Արսեն Բոբոխյան, «Աբիա Յալա. Հնագիտությունը և ինքնության արդի փոխակերպումները՝ անդյան կեչուաների և այմարաների օրինակով»
Զեկույցը նպատակ ունի ներկայացնել Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում, 2019 թ. մարտին տեղի ունեցած «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը (Վ. Տեր-Ղևոնդյան, Ա. Բոբոխյան): Որպես հարցադրում է ընտրվել անդյան կեչուաների և այմարաների շրջանակում հասունացող ինքնության նոր միտումը: Աբիա Յալա ասելիս՝ նրանք հասկանում են Լատինական Ամերիկան և փորձում զարգացնել այնպիսի ինքնություն, որը մի կողմից հենվում է նախնիների, մյուս կողմից էլ սոցիալիստական գաղափարների վրա: Ընդ որում, հնագիտությունն այստեղ առանցքային դեր է խաղում: Համեմատություններ կարվեն հնագիտության միջոցով ինքնահաստատման այլ մոդելների հետ:
Արսեն Բոբոխյան - Ծնվել է 1975 թ., 1992-1997 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 1997-1999 թթ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1999-2006 թթ. Մյունխենի և Թյուբինգենի համալսարանների Առաջավորասիական հնագիտության և Նախապատմության բաժիններում (պ.գ.թ. 2000 թ., Երևան, Dr.Phil. Թյուբինգեն): Գիտական հետաքրքրությունները՝ Հայաստանի և Կովկասի բրոնզի ու երկաթի դարերի հնագիտություն, մշակութային հարաբերություններ, կոթողային արվեստ