Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ-ում տեղի կունենա «Ապաբնակեցումը և մշակութային լանդշաֆտի կերպափոխումները կուր-արաքսյան մշակույթի կազմալուծման փուլում» խորագրով աշխատաժողով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

30-03-2025 12:00

ՀԱԻ-ում տեղի կունենա «Ապաբնակեցումը և մշակութային լանդշաֆտի կերպափոխումները կուր-արաքսյան մշակույթի կազմալուծման փուլում» խորագրով աշխատաժողով

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Վաղ հնագիտության բաժնի և Քարաշամբի դամբարանադաշտի և նորակառույցների ուսումնասիրության գ/հ խմբի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 30-ին, ժամը՝ 12:00-ին տեղի կունենա «Ապաբնակեցումը և մշակութային լանդշաֆտի կերպափոխումները կուր-արաքսյան մշակույթի կազմալուծման փուլում» թեմայով աշխատաժողով: 

Անցյալ դարի 70-ական թվականներից, Վրաստանի տարածքում անսովոր մեծությամբ և կառուցվածքով Ցնորիի, մարտկոպյան, բեդենյան դամբանաբլուրների պեղումներից հետո, տիրապետող դարձավ այն տեսակետը, թե Ք․ա. III հազ. երկրորդ կեսը բնորոշվում է կուր-արաքսյան մշակույթի համա­տա­րած փլուզման և, այսպես կոչված, վաղ կուրգանների տարածման համապատկերով։ Հիշյալ տեսլականը ձևավորվեց «կուր-արաքսյան ընդհանրության»` Կուր գետից հյուսիս ընկած տարածքներում նկատված փոփոխություն­ների հիման վրա: Ռադիածխածնային թվագրությունների համատեքստում՝ կուր-արաքսյան և հետկուրարաքսյան համալիրների հիմնական պարամետրերի և գույքի կազմի վերջին տարիների ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս պնդելու, որ կուր-արաքսյան մշակույթի կազմալուծումը, նոր մշակույթների արմատավորումը տեղի է ունեցել աստիճանաբար՝ ժամանակագրական և տարածական խիստ որոշակի դրսևորումներով։ Այդ մշակույթի միջուկային գոտում կուր-արաքսյան մշակութային լանդշաֆտի տրանսֆորմացման վաղագույն դրսևորումներն արձանագրվում են Կուրի ավազանում։ Ք․ա. XXVI դ․ սկիզբ  - XXV դ․ առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Կուրի ավազանը բնորոշվում է նոր իրողությունների արմատավորման և կուր-արաքսյան մշակույթի և նորագոյացումների սերտաճման համապատկերով։ Ք․ա․ XXV- XXIV դարերից տարածաշրջանը ներկայանում է բացառապես վաղ դամբանաբլուրների մշակույթին բնորոշ համալիրներով (Թռեղքի ավագ խմբի, Մարտկոպյան,  Ալազանի-բեդենյան դամբանաբլուրներ)։ Այս գործընթացներն ակնհայտ են նաև Արաքսի ավազանում, ինչի վերլուծությանն է նվիրված հրավիրվող աշխատաժողովը: