Մահախոսական. Արամ Գևորգյան
Խորին վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արամ Գևորգյանը:
Արամ Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժ. 18.00 սկսած, "Լյուար" սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի, 18 շենք), թաղումը՝ վաղը նույն վայրից, ժ․ 13։00-ին:
Արամ Ցոլակի Գևորգյանը ծնվել է 1940 թ. հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։
Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում (1960-1966 թթ.)։
1966-1968 թթ․ աշխատել է Հայաստանի երկրաբանական վարչությունում:
1968-1973 թթ․ ուսումը շարունակել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտում (Մոսկվա)՝ 1973 թ․ պաշտպանելով «Древняя металлургия и горное дело Армении» ատենախոսական թեզը, որից հետո անընդմեջ աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրու-թյան ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնում։
Իր երկարատև մասնագիտական ուղու ընթացքում մասնակցելով Հայաստանի հայտնի հնավայրերի հետազոտության աշխատանքներին (Լոռի բերդ, Քարաշամբ, Մեծամոր, Ջրահովիտ, Ֆիոլետովո, Մարգահովիտ, ևն)՝ ուսումնասիրել է Հայաստանի հնագույն հասարակությունների մետաղագործական արհեստը, դրա ծագման և զարգացման խնդիրները։
Ա․ Գևորգյանի գիտական աշխատանքները հենվում են բնական գիտությունների մեթոդների վրա։ Նա Հայաստանում առաջիններից է, ով հնագույն մետաղագործությունը ներկայացրել է ոչ միայն գրավոր կամ նյութական աղբյուրների հենքի վրա, այլ նաև բնագիտական (սպեկտրալ) անալիզներով։
Ա․ Գևորգյանի տասնամյակների հետազոտություններն ամփոփված են 100-ից ավել գիտական աշխատանքներում։
Խորապես ցավում ենք Արամ Գևորգյանի մահվան կապակցությամբ և վշտակցում գիտնականի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: