Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Փորձարարական հնագիտության գիտահետազոտական խումբ

Փորձարարական հնագիտության գիտահետազոտական խումբ

Փորձարարական հնագիտության գիտահետազոտական խումբ

Ստորաբաժանման խնդիրները

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Փորձարարական հնագիտություն» գ/հ խումբը ձևավորվել է 2026 թվականի հունվարին։ Խմբի անդամների գիտահետազոտական գործունեությունը սկսվել է դեռևս 2023 թվականի սեպտեմբերից՝  ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի 23RL-6A041 ծածկագրով «Հայաստանը և բրոնզի դարի աշխարհ-համակարգը. հին տեխնոլոգիաները փորձարարական հնագիտության լույսի ներքո» գիտական թեմայի շրջանակում, որի ընթացքում ձևավորվել են համագործակցության կայուն գիտական թիմը և հետազոտական հիմնական ուղղությունները։

Բրոնզի դարը հանդիսանում է մարդկության պատմության այն շրջանը, երբ տեղի ունեցան նյութական մշակույթի, տեխնոլոգիաների և հասարակական հարաբերությունների կազմակերպման հիմնարար փոփոխություններ։ Այդ ժամանակաշրջանի ռազմական գործի, շինարարական տեխնոլոգիաների և առևտրային կապերի վերակազմությունը կարևոր նախադրյալ է հին հասարակությունների սոցիալ-տնտեսական կառուցվածքը, միջտարածաշրջանային կապերը և գաղափարական համակարգերը հասկանալու համար։

Խմբի հիմնական նպատակն է զբաղվել Հայաստանի և տարածաշրջանի հին հասարակությունների և դրանց տեխնոլոգիաների հետազոտությամբ և վերակազմությամբ (քարեդարյան, բրոնզ-երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան մետաղագործություն և մետաղամշակություն, խեցեգործություն, քարի, ոսկրի և այլ նյութերի մշակում, մանածագործություն և այլն)։ Գիտահետազոտական խմբի ուսումնասիրությունների սկզբնաղբյուրը ՀՀ հուշարձաններն են և դրանց պեղումներով հայտնաբերված նյութական մնացորդներ (ամրոցներ, բնակատեղիներ, դամբարաններ և այլ հուշարձաններ), հին և միջնադարյան պատկերագրական և ազգագրական տվյալները, թանգարանային հավաքածուները, արխիվային նյութերը (լուսանկարներ, գծանկարներ, տեքստեր և այլն): Խումբը հատուկ շեշտ է դնում կատարվող հետազոտությունների հանրայնա­ցման և համապատասխան կադ­րերի պատ­րաստուման վրա: Խմբի ուսումնասիրությունների մեթոդաբանական հենքը աշխարհ-համակարգային վերլուծությունն է, փորձարարական-հետքաբանական և պատմահամեմատական մեթոդները:

Փորձարարական հնագիտության լաբորատորիան իր բնույթով առաջինն է տարածաշրջանում։ Նրա առաջադրված խնդիրները կարող են ծառայել ոչ միայն Հայաստանի բրոնզի դարի ուսումնասիրությանն առնչվող հիմնախնդիրների լուծմանը, այլ նաև ձևավորել տարածաշրջանային հնագիտական հարցերի քննարկման և համատեղ հետազոտության հարթակ։

Խմբի հիմնական խնդիրներն են՝

  • Հայաստանի բրոնի դարի աշխարհ-համակարգային հետազոտություն,
  • դաշտային հնագիտական աշխատանքների միջոցով սկզբնաղբյուրների հետազոտություն,
  • հնագիտական հուշարձանների եռաչափ մոդելավորում (լանդշաֆտ, կառույցներ, առարկաներ և այլն),
  • փորձարարական հնագիտության միջոցով հնագույն տեխնոլոգիաների հետազոտություն,
  • գիտական արդյունքների հրապարակում և հանրայնացում,
  • միջազգային գիտական համագործակցության զարգացում։

Խմբի ուսումնասիրության ոլորտները և ուղղությունները

Խմբի ուսումնասիրության ոլորտները ներառում են՝

  • հնամշակութային լանդշաֆտների ուսումնասիրություն (ամրոցներ, բնակատեղիներ, դամբանադաշտեր) և դրանց սոցիալ-տնտեսական ու գաղափարական համատեքստերի վերակազմություն,
  • նյութական մշակույթի վերակազմություն և մոդելավորում՝ փորձարարական-հետքաբանական մոտեցմամբ, 3D/SfM–UAV–DEM/ORTHO գործիքակազմով,
  • հին տեխնոլոգիաների փորձարարական ուսումնասիրություն՝ մետաղագործություն/մետաղամշակում, խեցեգործություն, քարի, ոսկորի և այլ նյութերի մշակում, գործվածք և այլն՝ ըստ հնագիտական սկզբնաղբյուրների, պատկերագրության, ազգագրական ու թանգարանային նյութերի։

 

