրջանում Հայաստանում հնաբուսաբանական հետազոտություններ իրականացրել են բուսաբաններ և գյուղատնտեսության մասնագետներ Սոֆիա Թամամշյանը, Միքայել Թումանյանը, Վսեվոլոդ Պետրովը, Անդրեյ Յացենկո-Խմելեվսկին, Արմեն Թախթաջյանը, Սուրեն Պողոսյանը, Վարդան Գուլքանյանը (1939-1950 թթ․), Անաստասիա Վերմիշյանը, Միխայիլ Յակուբցիները և Ֆատիխ Բախտեևը, որոնք աշխատել են հնագետ Բորիս Պիոտրովսկու հետ և ուսումնասիրել են Կարմիր բլուր հնավայրից հայտնաբերված բուսական մնացորդները։ Հետագայում՝ 1959 թվականին ինստիտուտի հիմնադրումից հետո և մինչև 2007 թվականին Հնակենսաբանության խմբի հիմնադրումը, ինստիտուտի տարբեր հնագիտական ծրագրերի հետ համագործակցության շրջանակներում հնաբուսաբանական հետազոտություններ են կատարել Վարդան Գուլքանյանը (1960-ական թթ․) և Պապին Ղանդիլյանը (1970-90-ական թթ․). վերջինս նշանակալի ներդրում ունի այս շրջանի հնաբուսաբանական հետազոտություններում: Որոշ դրվագային հնաբուսաբանական հետազոտություններ կատարել են նաև Գորիսլավա Լիսիցինան, Լյուդմիլա Պրիշչեպենկոն, Ալեկսանդր Նեգրուլը (1960-80-ական թթ․): 1990-ական թվականների վերջից մինչև 2000-ական թվականների սկզբները ուսումնասիրություններ է իրականացրել հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ)։

 Համակարգված և ընդգրկուն հնաբուսաբանական հետազոտությունների սկիզբը Հայաս-տանում կապվում է Իվան Գաբրիելյանի գիտական աշակերտ Ռոման Հովսեփյանի՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետների հետ 2002 թվականին սկիզբ առած անհատական մակարդակով համագործակցության հետ, իսկ 2007 թվականից սկսած՝ ինստիտուտում Հնակենսաբանության խմբի գործունեության հետ։

Մինչ խմբի ձևավորումը ինստիտուտի հնագետները հնակենդանաբանական նյութերը հետազոտելու նպատակով համագործակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մի շարք գիտաշխատողների հետ՝ Սոնյա Մեժլումյան, Նինա Մանասերյան, Անդրանիկ Գենջյան, Լաուրա Հարությունովա, Մարգարիտա Մարջանյան և այլք։ Հայաստանի հնավայրերից հայտնաբերված հնակենդանաբանական նյութի ուսումնասիրության ոլորտում կարևոր դեր են ունեցել նաև այլ երկրների հնակենդանաբաններ Հանս-Պետեր Ուերփմանը (Թյուբինգենի համալսարան, Գերմանիա), Ադրիան Բալաշեսկուն (Ռումինիայի պատմության ազգային թանգարան), Գայ Բար-Օզը (Հայֆայի համալսարան, Իսրայել), Էմանուել Վիլան (Լիոնի համալսարան, Ֆրանսիա), Սիավաշ Սամեին (Կոնեկտիկուտի համալսարան, ԱՄՆ), Բելինդա Մոնահան (ԱՄՆ) և այլոք:

 

Հնակենսաբանության խմբի ստեղծումը և գործունեությունը

Խումբը ինստիտուտի համեմատաբար երիտասարդ, սակավամարդ, սակայն արդյունավետ գործող գիտահետազոտական ստորաբաժանումներից է, որը ստեղծվել է 2007 թվականի փետրվարին, իսկ իր ներկայիս անվանումը ստացել է 2023 թվականին։ Խմբի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ինստիտուտի այդ ժամանակվա տնօրեն Պավել Ավետիսյանին ու խմբի ներկա ղեկավար Ռոման Հովսեփյանին և պայմանավորված էր հնագիտության ոլորտում բնագիտական հետազոտությունների կիրառման անհրաժեշտությամբ, ինստիտուտում միջազգային գիտական ծրագրերի ու միջմասնագիտական հետազոտությունների իրականացման և համապատասխան աշխատախմբերի ձևավորման պահանջարկով։

