Մասնագիտական գրականության մեջ հին հասարակություններում իշխանության և հիերարխիայի բազմասպեկտ խնդիրներն առանձնահատուկ տեղ են գրավում։ Միջագետքի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Իրանական բարձրավանդակի, Բալկանյան թերակղզու՝ պետականություններ ստեղծած հասարակությունների կողքին՝ մ.թ.ա. II հզ. կեսերին Կուր-արաքսյան միջագետքը ներկայանում է առանձնաշնորհյալության տարատեսակ դրսևորումներ ունեցող վերնախավով հանրույթներով, որոնք գտնվում էին պետական կազմավորումների ձևավորման փուլում։ Նշված տարածքներում հնագիտական տվյալներով սոցիալական լանդշաֆտի, հասարակության կառուցվածքի և պետական կազմավորումների հետազոտության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, սակայն առանձնաշնորհյալության հնագիտական, մարդաբանական դրսևորումները չեն եղել լայն քննարկման առարկա։
Հայաստանի պատմության թանգարանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, հին հասարակություններում առանձնաշնորհյալության տարատեսակ դրսևորումների հետազոտության շրջանակում, կազմակերպում են միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին նախատեսվում է հնագետների, մարդաբանների, պատմաբանների, համեմատական առասպելաբանության և լեզվաբանության մասնագետների և այլ հարակից գիտությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում հիմնահարցի շուրջ։