Խմբի իրականացրած ուսումնասիրությունները

2023-2025 թթ․ ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի 23RL-6A041 ծածկագրով «Հայաստանը և բրոնզի դարի աշխարհ-համակարգը. հին տեխնոլոգիաները փորձարարական հնագիտության լույսի ներքո» թեմայի շրջանակներում իրականացվել են ինչպես ենթակառուցվածքների զարգացման (լաբորատորիայի տարածքի կազմակերպում, վերանորոգում և տեխնիկայի տեղադրման ու շահագործման փորձարկումներ), այնպես էլ գիտական աշխատանքներ՝ գիտափորձեր և վերակազմությունները, ամառային դպրոցներ, հոդվածների հրատարակություններ, գիտաժողովների մասնակցություններ և այլն։ Նշենք դրանցից մի քանիսը՝

  • Բրոնզեդարյան սպառազինության վերակազմություն և տեխնոլոգիայի վերլուծություն (օր․՝ Լճաշենից հայնտի սակրի և սրի փորձնական վերակազմություն, տեխնոլոգիայի բացահայտում, փորձարկումների հիմքով հոդվածի պատրաստում)։
  • Բրոնզի դարի առանձնաշնորհյալ անձանց թաղման համալիրների և անվավոր փոխադրամիջոցների 3D վերակազմություններ՝ Լճաշենի, Շիրակավանի, Քեթիի և այլ հուշարձանների տվյալների հիմքով, որոնք ծառայում են թե՛ գիտական վերլուծությանը, թե՛ հետագա բնաչափ վերակազմության տեխնիկական նախագծմանը։
  • Գործառութային փորձարկումներ՝ պատմական սուսերամարտի (HEMA) մասնագիտական միջավայրի ներգրավմամբ՝ տվյալների գրանցումով և գիտական մեկնաբանությամբ։
  • Ամրոցաշինության տեխնոլոգիայի փորձարարական գնահատումներ՝ դաշտային վերակազմությամբ աշխատատարության հաշվարկ (օր․՝ Ջրաձոր ամրոցի պարսպի շարվածքի փորձարկում՝ մարդ/ժամ նորմատիվների հաշվարկով)։
  • Գիտության հանրայնացում՝ պարբերական մասնակցություն տարբեր հաղորդաշարերի, բաց դասախոսություններ, ինչպես նաև թիմի ներսում մասնագիտական աճի խթանում (ատենախոսության պաշտպանություն)։

 

Միջազգային համագործակցություն

Խումբը հետևողականորեն ձևավորում է միջազգային գործընկերային ցանց՝ համատեղ գիտափորձերի, դասախոսությունների, փորձի փոխանակման և համատեղ հրապարակումների ուղղությամբ։

Կարևոր համագործակցությունների օրինակներ՝

  • NYU Abu Dhabi Heritage Center՝ համատեղ գիտափորձեր և ձուլումներ՝ համագործակցության շրջանակում։
  • ՌԴ ԳԱ Ս․ Պետերբուրգ, Նյութական մշակույթի հետազոտության ինստիտուտ՝ պայմանավորվածություններ հետագա համագործակցության շուրջ։
  • Մասնակցություն միջազգային գիտաժողովներին՝ EAA (Հռոմ) և ICAANE (Լիոն)՝ ներկայացնելով լաբորատորիայի փորձարարական լաբորատորիայի արդյունքները և տարածաշրջանային համեմատական դիտարկումները։
  • EXARC և միջազգային փորձարարական նախագծեր՝ «Օյկումենա» ծովային գիտափորձ (Իսրայել)՝ միջազգային գործընկերներով և արդյունքների հրապարակման ծրագրով։
  • Կենտրոնական Ասիա (Ալմաթի, Ղազախստան)՝ նոր համագործակցության ուղղություն՝ փոխըմբռնման հուշագրի նախապատրաստմամբ՝ հատկապես բրոնզեդարյան կառքերի/սայլերի վերակազմության ոլորտում։

 

Խմբի կազմակերպած գիտական և կրթական միջոցառումները

Խումբը համատեղում է գիտական աշխատանքը կրթական ծրագրերի և հանրայնացման բաղադրիչների հետ՝ ապահովելով նաև նոր կադրերի ներգրավում և սերնդափոխություն։

Այս ժամանակահատվածում առանձնացնենք խմբի կողմից կազմակերպված որոշ միջոցառումներ՝

  • Ամառային դպրոցներ և վարպետության դասեր արտասահմանյան ուսանողների ներգրավմամբ (օբսիդիանի մշակմանը, բրոնզի ձուլմանը, հնագույն զինատեսակների պատրաստմանը և կիրառվող տեխնիկաներին վերաբերող թեմաներով)։
  • Հանրամատչելի գիտակրթական գործունեություն՝ «Ժամանակի միջանցքներ» հաղորդաշարի վարում և պարբերական դասախոսություններ տարբեր հարթակներում։
  • Մասնագիտական սեմինարներ և փորձարկումներ՝ HEMA սեմինար (ակումբի միջազգային մասնաճյուղերի մասնակցությամբ) և դաշտային փորձարկումներ՝ գիտափորձի տվյալների փաստագրմամբ։