Խմբի առաջին աշխատակիցը եղել է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ կ.գ.թ. Ռ. Հովսեփյանը, որը դեռևս 2002 թվականից զբաղվում էր հնաբուսաբանական հետազոտություններով և մինչև ինստիտուտի աշխատակից դառնալն արդեն ընդգրկված էր ինստիտուտի տարբեր հնագիտական աշխատախմբերում։ 2011 թվականից խմբի հիմնական աշխատակից է դառնում ֆիզիկական մարդաբանության մասնագետ պ.գ.թ. Անահիտ Խուդավերդյանը, իսկ 2015 թվականից՝ հնակենդանաբան կ.գ.թ. Նուշիկ Զարիկյանը։ 2022թ․-ից խմբի աշխատակից է նաև հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը:

Խմբի աշխատակիցները հնակենսաբանական հետազոտություններ են կատարել և կատարում Հայաստանի շուրջ 60 հնավայրերում, որոնք վերաբերում են քարի դարից մինչև միջնադար ընկած ժամանակաշրջաններին:

- Հնամարդաբանական հետազոտությունների են ենթարկվել Լուսակերտ I, Երևան I, Արենի I, Լանջիկ, Քեթի, Կապս, Փիջուտ, Կալավան, Ձորիգեղ, Բարձրյալ, Բովեր, Լոռի Բերդ, Սև Բերդ, Քարաշամբ, Արագածավան, Բաղերի Չալա, Քուչակ, Թեղուտ, Քարակոտուկ, Բրագձոր, Զնգանեկ, Խառատանոց, Դուկանաձոր, Շեկ ախպիր, Լոմանց տակ, Մայիսյան, Լեռնակերտ, Ջրափի, Շիրակավան, Արջիս, Նոր Արմավիր, Դվին, Բենիամին, Մաստարա, Երվանդաշատ, Անուշավան, Հայկաձոր, Վարդաքար, Վարդբաղ, Ֆիրմի բաղեր, Բյուրակն, Հոռոմ, Զառնի էր, Հոր հոր, Հովհաննավանք, Ուշի, Գետափ, Անգեղակոթ, Միրաք և այլն հնավայրերից հայտնաբերված մարդկային ոսկրեր. արդյունքում առկա են շուրջ 1000 նմուշ հնամարդաբանական նյութեր։

- Հնաբուսաբանական հետազոտություններ են կատարվել Նոր Գեղի-1, Լուսակերտ-1, Հովք-1, Կալավան-1,2, Քարին Տակ, Քմլո-1,2, Առատաշեն, Ակնաշեն, Մասիս Բլուր, Գետահովիտ-2, Արենի-1, Գոդեձոր, Գեղարոտ, Ծաղկասար, Կառնուտ, Ապարանի բերդ, Մարգահովիտ, Սոթք-2, Արագածի բերդ, Գեղաքար, Մեծ Սեպասար, Հաղարծին, Արտանիշ-9, Շենգավիթ, Աղավնատուն, Արտենի-1, Ներքին Նավեր, Կարմիր Սար, Սոթք-2, Ծաղկահովիտ, Մեծամոր, Շաղաթ-1,3, Սոթք-1,10, Նորաբակ-1, Ույծ, Երվանդաշատ, Ագարակ, Արտանիշ-23,29, Լեռնակերտ, Աշոտավան-1, Օձաբերդ, Տիգրանակերտ, Մաստարա-3, Արամուս հնավայրերում. արդյունքում առկա են մի քանի տասնյակ հազար նմուշ հնաբուսաբանական նյութեր՝ մշակաբույսերի և վայրի բույսերի մնացորդներ՝ հիմնականում ածխացած, դրոշմներ և այլն։

- Հնակենդանաբանական հետազոտությունների են ենթարկվել Արենի-1 քարանձավի, Գետահովիտ-2 քարանձավի, Աղիտու-3-ի, Լոռի բերդի, Արագածավանի, Լեռնակերտի, Նոր Արմավիրի, Օձաբերդի, Դաշտադեմի, Արտանիշի, Սոթքի, Նորբակի Մաստարայի, Արցախի՝ Նոր Կարմիրավանի, Էրեբունու և Կարմիր բլուրի հնավայրերից հայտնաբերված կենդանական մնացորդները. արդյունքում առկա են մի քանի տասնյակ հազար միավոր հնակենդանաբանական նյութեր՝ հիմնականում կենդանիների ոսկրեր և փափկամարմինների խեցիներ, ինչպես նաև հոդվածոտանիների խիտինային մնացորդներ։

Իրականացված հետազոտությունների արդյունքները հրատարակվել են հարյուրավոր հոդվածների տեսքով ՀՀ և արտասահմանյան մի շարք հայտնի պարբերականներում և ժողո-վածուներում, ինչպես նաև ներկայացվել են բազմաթիվ հանրապետական և միջազգային հեղինակավոր գիտաժողովներում։

