Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Համայնքային ուսումնասիրությունների խումբ

Համայնքային ուսումնասիրությունների խումբ

Համայնքային ուսումնասիրությունների խումբ

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Զբաղվել ՀՀ համայնքների մշակութային և մասնավորապես հոգևոր-կրո­նա­կան կյանքի (Հայ Առաքելական Եկեղեցի, այլ կրոնական կոնֆեսիաներ, ժո­ղովրդական քրիստոնեություն) ուսումնասիրությամբ՝ օգտագործելով կրոնագի­տական մեթոդա­բանություն։ Հետազո­տու­թյուն­ները միտված են նաև համայնքների ան­դամ­ների կրթական ցենզի բարձ­րաց­մանը՝ ակադեմիական գիտելիքի հան­րայ­նաց­ման միջոցով։
  2. Զարգացնել համայնքային հետազոտությունները Հայաստանում, ի թիվս այլոց՝ կրթական ենթակառույցներ ստեղծելու միջոցով:
  3. Ապահովել համապատասխան կադրերի պատրաստում և բնականոն սերնդա­փո­խու­թյուն:
  4. Ստորաբաժանումն իր աշխատանքներն իրականացնում է հետևյալ գործունեության ձևերով՝ դաշտային, արխիվային/գրադարանային, իրազեկող (կրթական, հրապարակային, ստեղծա­գործական:
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (մե­նա­գրու­թյուն­ներ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կի­­րառելով ժամանակակից մեթոդներ, մասնակցած և կազ­­մակերպած միջոցառումներով (գիտաժողովներ, սե­մի­նար­ներ, ամառային դպ­րոց­­ներ, հանրային նախաձեռ­նություններ ևն), դաշտային ու համայնքային աշխա­տան­քով, միջազգային կապերի արդյունավե­տու­թյամբ (օտարերկրյա ռեսուրսների ներ­­­գրավում, լաբորատորիաների հասանելիություն, մի­ջազ­գային գիտաժողովների մաս­նակ­ցու­թյուն), կադրային ներհոսքով, ատենա­խո­սու­թյունների պաշտ­պա­նու­թյամբ, մասնագի­տա­կան կարծիք­ների տրամադրմամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Համայնքային ուսումնասիրությունների գիտահետազոտական խումբը ստեղծվել է 2023 թվականին: Չնայած այն նորաստեղծ ստորաբաժանում է, սակայն նրա անդամները փորձառու մասնագետներ են (ղեկավար՝ պ.գ.թ. Լիլիթ Սիմոնյան), որոնք զբաղվում են հատկապես ժողովրդական քրիստոնեության խնդիրներով՝ համատեղելով ազգագրական և բանագիտական սկզբնաղբյուրները: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում հատկապես Տավուշի մարզում, հետագայում նախատեսվում է ձեռք բերված փորձառությունը տարածել ՀՀ մյուս մարզերում:

 

Խմբի ուսումնասիրության ոլորտները և ուղղությունները

Համայնքային ուսումնասիրությունների գիտահետազոտական խմբի նպատակն է հնարավորինս լայն ընդգրկումով հետազոտել և դուրս բերել համայնքների մշակութային, մասնավորապես հոգևոր-կրոնական կյանքի ընդհանրություններն ու առանձնահատկությունները՝ դիտարկելով դրանք ամբողջ Հայաստանի հանրապետության կտրվածքով։ Մյուս նպատակն է կադրերի պատրաստմամբ և ենթակառույցների ստեղծմամբ ձևավորել կրթական համապատասխան միջավայր։

Ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են.

  • Հոգևոր-կրոնական կյանքի նյութական և ոչ նյութական մշակույթների հետազոտությունը, գրանցումը, պահպանությունը և հանրայնացումը։
  • Համայնքներում մակութային արժեքների էլեկտրոնային շտեմարաններ ստեղծելու մեթոդաբանության մշակումն ու կիրառումը։
  • Ամառային դպրոցների, սեմինարների, դասախոսությունների և հարցազրույցների միջոցով համայնքային կյանքի հոգևոր-կրոնական պահանջմունքների դուրս բերումն ու դրանց հնարավորինս օժանդակությունը։
  • Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության ուսումնասիրությունը համայնքներում։
  • Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքի և ժողովրդական հոգևոր մշակույթի նմանության և տարբերության դիտարկումն ու հնարավորինս ընդանրացումը։
  • Համայնքների կողմից պահանջարկի դեպքում, ժողովրդական-քրիստոնեական և տեղական տոների վերականգնում և հանրայնացում։

Այս հետազոտական ուղղություններից յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի համայնքային մշակութային և զբոսաշրջային, հետևաբար նաև տնտեսական զարգացման, ինքնության ամրապնդման և հայրենաճանաչողության համար։

 

