«Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում»․ 2-րդ միջազգային գիտաժողով՝ նվիրված ինստիտուտի 60-ամյակին
2019 թ. լրանում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյակը, որը ինստիտուտը պատրաստվում է նշանավորել միջազգային հնագիտական գիտաժողովի անցկացմամբ:
Գիտաժողովի առաջնային նպատակն է ի ցույց դնել վերջին տաս տարիների ընթացքում ինստիտուտի հնագիտական հետազոտական խմբերի աշխատանքների արդյունքները և Հայաստանում հնագիտության առանձին ճյուղերի ձեռքբերումները:
Վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանի տարբեր հնավայրերում ինստիտուտի ղեկավարման կամ համաղեկավարման ներքո աշխատում են միջինում քսան արշավախմբեր, որոնց զգալի մասը միջազգային համագործակցության արդյունք է: Այդ արշավախմբերը հիմնականում աշխատում են տարվա նույն ժամանակահատվածներում: Ժամանակային, կազմակերպչական և այլ պատճառներով տարբեր արշավախմբերի մասնագետները հազվադեպ են հնարավորություն ունենում շփվել գործընկերների հետ, կիսվել իրենց աշխատանքային հաջողություններով և տեղեկանալ համատեղ աշխատանքների արդյունքների մասին: Գիտաժողովը նպատակ ունի հնագիտական արշավախմբերի անդամների համար հնարավորություն ստեղծել լրացնելու այդ բացը: Ակնկալվում է, որ գիտաժողովին կմասնակցեն մասնագետներ Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսրայելի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների համագործակցող գիտական և կրթական հաստատություններից: