Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գ/հ խմբի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 17-ին, ժամը 15:00-ին կկազմակերպվի «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողով:
Հետազոտությունը նվիրված է հնագիտական պեղումների ընթացքում կիրառվող հնամարդաբանական նյութերի հետազոտության կենսահնագիտական մեթոդներին։ Կենսահնագիտությունը նոր զարգացող գիտաճյուղ է և սկիզբ է առել նախորդ դարի 70-ական թթ-ին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործվել է բրիտանացի հնագետ Գ. Քլարկի կողմից 1972 թ.-ին՝ վերաբերելով հնավայրերից հայտնաբերված կենդանական ոսկորների ուսումնասիրությանը։ Կենսահնագիտություն եզրույթը վերաիմաստավորվեց 1977 թ.-ին ամերիկացի հնամարդաբան Ջ. Բուիկստրայի կողմից։ Այն ներկայացվեց որպես հնագիտական հուշարձաններից հայտնաբերված մարդկային մնացորդների գիտական ուսումնասիրությամբ զբաղվող գիտակարգ, որը այլ երկրներում հայտնի էր ոսկրահնագիտություն կամ հնաոսկրաբանություն անվամբ։ Կենսահնագիտական հետազոտությունների իրականացման համատեքստում վերակազմվում է ոչ թե հնահանրության էթնիկական պատմությունը, այլ` կենսակերպը. գիտակարգը աշխատում է ոչ միայն կմախքի չափագրական, այլև հիմնականում սեռատարիքային և հնաախտաբանական հատկանիշների հետ, հիմքում ունենալով ֆիզիոլոգիական սթրեսի տեսությունը: Այն մեկնաբանվում է ինչպես պատմամշակութային, այնպես էլ հնաէկոլոգիական տեղեկատվության դաշտում: Իրականացված աշխատանքը վերաբերում է Սևանի ավազանի երկաթեդարյան դամբարանային համալիրներից հավաքագրված հնամարդաբանական նյութերի վերլուծությանը՝ կիրառելով կենսահնագիտական ուսումնասիրույան մեթոդները՝ վեր հանելով տվյալ ժամանակաշրջանի հասարակության կենսակերպը։