Խմբի իրականացրած ուսումնասիրությունները

Նախքան խմբի ստեղծումը մեկնարկել էր դրա անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր անձանց ու ընտանիքների սեփականությունը համարվող և պահպանվող, ընտանեկան ու համայնքային պաշտամունքի առարկա հանդիսացող ձեռագիր և տպագիր սուրբ գրքերի (ավետարաններ, հմայիլներ, ախտարքներ և այլն) ուսումնասիրությունը, թվայնացումը և հանրայնացումը (Գալուստ Գյուլբենկան հիմնադրամի օժանդակությամբ), որը շարունակվում է նաև խմբի կազմավորման ու գործունեության ընթացքում։ Ուսումնասիրվել և ուսումնասիրվում են բազմաթիվ բնակավայրերի ժողովրդական քրիստոնեության սրբավայրերը (ՀՀ բոլոր մարզերի ներգրավմամբ), կատարվող ուխտագնացությունները՝ համալիր ընդգրկումով։

 

Միջազգային համագործակցությունը

Ներկայումս խումբը համագործակցում է Սոֆիայի համալսարանի (“St. Kliment Ohridski” Center for Slavo-Byzantine Studies), Ռուսաստանի ԳԱ Դաղստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մոսկվայի Էկոնոմիկայի Բարձրագույն դպրոցի, Պետերբուրգի Ռուսական ազգագրական թանգարանի հետ։

Արտերկրի գիտնականների հետ դաշտային հետազոտական ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են գիտարշավներ, հրատարակվում են հոդվածներ, նախապատրաստվում են բնագրերի և գիտական աշխատանքների հրապարակումներ։

 

Խմբի կազմակերպած գիտական միջոցառումները

Երկու տարի շարունակ խումբը կազմակերպվել է ամառային դպրոց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայքում։ Խմբի անդամները դպրոցներում և մշակույթի տներում պարբերաբար հանդես են գալիս դասախոսություններով ու սեմինարներով։ Նախատեսվում է նաև իրականացնել աշխատաժողովներ և գիտաժողովներ։

 

Խմբի գիտական հրատարակությունները

Խմբի հետազոտական աշխատանքների արդյունքում տասնյակ հոդվածներ և մի քանի մենագրություններ են տպագրվել Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։ Պաշտամունքի առարկա հանդիսացող գրքերի ուսումնասիրության ծրագրի արդյունքների հիմքով ստեղծվել է «Տան Սուրբ ձեռագրեր» կայքը, որտեղ բաց հասանելիությամբ տեղադրված են թվայնացված բոլոր նյութերը, այդ նյութերի մասին թվային ցուցահանդեսը, որը զետեղվել է Google Art and Culture համացանցային հարթակում։ Այս ծրագրի ներքո կատարված ձեռագիր սուրբ գրքերի թվայնացման նյութերի հիման վրա հրատարակվել է էլեկտրոնային երկլեզու պատկերագիրք՝ «Տան Սուրբ ձեռագրեր» - “Home Saint Manuscripts” անվանումով։ Ներկայումս պատրաստվում է ծրագրի մյուս արդյունքների հրատարակումը։

Խմբի անդամները հրատարակել են նաև մի շարք մենագրություններ և հոդվածներ, որոնք նվիրված են ժողովրդական տոներին և ծեսերին, ժողովրդական սրբավայրերին, պաշտամունքի ձևերին և առարկաներին, հայազգի և հայոց համար հատուկ կարևորություն ունեցած սրբերին (Ս. Հակոբ Մծբնեցի, Ս. Ստեփանոս Տեր Հուսկան Որդի, Ս. Գրիգոր Նարեկացի, Ս. Գևորգ և այլն), աստվածաշնչյան կերպարներին (Նոյ Նահապետ, Նեմրութ և այլն), նոր նահատակներին և նրանց թաղումների հայտնաբերմանը՝ ՀՀ-ում և արտերկրում, այդ թվում՝ «Этнографическое обозрение», “Iran and the Caucasus”, “Scrinium: Journal of Patrology and Critical Hagiography”, «История и этнография Кавказа» և այլ ամսագրերում։

 

Խմբի ներկայիս ուսումնասիրության ոլորտները

Ներկայումս խմբի անդամներն իրականացնում են հայ ժողովրդական քրիստոնեությանը նվիրված լայնածավալ ուսումնասիրություն, որի շրջանակներում դիտարկվում են Հայ Առաքելական Ս. Եկեղեցու դարերի ընթացքում փոփոխությունների ենթարկված և տարբեր փուլերին բնորոշ ձևերով ժողովրդական քրիստոնեության մեջ պահպանված, նաև կերպարանափոխված ու վերաիմաստավորված ծեսերը, տոներն ու արարողությունները, մշակութային այլազան ազդեցությունները։

Գիտահետազոտական խմբի ուշադրության կենտրոնում է համայնք-սրբավայր փոխհարաբերությունը՝ նաև էթնիկական տեղաշարժերի, խորհրդային շրջանի ազդեցության, աթեիզմի և ժողովրդական քրիստոնեության փոխառնչության տեսանկյունից։ Առանձին հետազոտություն է կատարվում սրբերի, աստվածաշնչյան կերպարների ժողովրդական ընկալման, պաշտամունքի առարկա հանդիսացող գրքերի, խաչերի, շաշպաների և սպասքի կիրառման հին և նոր ձևերի վերաբերյալ։ Խմբի ուսումնասիրության շրջանակում են նաև երազները, տեսիլները, հրաշքները, հրաշալի բուժումների ձևերը և դրանց առնչվող խորհրդանշական պատկերացումների ողջ համակարգը։

 

(c) 2020 Muzex - All rights reserved.