Ի լրումն վերոնշյալ հնակենսաբանական հետազոտությունների, խմբի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հետ համագործակցությամբ, կատարվել և կատարվում են էթնոբուսաբանական հետազոտություններ ՀՀ Սյունիքի մարզում և Հայաստանում ապրող եզդիների, քրդերի, մոլոկանների և հույների շրջանում։ Վերջին մեկ տասնամյակի ընթացքում հավաքվել են էթնոբուսաբանական նյութեր՝ հիմնականում թեմային առնչվող շուրջ 500 հարցազրույցներ՝ ձայնագրությունների կամ տեքստերի ձևով, լուսանկարներ, վիդեոներ և  հերբարիումային նյութեր:

 

Մարդաբանության լաբորատորիան

Հնակենսաբանական հետազոտությունների ամենակարևոր ճյուղերից է հնամարդա-բանությունը։ Ինստիտուտում 1970-2012 թվականներին գործել է Ֆիզիկական մարդաբանության լաբորատորիան, որի հիմնադիրը Անդրանիկ Ճաղարյանն է, ով խորհրդային մարդաբան-քանդակագործ և հնագետ Միխայիլ Գերասիմովի՝ դեմքի վերականգնման մեթոդի իրավահաջորդն է։ Նա, մի շարք բրոնզեդարյան և ուրարտական գանգերի հիման վրա, վերականգնել է տեղաբնիկների դիմաքանդակները: Հայաստանի մարդաբանության պատմության մեջ նշանակալի երևույթ է պեղումներով հայտնաբերված գանգերի հիման վրա պատմական դեմքերի վերականգնումը Անդրանիկ Ճաղարյանի և իր աշակերտ-գործընկերոջ Միհրան Ալթունյանի կողմից:

Մարդաբանության լաբորատորիայում Միհրան Ալթունյանի գիտահետազոտական աշխատանքը կապված է Հայկական ԽՍՀ տարածքում ապրող բնակչության գլխի և դեմքի շրջանների փափուկ հյուսված­քների հաստությունների հարաբերակցական գործակցի որոշման հետ, որը կարևոր հիմք է գանգերի միջոցով դեմքի վերականգնման աշխա­տանքների համար:

Ի սկզբանե Ա. Ճաղարյանի  կողմից ընդգծվել են լաբորատորիայի հետազոտությունների հիմնական ուղղությունները՝ Հայաստանի տարբեր դարաշրջանների բնակչության գանգաբանական առանձնահատկությունների ուսումնասիրություն, պեղումներից հայտնաբերված գանգերի վրա դեմքերի վերականգնում, գանգերի վրա վիրաբուժական հետքերի հետազոտություններ։

Ա. Ճաղարյանի հիմնադրած Ֆիզիկական մարդաբանության լաբորատորիաի ավանդույթները 1982 թ. սկսած շարունակել է Նվարդ Քոչարը, ով իրականացրել է հայերի դերմատոգլիֆիկական հատկանիշների ուսումնասիրությունը: Հայաստանի ասորական բնակչության դերմա­տոգլիֆի­կական հատկանիշներն ուսումնասիրել է վերջինիս աշակերտ-գործընկեր Կարինե Նալբանդյանը:

Հետագայում լաբորատորիայի հետազոտությունների ուղղությունները լրացվել են նոր բնագավառներով՝

  • Հայաստանի քաղաքային և գյուղական բնակիչների (հայերի և ազգային փոքրամաս-նությունների) ատամնաբանական ուսումնասիրություններ,
  • Գանգաբանական և ոսկրաբանական նյութերի հավաքածուների խմբա­վո­րում՝ ներառյալ հնագիտական պեղումներից ստացված նոր ձեռք­բերում­նե­րը, առանձին տարածքային խմբերի մարդաբանական և ժամանակի ընթացքում ձևաբանական տեսակների փոփոխությունների տե­ղական առանձնահատ­կություն­ները պարզելու նպատակով,
  • Հայաստանի հնա­գույն բնակչության վրա կենցաղային պայմանների ազդեցության ուսումնասիրություն,
  • Ոսկորների ախտաբանական հատկանիշների գրանցում և ուսումնա­սի­րու­­թյուն,
  • Սոցիալական ավանդույթների և թաղման ծեսի հնագիտական վերա­կա­ռու­ցում` հաշվի առնելով ժողովրդագրական և հնէաախտաբանական տվյալները:

