Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը Հնագիտության և ագգագրության ինստիտուտի և «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա 2020 թ․-ի մարտի 13-14-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:
Հազարամյակներ շարունակ գտնվելով տարբեր մշակույթների խաչմերուկում՝ Վայոց ձորի մարզն իր մշակութային և բնական լանդշաֆտում ամփոփում է հնագույն, միջնադարյան և ժամանակակից հասարակությունների հետքերը: Վերջին տարիներին գիտնականները նոր բացահայտումներ են կատարել Վայոց ձորի հեռավոր անցյալի մասին: 2007թ.-ին հնագետները հայտնաբերել են առնվազն 6000 տարվա վաղեմության գտածոներ, որոնք վկայում են այն մասին, որ Արենի-1 քարանձավային համալիրը եղել է գինու արտադրության հնագույն կենտրոններից մեկը ողջ աշխարհում: Մարզում այսօր էլ լավագույն գինեգործական ավանդույթները պահպանվում են Հայաստանի ամենահայտնի գինիների և գինեգործների շնորհիվ:
Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի պատմամշակութային ժառանգությունը:
Գիտաժողովը տեղի կունենա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, որտեղ ներկայացված է նախապատմական ժամանակաշրջանից մինչև 20-րդ դարին պատկանող արտեֆակտների հարուստ հավաքածու: Սա իր տեսակի մեջ առաջին գիտաժողովն է, որը նախատեսվում է անցկացնել տվյալ մարզում: Ասպիրանտուրայի ուսանողները, տարբեր գիտահետազոտական հաստատությունների գիտաշխատողները, թանգարանային մասնագետները և գիտնականները կարող են աշխատության ամփոփագիր ներկայացնել՝ գիտաժողովի ընթացքում զեկուցումով հանդես գալու համար:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Գիտաժողովի շրջանակում ընդունվում են Վայոց ձորին առնչվող աշխատություններ հետևյալ թեմաներով.
Պատմություն
Հնագիտություն
Ազգագրություն
Բանահյուսություն
Մշակութաբանություն
Երկրագիտություն
Ճարտարապետություն և արվեստ
Զեկուցումների տևողությունը 20 րոպե է, ևս 10 րոպե կհատկացվի քննարկման համար: Բանախոսները սլայդներ ցույց տալու հնարավորություն կունենան: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Աշխատությունները կհրատարակվեն գիտաժողովի նյութերում:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 20-ը tangaran68@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող աշխատության մոտ 300-բառանոց ամփոփագիր՝ հեղինակ(ներ)ի հակիրճ կենսագրությամբ հանդերձ: Գիտաժողովի գիտական կոմիտեն ընտրություն կկատարի ներկայացված հայտերի միջև: Զեկուցողների ընտրության արդյունքները կծանուցվեն մինչև դեկտեմբերի 25-ը:
Ուղևորափոխադրումը և Եղեգնաձորում կեցությունը հոգում են կազմակերպիչները:
Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի կողմից գիտաժողովից հետո:
Կոնտակտային տվյալներ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Շահուկյան 4 փողոց, 3601 Եղեգնաձոր, Վայոց ձոր
tangara68@gmail.com
+374 281 233 92