Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը եւ
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը այսօր հրապարակել են 2025 թ. Եվրոպայի 7 ամենից
վտանգված հուշարձանների ու ժառանգության վայրեր ցանկը։ 2013-ին՝ մեկնարկից ի վեր «7
ամենավտանգված» ծրագիրը գործում է որպես քաղաքացիական հասարակության առանցքային
նախաձեռնություն, որի նպատակը Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությունն է,
փորձագիտական գիտելիքի մեկտեղումն ու առաջմղումը, անցանկալի զարգացումների կանխումը, պետական
եւ մասնավոր աջակցության ապահովումը՝ ներառյալ ֆինանսական աջակցությունը։
Ցանկում ընդգրկված վայրերից յուրաքանչյուրն արժանանում է «ԵՆԲ ժառանգության դրամաշնորհի»՝ 10,000
եվրոյի չափով. այն ուղղվելու համաձայնեցված այնպիսի գործողությունների, որոնք կարող են նպաստել
վտանգված այս վայրերի պահպանությանը։
2025-ի Եվրոպայի ամենից վտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.
o Առաքելոց վանական համալիր եւ գյուղատեղի, ՀԱՅԱՍՏԱՆ
o Նիբորգ ամրոց, ԴԱՆԻԱ
o Մոնեմվասիայի ամրոց, ՀՈՒՆԱՍՏԱՆ
o Օռլայի Մեծ սինագոգ, ԼԵՀԱՍՏԱՆ
o Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, ՍԵՐԲԻԱ
o Վալհալլա լողասրահ, Գյոթեբորգ, ՇՎԵԴԻԱ
o Վիկտորյա Թաուերի այգիներ, Լոնդոն, ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ժառանգության վայրերը հայտարարվեցին առցանց միջոցառման ժամանակ, որը վարում էին «Եվրոպա
Նոստրայի» փոխնախագահ Գի Կլաուսը եւ ԵՆԲ ինստիտուտի ղեկավար ու տնօրեն Շիվա Դուստդարը՝
մասնակցությամբ ԵՄ սերունդների համերաշխության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի հարցերով
հանձնակատար Գլեն Միկալեֆի: Առցանց միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին նաեւ ընտրված
վայրերի առաջադրողները, ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից եւ նրա սահմաններից անդին:
Այս տարվա ցանկում մշակութային եւ բնական ժառանգության երեք վայրեր են՝ Նիբորգ ու Մոնեմվասիայի
ամրոցները, ինչպես եւ Լոնդոնի Վիկտորյա Թաուերի այգիները, որոնք վտանգված են ինվազիվ շինարարության
ու կառուցապատման անընդունելի նախագծերի պատճառով։ Մոդեռնիստական եւս երկու կառույց՝ Գլխավոր
շտաբի համալիրը Բելգրադում եւ Վալհալլա լողասրահը Գյոթեբորգում ոչնչացման անմիջական վտանգի տակ
են։ Կրոնական ժառանգության երկու վայր՝ Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին եւ Օռլայի Մեծ
սինագոգը վտանգված են համապատասխանաբար լքված լինելու կամ ֆինանսավորման բացակայության
պատճառով:
Ընտրությունը կատարվել է ելնելով 7 վայրերից յուրաքանչյուրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելու
ու մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքից, նաեւ իրական այն վտանգից, որին այն առերեսվում է
այսօր։ Հաշվի է առնվել տեղական համայնքների ներգրավվածության ու այս վայրերը պահպանելու
ուղղությամբ պետական եւ մասնավոր շահառուների հանձնառության աստիճանը: Ոչ պակաս կարեւոր է եղել
տեղում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը խթանելու ժառանգության այս վայրերի ներուժը:
«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների եւ
ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի Խորհրդատվական խմբի
կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ
հաստատել են «Եվրոպա Նոստրայի» եւ Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:
«Եվրոպա Նոստրան» եւ ԵՆԲ ինստիտուտը ներկայացնող փորձագիտական թիմերը՝ 7 ընտրված վայրերն
առաջադրած կազմակերպությունների, անհատների ու այլ գործընկերների հետ միասին այժմ լրացուցիչ
տեղեկություններ են հավաքելու ու հանդիպելու շահագրգիռ կողմերի հետ։ Նրանք գնահատելու են
ժառանգության վայրերը եւ պատրաստելու տեխնիկական զեկույց, որը հստակ քայլերի առաջարկներ
կպարունակի։
Առաքելոց վանական համալիր եւ գյուղատեղի, Հայաստան
Թաքնված Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի գողտրիկ անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու
գյուղատեղին միջնադարի կրոնական ու աշխարհիկ ժառանգության յուրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ
գյուղից երկու կիլոմետր դեպի արեւմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգվող այս հուշարձան խումբը 13-րդ դարի
մշակութային եւ տնտեսական կյանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական
սահմանակցությունը եւս մեկ փաստարկ է համալիրի պատմական, նաեւ աշխարհաքաղաքական
կարեւորության օգտին։
Բոլորված տպավորիչ պարսպով ու աշտարակներով՝ համալիրի զարդը գլխավոր եկեղեցին է,
ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթավոր դահլիճ ու կից գավիթ՝ հայկական ավանդական
«հազարաշեն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մեջ ու հավատարիմ հայ
առաքելական ավանդույթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր. Հայկական
մետաքսի ճանապարհի վրա առեւտրային երբեմնի աշխույժ այս կենտրոնի խոսուն վկաներ են
քարավանատունը, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:
Որպես վանական կալվածք ազատված լինելով հարկերից՝ կրոնականի ու աշխարհիկի համակեցության այս
օրինակը բարեկեցություն, ինչպես եւ հայ-վրացական մշակութային փոխազդեցության ուշագրավ մի
ժառանգություն է կերտել Զաքարյանների եւ մոնղոլական տիրապետության տարիներին։ Չնայած պատմական
իր նշանակությանը, բնակավայրը լքված է 17-րդ դարից. այն նաեւ պատշաճ ուսումնասիրված չէ։
Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող
կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու
երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար։
Մարդկային գործոնը եւս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք։
Ավելին, չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության
պահպանության միջեւ հավասարակշռված ընտրություն է ենթադրում։
Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում
առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի ուսումնասիրությունների
կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը: Առաջադրմանը աջակցում են ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Աճարկուտի համայնքապետարանը,
«Կապույտ վահան Հայաստանը» եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը։ Տեղանքի
պահպանության, հետազոտության ու կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է
ցուցաբերելու Կրեմսի շարունակական կրթության համալսարանը (Ավստրիա)։
Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու գյուղատեղիի ամբողջական հետազոտություն,
տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաեւ կայուն էկոտուրիզմի զարգացում,
մասնակցությամբ տեղական շահառուների՝ ներառյալ ակադեմիական հաստատությունների ու
հասարակական կազմակերպությունների։ Ծրագրի մաս կազմող կրթական նախաձեռնությունները եւ
զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն շաղկապել տեղի բնակչությունն ու
միջնադարյան այս գանձերը՝ հպարտության ու գնահատանքի զգացում ձեւավորելով տարածաշրջանի
մշակութային ինքնության նկատմամբ։
«7 ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարյան
նշանակալի մի հուշարձանախումբ է, որում արտացոլված է դարաշրջանի մշակութային երկակիությունն ու
խաղաղ գոյակցությունը: Այդուհանդերձ, անկայունությունը համալիրի շուրջ, պայմանավորված
աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ բնապահպանական խնդիրներով, անհապաղ միջամտություն է
պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող է
հաշտեցման, տարածաշրջանային կայունության եւ կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգությունը
խաղաղության եւ առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։