Մեր երկրում գիտական նպատակներով ատամնաբանական տվյալների հավաքա­գրումը կապված է Աննա Փալիկյանի անվան հետ։ Նա նաև գիտական շրջանառության մեջ է դրել Ներքին Գետաշենի, Սա­րու­խանի, Արծվաքարի, Կարճաղբյուրի, Շիրակավանի հնամարդաբանական խմբերը:

Իր գործունեության ողջ ընթացքում Ֆիզիկական մարդաբանության լաբորատորիան մշտապես համագործակցել է Երևանի պետական բժշկական համալսարանի գիտնականների հետ: Հնախտաբանական հետա­զոտական աշխատանքներում զգալի ներդրում ունի Երևանի պետական բժշկական համալսարանի Անատոմիայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր  Սարաֆյանը: Նա առաջին էր, ով ռենտգեն ախտորոշումը կիրառել է գանգի ոսկորների տարբեր ախտաբա­նա­կան պրոցեսների ուսումնասիրության ժամանակ: Համատեղ աշխատանքներ են կատարվել Երևանի պետական բժշկական համալսարանի Դատական ​​բժշկության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆ., Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Շոթա Վարդանյանի, կ.գ.դ., պրոֆ. Ազատ Ենգիբարյանի, կ.գ.դ., Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Մաթևոսյանի հետ: Փորձ է արվել գնահա­տել տարբեր ժամանա­կաշրջան­ների բնակչության հարմարվողականությունը բնա­կան և սոցիալական միջա­վայրին և վերականգնել ֆիզիոլոգիական սթրեսի պատճառները: Լաբորատորիան համագործակցել է նաև Վիեննայի համալսարանի ԴՆԹ հետազոտական խմբի հետ:

  • Լաբորատորիայի աշխատակից Անահիտ Խուդավերդյանի անմիջական ջանքերով գիտական շրջանառության մեջ են դրվել ուշ պղնձի դարից մինչև ուշ միջնադար ժամանակաշրջանների 65 հնամարդաբանական հավաքածուների նյութերը։
  • Լաբորատորիայի կողմից իրականացված շուրջ 50-ամյա հետազոտությունների արդյուն-քում՝
  • Որոշվել են վերջին հազարամյակում Հայաստանի տարածքում բնակվող բնակչության մարդաբանական առանձնահատկությունները
  • Բացահայտվել է գանգի, ատամների և կմախքի կառուցվածքային հատ­կա­նիշների դարաշրջանային շարունակականությունը
  • Որոշվել է Հայաստանի հնագույն բնակչության գանգաբանական, գան­գա­չափական, ատամնաբական և օստեոմետրիկ հատկանիշների ներ­խմբա­յին և միջխմբային փոփոխականությունը տարածքի և ժամանակի ընթաց­քում
  • Բացահայտվել են Հայաստանի հնագույն բնակչության մարդաբանական տիպերը՝ օգտագործելով բազմաչափ վիճակագրական վերլուծության մեթոդները
  • Բացահայտվել են տարբեր հնագիտական ​​մշակույթների կրողների գենե­տի­կական կապերը, վերականգնվել է առանձին պոպուլյացիաների միջև գենետիկական կապը՝ հիմնված ձևաբանական նմանության վրա
  • Որոշվել են հին բնակչության մշակութային ավանդույթների կենսա­հնա­գի­տա­կան ​​նշանների՝ գլխի և ատամների կանխամտածված և ոչ կան­խա­մտածված ձևափոխումները
  • Բացահայտվել է դիամասնատման ծեսը վաղ բրոնզի դարից մինչև անտիկ ժամանակաշրջան, ինչպես նաև՝ անոթներում դիակիզման թաղման ծեսը:
  • Հայտնաբերվել են գանգերի վրա վիրահատական միջամտություններ, ինչը հիմք է տալիս խոսելու Հայաստանի հնագույն բնակչության շրջանում ​​այս երևույթի մշտական գոյության մասին:

Ֆիզիկական մարդաբանության լաբորատորիայի կարևորագույն ձեռքբերումները արտացոլված են մի շարք հիմնարար գիտական ​​աշխատություններում:

Մի շարք պատճառներով (ներառյալ այդ ժամանակաշրջանում գիտության ոլորտի անբավարար ֆինանսավորումը և ինստիտուտում տարածքային խնդիրները) հնակենսաբանության և հնամարդաբանության  ոլորտներում մեկական մասնագետ է եղել, որի համար 2012 թվականին որոշում է կայացվել Հնակենսաբանության խումբը և Մարդաբանության լաբորատորիան միավորել։

 

 

 

 

(c) 2020 Muzex - All rights reserved.